Ռուզան Ազիզյան | Պատմություններ, որ մեզ հետ չեն կատարվի

Պատմություններ, որ մեզ հետ չեն կատարվել,
ինչպես օտար դռան հետեւից լսվող ծանոթ երաժշտություն,
ինչպես թույլ լույս՝ դիմացի շենքի բնակարանում, ուր չես եղել երբեք,
ինչպես գիշերային հազը հարեւանի, ում չես տեսել հազար տարի.
ով կմեռնի շուտով,
ինչպես քամի, որի ձայնը լսում ես, իսկ իրեն չես զգում
փակ պատուհանի հետեւից,
ինչպես արեւը գունավոր թղթերից պատրաստված՝
մանկապարտեզի պատուհանին կպցված,
ինչպես տունը, որ քոնն էր մի օր, բայց վաճառել ես վաղուց,
ինչպես ժամացույց առանց սլաքների՝
կրունկի տակ պատահաբար փշրած։

Պատմություններ, որ մեզ հետ չեն կատարվում,
ինչպես գնացքի ուղեւոր, ում հետ զրուցեցիր մի օր՝
անկեղծորեն պատմելով կյանքդ,
քանի որ այլեւս չեք հանդիպի,
ինչպես ծովի կողքին հոսող գետակ
մաքուր, բայց պաղ
որի ջրերում ոչ ոք չի լողացել երբեք,
ինչպես ավազ՝ մատներիդ արանքից սորացող,
ինչպես ծիածան՝ բարձր երկնքում, անհասանելի,
ինչպես ծերուկ,
որ զայրանում է իբր ու սաստում է մատով՝
ընթացքում ժպտալով բարի, կապույտ աչքերով,
ինչպես ուրախ երաժշտությունը զլած
մեռնողի տուն «թռչող» շտապօգնության մեքենա,
ինչպես վաղուց մեռած ընկերոջ նվիրած ճաքած բաժակ,
որից ջուր չես խմի եւ չես գցի նաեւ։

Պատմություններ, որ մեզ հետ չեն կատարվի,
Պաղ առավոտի նման, երբ չարթնացար,
խանութի ցուցափեղկում տեսած,
բայց երբեք չհամտեսած բալով թխվածքի պես,
ինչպես միայն լուսանկարներում տեսած կակաչներ՝
օտար քաղաքների զբոսայգիներում,
կոշիկների նման, որ գնեցիր, բայց չհագար,
թեպետ հագովդ էին,
ինչպես երազ, որում ապրեցիր մի ողջ գիշեր
որը վայելեցիր ու փորձեցիր հիշել,
բայց մոռացար՝ արթնանալուց անմիջապես առաջ,
ինչպես վաղուց մոռացված օծանելիքի բույր,
որ զգացիր հարազատ հայացքով անծանոթի հագուստից,
երբ արագ քայլերով անցավ կողքովդ՝ առանց քեզ նայելու,
ինչպես ուրիշի գրած բանաստեղծություն,
որ անգիր ես արել հազար տարի առաջ ու մոռացել.
Իսկ հիմա եկել ու փռվել է առջեւդ դրած սպիտակ թղթին,
Որի վրա քո՛ պատմությունը պիտի գրեիր..

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *