Նա․ Հայելի՛, իմ հայելի
Դու նայում ես ինձ, բայց ինձ չես տեսնում։ Դու քեզ ես տեսնում։
Դու կախարդող ես, իսկ աչքերդ գիշերվա խորհուրդն ունեն. դրանք խորունկ ջրերի մի հայելի են, որի վրա խաղաղ հանգչում ու օրորվում է լուսնյակի շողը։ Ես կարող էի մոլորվել քո աչքերում, կորցնել ճամփաս ու բանականությունս։ Բայց ես սովորել եմ գտնել իմ ուղին քո հոնքերի խիտ աղեղներում։ Իսկ երբ հասնում եմ քո մետաքսե ու նուրբ շուրթերին, ցանկանում եմ ընդմիշտ կորչել այդ քնքշության մեջ ու էլ երբեք չգտնվել։
Մատներովդ սանրում ես մուգ վարսերդ ու շտկում հոնքերդ։ Ձեռքդ սահեցնում ես լայն ծնոտիդ երկայնքով՝ շփելով կոշտ մորուքդ։ Ուղիղ նայում ես ինքդ քո աչքերին՝ սեղմելով ծնոտդ։ Շուրթերիդ աջ անկյունը թեթևակի ցնցվում է, հոնքդ՝ վեր բարձրանում։ Ինձ ծանոթ է այդ հայացքը․ դու հիմա կլքես ինձ։ Այս գիշեր ո՞ւմ սիրտն ես կոտրելու։
Նե․ Առանց վերնաշապիկի
Նա ինձ սուզեց ջրի մեջ ու հանեց: Այնքան ուժով թափահարեց, որ փրփրացող պղպջակներ էի արձակում ու հևում: Վերջում նա ոլորեց ինձ՝ իր ողջ ուժով քամելով ամենավերջին կաթիլն անգամ: Հետո ամրացրեց լվացքի պարանին: Ես ամբողջ գիշեր չկարողացա քնել: Միայն կեսօրին նա մոտեցավ պատուհանին։ Այդ պահին ես արդեն տաք էի ու չոր։ Նա սահեցրեց ինձ իր մերկ մարմնին, որից մեխակի ու դարչինի բույր էր հորդում։ Ես ազատ պարուրել էի նրան՝ մեղմորեն շոյելով մաշկը։ Նայելով հայելուն՝ նա կոճկեց իմ երկու կոճակն ու բազուկների վրա ետ ծալեց թևքերս. իմ ճերմակությունը միաձուլվեց նրա մաշկին։ Մենք կատարյալ էինք միմյանց համար։
Մենք պառկեցինք մահճակալին՝ հայացքներս առաստաղին հառած, ձեռքերը գլխի տակ խաչած։ Նրա վարսերը դեռ խոնավ էին։ Ես թևքերովս կլանեցի այդ խոնավությունը, իսկ հյուսվածքներովս ներծծեցի նրա բույրը։ Նա դանդաղ էր շնչում, և մեր մարմինները ներդաշնակորեն վերուվար էին անում միևնույն ռիթմով։
Ես ուզում էի հասկանալ, թե ինչ է նա մտածում: Նա բնավ նման չէր այն աղջիկներին, որոնց մինչ այդ հանդիպել էինք ես ու Նիկը:
Նա (Տղամարդը). Հաղորդագրություն նրանից
Ես թրթռում եմ նրա գրպանում։ Հաղորդագրություն է եկել նրանից՝ այն նոր համարից, որն անցյալ շաբաթ էր հայտնվել հասցեագրքումս։ Նա չի պատասխանի. հանդիպման է։ Բայց ձեռքը սահեցնում է գրպանն ու գաղտագողի հանում ինձ։ Էկրանին գրված է.
«Հե՜յ, վերնաշապիկդ լվացել եմ։ Երբ ուզես, կարող ես վերցնել»։
Նա ինձ նորից գրպանն է դնում։ Առնվազն մի քանի ժամ չի պատասխանելու։ Բայց կես ժամ անց կրկին հանում է ինձ։ Մենք նրա աշխատասենյակում ենք։ Նա սկսում է գրել.
«Բարի լույս, գեղեցկուհի․․․»։
Հետո ջնջում է։ Նորից է գրում․
«Հե՛յ, շնորհակալ եմ․․․»։ Բայց կրկին ջնջում է։ Սկսում է հավաքել․
«Ռո՛ուզ․․․ մտքիցս դուրս չես գալիս, դեռ զգում եմ բույրդ»։ Մատների հարվածներն էկրանին արագանում են.
«Վերնաշապիկը քեզ պահիր, այս գիշեր կգամ։ Հագի՛ր այն․․․ միայն վերնաշապի՛կը հագիր․․․»։
Հանկարծ նա ամբողջը ջնջում է ու ինձ շպրտում աշխատասեղանի թղթերի կույտի մեջ։
Մեկ րոպե էլ չանցած՝ նա նորից վերցնում է ինձ և սկսում գրել.
«Հե՜յ, շնորհակալ եմ…»։
Կարճ դադարից հետո մատները նորից շարժվում են.
«Ի՞նչ կասես այս գիշերվա մասին, գործից հետո անցնե՞մ քեզ մոտ»։ Հետո նա սեղմում է «ՈՒՂԱՐԿԵԼ» կոճակն ու ինձ նորից նետում թղթերի կույտի մեջ։
Տասը րոպե անց նա նորից բացում է նրա նամակը։ Կարգավորումներում «Թրթռում»-ը փոխարինում է «Ձայն»-ով. նախկինում նա երբեք նման բան չէր արել։
Անցնում է ևս տասը րոպե։
Ես ազդանշան եմ արձակում, և գրեթե նույն ակնթարթին նա բացում է հաղորդագրությունը.
«Հե՜յ, Նիկո՛ոո։ Այս գիշեր՝ Cheetah’s Club-ում»։
Նա ինձ նետում է սեղանին։
Ես նորից ազդանշան եմ արձակում։ Այս մեկը Նրանից է։
Նա վերցնում է ինձ ու կարդում․
«Այո, այս գիշեր հարմար է»։ Նա չի պատասխանում։ Հաջորդ ազդանշանը Դենիից է․
«Նիկո՜, ախպե՛րս, մե՞ջ ես, թե՞ ոնց»։ Դարձյալ լռություն։ Ինձ մի կողմ է դնում և հաջորդ անգամ վերցնում միայն մեկ ժամ անց։ Դենիին գրում է․
«Տեղյակ կպահեմ»։
Նա (կինը)․ Հաղորդագրություն նրան
Ամբողջ գիշեր նրա կողքին էի։ Ստուգեց ինձ քնելուց առաջ և անմիջապես արթնանալուն պես։ Հիմա նա բռնել է ինձ իր ձեռքերում։ Բացում է նոր հաղորդագրության դաշտն ու հավաքում.
«Նի՛ք…»,- կանգ է առնում։ Ապա շարունակում է.
«Ուզում եմ քեզ նորից տեսնել…»,- ջնջում է։ Եվ գրում է.
«Հե՜յ, վերնաշապիկդ լվացել եմ…»,- հավաքում է նա ու մի պահ դադար տալիս։ Ապա ավելացնում է.
«…ու հենց հիմա այն հագիս է։ Ուզում եմ քեզ ավելի մոտ զգալ»։
Ջնջում է գրածն ու ինձ նետում անկողնուն։ Որոշ ժամանակ անց զգում եմ, թե ինչպես է նրա ձեռքը սավանների մեջ խարխափելով փնտրում ինձ։ Գտնում է։ Եվ գրում է նրան.
«Հետաքրքիր է՝ գոնե մի փոքր մտածե՞լ ես իմ մասին, որովհետև ես չեմ կարողանում քեզ մտքիցս հանել»։
Նրա ցուցամատը մի պահ կախվում է «ՈՒՂԱՐԿԵԼ» կոճակի վրա։ Բայց դրա փոխարեն նա հապշտապ ջնջում է ամեն ինչ ու հավաքում․
«Հե՜յ, վերնաշապիկդ լվացել եմ։ Երբ ուզես, կարող ես վերցնել»։
Նա նորից ինձ թաղում է սավանների մեջ՝ ընդամենը մի քանի վայրկյան անց կրկին դուրս հանելու համար։ Պահում է ափերի մեջ։ Ստուգում է հաղորդագրությունները, թեև ես ոչ մի ծպտուն չեմ հանել։ Նրա այս սովորությունը սկսվեց մեկ շաբաթ առաջ, երբ Նիկոլասը զանգեց նրան ու ասաց, որ ուզում է տեսնել։ Մի քանի երկար վայրկյան աղջիկը չէր կարողանում խոսել։ Նա պահեց շունչը, ես էլ՝ իմը։ Ես ազդանշան եմ արձակում։ Նա՛ է։
«Հե՛յ, շնորհակալ եմ․․․ Ի՞նչ կասես այս գիշերվա մասին, գործից հետո անցնե՞մ քեզ մոտ»։
Նա ինձ թաղում է սավանների մեջ։ Այդպես է վարվում ամեն անգամ, երբ նրանից նամակ է ստանում։ Թողնում է ինձ, բայց ես գիտեմ՝ անկախ նրանից, թե ինչով է զբաղված, այդ ընթացքում շարունակ մտածում է, թե ինչ հավաքի էկրանիս։ Ափսոս, որ հեռախոսով զրուցելիս նա ժամանակ չի ունենում բառերն ընտրելու։ Խոսելիս նա չի կարողանում անտարբեր երևալ, ձայնն անմիջապես մատնում է նրան։ Գտնում է ինձ և մուտքագրում.
«Այո, ցանկացած պահի։ Քեզ համար՝ ցանկացած պահի»։ Անմիջապես ջնջում է ամեն ինչ։
«Այո, այս գիշեր հարմար է»։
Տղամարդը. Թունավոր
Նա նյարդայնացած է։ Ես զգում եմ դա նրա շարժուձևից և այն բանից, թե ինչպես է թխթխկացնում վանդակիս պատերը։ Նա իմ կարիքն ունի։ Նա կգա իմ հետևից։ Ու մի փոքր անց նա հենց այդպես էլ վարվում է։
Նա ետ է գցում կափարիչը։ Խավարի մեջ ներխուժած քամու հանկարծակի պոռթկումից ես սարսռում եմ։ Իր սառը, ցանկասեր մատները նա սահեցնում է շուրթերիս վրայով, և դողն անցնում է ողնաշարովս։
Դուրս է քաշում ինձ, խաղում ինձ հետ՝ բթամատի ու ցուցամատի միջև այս ու այն կողմ գլորելով, ապա տեղավորում է իր տաք, խոնավ շուրթերի արանքում։
Վառի՛ր ինձ։
Սիրի՛ր ինձ։
Այրի՛ր ինձ։
Լուցկու բոցը բռնկում է մարմինս, և նրա շունչը հոսում է իմ երակներով։ Նրա մատներն ինձ անշարժ պահում են, շուրթերը ձգվում ու թուլանում են, երբ նա ներշնչում է առաջին ծուխը՝ շշշշ… դա՜ն-դա՜ղ։ Այրելով ինձ։
Սպանելով ինձ։
Ես նվաղում եմ ցավից ու հաճույքից։ Նրա շուրթերը բաց են թողնում ինձ։ Առժամանակ։
«Նորի՛ց վերցրու ինձ»,- արձակում եմ ես ծխի տռփալից մի հառաչանք։
Նրա շուրթերը վերստին տիրում են ինձ։ Եվ կրկին։ Ու կրկին։ Նա դանդաղ ներշնչում է. իմ ծուխը, իմ կյանքը ներծծվում է նրա մեջ՝ թափանցելով ամենանուրբ հյուսվածքներից ներս։ Նա ծխում է ինձ քնքշորեն, մեղմորեն՝ հագեցնելով իր քաղցը։ Քամում-սպառում է ինձ, ապա իմ ճմլված մնացորդները շպրտում գետնին։
Գո՞հ ես։
Եվ այն ամենը, ինչ քեզ կմնա ինձնից, իմ թողած հուշանվերներն են՝ խեժիս սև մասնիկները, որոնք ընդմիշտ կառչած կմնան թոքերիդ պատերին։
Նա (կինը)․ Կտավ
Նախաներկի շերտը գիշերը չորացել էր։ Նա դուրս է տանում ինձ ու հղկում։ Ես նրա հասակի կեսն եմ։ Ափը սահեցնում է դատարկ դեմքիս վրայով։ Դեռ բավականաչափ հարթ չէ։ Ավելի շատ է հղկում՝ ավելի ուժգին սեղմելով, և սպիտակ փոշին պարում է օդում։ Նրա ձեռքը նորից շոյում է ինձ։
Գո՞հ ես։
Նա ամրացնում է ինձ նկարակալին։ Ես նրա իշխանության տակ եմ։ Կանգնում է մի քանի քայլ հեռավորության վրա ու նայում ինձ՝ իմ դատարկ դեմքին։
Ո՞վ եմ ես։
Ի՞նչ ես ուզում, որ մարմնավորեմ:
Դյութիչ մի բան։
Լայն վրձնով նա խոնավացնում է ինձ։ Տաք երանգներ է հաղորդում։ Շագանակագույն աչքեր. գիշերային մի տեսարան՝ անթափանց ջրերի զով ավազան, որի մակերեսին օրորվում ու հանգչում է լուսնի շողը։ Ես կարող էի մոլորվել քո աչքերում, կորցնել ճամփաս, գլուխս կորցնել։ Նա նկարում է հոնքերս, ճակատս, քիթս։ Բայց ես սովորել եմ գտնել իմ ուղին հոնքերիդ թավ կամարների միջով։
Նա մի քանի քայլ հետ է գնում ու դանդաղ պտտվում շուրջս՝ աչքերը վրայիցս չհեռացնելով։ Ապա նորից մոտենում է։ Նա իմ գերին է։ Զգում եմ նրա տաք շունչը, երբ նկարում է շուրթերս։ Իսկ քո մետաքսյա, կիսաթափանցիկ շուրթերո՜ւմ… ես կնախընտրեի մոլորվել այդ քնքշության մեջ ու երբեք չգտնվել։
Թարգմանությունը անգլերենից՝ Քրիստիեն Հայրապետյանի