Արաքս Շահինյան | Շոպեն. լացի կավալերը

Արաքս Շահինյան

Վարշավա, Շոպենի Պուրակ: Լուսանկարն Ա.Շ.-ի անձնական լուսադարանից

Չգծված, բարձրաձայն նույնիսկ չասվող սահման վերջապես գծեցի ինձ համար. երբ գործ ունես գրելու ու կոմպոզիտորի կենսագրության հետ, կոմպոզիտորի կենսագրությունը գրեցիր՝ կործանված ես: Երբեք, երբեք չի կարելի ուրիշի (իսկ սեփականի՝ հա՛տկապես) կյանքի պես դյուրաբեկ, խոցելի պատուհասը (որ բոլորիս հետ պատահեց) բառերի, երաժշտության, գեղարվեստի մեջ դնել: Կյանքի մասին լռում են, այդ հույզերի, հիասթափությունների, սիրո կամ դրա պակասի մասին է, որ երգում են, գրում, քանդակում: Կյանքի պես փորձանքի մասին բարբառեցիր, ձայնդ կգնա տիեզերք, կխառնի, կբորբոքի մի աչքով վերից մեզ նայողի համբերատար լռությունը, հետո մանանայի տեղ գլխիդ կթափի պատերազմ, գաղութացում, կռապաշտություն, ու էլի կհայտնվես նախնադարում՝ տնիցդ Մոզամբիկ բռնող համացանցով, հավասարակողմ եռանկյունուց դուրս նայող աչքի բիբով կառավարվող աշխարհով, սվին ու քարով: Կյանքի մասին լռում են, որովհետև այն դժվար, շատ դժվար բան դուրս եկավ: Խոսում են այդ կյանքը տանելի դարձնող բարության մասին, բարին երկնող լույսի մասին, առաքյալի մասին, որ Թոմասկիրխեում ամեն կիրակի ահավոր երգեհոնով ու կիսատաղանդ տղաների երգչախմբով Lieber Herr ձայնեց, մարգարեացած ֆլորենտինացու մասին, ում թեթև ձեռքը սուրբը պղծից չզատողին գեհեն ճամփեց՝ աստվածայինը կատակերգություն դարձնելով: Խոսում են լավի մասին, որովհետև այն մի տեսակ էլ չկա, չլինելու չափ քիչ, խեղճ, սուս, հեռու ու կռնատ է: Այդ ո՞վ է որոշում՝ ովքեր են փրկվելու, ու՞մ պարապությունն է այդքան արմատավորված, ո՞վ էլ անելիք չունի, որ երկրակեղևը վերև-ներքև է արել իրեն Սիքստինյան Կապելլայի պատին Միքելանջելոյի Քրիստոսի տեղը դրած, կեսին ուղարկում է վեր, կեսին՝ վար: Ոչ ոք էլ ոչինչ չի որոշում, միայն մի բան է որոշված. կյանքից փրկությունը սիրո ու արվեստի մեջ է միայն:

Հենց այսպես՝ սիրո ու արվեստի թևերն ընկած էլ փրկվեց կյանքից Շոպենը, ում կենսագրության հետ կռիվ տալուս ժամերին ասֆալտ ճղող ցողունի նման երկինք վերացավ նրա երաժշտությունը կենցաղի, օրերի, հող դարձած մսի ու տաղանդ ունենալը չներող սատանայի զնդանից: Լսելը դեռ իմանալ չէ, ճիշտն իմանալուց հետո լսելն է իմանալ, սա է միակ պատճառը որ արվեստ ստեղծողի կենսագրությունը, ի տարբերություն մերի, հաշիվ է: Թոքախտավորի արտաքինով, գունատ, ջլատ պատանին տեսքով մեկ արդեն ասում էր՝ երաժշտից բացի դժվար թե ուրիշ բան ստացվի: Ծնվեց Վարշավայում, որի այսօր որոշակիորեն սովետաշունչ «նոր» քաղաքը իրական Վարշավայից՝ հնից, այնքան է տարբեր, որքան Շոպենի կատարողական տեխնիկան իրեն նախորդող տառացիորեն բոլորից (երևի բացառությամբ Մոցարտի… Երևի…) Ծնողներից ոչ մեկը երաժշտության հետ կապ չուներ, բայց երկուսն էլ, չնայած արդեն սնանկ, ամեն դեպքում ազնվական տոհմի ծնունդ էին, իսկ այդպիսիների համար արվեստն ուտելուց հետո չէ բնավ: Ի տարբերություն տեսքի՝ գործնական հումորների սիրահար էր, նրա կենսագիրներից Ջեյմս Հյունեկերը գրում է՝ իրապես զվարթ, կենսասեր մեկը: Պաշտել է մորը, իսկ այդ կինը, ինչպես Շոպենի ամենահայտնի սիրուհի, գրող Ժորժ Սանդը պիտի մրմռացող ինքնասիրությամբ խոստովանի, «Շոպենի միակ սերը» եղավ: Այն, որ ցկյանս հավատարիմ չի կարող լինել ամեն տերևի շարժումի մեջ հուզիչ, իմաստավոր մի բան տեսնողի սիրտը, ակնհայտ է, Շոպենի խառը սիրային կյանքը վկա, բայց Սանդի «միակ»՝ տիեզերք բացառող այս ածականը վիրավոր կնոջ ձեռքին հերյուն է հիշեցնում ավելի, քան իրականության հետ որևէ աղերս ունեցող եղելություն: Շոպենի սերն ամենուր է՝ իր հետմահու հրատարակված գործերի  (Fantaisie-Impromptu-ն (op. 66) օրինակ), մազուրկաների, նոկտյուրնների, պրելյուդների, բալադների, պոլոնեզների ու ամեն դադարի մեջ, այնքան շատ, որ Ձեր խոնարհ ծառային մի քիչ վանում է նույնիսկ: Մի քիչն էլ այնքան է, որ բացի բոլոր էտյուդներից, մի քանի ուրիշ ստեղծագործությունից ու դրանք մեկ ձեռքի մատների վրա համրվող փառահեղ դաշնակահարների կատարումներից, ես Շոպեն չեմ լսում: Ու երբեք, նույնիսկ նրան պարտադիր նվագելու հարատև թվացող կարճ տարիներիս չլինելով շոպենական՝ պիտի խոստովանեմ՝ աշխարհի ամենահեշտ բանը չէ գրել քեզ իր ամենակուլ նրբության պատճառով հաճախ հունից հանող ընկերոջդ մասին: Իսկ նա ինձ ընկեր է, մենք վիճում ենք հաճախ, ես նրան չեմ սիրում, նա էլ ինձ, բայց նա ինձ ընկեր է: Ներենք ինձ, անցնենք առաջ:

Դաշնամուրից այդպես էլ չհեռացավ, նրա էտյուդների գրանդիոզ, մի տեսակ սիմֆոնիկ մտածողությունն այդպես էլ ուրիշ երաժշտական գործիքների լուրջ օրկեստրալ ամբողջություն չդարձավ: Կոնկրետ կոմպոզիտոր էր, բայց ոչ մի դեպքում սահմանափակ, չնայած հենց վերոնշյալ՝ դաշնամուրային ռեպերտուարից դուրս չգալու պատճառով հաճախ են նրան պիտակում այդպիսին: Ճշմարտության արձագանք այս մեղադրականի մեջ այնուամենայնիվ կա, բայց Սանդի «միակի» պես սխալ գործածված բառ է «սահմանափակը», իսկ սխալ բառն անձնական վիրավորանքի պես է՝ սովորաբար չեն ներում: Չասենք սահմանափակ, ասենք դաշնամուրային, դաշնամուրային կոմպոզիտոր է Շոպենը, ինչն, իհարկե, մոռացության կամ անիմացության չպիտի մատնի նրա ձայնի, թավջութակի, ջութակի, նույնիսկ ֆլեյտայի (ինչպիսին, օրինակ Ռոսինիի «Մոխրոտիկը» օպերայի “Non piu mesta” արիայի վարիացիան է՝ դաշնամուրի ու ֆլեյտայի համար) ստեղծագործությունները: Եվ հետո, նրա դաշնամուրային երկու կոնցերտները, Մոցարտի «Դոն Ջիովաննի» օպերայի աշխարհահռչակ “Lá ci darem la mano” դուետի դաշնամուրային հիանալի վարիացիաներն ամեն դեպքում նվագակցություն ունեն, նվագախմբային նվագակցություն, այնպես որ սահմանափակ կոմպոզիտորն այդքանն էլ չէր անի: 1829-ին հյուծված, նրբաճաշակ, գեղեցկադեմ պատանին իր դեբյուտն ունեցավ Վիեննայի Կառնթներթոր Թատրոնում “Lá ci darem la mano” վարիացիաների պրեմիերայով, որն ամրագրեց նրա ճիշտ է դեռ երիտասարդ, բայց միանշանակ երաժշտական բացառիկ տաղանդ ունենալու փաստը տեղացի ու մնացյալ երաժշտասերի աչքում: Քննադատները հիմնականում միաձայն էին՝ տաղանդ է, միայն թե ժամանակի հետ բոլորովին հակընթաց թեթևություն կա տեխնիկայի մեջ: Մի տիկին էլ նշեց իր զուտ երաժշտական քննադատության մեջ. «Ցավալի է, որ այս երիտասարդի տեսքն այսքան անշուք է», ինչն այնքան վիրավորեց Շոպենին, որ վերջինս ժամերով մարդու երես չուզեց տեսնել, հիվանդացավ: Ինչևէ, վարիացիաները Շոպենի առաջին ստեղծագործություններից էր, իսկ այս հրաշքի մեջ արդեն լսվում է նրա առաջին դաշնամուրային կոնցերտի (op. 11) առաջին մասի երաժշտական մի քանի սեկվենցիա: Առաջին դաշնամուրային կոնցերտն էլ առաջինը չէ, երկրորդն է գրվելու ժամանակագրությամբ, պարզապես երկու կոնցերտներից առաջինն են հրատարակել, դարձել է առաջին: Երաժշտական հասունությունն էլ է երևում, երբ երկրորդի հետ ես բաղդատում. իրական տաղանդն ուժեղից թույլ, լավից վատ չի գնում:

Փայլուն միտք է ունեցել՝ ճկուն, բազմակողմանի զարգացած, արագ, բայց ոչ մի դեպքում չի կարելի Շոպենի խորքերի մասին կարծիք կազմել նրա նամակներից. դրանք քաղաքավարի ու միանշանակ են, իսկ դրանից վատ քիչ բան է լինում գրի մեջ: Եթե այսինչի բարևն անպայման պիտի հասցվեր այնինչին, նա ամենայն պարտաճանաչ մանրամասնությամբ անում էր: Շոպենը բառերի մարդ չէր, ինքն էլ դա գիտեր, իր կենսագիրներից շատերն էլ են խոստովանում, որ չխոստովանեին, միևնույն է կարդալու էինք, հիասթափվեինք: «Սիրելի պապա, ես զգացմունքներս ավելի հեշտ կարտահայտեի, եթե դրանք երաժշտական նոտաների մեջ դրվեին: Բայց ամենալավ կոնցերտը նույնիսկ չէր կարողանալու արտահայտել որդիական սերն ու հարգանքը, որ ունեմ քո հանդեպ, սիրելի՛ հայր: Այդ պատճառով ստիպված եմ սրտիս խոսքն ասել հասարակ բառերի միջոցով» (1818, դեկտեմբերի 6): Ցավն այն է, որ այսպես շարունակ էլ գնում է հիմնականում:

Սիրում էր գրողներին և ոչ այն պատճառով, որ ինքն այդպես էլ այդ սատանայական գրավչությամբ օժտված ժողովրդի շուքի տակ չփայլեց, այլ որովհետև նրան անչափ գրավում էին կամակոր, ծույլ, բազմիցս չարկչրկված բառերին սանձահարող, դրանց ոսկեզօծ, նոր պատմուճաններ հագցնող մտքի ամենակարող արտիստները, ովքեր հասարակ նախադասությունն այնպես կբաղդասեին՝ կթվար՝ արցունքի երակ է պայթել իր նման գեղեցիկը պաշտողի աչքերից: Շոպենն իր երաժշտության մեջ է միայն, ի տարբերություն Շումանի ու Վագների, որոնց (հատկապես վերջինի) խոսքը արդի (ահավոր բառ է, նաև վիճելի) երաժշտաքննադատության ամենահամոզիչ, հեղինակավոր սկիզբը դարձավ:

Շոպեն լսելը դժվար չէ, նրա գործերից շատերը հատուկ երաժշտական պատրաստվածության ականջ չեն ուզում բոլորովին, մեղեդիները կտրտված չեն, սահում են հանգիստ, անխաթար, տրամաբանական են, մի տեսակ հասկանալի, ատոնալ տվայտանքներ չկան, գրեթե ցանկացածին ասելու բան ունեն, վերջապես սիրուն են: Կարճ ասած՝ Շոպենը քիթը չի խոթում այնտեղ, որտեղ բան չի հասկանում: Բայց ինձ մի միտք է անվերջ տանջում. մեղեդի ստեղծելու ու այդ գիծը զարգացնելու (Ձեր խոնարհ ծառայի կարծիքով) անսպառ պաշար ունենալով հանդերձ՝ այդ ինչպե՞ս է հաջողացրել ոչ մի սիմֆոնիա, կվարտետ ու էլի նման իդեալական երաժշտական կառուցվածք ունեցող գործ չգրել: Ախր ինչպե՞ս կարելի է մեծ օժտվածությունը փոքր տեղ պարպել: Բացատրությունները երեքն են. մեկ՝ որ ահռելի մեծության կասկած է ունեցել այդ բարդ կառուցվածքներում իր ուզածի պես ինքնարտահայտվելու, իսկ կասկածն ամեն հանճարի ուղեղի չսատկող որդն է, որքան էլ որ գրիչ-բրիչովը վստահ լինի սեփական բացառիկության մեջ: Շուբերտը՝ ձայնի, երգի աստվածն այդ, այդպես էլ օպերա չգրեց: Մեկն ուներ միայն, այն էլ մերժված: Ի՞նչ մտածես… Երկու՝ որ տուրք է տվել ժամանակի մոդայիկ սալոնային երաժշտությանը, ինչը Շոպենի դեպքում բացառապես լավ էր ստացվում: Այնքան է հավատացել դաշնամուրի ամենակալությանն ու հիերարխիկ շղթայի մեջ այս գործիքի առաջնայնությանը, որ վստահ է եղել՝ միայն դաշնամուրն էլ ամեն ինչ կասի: Էտյուդները վկա՝ ասաց: Եվ երեք՝ այս երկուսն իրար հետ: Այնուամենայնիվ, ինձ թվում է՝ մենք Շոպենի երաժշտությունն իսպառ չենք ճանաչի և ոչ թե այն օբյեկտիվ պատճառով, որ անհնար է առհասարակ ինչ-որ կոմպոզիտորի երաժշտություն իսպառ բացահայտել, այլ որովհետև ինքը՝ Շոպենը, դա չի ուզում: Եթե ուզեր, այսօր Շոպեն ասելուց դաշնամուրից բացի ուրիշ գործիքային տեմբրեր էլ կլսեինք:

Ես հասկանում եմ Շոպեն լսել չկարողացողներին ու պիտի փորձեմ հիմնականին դեմ այս տեսակետը ներկայացնել: Օսկար Ուայլդը տաք իռլանդացուն բնորոշ իր անթույն խայթով գրում է. «Երբ Շոպեն եմ նվագում, այնպիսի զգացողություն ունեմ, որ ողբում եմ բոլոր այն մեղքերի համար, որոնք երբեք չեմ գործել և սգում բոլոր այն դժբախտությունների համար, որոնք երբեք իմը չեն եղել»: Մշտապես բացառելով Շոպենի, ինչպես արդեն վերում նշեցի, անխտիր բոլոր էտյուդներն ու մի քանի ուրիշ գործ՝ այս կոմպոզիտորին լսելու «դժվարությունը» կայանում է մեղեդային ու ռիթմիկ «հեշտության»՝ հասանելիության և չափից դուրս լավը լինելու մեջ: Շոպենին նոր ճանաչելիս նրա երաժշտության կոնֆլիկտն արդեն համերաշխության վիճակված փաստ է թվում նույնիսկ ամենասկզբում, երբ դեռ ծանոթ չենք նրա խռովքի հիանալիորեն անսանձ, անարխիկ կարգուկանոնին: Իսկ նրա ի բնե և ո՛չ ուսանած նրբությունը երեսներ ունի՝ ցասումի, թշնամուն ատելու, սիրելիին չներելու, Նիկոլայի առաջ չչոքելու երեսներ: Հակառակ իր ֆիզիկական տվյալների՝ այս կոմպոզիտորն իսկական կավալեր է՝ թրով, վահանով, երիվարը սանձած, ներկած երեսով, անմաքուր քրիտնքով, առ հավերժության սուրող: Ականջիդ ինչ-որ անհասկանալի ծանոթ (նույնիսկ եթե առաջին անգամ ես լսում), Շոպենի դյուրամարս երաժշտական գիծն ու եվրոպական պարերին հատուկ հստակ ռիթմիկան ես նմանեցնում եմ լեզվի, որով խոսում են ընդհանրապես բոլորը, կամ գոնե այն բախտավորները, ովքեր առօրյա խնդիրներից բացի հոգու խնամքով զբաղվելու ցանկություն ու ժամանակ էլ ունեն: Եվ քանի որ Շոպենի լեզուն «գիտենք» բոլորս, Շոպեն ըմբռնելը մեծ քաջագործություն չէ, ավելին՝ բնական բան է: Սա, այնուամենայնիվ, մի՝ արվեստի նպատակներից միայն մի՛ կողմը ծածկող խնդիրն է՝ էսթետիկ հաճույքի խնդիրը, որը, պիտի խոստովանել, Շոպենը հանճարեղ է լուծել: Բայց չափազանց գեղեցիկը, կյանքից էլ գիտենք, ոչ միշտ է կանխենթադրում հոգին բավարարող խորություն: Իսկ այդ խորությունն առաջինն իր էտյուդներում տեսա տարիներ առաջ, երբ դրանց տակ հալածվելու փոխարեն նոկտյուրն, պրելյուդ էի նվագում: Հենց միանգամից հասունություն, սովորաբար գեղարվեստին բնորոշ փայլուն մատերիալիստական տեքստուրա կա սրանց մեջ: Երբ լսում ես, դաշնամուրն աչքիդ առաջ տրանսֆորմացվում է չգիտեմ ինչի, որ չգիտես ինչպես չգիտես ինչ է անում հետդ: Հենց այս չգիտես ինչն է անձամբ ինձ համար, որ Շոպենի էտյուդները դարձնում է դաշնամուրային երաժշտարվեստի պատմության մեջ երբևէ գրված լավագույն ստեղծագործություններից, որոնք Լիստին հետո պիտի ոգեշնչեին իր գերբնական տրանսցենդենտալները մշակելու: Շոպենի հենց այս հանկարծակի «անհասկանալիությունն» է, որ գրավում է ավելի, քան նրա բազմաթիվ դյուրընկալ, Ուայլդի նշած լացական մեղեդիները: Այս մարդու շնորհիվ է, որ էտյուդի նման տաղտկալի, կարևոր ֆիզիկական վարժությունները, որոնք դասարաններից ու տնային կալանքի մեջ գտնվող իմ պես աշակերտների սենյակներից դուրս չպիտի գային, գնացին դարձան համաշխարհային բեմեր հանելու լիիրավ ստեղծագործություններ, այն էլ ինչպիսի ստեղծագործություններ: Էտյուդի մեջ պահպանեց դրա առաջնային իմաստը՝ բարդ, մատները զարգացնող տեխնիկան, բայց Չեռնին, այնուամենայնիվ, մեռավ Շոպենի էտյուդներում: Եվ դա հիանալի է: Հենց Շոպենի օպ. 25-ից 12-րդ՝ դո մինոր էտյուդն էր, որ հնչեց ականջներիս մեջ, երբ Ֆրանսիայից՝ իր երկրորդ հայրենիքից Լեհաստան տեղափոխված նրա սրտի դամբարանը տեսա Վարշավայի Սուրբ Խաչ եկեղեցում: Կարմիր ու սպիտակ վարդերի պսակից վեր «Այստեղ հանգչում է Ֆրեդերիկ Շոպենի սիրտն» էր ասում մարմարի համեստ հուշատախտակը, որ եկեղեցու հիմնասյուներից մեկի մեջ էր: Թե ինչեր քաշեց արյունաստեղծ այդ մկանը եկեղեցում հանգստանալուց առաջ, ինչեր զգաց երկիրը Կադետի Հեղափոխության պռնկին թողած Փարիզ գաղթելուց՝ միայն վերից մեզ մի աչքով նայողին ու Շոպենի երաժշտությանն է հայտնի…

Share Button

1 Կարծիք

  • Hasmik says:

    Շոպենի “օվկիանոսը” տանում է անծայրածիր տարածություններ , սովորեցնում քայլել ալիքների վրայով և խորասուզվել…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *