Հասմիկ Հակոբյան | Գևորգ Համբարձումյան. սերնդի ապրելու անհնարինությունը

Գևորգ Համբարձումյանի «Մեռնել փոքր քաղաքում» ժողովածուն սերնդի ապրելու անհնարինության տարեգրությունն է: Սերունդ, որի կյանքն անցնում է երկաթբետոնե շինությունների, ակվարիում հիշեցնող սենյակների նեղ ու սեղմող պատերի, հետզհետե ցածրացող առաստաղների հարևանությամբ՝ առանց մեծ ձգտումների ու խիզախումների: Տարածության բացակայությունը, խաչվող ճանապարհների ներկայությունը միևնույն շրջագծով՝ տուն-դաս-աշխատանք-տուն ուղեգծով օրերի հոսքում, կյանքը վերածում են դոնդողանման մի զանգվածի, որտեղից իսպառ բացակայում է բնականությունը, տարերային ազատության, մեծ ուղևորություններ սկսելու կամքն ու համարձակությունը: Մարդը վրիպում է իր ապրած ժամանակը, և սեփական կենսագրությունը պատմական, թվագրվող ժամանակից դուրս է մնում: Անցյալի մեծ ուղևորությունները առավելապես արքետիպային հիշողություններ են, որոնք երբեմն արթնանում են առօրյայում՝ աման լվանալու, փողոցում հանդիպած ջրափոսի մեջ սեփական արտացոլքի հետ առերեսման, հարևանի բաց թողած և առաստաղից կաթկթացող ջրի ձայնի ենթագիտակցական վերապրումի մեջ:
Փոքրության ու կրկնության միասեռ զանգվածը կյանքը վերածում է չբովանդակավորված ժամանակի, որտեղ օտարված հերոսը, զրկված բնական կենսալի բնազդներից ու արյունից, պարզապես տեղից տեղ մեխանիկական շարժ է կատարում: Իրականության նման դասավորությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում ինքնասպան մտքերի ձևավորման համար, և հետզհետե ցածրացող սենյակի առաստաղն ու բարձրահարկ շենքի պատուհանը դիտարկվում են որպես փրկօղակ՝ հաղթահարելու ամենօրյա ճնշող միօրինակությունն ու դատարկությունը:
«Մեռնել փոքր քաղաքում» գրքի բանաստեղծական հերոսը մարդն է, որն ի սկզբանե արդեն պարտվել է կյանքի հետ բանավեճում, և կյանքն ապրում է որպես խորտակված նավաստիների գրառումներից վրիպած մի էջ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *