Ստանիսլավ Եժի Լեց | Ասույթներ

Իսկ գուցե աստվա՞ծ է ինձ ընտրել լինել աթեիստ։

Գնահատիր բառերը․ յուրաքանչյուրը կարող է քո վերջինը լինել։

Ուզում ես թաքցնե՞լ դեմքդ, ուրեմն մերկ ման արի։

Երբեմն խոսքը ոսկի է, լռությունը՝ 30 արծաթ։

Հացը բացում է ցանկացած բերան։

Անգամ օտար դրախտներում քայլի՛ր սեփական ճամփաներով։

Ի՞նչ կարող է դուրս գալ ոչնչից։ Սադրանք։

Եթե անգամ կակաո տաս կովին, շոկոլադ չես կթի։

Լայն հորիզոններ ունեցողները սովորաբար վատ հեռանկար են ունենում։

Նրանք, ովքեր գերազանցել են իրենց դարաշրջանը, քայլում են գլխահակ։

Մտավոր սահմանափակությունը գնալով ընդլայնվում է։

Ի՞նչն է ոչնչացնում ձգողության ուժը։ Սովորությունը։

Ուզում էի աշխարհին միայն մի բառ ասել։ Քանի որ դա մոտս չստացվեց, գրող դարձա։

Դե ինչ, անգամ ճենապակյա գիշերանոթն է գեղեցիկ հնչում։

Ինչպիսի անկախություն․ մշակույթը կարող է յոլա գնալ առանց նախարարի, իսկ նախարարն էլ առանց մշակույթի։

Արդյոք հավատացյա՞լ եմ։ Միայն աստված գիտի։

Ժամանակն այդպես էլ մարդակեր կմնա։

Մարդն իր սեփական կյանքում միայն մի փոքրիկ էպիզոդ է խաղում։

Երբեմն ինչ-որ բան է թաքնվում այն բանի հետևում, ինչից մենք թաքնվում ենք։

Ուզում ես խլացնե՞լ սրտիդ ձայնը։ Ստացիր ամբոխի ծափերը։

Իսկ գուցե մենք ինչ-որ մեկի հիշողությունն ենք լոկ։

Հաճախ իրականության ֆարսը հնարավոր է բեմին մատուցել միայն ողբերգությամբ։

Մարդը մեքենայի նկատմամբ առավելություն էլ ունի․ կարող է ինքն իրեն վաճառել։

Առաջընթա՞ց է, եթե մարդակերն ուտում է դանակ-պատառաքաղով։

Մարդը սիրո կողմնակի արդյունքն է։

Ի՞նչ ընկավ երկնքից։ Սատանա։

Նեղ շրջապատում մարդն ավելի ազատ է շնչում։

Երբեմն սատանան ինձ գայթակղում է, որ հավատամ աստծուն։

Մարդը մարդու հետ դարեր շարունակ վարում է նույն մոնոլոգը։

Ի՞նչ է քաոսը։ Այն կարգը, որը ոչնչացվեց աշխարհի արարման ժամանակ։

Ժամանակը սպանում է ամսաթվի կնիքով։

Արդյոք մարդու պարտականությունն է իր մեջ ինչ-որ արժեքավոր բան գտնելու դեպքում հայտնել այդ մասին մոտակա ոստիկանական բաժանմունք։

Երբեմն ավելի հեշտ է ընդունել մրցանակը, քան ճշմարտությունը։

Մերկ կանայք խելացի լինու՞մ են։

Մարդը կհաղթի։ Մարդուն։

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *