ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ | Շեքսպիրյան ընթերցումներ` անիմանալի ավարտով

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Վառլեն Ալեքսանյանին

– Տեսնում եմ դեմքս ձեզ դուր չի գալիս,- ասաց Տղամարդը Կնոջը. որն անզգուշություն էր ունեցել նրա հետ միասին վերելակ նստելու,- զարմացած եք ու վախենում եք ինձնից:  Բայց իզուր:
– Ի՞նչ եք ասում,- հարցրեց Կինը, ու հայերենի նրա առոգանությունից  Տղամարդը գլխի ընկավ, որ տեղացի չէ,- չհասկացա:
Ներքևում, առաջին հարկի հարթակում, ուր նրանք վերելակի էին սպասում, մութ էր, ու Կինը Տղամարդու դեմքը չէր տեսել: Իսկ այստեղ՝ խցիկում, պայծառ լամպ էր վառվում, և կոճակը սեղմելուց հետո, շրջվելով ու նկատելով Տղամարդու արյունոտ-այլանդակված արտաքինը, Կինը սարսափահար ցնցվել էր, վանդակ ընկած գազանիկի պես նայել էր փակ դռների կողմը ու անմիջապես հասկանալով, որ դուրս պրծնելու ոչ մի հնարավորություն չունի, քաշվել էր խցիկի անկյունը, ձեռքերը բռնցքել, և Տղամարդը հստակ զգաց, որ նա ամեն վայրկյան հարձակման է սպասում կամ անվայել, շատ վատ արարքի:
– Մի՛ վախեցեք,- մեղմորեն ասաց Տղամարդը, փորձելով Կնոջը հանգստացնել,- ես մեղք չունեմ, որ տեսքս այսպիսին է: Ընկերոջս հետ հարբած էինք, իսկ նրանք շատ էին: Դրանք միշտ շատ են լինում: Այսինքն ոչինչ էլ չէր պատահի, եթե նրանց խմած քածերը չլինեին. «Գլադիատորների մենամարտ ենք ուզում տեսնել,- բղավում էին ու nգևորում իրենց անճար տղերքին,- կրկես ենք ուզում ու գլադիատորների մենամարտ», և կռիվր սկսվեց: Իսկ նրանք շատ էին:
– Ձեզ ոչ ոք չէր ստիպել այդպիսի մարդկանց հետ գործ ունենալ,- ասաց Կինը նախատինքով, ու ձայնում թեթև արհամարհանք հայտնվեց, թեթև խղճահարություն, ու դեմքից վախը, անհանգստությունը վերացան:
Տղամարդը հասկացավ պատճառը: Կինը հավանաբար մտածեց, որ մեկից, որին այս օրն են գցել, վախենալ չարժե, ընդամենը արհամարհել է պետք ու մի փոքր խղճալ:
– Իզուր եք այդպես լկտիանում,- ասաց Տղամարդը անդուր ժպտալով,- ձեզհամար, համենայն դեպս, ես շարունակում եմ վտանգավոր մնալ: Ձեր հախից կկարողանամ գալ: Այնպես որ, մի՛ լկտիացեք, մի՛ զայրացրեք ինձ:
Կնոջ աչքերում կրկին սարսափ հայտնվեց, դեմքն աղճատվեց վախից, արագ հայացք նետեց հարկերի թվացույցի կողմը: Տղամարդը նույնպես նայեց: Չորրորդ հարկում էին:
– Որտե՞ղ եք իջնելու,- հարցրեց Տղամարդը:
Կինը չպատասխանեց: Վախ-անզորություն-ատելություն արտահայտող մի հայացքով Տղամարդուն էր նայում:
– Ձեզ հետ եմ,- կտրուկ ու խիստ ասաց Տղամարդը:
– Տասեր… տասեր…- փորձեց շշնջալ Կինը:
– Կոկորդդ մաքրիր,- նույն կտրուկությամբ-խստությամբ ասաց Տղամարդը,-ձայնդ հազիվ է լսվում:
Կինը «Ըհըմ, ըհըմ» արեց ու բարձրաձայն, բայց վանկ առ վանկ, ասաց. «Տաս-ներ-կու-երորդ հար-կում եմ իջ-նե-լու»:
– Եթե կենդանի տեղ հասնեք, հնարավոր է իջնեք,- ասաց Տղամարդը անփույթ:
Կինը պատրաստվեց հեծկլտալու: Աչքերը խոնավացան:
– Դե, դե,- զգուշացրեց Տղամարդը,- արցունքներ չեմ սիրում, դրանք ինձ միայն զայրացնում են:
Կնոջ աչքերն ակնթարթորեն չորացան:
-Ձեզ ի՞նչ եմ արել,- իր ճակատագրին հնազանդ ու անօգնական հարցրեց նա:
-Ոչ մի բան,- ասաց Տղամարդը,- ու մտադիր էլ չէի ձեզ վնասել: Ընդհակառակը՝ փորձեցի բացատրել, որ արյունոտ ու այլանդակ տեսքս թյուրիմացության արդյունք է: Բայց դուք կարեկցելու փոխարեն արհամարհեցիք ինձ: Դրա համար էլ հնարավոր է տեղ չհասնեք: Այսինքն՝ տեղ կհասնեք, բայց դուրս չեք գա՝ ձեզ դուրս կբերեն:
-Խնդրում եմ,- շշնջաց Կինը,- դուք սխալ հասկացաք: Ես ձեզ միանգամից կարեկցեցի:
– Ուշ է,- բազմանշանակ քմծիծաղեց Տղամարդը:
Կինը նայեց թվացույցի կողմը՝ վեցերորդ հարկում էին:
– Կհասցնեմ,- Տղամարդը Կնոջը հանգստացնում էր,- մինչև տասներկուերորդ հարկ կհասցնեմ ձեզ բռնաբարել, մորթել, մասերի բաժանելու խցկել գրպաններս:
Կինն սկսեց անձայն արտասվել:
– Ընտանիք, երեխաներ ունե՞ք,- հարցրեց Տղամարդը:
– Այո,- արագ ու հուսավառ ձայնով շշնջաց Կինը,- երեք տղա ունեմ, շատ փոքր են, բոլորովին փոքրիկ են:
– Ուզում եք գութս շարժե՞լ,- չարախնդաց Տղամարդը,- գուցե ասեք, որ ձեր երեք փոքրիկներին դեռևս կրծքով եք կերակրում:
Ու նայեց Կնոջ կրծքերին: Հրաշալի կրծքեր էին: Ու մարմինն էլ լավն էր, բայց դեմքն անասնական վախից, անպայման կենդանի մնալու, չմորթվելու, գոյությունը շարունակելու անհագ ցանկությունից այն աստիճանի էր աղճատվել, որ նրան նայելը տհաճ էր: Կրծքերին ուղղված զննող հայացքը տեսնելով, Կինը գունատվեց ու ձեռքերով ծածկեց դրանք՝ ասես մերկ լիներ:
– Իսկ ամուսինս զոհվել է,- աչքերը կախելով շարունակեց ստել Կինը, ու Տղամարդուն դա դուր եկավ՝ ուրեմն մասնագետ ստախոս չէր:
– Այո՞,- հարցրեց ծաղրանքով,- իսկ որտե՞ղ է զոհվել, տիեզերքո՞ւմ:
-Հանքահորում,- շշնջաց Կինը և ոչ միայն հայացքը փախցրեց, այլև շիկնեց:
Տղամարդը ցանկանում էր ինչ-որ բան ասել, բայց այղ պահին վերելակը կանգնեց, ու դռները բացվեցին: Կինը հուսաշող նայեց դռներին, հետո աղերսանքով Տղամարդուն ու փորձեց դանդաղ դեպի դուռը գնալ:
-Չշարժվեք,- ասաց Տղամարդը սպառնալիքով ու սառը, մետաղե ծայնով,- նույնիսկ չփորձեք դուրս գալ կամ ծպտուն հանել, կմորթեմ:
Ու ձեռքը գրպանը տարավ: Կնոջ սարսափը տիեզերական չափերի հասավ: Թվում էր, թե աչքերը բներից ուր որ է դուրս կթռչեն: «Այ քեզ վախ,-զարմացավ Տղամարդը,- այ քեզ ապրելու տենչանք»: Դռները փակվեցին:
– Հիմար կին,- ասաց Տղամարդը,- այդքան մի՛ վախեցիր, մի ապրելու համար արժե՞ այդքան վախենալ,- ու կրկին սեղմեց 12-րդ հարկի կոճակը.դռներըբացվեցին:
Կինը ոչինչ չէր հասկանում: Մեկ դռներին էր նայում, մեկ՝ տղամարդուն:
– Իսկ եթե այդքան սիրում ես կյանքը,- ասաց Տղամարդը ցուցամատը Կնոջվրա թափահարելով,- այդքան ապրել ես ուզում, մի քիչ մարդկային եղիր: Կարիք կա՞ր ինծ արհամարհել միայն այն պատճառով, որ ծեծվել եմ: Հետո ի՞նչ՝ վաղն էլ ես կծեծեմ: Բայց դրանից ի՞նչ կփոխվի: Խելոք եղիր:
Կինն անակնկալի եկավ: Փորձեց արդարանալ: Ինչ-որ բան բացատրել:
– Մի՛ խոսիր,- ասաց Տղամարդը,- դուրս եկ:
Կինն այլևս չէր կարողանում ըմբռնել կատարվածը՝ իրականությունը չէր զգում: Եվ Տղամարդը նորից ապշեց ապրելու, գոյությունը շարունակելու նրա ահռելի տենչանքի վրա: Տեսնես այդ ի՞նչ սպասելիքներ ուներ կյանքից, որ այդքան լինել էր ուզում:
– Դո՛ւրս կորիր,- բղավեց,- ռա՛դ եղիր:
Կինը շփոթահար կախեց գլուխը ու դեպի դուռը գնաց: Աչքերի ծայրերով Տղամարդուն էր նայում, ու սա մի կողմ քաշվեց, որ Կինն ազատ դուրս գա: Դուրս եկավ: Դռների մոտ կանգնեց: Նայեց Տղամարդուն:
– Ներեցեք,- ասաց ցածր:
Տղամարդը սեղմեց տասնվեցերորդ հարկի կոճակը ու տեսավ, որ Կինը նայում է դրսում եղած թվացույցին՝ ուզում է իմանալ, թե Տղամարդը որ հարկում է իջնելու: «Հավանաբար ոստիկանություն զանգահարի,- մտածեց Տղամարդը,- բայց ի՞նչ է ասելու, նույնիսկ մատով չդիպա: Ընդամենը խրատադաստիարակչական հիմար ներկայացում սարքեցի, չնայած, իհարկե, տհաճ ու անախորժ բացատրությունների կարիք կլինի»: Բայց նա այնքան էր հոգնել ու ձանձրացել, որ այդ մասին այլևս չմտածեց:
Երբ լոգարան մտավ ու հայելու մեջ իրեն տեսավ, առաջին պահին կարծեց, թե դիմակով է ու նույնիսկ փորձեց դիմակը հանել: Բայց ոչ մի դիմակ էլ չկար: Դեմքն էր: Արյունոտ կեղևով պատված: Կնոջ անասնական վախն ու սարսափը փոքր-ինչ հասկանալի դարձան: Արյունը շատ էր շատ: Հիշեց, որ կռվի ժամանակ դեմքն անընդհատ խոնավանամ էր, կարծում էր քրտինք է՝ սրբում էր: Ուրեմն արյուն է եղել: «Ոչինչ,- գռմռաց նա,- վաղը կամ մյուս օրը դրանց կգտնենք, ոնց ուզում է լինի՝ կգտնենք»: Տղամարդը սկսեց լվացվել: Երկար ու խնամքով: Իսկ երբ վերջացրել էր ու նորից հայելու մեջ նայեց՝ զարմացավ: Սարսափելի ոչինչ չկար, ընդամենը երկու վերք ուներ: Մեկը ճակատին՝ աջ հոնքից քիչ վեր: Սա խորն էր: Մյուսը քթին՝ կենտրոնում: Սա համարյա քերծվածք էր: Սրբվելուց հետո անցավ սենյակ, պահարանիկից օղու շիշը հանեց, լցրեց, արագ խմեց ու, երր ցանկանում էր մեկն էլ լցնել, զանգահարեց հեռախոսը: Տղամարդը վերցրեց ընկալուչը, բայց չհասցրեց խոսել:
– Քեզ այդ ի՞նչ են արել, ի՞նչ են արել, ի՞նչ են արել,- բղավեց կանացի հիստերիկ մի ձայն,- ի՞նչ են արել, հը՞:
Տղամարդու մորաքրոջ աղջիկն էր: Նույն շենքում էր ապրում՝ տասներկուերորղ հարկում: Բժշկուհի էր ու սիրում էր ծանր իրադրությունները: Չգիտես որտեղից իմանալով, անմիջապես հայտնվում էր ու իր օգնությունն առաջարկում: Եվ ինչ-որ բանի դեմ անպայման սրսկում էր: Սրսկելը պարտադիր էր:
-Ոչ մի բան,- հանգիստ ձայնով պատասխանեց ու մտածեց. «Տեսնես որտեղի՞ց այսքան շուտ իմացավ»:
– Դուռդ բաց արա,- կարգադրեց մորաքրոջ աղջիկը,- հիմա գալիս եմ:
– Չէ,- ասաց Տղամարդը,- կարիք չկա:
– Դուռդ բաց արա,- կրկնեց մորաքրոջ աղջիկը,- քեզ հիմա երկու սրսկում է անհրաժեշտ՝ փայտացման դեմ ու վարակազերծիչ:
– Գոնե մեկը,- խնդրեց Տղամարդը,- որն ուզում ես՝ փայտացման կամ վարակազերծիչ՝ դու որոշիր: Բայց մեկը: Լավ էլի:
– Չէ,- ասաց մորաքրոջ աղջիկը,- երկուսն էլ պետք են:
Տղամարդը գիտեր, որ համոզելն անօգուտ է, ուստի ընկալուչը վայր դրեց. բացեց դուռը ու անցավ լոգարան՝ արտաքինը, հնարավորին չափ, ավելի կարգի բերելու: Սափրվելուց հետո օգտագործվող զանազան քսուքների, օծանելիքի, դիմափոշու օգնությամբ այդ բանը նրան կարծես թե հաջողվեց, բայց մորաքրոջ աղջիկը ներս մտնելուց անմիջապես հետո բղավեց.
– Այս ի՞նչ օրի ես: Սա ի՞նչ տեսք է:
Նրա ետևից մի ինչ-որ կին նույնպես ներս մտավ, բայց Տղամարդը չկարողացավ տեսնել դեմքը՝ կինը մնաց դռների առջև, մութի մեջ: Մորաքրոջ աղջիկը սրսկեց Տղամարդուն, աջ հոնքի վերևում եղած վերքին լեյկոպլաստիր փակցրեց ու սկսեց խոսել: Տղամարդը չէր լսում, բայց գլուխը երբեմն դրականորեն էր շարժում, երբեմն՝ բացասաբար: Մորաքրոջ աղջկան այդքանը հերիք էր, ու նա շարունակում էր խոսել: Տղամարդուն շատ էր հետաքրքրում դռների առջև անշարժ m լուռ կանգնած կինը: Դիմագծերը կարծես թե ծանոթ էին, բայց կինը մութի մեջ էր ու հստակ չէր երևում: Մորաքրոջ աղջիկն ի վերջո նկատեց Տղամարդու սևեռուն հայացքը, նայեց այդ ուղղությամբ ու հիշեց, որ մենակ չի եկել:
– Աաա՜ա,- բղավեց նա ու ցատկեց տեղից,- իսկ ես մոռացել էի: Դա այդ ի՞նչես արել, հը՞, այդ ի՞նչ ես արել: Ամենամոտ ընկերուհուս, մանկությանս ընկերուհուն սարսափահար ես արել: Տեսնեիր, թե խեղճն ինչ վիճակում ներս մտավ,- մորաքրոջ աղջիկը վազեց դռների կողմը ու ամենամոտ ընկերուհու ձեռքը բռնելով՝ առաջ բերեց. վերելակի կինն էր:- Ո՞նց չես հիշում, մեր դպրոցում էր սովորում, առաջինից մինչև տասներորդ իմ դասարանից էր, իսկ հետո Մոսկվա գնաց՝ ուզում էր դերասանուհի դառնալ: Հիմա Օմսկում է ապրում, պետական թատրոնի հուշարարն է ու ողջ խմբի հետ մեր քաղաք՝ հյուրախաղերի է եկել: Իսկ դու այդ ի՞նչ ես արել, հը՞, այդ ի՞նչ ես արել:
Տղամարդը հիշեց, որ վերջերս, քաղաքում, աչքով շատ հաճախ են ընկել փողոցների լայնքով ամրացված պաստառներ, որոնց վրա խոշոր տառերով գրված էր՝ «Օմսկի պետական թատրոնի հյուրախաղերը: «Ռոմեո և Ջուլիետ», «Օթելլո»: 15-ից 27-ը»: Տղամարդը գարմացած կնոջն էր նայում: Գեղեցիկ, նուրբ ու փխրուն մի էակ էր հիմա նրա առջև կանգնած, ու Տղամարդը հիշեց վերելակի կնոջ խելագար հայացքը, բներից դուրս թռչելու պատրաստ աչքերը, աղճատված դեմքը:
-Իսկ ես ձեզ հիշեցի,- ասաց Կինը անըմբռնելի մի ժպիտով՝ մեղմ ձայն ուներ. նուրբ արտաքինին համապատասխան, եղնիկանման աչքերին ներդաշնակ, անըմբռնելի ժպիտին սազող,- վերելակում էլ ձեզ անմիջապես կհիշեի ու կճանաչեի, բայց վերելակում ձեր դեմքը չէր երևում, ամբողջովին արյունապատ էր:

– Օրիորդ, երդվում եմ այն օրհնյալ լուսնով,
Որ այս պտղավետ ծառերի ծայրն է արծաթազօծում:
Տղամարդը սպասողաբար լռեց ու նայեց Կնոջը:
Կինը զարմացած, եղնիկանման աչքերը հառեց Տղամարդուն: Մտածեց: Ժպտաց:
– Ո՛չ, ո՛չ, մի՛ երդվիր: Թեպետ իմ սիրտը հրճվում է քեզնով,
Սակայն այս գիշեր հաճություն չունեմ դաշինք կռելու:
Դա խիստ հանդուգն է և խիստ անխոհեմ, խիստ հանկարծական,
Նման փայլակի, որ չքանում է, նախքան թե կասես՝ նայիր, փայլում է:

Կնոջ հաճելի ու ցածր ձայնը զանգակների թույլ ղողանջների նման տարածվեց սենյակում՝ անսովոր իրավիճակին մի ուրիշ հմայք հաղորդելով, ու երեքն էլ, որոշ ժամանակ վայելելով պահը, լռում էին: Հետո Տղամարդը նայեց մորաքրոջ աղջկան, աչքով արեց ու գլխով դռան կողմը ցույց տվեց: Մորաքրոջ աղջիկը բացասաբար m զայրացած շարժեց գլուխը: Տղամարդը չար հայացքով նայեց մորաքրոջ աղջկան ու կրկին գլխով դուռը ցույց տվեց: Մորաքրոջ աղջիկը կարճ մտածեց, հետո անձայն ելավ տեղից ու աննկատ դուրս եկավ (գիշերվա մի ինչ-որ պահի Կինը կասի.«Ես տեսա գլխիդ շարժումը, և թե ինչպես ընկերուհիս դուրս եկավ, ինքս էլ ցանկացա գնալ, բայց, չգիտես ինչու, մնացի: Ու ձևացրի, թե ոչինչ չեմ նկատում», ու Տղամարդը կասի. «Սիրում եմ քեզ»):
15-ից 27-ը, երեկոները, Տղամարդը «Ռոմեո և Զուլիետ», «Օթելլո» էր նայում, և ներկայացման ավարտից հետո Կնոջ հետ իր տունն էին գալիս: Հայ ունևոր թատերասերները ողջ խմբին բանկետի կամ խնջույքի էին հրավիրում, և Կինը հաջորդ օրը ստիպված էր լինում խումհարից դուրս չեկած արտիստներին պիեսը ծայրից ծայր հուշելու: Դա նրան առանձնապես չէր անհանգստացնում և դեռ հակառակը՝ ասում էր, որ այսպիսի հրաշք հյուրախաղեր իր կյանքում երբեք չեն եղել: Այդ ասելիս նա սևեռուն նայում էր Տղամարդուն, ու սա չէր կարողանում հասկանալ, թե Կինը հատկապես ինչ նկատի ունի: Վերջին ներկայացումից հետո (հաջորդ օրը խումբը մեկնելու էր) Տղամարդն ու Կինն իրար սեղմված պառկել էին, ու Կինը Տղամարդու համար «Ռոմեո և Ջուլիետը» կարդաց ու «Օթելլոյից» հատվածներ: Հատվածներից մեկի ժամանակ («Որ Օթելլոյին սիրեցի՝ հետը ապրելու համար՝ Հախուռն ընթացքս ու փոթորկահույզ ճակատագիրս թող փողահարեն համայն աշխարհին») Կնոջ ձայնը դողաց, ու Տղամարդը, գլուխը բարձրացնելով, նրա աչքերում արցունքներ նկատեց: Ինքն էլ չիմանալով, թե իրենց համար տարօրինակ, բայց մարդկային կյանքում հաճախ պատահող ու հասարակ այս պատմությանն ինչպես է շարունակվելու ու ինչ ավարտ է ունենալու, Տղամարդը, այնուամենայնիվ, քննադատեց Մավրի հախուռն բնավորությունը, իսկ երբ Կինը փորձեց ինչ-որ բան բացատրել, ձեռքով փակեց նրա շուրթերը ու Կնոջը դեպի իրեն ձգեց:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *