Հասմիկ Չարխչյան | Քանի՜ տորթեր դեռ չեն թխվի…

#Կիսվիր_քո_փորձով
#Օգնիր_հաղթահարել

Իսկ դուք գիտե՞ք, որ բացի հիվանդներից, կոնտակտավորներից, կասկածելի շփում ունեցածներից, բուժաշխատողներից, լրագրողներից և առհասարակ վարակակիրների հետ կոնտակտային առաջին գոտում գտնվողներից բացի կա հասարակության ևս մեկ շերտ, որը շատ ուժեղ իր վրա է վերցնում համաճարակը՝ իր բոլոր հետևանքներով. դա բժիշկների հարազատներն են, հատկապես երեխաները։
Ես բժշկի աղջիկ եմ ու միշտ եմ հպարտացել այդ հանգամանքով, բայց… այնքան չսկսված խոսակցություններ են այդպես էլ առանց սկսելու ավարտվել իմ կյանքում, այնքան չասված խոսքեր են մնացել, միասին չգնացած տեղեր, միասին չթխված տորթեր…
Մի քանի օր էր, որ մաման ջերմում էր, դրանից առաջ այցելել էր քովիդով վարակված պացիենտի, դրանք ամենադանդաղ անցնող երկու շաբաթներն էին իմ կյանքի։ Չնայած որ տանն էր, բայց ամբողջովին մեկուսացած էր իր սենյակում։ Ճաշը պատրաստում էի, թողնում դռան մոտ, մինչև չէի գնում էդտեղից, չէր վերցնում, ստիպված սկսեցի ավելի շատ սուրճ խմել, դե որովհետև դա միակ պատրվակն էր մամայիս տեսնելու, քանի որ սուրճը խմում էինք բակում, ու ամեն մեկս բակի մի ծայրում նստած։ Օրվա մեծ մասը հեռախոսով կոնսուլտացիաներ էր ունենում հիվանդների հետ, ստուգում էր ջերմաչափի ցուցմունքները, սատուրացիան, համի ու հոտի զգացողությունները, անգամ արդեն ես գիտեի իր տեղամասի վարակակիրներին ու կոնտակտավորներին անուններով, ու ես էլ էի պարբերաբար հարցնում իրենց որպիսությունը։ Իսկ օրվա մյուս մասը պատասխանում էր իր առողջությամբ հետաքրքրվողների զանգերին, ոմանք իսկապես անհանգիստ էին, ոմանք էլ որևէ օր շփվել էին մամայի հետ էդ ընթացքում… իսկ ես, դե ես էլ զուտ լսում էի ))))
Չեք պատկերացնի՝ ինչ դժվար է օրերով նորմալ չկարողանալ խոսել մամայի հետ, որովհետև ինքը շատ զբաղված է, ավելի կարևոր են մասնագիտական զանգերը, իսկ երբ էլ զբաղված չէ, այնքան հոգնած, ուժասպառ ու մտազբաղ է, որ գերադասում ես քո խնդիրները խեղդել քո մեջ, քան կիսվել, ու այս անգամ էլ քո հոգսերով մտածմունք ստեղծել։
Երկու շաբաթից ավելի մեկուսացանք, մաման մեզնից, մենք աշխարհից, բայց ոչ մեկս արդեն որևէ սիմպտոմ չուներ, միայն օգտագործում էինք վիտամիններ, մրգեր, հյութեր ու լավ սնվում էինք, այսինքն՝ հատուկ բուժում չի եղել, զուտ բարձր ենք պահել մեր իմունիտետը, հետո թեստ հանձնեցինք, պատասխանը բացասական էր։
Բոլորի համար բացասական պատասխանից հետո կյանքն առաջ է շարժվում, տեմպ, շփումներ, իսկ մեզ համար այն մնաց նույնը, գրեթե միշտ մեկուսացած ենք մեզ պահում մեր շրջապատից, քանի որ գիտակցում ենք, որ բժիշկը ամենառիսկային գոտում է միշտ գտնվում, իսկ մենք պետք է պատասխանատու լինենք մեր և մեր հարազատների առողջության համար։
Եթե անգամ մեզ հեռու չպահենք, միևնույն է, շատերի աչքում մենք միշտ պոտենցիալ վարակակիրներ ենք լինելու։
Իսկ իմ զրույցներն էլի էդպես էլ չեն սկսվում, որովհետև պետք է ավելի շատ դրա կարիքն ունեցողներին ժամանակ հատկացնել….
Ես զուտ ուզում եմ տորթ թխել մամայիս հետ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *