ՍԵՆ-ԺՈՆ ՊԵՐՍ | Ծովեզերքներ

1
ԵՐԳԵՀՈՆԱՅԻՆ քերթություն. հնչողականությամբ թերևս այսպես կարելի լինի բնութագրել ֆրանսիացի մեծ բանաստեղծ Սեն-Ժոն Պերսի բանաստեղծությունը: Այն ներառում է ձայնասահմանի գրեթե բոլոր նրբերանգները` քնքշության ամենացածր ութնյակներից հառնելով մինչև պաթոսի հուժկու հնչյունաշարերը, փայտյա սրինգներից անցնելով պղնձե փողերին ու շեփորներին, մեներգային ու մենանվագային մտերմիկ հատվածները ընդմիջարկելով նվագախմբային և երգչախմբային ամեհի ձայնացնցումներով: Թվում է, թե հունական անմեռ ողբերգության երգչախումբն է մեր առջև. Հակիրճ պրոլոգոսյան հատվածները մեզ նախապատրաստում են քերթվածի վիթխարակերտ թեմաներին և հնչյունաշարի հարուստ համայնապատկերին:
Միաժամանակ XX դարին բնորոշ բանաստեղծություն է, ուր պոեզիան ընդլայնում է իր սահմանները, ուր Խոսքը նորանոր տարածություններ է նվաճում, և քերթողական արվեստի բոլոր տարրերը ձգտում են թարմության, նորության, անսովորության: «Ոճի խստությամբ` դասական, բառապաշարի հարստությամբ` բարոկկո, պատկերների հանդգնությամբ` մոդեռնե. Ֆրանսիացի մի քննադատի այս բնութագրումը բավական խոսուն հատկանշում է բանաստեղծական ոչ մի դպրոցի չպատկանող, ոչ մի ուղղության չհարող այդ ինքնատիպ քերթությունը: Վերոհիշյալ բնութագրմանը կուզենայի այդ բանաստեղծության բովանդակությանը վերաբերող մի դիտարկում հավելել. Պատկերների, փոխաբերությունների բարդումները, ասոցիացիաների բարդ, երբեմն տրամաբանական սահմաններից անդին ընկած փոխաբերությունները դուրս են սոսկ հասկացումից և գործում են մոգության օրենքներով. Բառերը կորցնում են իրենց իմաստները, հայտնվում երանության մեջ:

2
Մեծաշուք պատկերների շղթաներ, ինքնատիպ, ինքնածին և իր օրենքներով ապրող փոխաբերությունների աշխարհ. “տիեզերական” քերթության լեզու: Հին կտակարանային մարգարեական շունչ` գոյաբանական խորագույն վերապրումներով: Պինդարոսյան ընտիր վեհապանծություն, օվիդիուսյան թախծալուր մեղեդայնություն, նարեկացիական մեծաշուք հարահոսություն (վերջին համեմատությունը պատահական չէ. հայտնի է Սեն-Ժոն Պերսի հիացական արձագանքը հայ բանաստեղծի “Մատյանի” ֆրանսերեն ընթերցումից հետո): Բանաստեղծության “միջերկրածովայնություն”, որը Նիցշեն էր երազում (երաժշտության առնչությամբ): Մեծագույն (գյոթեական) աշխարհաքաղաքացիություն: Ժամանակազուրի անտիկականություն և միաժամանակ կատարյալ ժամանակակցություն` XX դարի հոգևոր և պատմական բոլոր աղետների ու անկումների սուր զգացողությամբ: Բոլոր քաղաքակրթությունների կենտրոնացում միասնական մի պատմության` մարդու պատմության մեջ: Գեղանկարչության, կերպարվեստի, երաժշտության խոսքային յուրօրինակ մի համադրություն, որը բոլոր զգայարանների (նույնիսկ շոշափելիքի և հոտոտելիքի) հավասար մասնակցությունն է պահանջում: Վիթխարակերտ թեմաներ` մեկընդմիջվելով, ներհյուսվելով ու բաժանվելով, երևակայականից խուժելով ամենակոնկրետ իրողությունների մեջ, ջնջելով դրանց սահմանները, երևակայականը օժտելով իրականությամբ և վերջինս ցողելով երևակայականի ու անուրջի մաքրամաքուր ջրերով (“… Եվայն բաների մեջ, որ անդին են ողջամտությունից”): Եվ այս ամենը` իրերի, առարկաների, եղելության, պատմության, գոյության և գոյավորման այն տարածություններում, ուր ամենաաննշանը համատիեզերական նշանակություն է ձեռք բերում, և ամենավերացականը մասնակից է դառնում կյանքի ամենասովորական երևույթին իսկ` նրա վրա գցելով հավերժության ու հրաշքի ողջ շուքուփայլը:

3

“Նրանք ինձ Մթին կոչեցին, իսկ իմ բանը ծովն էր”:
Այս տողը թրևս մեզ օգնի բացելու Սեն-Ժոն Պերսի քերթողական արվեստի գաղտնիքը: Բանի և Ծովի հարաբերության մեջ այն թեման է, որը բանաստեղծությունը թելադրում է նրա անմեռ բնույթները, ավելի ճիշտ` իր բնույթն է հաղորդում նրան: Նաև իր էությունը: Իր չափը, կշռույթը, նույնիսկ տաղաչափությունը: Եվ նաև հասկացման իր անկարևորությունը, անառաջնայնությունը: Եվ քանի որ թերթողի թեմայի (Ծովի, Անձրևների, Քամիների, Կնոջ…) տարիքը դուրս է հասկացումից, կոնկրետ հասկացումից անդին է նաև քերթությունը: Ծովի և Մարդու հարաբերությունը տրամաբանական չէ, այն զգացական էլ չէ: Տղամարդուն և Կնոջը Էրոս ազնվագույն աստվածը մեկընդմիշտ իրար է կապում մահացու նետերով. ողջամտությունն այդ կապի մեջ այլևս չի գործում, գործողը զմայլանքն ու հիացումն են, որոնք խորհրդածիսական են այլևս: Բառերը իմաստներից դուրս են գալիս, ինչպես իմաստներից դուրս է կրծքերը ջրերին քսող ծիծեռնակների ճռվողյունը, որը ազդում է որպես Բառից Անդին: Ինչպես պարականոն տեքստում է գրված` «Եվ նա բառեր է ասում, իսկ աշակերտը չէր հասկանում դրանց իմաստները, բայց դողում էրե: Եվ քանզի մեջտեղ են գալիս Սուգն ու Ցնծությունը, իրերը անհետանում են այլևս («Ինչ սևամորթ ու արնածոր աղջիկնր են երթի ելել տաք, մոլեգին ավազներին, ավերելով իրերն իսպառե). այդ հարաբերության մեջ բառերը քերթողի ձեռքին այլևս քիչ են իմաստակիր, ինչպես բյուրավոր ալիքների շողարձակումը արշալույսին` ծովի ձեռքին: Եվ ընթերցողը կանգնում է բանաստեղծությունը վայելելու հրաշքի հետ հանդիման: Բանաստեղծության կանոնները դառնում են ծիսական կանոներ: Խորհուրդը` վայելչության ու վսեմության, ողբերգության ու ցնծության հաղորդությունն է: «Սա պատմություն է, որ կասեմ ես, ինչպես վայել է, որ այն ասվի: Եվ այնպիսի շնորհով ասվի, որ անպայման ցնծան ու հրճվենե: Դա ընթերցանության համար, իրոք, «մթինե բանաստեղծություն է, և ոչինչ չի շահի նա, ով այն կընթերցի «հասկանալուե համար: Հասկացումն այստեղ իր տեղը զիջում է … բանաստեղծությանը: Այս պոեզիայի բուն ասելիքը հենց ինքը պոեզիան է, ինչպես վարդի ասելիքը ինքը վարդն է: Մենք գործ ունենք ոչ թե իմաստուների ու մետաֆիզիկական գաղափարների հետ, ոչ թե փիլիսոփայական ապրումների ու մտասուզումների հետ (ինչպես, օրինակ, Թ. Էլիոթի պարագայում), այլ գոյաբանական և առաջին հերթին գոյապաշտական շվայտ, արբշիռ, վսեմ ու ողբերգական, եղերական ու ցնծալից մի խրախճանի, որի մասնակիցն են մարդն ու աստվածները, որի սեղաներին են Ծովը, Քամիները, Անձրևները, Թռչունները, Ձյունները, Ժամանակագրությունները, Աքսորանքները, Բույսն ու Կենդանին, Վախն ու Բերկրանքը, Արշալույսն ու Հիշողությունը, Դարերն ու ՈՒնայնությունը, Սերն ու Անուրջը, Դիմակն ու Պատմությունը, Մահն ու Սիրեկանը… Տիպական դիոնիսոսյան արվեստ, ուր իշխում է անհագուրդ արբեցումը, բնության պոետիկան ու գեղագիտությունը, արբշիռ և հանդիսավոր լեզուն, ի վերջո, զանգվածային խենթությունը, անծայրածիր ողբերգությունը և անափ երջանկությունը: Աեջևում բանաստեղծն է` «Շովի մարդըե, և նրա վսեմական երթը մեզ հիշեցնում է անտիկ աշխարհի անմեռ աստծո երթը, ում, թիրսոսները ձեռքներին, հետևում են իր անուրջները` ի փառս ծովի տարածելու իրենց ասմունքը` «որպես սրբազան արտասանությունե:

4

Սեն-Ժոն Պերսի բանաստեղծությունը հորինման և երևակայական բանաստեղծություն է: XX դարի «կոնկրետե պոեզիայում այն առանձին, գրեթե լուսանցքային երևույթ է, որը մոդեռնիզմը ընկալեց ոչ թե ռոմանտիկական գեղագիտությանը հակադրվելով, այլ այն արդիականացնելով: Այդտեղ ընթերցողը կնկատի և նովալիսյան ու բլեյքյան մտացածինությունն ու հեքիաթայնությունը, «որպես ճշմարիտ իրականություն, երևույթների ներքին էությունե (Բլեյք), և կոլրիջյան «համադրական ու կախարդական ուժըե, և շելլիական «երևակայությունը որպես Պոեզիայի էությունե: Դա յուրօրինակ ռոմանտիզմ է, ուր անգամ գրասենյակային կամ մաթեմատիկական բառաշերտը հայտնվում է ոհեշունչ վերամբարձությամբ, ինքնատիպ դասականություն, ուր անտիկ աշխարհի և նույնիսկ 18-րդ դարի ֆրանսիացի քերթողների ո-ով Բանաստեղծ-Զորավարը դասական բանարվեստի բոլոր օրենքներով բառերի իր բանակն է առաջնորդում անհայտ կայսրություններով և ռասսինյան բարոկկոյի ողկույզներն է կախում իր վրանի շքամուտքին: Կոնկրետ է այն, ինչը հավերժական է` թերևս այսպես բնութագրվի քերթողի աշխարհընկալումն ու իրերին մոտենալու ներքին հակումը. և այդ մոտեցումը չէ՞, որ նրա տողերում մշտնջենական և գաղտնախորհուրդ առաքելություն է հաղորդում աննշան իրին («… Մեկն այնտեղ խոսում է մեղվածնության մասին, մյուսն այնտեղ քննում է ոչխարածինը, իսկ գեղմնավոր մաքին հողն է համբուրում, պատերի տակ սև ծաղկափոշինե) և տիեզերական հավիտենական պատկերին մտերմիկ, աստնվորիկ հատկություն է հաղորդում («Գնա, մանկիկս, գնա ու փողոցի անկյունում տես, թե Հալլեի դուստրերը` երկնային չքնաղ այցելուները` վեստալուհու տարազով, գիշերային խավարի մեջ, ապակե խայծով դյութվածե…): «Անաբազիսումե (1924) իրական ճամփորդությունը կատարվում է տիեզերածավալ տարածություններում, ուր խոսքը մաքրում է հոգու դեռևս անկոխ հեռաստաններում աճած պատմության ու հիշողության դժնդակ, փշփշոտ որմը: «Աքսորե ժողովածուում (1942) հայրենիքից վտարված օտարականը անընդհատ Վերադարձի ու Կարոտի ներբողյանն ու ասքն է հյուսում` Հավերժական Հայրենիքի պատկերը դուրս բերելով իր տան ու եզերքի բաղձանքներից: «Անձրևներումե հոգու և մարմնի, պատմության և ժամանակի լվացման ծիսական խորհուրդն է. «Լվացե’ք, լվացե’ք, օ~, Անձրևներ, ամենաբարձր հարթակները հիշողությանե: «Քամիներումե (1949) Համընդհանուրի մեջ մարդու մուտքի որոնումն է, բնածին ազատության մեջ հոգևոր Կոլումբոսի անդառնալի ճանապարհորդությունը` Հեռվի ու Հեռավորի ոգեկոչումով: 1957-ին ավարտած իր գլուխգործոցում` «Շովեզերքներումե («Քանզի վաղուց ի վեր նա այդ պոեմի մարմաջն ուներ` այնտեղ գտնելով իր կոչումը միակե) գոյության շքեղաշուք տարփողումն է` «հրեշների և մարդկանց իր ողջ նախիրովե: Այս վեհաշուք, առասպելական ստեղծագործությունը ասես կոչված է կիզակետի բերելու ողջ համաշխարհային քերթության պաթոսը և ոճերը` «Գիլգամեշիցե մինչև «Երգ երգոցե ու Հին ՈՒխտի մարգարեությունները, մինչև անտիկ շրջանի հանգերգուներն ու եղերերգությունները, մինչև տրուբադուրների ու մայստերզինգերների խրոխտական և ազնիվ շեփորները, մինչև Հյոլդեռլինի հիմներգերի և եղերերգերի փայտյաններն ու պղնձյաները և Ռեմբոյի խռովահույզ, նենգաբարո, մահացու և տառապագին սույլերն ու պայծառակերպումները: Բառերը ցատկում են կրծքիդ, ինչպես Դելակրուայի առյուծները: Բառերը իջնում են ուսիդ, ինչպես Հենրի Ռուսոյի քնքուշ ծաղիկները: Նախադասությունները նետվում են, ինչպես մարզիկի նիզակ: Պարբերությունները հյուսվում են ասես մահուդագործների արհեստանոցում: Ծովը բացում է իր ինքնությունը, և մենք մեկընդմիշտ վավերացվում ենք նրա անապական ջրերում: Բանաստեղծը Հովհանես Մկրտչի նման գոյությունը մկրտում է նրա մեջ, և մենք այլևս որդեգրում ենք մահը և մեր կյանքի թանկ կաթնահունցից բաժին հանում մեր որդուն…

5
«…Ահ, մենք բառեր ունենինք քեզ համար, և բառերը չհերիքեցին մեզ,
Եվ ահավասիկ սերը խառնում է մեզ հենց բառերի առարկային,
Եվ բառերը մեզ այլևս նշաններ չեն, ոչ էլ զարդեր,
Այլ հենց բանը, որ կերպավորում են, և հենց բանը, որ զարդարել են,
Կամ, ավելի ճիշտ, ինքդ քեզ ասմունքելով, շարական, մենք կռահում ենք քեզ, շարականե…
«Ծովեզերքներիե բազմաթիվ art poetica-ներից այս հատվածը լավագույնս բնութագրում է դարի ամենաինքնատիպ այս բանաստեղծության սկզբունքը. Սոսկ բառի անբավարարությունը, բառի ոգեշնչումը սիրո միջոցով և ոգոշնչված բառը այլևս որպես միջոց` միախառնվելու նրա առարկային: «Քանզի եթե բառեր չկան` իրերը չեն կարող լինելե. Ստեֆան Գեորգեի գեղագիտության այս ձևակերպումից մի քայլ այն կողմ (որը խորհրդապաշտության կարգախոս կարելի է համարել) Սեն-Ժոն Պերսը կանգնած է աշխարհի և իրերի դեմ, որպես զմայլված և սիրահար Ադամ, բանաստեղծությունից անդին, ում համար իրը և նրա անվանումը դեռևս զատված չեն միմյանցից, և իրը անտեսանելի է, քանզի դեռ սոսկ բառ է, և բառը շոշափելի է, քանզի դեռ սոսկ իր է: Այս ընկալմամբ քերթության մեջ արարման ընթացքը Սիբիլլայի գուշակության և պատգամախոսի պատգամի բնույթն ու նվիրական կերպն ստանում. այն մտնում է երազի, տեսիլքի կամ անուրջի սրբազան կրավորականության սահմանները, ուր երազ տեսնողը երազի հեղինակն ու արարիչը չէ, որովհետև այդ նա չի տեսնում երազը, այլ երազը տեսնվում է: «Ինքդ քեզ ասմունքելով, շարականե…

6
Իրերի բոլոր հատկություններից վեր` նրանց մոգականությունը: Այդու անհնարինը, որպես մարդու թովում, անհնարինի նվաճումը սիրո միջոցով: Մեկնումներ դեպի ռոբինզոնյան “անուրջներից ավելի կանաչ կղզիներ”: “Իմ ողջ կյանքը, – գրում է բանաստեղծը մի նամակում, – մի՞թե այլ բան էր, եթե ոչ մեկնում և վերադարձ, ոգու մեծ արկածախնդրության ժամանակը”: Մեկնում իրերի հետևից, վերադարձ բառերով: Մեկնումը որպես ճակատագիր, վերադարձը որպես մոլախաղ: Լեզվի միջոցները իրերը չեն բացում, դրանք մի պահ միայն լուսավորվում են “շանթի շարահյուսությամբ”: Մոգություն, որը նրա` բանաստեղծի համար մի պահ երևակում է դարերի կաթը բառերի մեջ, նրանց միջուկը: Լեզվի բոլոր “երկրաբանական ծալքերը” պեղվում են: Բանաստեղծ Շլիմանը հնագետի ոսկյա բահ ու բրիչով խնամքով բացում է նրա բոլոր “մշակութային շերտերը”` քաղաքակրթության ու պատմության հասակի բոլոր գաղտնիքներով: Ահա կավճի համակարգի վերին բաժինը: Ահա բառերի մագմատիկ ապարները: Բացականչականների էոլյան նստվածքները: Պոլեոզոյան խումբը: Մեզոզոյան շրջանը: Կավճի համակարգը. Անձրևային ֆաունան և նարջանի ու մարգարիտի վերնետքային միջակայքը… Այս ամենին ավելացրած ևս մի հատկանիշ` Սեն-Ժոն Պերսի բանաստեղխության հարավայնությունը: Կրկնում եմ` միջերկրածովային բնույթը` միջերկրածովայնությունը, միջերկրածովածինությունը…

7
– Ահոյ, ծովի մարդը մեզ իր մեղրը կտա…

© Հակոբ Մովսես

Share Button

1 Կարծիք

  • Ara Aloyan says:

    Հակոբ Մովսեսի այս գրախոսականը կարդացել եմ տարիներ առաջ…տպավորություններով կիսվելը նույն է, թե թարգմանել ծովի խշշոցը գիշերտիվյա և տիվգիշերյա պարագծով: Քերթություն քերթության ու քերթողի մասին, արվեստ հանուն արվեստի ու արվեստագետի.թերևս այսպես ձևակերպեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *