Արշալույս Սարոյան | Հաղթանակի պարը

Արշալույս Սարոյան | Հաղթանակի պարը

Հե՜յ, քերթողներ բազմավաստակ,
Մտքի ջահեր հավերժական,
Դու՛ք, որ անհաս իմաստությամբ
Գիրկն եք ընկել անմահության,
Դու՛ք, որ դարե՜ր, դարե՜ր ապրող
Հուշարձաններ եք կանգնեցրել
Եվ ձիրքերով ձեր գերհզոր
Վայրկյանի խաղն անմահացրել,
Կա՞ արդյոք ձեր քերթվածքներում
Ու գրքերում բազմահատոր
Անգամ մի խոսք, թեկուզ մի բառ,
Ավանդություն մի հեռավոր,
Որ սևահեր սերունդն Հայկի
Մի օր մտած լինի Բեռլին,
Տոնած լինի հաղթահանդես,
Պարած լինի իր քոչարին:
Չէի՛ն մտել. մտան նրանք
Բանակի հետ մեր հաղթական,
Չէի՛ն պարել, բայց պարեցին
Մեր քոչարին հնադարյան:
Իրիկուն էր գարնանային,
Իրիկունը հաղթանակի,
Կարմիր դրոշն էր փողփողում
Սև ճակատին ռայխստագի:
Էլ թիվ չկա՜ր, սահման չկա՜ր
Օդում կախված հրթիռներին,
Ասես աստղերն էին իջել,
Որ ողջունեն մեր քաջերին:
Ճակատների կնճիռներում
Փոշին՝ կռվի դրոշմը սև,
Հենց բեռլինյան մի փողոցում
Հավաքվեցին մի խումբ հայեր:
Պատմում էին նրանք իրար
Կռիվներից դյուցազնական
Ու կարոտով հիշում էին
Սեգ լեռները մեր հայկական,
Երբ արծվաքիթ Գագիկն ասաց.
-Տղե՛րք, եկեք բռնենք շուրջպար:
-Բռնե՛նք,- իսկույն վրա բերին
Կտրիճները դյուցազնազարմ:
-Ո՞ւր է Կարոն: Ուստա՜ Կարո,
Փչի՛ր զուռնեդ, զա՛րկ քոչարի,
Թող դղրդա մեր թափի տակ
Սալահատակը Բեռլինի:
ՈւստաԿարոն փչեց զուռնե՛ն…
Ու դհոլի ձայնը թնդաց,
Մեղմ ժպտալով շրջան մտան
Կտրիճները հաղթանակած:
Ու մի քանի վայրկյան հետո
Պարը դարձավ ավելի մեծ,
Անցնող-դարձող հայեր եկան,
Կիսաշրջանը բոլորեց:
Պարում էին այնպես ուժգին,
Այնպես թափով, շռնդալից,
Որ թվում էր՝ ոտքով էլ են
Հաղթանակի սալյուտ տալիս:
Դոփում էին գետնին այնպես,
Որ ասես ձայնը ոտքերի
Ուզում էին գնա՜ր-հասներ
Լեռնաշխարհը Հայաստանի:
Մի կիսաքնդ պատի հենված՝
Հուրհեր արևը կռացել
Եվ այնպես էր նայում պարին,
Որ մայր մտնելն էր մոռացել:
Հայերն այդպես պարում էին
Հաղթանակած, մտած Բեռլին,
Պարում էին ավանդական
Ու հաղթական մեր քոչարին,
Ինչպես պարել էին մի օր,
Երբ հաղթել էր Հայկը Բելին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *