Պատմվածք

Սիրո դատապարտվածները

Դրախտում իսկական դրախտային եղանակ էր: Իսկ դրախտում, ինչպես հայտնի է, արևը ո՛չ ծագում, ոչ էլ մայր է մտնում: Արև ընդհանրապես չկա:

• 14 րոպե

Սիրո դատապարտվածները

Դրախտում իսկական դրախտային եղանակ էր: Իսկ դրախտում, ինչպես հայտնի է, արևը ո՛չ ծագում, ոչ էլ մայր է մտնում:

Արև ընդհանրապես չկա:

Դրախտը լուսավորված է թատերաբեմի խորքերից աստիճանաբար դեպի առաջաբեմ սահող դալուկ, եթերային լույսերի հանգույն:

Առավոտյան ժամը ինն է:

Օրվա այդ պահին հանգուցյալները սովորաբար արդեն ավարտած են լինում իրենց անդրանիկ աղոթքը և պատրաստվում են նախաճաշի:

Ահա հենց այդ ժամանակ էր, որ հանգուցյալ Գիվի Ծուլաձեի առջև հայտնվեց հրեշտակը:

— Պարոն Գիվի՛, ներողություն՝ Ձեզ անհանգստացնելու համար:

— Լսո՛ւմ եմ:

— Մեր անցակետ մի երիտասարդ կին է եկել: Նա համառորեն Ձեր տեսակցությունն է խնդրում:

«Ո՞վ է տեսնես,— մտածեց Գիվին,— կանանց հետ վաղուց եմ հաշիվներս մաքրել»:

Հրեշտակն, ինչ ասել կուզի, կռահեց նրա միտքը:

— Ամբողջ գիշերը ոտքի վրա է անցկացրել ընդունարանում: Ասում է՝ մինչև պարոն Գիվիին չտեսնեմ, այստեղից մի քայլ չեմ հեռանա:

— Անունն ի՞նչ է:

— Եթե չեմ սխալվում՝ Շորենա:

«Ուրիշ ո՞վ պիտի լիներ»,— Գիվիի սիրտը կծկվեց:

— Հանձնաժողովն ի՞նչ որոշում է կայացրել. դրա՞խտ են անցկացնում:

— Մեղք ու բարիք արդեն չափել-կշռել են: Ընդհանրապես լավ տվյալներ ունի: Բայց մի պրոբլեմ կա՝ ինքնասպանություն է գործել: Իսկ ինքնասպաններին դրախտ չեն ընդունում: Հրեշտակապետը ձեռնպահ է: Ետ ուղարկել էլ չենք կարող. արդեն յոթ օրվա հանգուցյալ է: Առանց այն էլ ինքնասպանության երրորդ օրն են գտել:

— Հա՛, բայց չէ՞ որ ըստ դրախտի կանոնադրության բացառությունները թույլատրելի են,— Գիվին ամեն կերպ ջանաց, որ հուզմունքն իրեն չմատնի, թեև հոգու խորքից ակունքվող ափսոսանքի ու հուսահատության ղողանջները մի ուրի՜շ, մի անմեկնելի թնդյունով արձագանքվեցին ունկերում:

Ուսերին գցեց երկնագույն մանտոն և հետևեց հրեշտակին:

Կոտեջի դուռը չփակեց:

Դրախտում դուռ ընդհանրապես չեն փակում:

Ջայլամի փետուրներով զարդարված վերելակով բարձրացավ երրորդ հարկ: Աջակողմյան երկրորդ դռան վրա ցուցանակ կար, որի վրա խոշոր տառերով գրված էր. «Հրեշտակապետ Միքայել-Գաբրիել»:

Թակեց դուռը:

Տեսնելով, որ չեն բացում, կամացուկ բացեց: Գլխավոր հրեշտակը նիրհում էր: Փոքր-ինչ հապաղելուց հետո, Գիվին վարանումով հազաց:

Անդրաշխարհի տիրակալը սթափվեց և, նայելով եկվորին, տեղից վեր ելավ.

— Ներեցե՛ք խնդրում եմ, պարոն Գիվի: Գիշերն աչք չեմ փակել: Այսպիսի ծանրաբեռնված գիշեր վաղուց չենք ունեցել: Միայն քսանյոթ հանգուցյալ Քութայիսիից ընդունեցինք: Վաղո՞ւց եք սպասում:

— Ո՛չ: Նոր մտա:

— Հրեշտակն արդեն Ձեզ ասած կլինի, թե ինչու եմ կանչել:

— Հա՛, մոտավորապես:

— Ես Ձեզ չէի անհանգստացնի, բայց սովորական, առօրյա դեպք չէ սա: Անդրաշխարհի բնակիչներին տեսնելու համար այսպես համառորեն ուրիշներն էլ են խնդրում-պահանջում, սակայն դուք էլ գիտեք, ես Ձեզ չեմ անհանգստացնում: Իսկ սա մի քիչ տարօրինակ կին է երևում: Զրուցեցի: Հարցնում եմ՝ ինչո՞ւ որոշեցիք լքել այն աշխարհը. չէ՞ որ դուք պարոն Գիվիին տեսնելու աննշան շանսեր ունեիք: Չէ՛, ասում է, ես համոզված եմ, որ կհանդիպեմ նրան: Եվ ի՞նչ, ի՞նչ պիտի տա Ձեզ մի ինչ-որ տասը րոպեանոց հանդիպում: Նախ՝ Դուք Ձեր ինքնասպանությամբ ծանրացրել եք Ձեր հոգին, և հետո, հանդերձյալ աշխարհում այլ օրենքներ են գործում, ասում եմ ես: Գիտեմ, պատասխանում է, իմ անելիքն ընդամենը մինչև այստեղ հասնելն էր, իսկ հիմա պարոն Գիվին ինքը կհոգա ամեն ինչի մասին, ինձ անտեր-անտիրական չի թողնի: Ծիծաղս եկավ, բայց, գիտե՞ս, հարցնում եմ, թե ո՞ւմ հետ ես խոսում: Գիտե՛մ, ասում է, Միքայել-Գաբրիելի՛: Այդ դեպքում, շարունակում եմ, այն էլ պիտի իմանաս, որ պարոն Գիվին ընդամենը շարքային բնակիչ է: Ուրիշ ոչինչ: Այստեղ գլխավորը ե՛ս եմ: Եվ Աստծո կամոք ես եմ լուծում ամեն ինչ: Իսկ նա էլի իրենը՝ մի անգամ, գեթ մի անգամ հանդիպեցրեք ինձ պարոն Գիվիին, և հետո, եթե կամենում եք, թեկուզև դժոխք ուղարկեք ինձ, էլ չեմ փնտրի: Սիրուց ավելի ուրիշ ի՞նչ եմ տեսել, բայց այսպիսի համառ սե՞ր: Այսպիսի հաստատ ինքնավստահությո՞ւն: Ա՛յ, Ձեր ծանոթուհու հենց այս համառությունն ու ինքնավստահությունն էլ ինձ մղեցին խախտել Անդրաշխարհի օրենքները, և տիկին Շորենայի հետ Ձեր հանդիպումը հենց այստեղ էլ կազմակերպել:

Գիվի Ծուլաձեն բարձրացրեց գլուխը և հայացքը հառեց Գլխավոր հրեշտակի փափկաճերմակ մորուքին:

— Ո՜վ Տիրակալ, այն, ինչ Դուք բարեհաճեցիք ասել, բնավ նորություն չէր ինձ համար: Մի ամիս էլ չկա, ինչ այստեղ եմ, սակայն րոպե առ րոպե սպասում էի, որ ինձ կկանչեք:

Սիրո մեջ բոլորս էլ մեղավոր ենք: Ոչ էլ բաժանման սարսափն է խորթ սիրահարներին: Դժբախտաբար, հազարից մեկ է ստացվում այնպես, ինչպես սիրահար զույգերն են կամենում, սակայն…

— Ես արդեն ասացի, որ սպասում էի այս զրույցին:

— Այսի՞նքն… Դուք ի՞նչ է, գիտեի՞ք, որ նա պիտի ինքնասպանություն գործեր:

— Մոտավորապես:

— Եվ հետո՞, ա՛յ հեր օրհնած, եթե այդքան համոզված էիք, մի՞թե չկարողացաք Շորենային փրկելու միջոցներ ձեռնարկել: Չկարողացա՞ք նախապատրաստել, որ նման բան չանի:

— Ցավոք, չկարողացա… Ոչ մի կերպ: Կարելի է ասել, որ նա այդպիսին է ի ծնե:

— Բայց չէ՞ որ Դուք սիրում էիք նրան:

— Ես հիմա էլ եմ սիրում:

— Ախր սիրո մեջ մարդիկ անհամեմատ լավ են իրար ճանաչում: Ու եթե իրոք ճշմարիտ է այդ սերը, ապա նրանք իրար ղեկավարում են, իրար վերափոխում են:

— Նա այնպիսի ամուր կին էր, որ Դուք անգամ չէիք կարողանա հակադրվել նրա կամքին:

Միքայել-Գաբրիելը քմծիծաղ տվեց, թեև անմիջապես զսպեց ծիծաղը և լրջացավ:

— Զարմանալի՜ է… Իհարկե, նրան համոզելը դժվար կլիներ… Եվ քանի որ դա այդպես է, առավել թեթև պատիժ պիտի տամ Ձեզ:

— Հրամայե՛ք:

— Եթե այդ բանը պատահեր մինչև Ձեր մեղք ու բարիք կշռել-չափելը, հնարավոր է, ես ձեռնպահ մնայի Ձեզ դրախտ բերելու հարցում: Քանի որ Դուք գիտեիք, որ Շորենան այդքան ամուր (գուցեև այդքան թույլ) կամքի տեր անձնավորություն է, ուրեմն պիտի իրավիճակից դուրս գալու ելք գտնեիք: Դուք բոլոր միջոցները պիտի գործի դնեիք, որ Ձեր մահից հետո նա ինքնասպանություն չգործեր: Խելոք մարդիկ դեռևս կենդանության օրոք են այնպես դասավորում իրենց գործերը, որ իրենց մահից հետո ոչ ոք իրեն չի սպանում:

— Իսկ եթե իմ փոխարեն Դուք լինեիք, ի՞նչ միջոցներ կձեռնարկեիք, Միքայել-Գաբրիել:

— Կհամոզեի, որ կյանքը շարունակվում է, և կարելի է ապրել նաև իմ գնալուց հետո:

— Դուք Շորենային չեք ճանաչում, նրան համոզելու ջանքն ընդամենը ապարդյուն փորձ կլիներ:

— Իսկ եթե ինքը ավելի շուտ մեռնե՞ր, այդ դեպքում Դուք ի՞նչ կանեիք:

— Հավանաբար, ինքնասպանություն չէի գործի: Ես այդքան ուժեղ չեմ, ինչպես ինքը:

— Մի՛ զարմացեք ասածիս վրա: Բայց Դո՛ւք եք այդպես դաստիարակել Շորենային: Դուք ուզում էիք, որ նա Ձեր մահից հետո ինչ-որ տարօրինակ մեղք գործեր: Դուք չարեցիք հնարավորը, որ նա ինքնասպանություն չգործեր: Հապա ուղիղ նայեք աչքերիս մեջ: Ճիշտ չե՞մ ասում: Դուք մի քիչ եսասեր եք գտնվել: Դուք ամեն ինչ արել եք, որ այդ կինը Ձեզ սաստիկ կարոտի:

— Այսի՞նքն…

— Այսինքն՝ Դուք ինչ-որ չափով մեղավոր եք:

Գիվին գլուխը հակեց՝ հասկանալով, որ Գաբրիել հրեշտակի բերանով ճշմարտությունն է բարբառում, և վիճելն ավելորդ է:

— Հիմա, սակայն, ուշ է Ձեզ դատել: Դրախտում ոչ ոքի չեն դատում: Ճիշտն ասած, ես շատ երկար մտածեցի… Եվ այն, ինչ որոշեցի, ոչ թե՝ ի պատիվ Ձեզ, այլ հանուն այս երջանիկ կնոջ համառ կամքի և նրա հավատի հանդեպ իմ խոնարհման: Ես որոշեցի Շորենային թողնել դրախտում: Չգիտեմ անգամ շնորհավորե՞մ Ձեզ, թե՞ ոչ: Ճիշտ է, ընդհանուր օրենքի համաձայն, նա պիտի մնա Ձեզնից հեռու, կանանց գոտում, սակայն Դուք կլինեք դրախտի այն միակ մարդը, որն այն աշխարհից Անդին է եկել՝ հողեղեն հոգածությամբ ծանրաբեռն: Դուք դրախտում կշարունակեք ապրել սիրահարված մարդու խռովքներով լի, փոթորկահույզ կյանքով, և հենց դա կլինի այն թեթև պատիժը, ինչին Ձեր ռոմանտիկ արկածների պատճառով Ձեզ դատապարտեց հրեշտակների մեծահոգի հանձնաժողովը:

— Շնորհակալ եմ, տիրակա՛լ: Ի՞նչ պիտի ասեմ ես Ձեզ՝ մեղավորս, եթե Ձեր սրբազանության հանդեպ իմ ներքին ձայնը Դուք ինքներդ եք զգում:

— Բարին ընդ Ձեզ:

Գիվի Ծուլաձեն ջայլամի փետուրներով զարդարված բուրումնավետ վերելակով ցած իջավ:

Տեղավորվեցին եթերային լույսով լուսավորված ձիթենու տակ դրված նստարանին:

— Որ ինչ-որ հիմարություն պիտի անես, դույզն-ինչ չէի կասկածում, բայց ահա ի՞նչը քեզ դրդեց ինքնասպանություն գործել:

Շորենան ծիծաղեց, գլուխը թեքեց աջ, և սկսեց ոտքերը թափահարել այնպես, ինչպես սովորաբար չարաճճի աղջիկներն են անում:

— Բոլորովին էլ դժվար չէր:

— Իսկ ի՞նչ խմեցիր:

— Պղնձարջասպ, երկու բաժակ: Մի քիչ կոկորդս այրվեց, հետո մի կերպ ցավն անցավ ու քունս եկավ… Մահ ընդհանրապես չեմ զգացել: Պղնձարջասպն, իհարկե, հատուկ մահվան միջոց չէ, բայց քանի որ ուրիշ բան չգտա, ապա երակներս կտրելուց ավելի դա գերադասեցի: Դու գիտես, ես վերքից շատ եմ վախենում:

— Բայց որտեղի՞ց ճարեցիր էդ թերմաշը:

— Ի՞նչը:

— Պղնձարջասպը:

— Երկաթեղենի խանութում դրանից շատ ի՞նչ կա… Ի՜նչ լավ է այստեղ…

Հանգուցյալները խոսում էին՝ ձեռքերով խաղալով հովհարաձև լոտոսների հետ, և երանություն ապրում եդեմական այգում զբոսնելուց:

Մերթընդմերթ զեյթունի տակ նստած զույգերին էին նայում անցորդները. երևի ուզում էին դրախտի նոր բնակիչների ով լինելն իմանալ: Փառք Աստծո, Անդրաշխարհում բամբասանք գոյություն չունի:

— Այնուամենայնիվ, ի՞նչը այսպես խելքից հանեց քեզ՝ ահագին կնոջդ… Ասում էի, չէ՞…

— Հա՛… ասում էիր, բայց երբ սկսեցիր ինձ խելք սովորեցնել, արդեն ուշ էր:

— Ի՞նչն էր ուշ, ա՛յ աղջի, չգիտեի՞ր, որ պիտի մեռնեմ, վաթսունյոթ տարեկան մարդ էի: Իսկ դո՞ւ, դու ընդամենը երեսուներեք տարեկան ես: Քո ի՞նչ մեռնելու ժամանակն էր:

— Քո խելքով ի՞նչ պիտի անեի:

— Ինչպե՞ս թե՝ ի՞նչ… Պիտի ապրեի՛ր:

— Ո՞ւմ հետ պիտի ապրեի:

— Առհասարակ… Կան, չէ՞, միայնակ կանայք, այրիներ…

— Իսկ դու ի՞նչ, նեղացա՞ր իմ գալով:

— Չեմ նեղանում, բայց…

— Դե ուրեմն գլուխս մի՛ տար քո փիլիսոփայությամբ:

— Դու չգիտես, թե ինչքան եմ տանջվել՝ քեզ դրախտում թողնելու համար:

— Ա՜յդ էր պակաս:

— Այսի՞նքն…

— Ինձ որ չբերեին, ո՞ւմ պիտի բերեին, ցույց տուր տեսնեմ՝ կա՞ այստեղ ինձնից ավելի անմեղը:

— Դու չգիտե՞ս, որ ինքնասպանությունը քրիստոնյայի համար մեծ մեղք է համարվում:

— Հապա ուրիշ ի՞նչ կերպ տեսնեի քեզ, ի՞նչ է, սպասեի մինչև խոր ծերությո՞ւն: Գաբրիել հրեշտակը հենց սկզբից լավ աչքով նայեց: Երբ ամեն ինչ պատմեցի, նա խոր հոգոց հանեց և պատուհանից դուրս նայեց: Երբ շրջվեց, աչքերն արտասուքից պսպղում էին: Չէի կարծում, որ Գաբրիել հրեշտակը այդքան փխրուն սիրտ ունի:

Գիվին շոյեց Շորենայի գլուխը.

— Իմ խե՜նթ աղջիկ…

— Այս մեկի համար ների՛ր ինձ, ու այլևս հիմարություններ չեմ անի:

— Ոչ էլ կարող ես: Դա՛ էր քո վերջին հիմարությունը: Դրախտում հիմարություն էլ չեն անում:

— Ի՜նչ վատ է:

— Ձերոնք հո կգժվեի՜ն… Ամբողջ Քութայիսի համար խոսելու նյութ կդառնայիր: Եվ ամեն ինչի մեջ ինձ կմեղադրեին:

— Մորս եմ խղճում, ուրիշ ոչ մեկի: Բայց ոչինչ, կհաշտվի: Հիմա յուրաքանչյուր հինգերորդ կին որդեկորույս մայր է…

— Միևնույն է, չպետք է անեիր:

— Սկզբից… Մի վայրկյան անգամ մտքովս չի անցել… Երբ ինձ ասացին, որ քաղցկեղ ունես, ամեն օր լալիս էի: Քեզ սգում էի, բայց արցունքներս թաքցնում էի քեզնից՝ հանկարծ գլխի չընկնես: Դողում էի. չէ՞ որ ախտորոշումը քեզնից թաքցրել էին, դու ոչինչ չգիտեիր:

— Ինչպե՞ս թե չգիտեի, Շորենա՛: Երբ անալիզի լաբորատորիայից բժիշկը դուրս եկավ, այնպիսի հայացքով նայեց ինձ և իմ կնոջը, որ ես ամեն ինչ հասկացա, նրա դեմքի՛ն կարդացի: Ինձ խաբե՞լ կլինի: Երբ բժիշկն ասաց, որ վտանգավոր ոչինչ չկա, ես արդեն կռահում էի նրա միտքը՝ դատապարտվա՜ծ է այս դժբախտը: Իսկ հետո, երբ կնոջս տարավ կողքի սենյակ, իբր թե հիվանդության պատմությունը լրացնելու, և կողակիցս այնտեղից դուրս եկավ քաթանի պես սփրթնած դեմքով, խոսքերն ավելորդ էին: Ես ամեն ինչ գիտեի, այո՛, և մինչև վերջ ո՛չ քեզ, ո՛չ ուրիշներին զգացնել չտվեցի, որ օրերս հաշվված են: Մահից ամենևին չէի վախենում, միակ բանը՝ քո՛ ճակատագիրն էր ինձ անհանգստացնում: Առանց ինձ կդժվարանա, բայց վերջում, ինչպես լինում է սովորաբար, կընտելանա-կհաշտվի, մտածում էի ես:

— Կհաշտվի՜… Որպիսի՜ կեղծ բառ… Ոչ ոք ոչնչին և, մանավանդ մահին, չի հավատում, Գիվի՛: Եթե «հաշտվելը» այն բառն է, ինչ ես էի զգում, ապա կարծում եմ, հաշտվել էի քո մահվան հետ: Ավելին… Ուզում էի չտանջել քեզ, չէ՞ որ դու դժվար էիր տանում… Ուզում էի որքան հնարավոր է շուտ ավարտվեր այդ մղձավանջային երազը… և որքան հնարավոր է… շուտ մեռնեիր: Վերջին օրերին, նրանցից, ովքեր քեզ տեսակցելու էին գալիս, տեղեկանում էի, թե դու ինչպես ես, ինչպիսի տեսք ունես, շա՞տ ես արդյոք տնքում ցավերից: Ոմանք ինձ խղճում և ասում էին՝ ոչինչ, լավ է, թմրեցուցիչներ են սրսկում, տեսքն առույգ է: Դե ոմանք էլ, գիտես, չէ՞, անգութ մարդիկ շատ կան աշխարհում, ճշմարտությունն էին ասում, և ես, ցանկապատին հենված, ցավից ոռնում էի՝ չքաշվելով ոչ ոքից: Հաճախ վեր էի բարձրանում ձեր սանդուղքներով, բայց դռան մոտ կանգնած աներձագդ ներս չէր թողնում. երևում է՝ լավ էին դաս տվել, թե երբ կգա, դուրս վռնդիր: Իսկ վերջում, երբ ականջիս հասան լացուկոծի ձայներ, ճիչ-աղաղակ, թեթևացա, ուրեմն ամեն ինչ վերջացավ: Դու հանգստացար… Ինձ համար դա՛ էր գլխավորը… Դու այլևս ոչ մի ցավ չէիր զգում: Չես հավատա, բայց ես, որ գրեթե երկու շաբաթ չէի քնել, վերջապես հանգիստ քնեցի… քնեցի քո… մահվան առաջին գիշերը: Ինձ թվում էր, թե ինչ-որ ուրիշ չափումների, ուրիշ կշռույթի մեջ եմ, ուրիշ մի կյանք է սկսվում ինձ համար, ուրիշ ժամանակ… Ես ասես ես չէի: Ասես ինձ չէի պատկանում:

Չթողեցին անգամ, որ քեզ սգայի, լայի քեզ համար, Գիվի՛: Մեռած ճակատդ ձեռքով շոյեի: Ի՞նչ իմանամ: Եվ գիտե՞ս, առաջին հերթին՝ քեզ համար չհամարձակվեցի, թե չէ ո՞վ ինձ ետ կպահեր… Գոնե հուղարկավորության պահերին ներս կընկնեի, քեզ կփաթաթվեի, բայց թույլ չտվեցին: Գուցեև քո ընտանիքին խղճացի, կին-երեխաներիդ: Ո՛չ, ո՛չ, ես ոչ ոքի չեմ խղճացել: Գիտեի, որ դու դերասանություն չես սիրում, և այս հիստերիկ քայլին հավանություն չէիր տա: Ինչևէ:

Քեզ հուղարկավորեցին:

Արդեն իմն ես:

Հողում ես, և այսուհետ քեզ ինձնից ոչ ոք չի խլի, ասում էի ինքս ինձ և արցունքաքամ՝ հող շաղ տալիս շիրմիդ: Ծաղիկների մի մեծ բլուր գոյացավ շիրմիդ վրա: Ցրվեցին, գնացին բոլորը, ու երբ իրիկնացավ, վրա ընկա շիրմիդ:

Եվ այդ ժամանակ միայն մի կուշտ լաց եղա: Ամբողջ գիշեր ոռնում էի, մինչև լույս քեզանից րոպե իսկ չհեռացա:

Ա՛յ, հենց այդ ժամանակ համոզվեցի, որ առանց քեզ չեմ կարող: Ոչ ոք և ոչինչ չէր կարող լցնել այն դատարկությունը, որ գոյացել էր քո գնալուց հետո: Պարզվում էր, որ դարձյալ այնպես գողունի, այնպես անլեգալ պիտի հանդիպեմ քեզ: Իսկ մի շաբաթ անց կինդ, քո շիրմի վրա ինձ հակված տեսնելով, այն օրը գցեց ինձ, որ… այս անտերն ո՞վ է, ի՞նչ ունի այստեղ: Կարծես թե ինձ չէր ճանաչում: Վեր կացա և մեղավոր-մեղավոր փախա՜, խույս տվեցի նրանից:

Ու բռնկվեցի ինչ-որ եսասիրական ցանկությամբ. բոլորից շուտ գայի, հասնեի քեզ:

Եվ… հասցրի՛:

Ո՜չ… ո՜չ… դեպրեսիայի մեջ, միանգամից չեմ հանգել այս որոշման՝ քեզ մոտ գալ: Քեզնով եմ երդվում, մի քիչ էլ փորձեցի, ինչպես դու ես ասում, ապրել… Քայլում էի, ինչպես ուրվական, ինչպես գնացքից ուշացած ուղևորը օտար քաղաքում. օտար էր ինձ համար ամեն ինչ: Ամեն ինչ իմաստազրկվել էր: Հետո մայրս եկավ քաղաք, երեք օրով: Համարյա չէինք խոսում իրար հետ: Առաջ պահարանից հավաքում էի քո լուսանկարները, որ հանկարծ մայրս չտեսնի, հիմա չհավաքեցի: Հիմա ամեն ինչ միևնույն էր: Ինքն էլ բան չհարցրեց: Ուշադիր աչքի անցկացրեց քո լուսանկարները և մրմնջաց. խե՜ղճ, բոլոր նկարներից ժպտում է: Իսկապես նրան ժպիտ սազում էր, ասացի ես: Հա՛, բայց ո՞վ է ասում, որ չի սազում, ավելացրեց մայրս: Դեռ լավ է, ուրիշ ոչինչ չասաց, այլապես արցունքներով լեփ-լեցուն էին սի՜րտս, կոկո՜րդս, աչքե՜րս… Մի բառ, և կսկսեի ոռնալ: Լացը հանճարեղ հայտնագործություն է: Երբեմն ինչպես է օգնում, չէ՞: Սարսափելի է զսպած, ուրիշներից թաքցրած, խեղդված լացը:

Գնաց մայրս, և բոլորովին մենակ մնացի: Ի՞նչ պիտի անեմ առանց քեզ, հո կգժվեմ, եթե վերջնականապես հավատամ, որ երբեք չես գա: Աշխատանքի տեղում դեռ ոչինչ, ինչ-որ բան հարցնում են, ինչ-որ պատասխանում են. «Ինչպե՞ս, ախր, ի՞նչ կերպ. մի՞թե հնարավոր չէր փրկել», «Երևի ախտորոշումն ուշացրին», «Երևի ճակատագիր էր»: Սգվորի հետ բոլորն էլ միանման են խոսում: Ես էլ՝ «Չգիտեմ, ոչինչ չգիտեմ»… «Այդքան ջղայնությունից հետո, դեռ լավ է այսքան էլ ապրեց», «Նախանձից մաղձոտած, փոքրոգի թշնամիներն այնպես էին վարվում, կարծես միակ զավակին կորցրած չլիներ»… «Մենք բոլորս սպանեցինք նրան»… «Այսպես է, մահից հետո ենք հասկանում ամեն ինչ»… այս բառերն էլ մաշված, տրորված էին թվում ինձ: Ինձ աստիճանաբար կեղծիքն էր իշխում: Անտաղանդ դերասանի էի նմանվում, որ ոչ մի կերպ չի կարողանում ուրիշի խոսքերը հարմարեցնել իր էությանը: Շուտով վրա կհասներ և մի այնպիսի ժամանակ, երբ իմ ընկերուհիներն էլ սկսեին ականջիս կաթեցնել. «Դե լավ, դու էլ հո նրա ետևից չե՞ս գնալու»… Հետո կամաց-կամաց ծննդյան տոներին էլ սկսեցին հրավիրել… Բոլորն աշխատում էին զվարճացնել-ուրախացնել, և, ո՞վ իմանա, գուցեև հասնեին իրենց նպատակին: Եվ գիտե՞ս ինչ, ամենասարսափելին էլ այն կլիներ, որ կամաց-կամաց դու կսկսեիր խամրել իմ հիշողության մեջ: Դրա մասին մտածելն անգամ նողկալի էր: Քութայիսի ամեն անկյուն, ամեն սրճարան, Ակակիի այգում ամեն նստարան, նույնիսկ այն ցամաք ցայտաղբյուրն էլ քեզ էր հիշեցնում, և քո բառերն էի լսում ամեն վայրկյան: Չէ՞ որ ես այլ կյանք չունեմ, չէ՞ որ ես ամբողջ կյանքս սպասումով անցկացրի: Երջանկություն է ուրեմն եղել սպասումը, որ այն ժամանակ դժվար բան էր թվում ինձ: Սպասո՜ւմ եմ… սպասո՜ւմ եմ… և ահա դու գալիս ես: Հետո՞ ինչ, որ ուշ… հազվադեպ… սակայն, այնուամենայնիվ, գալիս ես չէ՞… Եվ հիմա այս դառն իրականությամբ պիտի հավատայի, որ դու երբեք այլևս չես գա… Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է նշանակում՝ երբե՜ք չես գա: Սրանից զզվելի բառ Աստված երևի չի ստեղծել… Եվ… «Ո՛չ» ասացի առանց քեզ կյանքին: Ամեն ինչ կորցրեց իր իմաստը. գրելը, կարդալը, հանրային գրադարանը, հեռուստացույցը, հեռախոսը: Բայց չէ՛, հեռախոսից ձեռք չքաշեցի… Պիտի խոստովանեմ, էլի առաջվա պես գժի նման վրա էի պրծնում, ասես թե քեզ պիտի զանգեի… Մեկ-երկու անգամ կարծես քո ձայնն էլ լսեցի ընկալուչի մեջ, և քիչ մնաց ցնորվեի:

…Մի բան ևս, բայց չզարմանաս: Չէ՛, չէր թվում, դու իսկապես կանչում էիր ինձ: Ու ես սպասում էի… Սպասում էի քնի մեջ (եթե իհարկե դա կարելի էր քուն համարել): Քո ձայնն ինձ անմիջապես արթնացնում էր, ու ես վեր էի թռչում անկողնուց՝ ո՞ւր ես մինչև հիմա: Սպասում էիր, չէ՞: Կանչում էիր ինձ, չէ՞… Ուզում էիր, չէ՞, որ ես գայի… Ասա՛… Թե չէ կգժվեմ: Լավ է, չէ՞, որ վերջիվերջո, այնուամենայնիվ, մենք միասին ենք… Միասի՜ն ենք… Միասի՜ն… Միասի՜ն…

Ղողանջեցին հացկերույթի զանգերը:

Հանգուցյալներն արագ-արագ շտապեցին դեպի բարձրասյուն շենք-դահլիճ, որի առջև՝ կանաչ դաշտում, վարդե մի շատրվան կար, որի ջրացայտերն ինչ-որ տեղ երկնի կապույտում էին չքվո՜ւմ, անէանո՜ւմ…

Ձիթենու ստվերի տակ նստած էին երկու հոգի: Անշարժ: Անընդհատ զրուցելիս:

Եվ հացկերույթի զանգերն ասես այս երկուսին չէին վերաբերում: Այս երկուսի համար չէին ղողանջում:

Թարգմանությունը վրացերենից՝ Անահիտ Բոստանջյանի

Թողնել մեկնաբանություն