ԹՈՆԴՐԱԿ | Անաբասիս

Լուսանկարը`Աննա Դավթյանի

Լուսանկարը`Աննա Դավթյանի


*

Սիրտդ շուռ կգա ու կնահանջի
կեսգիշերից վեր բարձրացող ԱՆՎԱՆ մեջ…

և կլինի այնպես,
որ լսողության սահմանագծին
փակվող շուրթերի պես կմարի օրը
և ժամանակը կվարանի անցնել,
կամ թե թարգմանել ձայն ու լռություն…

կլինի նաև,
որ կվառես լույսը և կշփոթվես
պատուհանիդ գոգին թառած տեսնելով
անծանոթ, օտար, ուրիշ մի ԳԻՇԵՐ.
դեռ կա մի ԵՐԱԶ, որը հյուսվում է
ուսերիդ փռված լուսաբացերից…

միայն բառին է տրված շոշափել
ծովերի մեջ սուզված սահմանը սրտի…

*
Ու կլինի, որ բառն այլևս չի միավորվի բառին
ու ԿԵՍԳԻՇԵՐԸ կընդհատվի հանկարծ…

սկզբում կսկսես հաշվել օրերը,
ապա ժամերը, վայրկյաններն անգամ,
ու կսկսվի տարվա այն եղանակը,
երբ ՏԱՆԴ պատերն ես միայն զգալու…

դեռ ջարդուփշուր չեղած հայելին կշոշափես,
հետո կկռահես ակունքն անորոշության,
անգամ արմատները լույսի…

ու թեպետ դժվարին կլինի ապացույցը
հայելու թիկնադարձությամբ,
դեռ կլինի սակայն մի ՍԻՐՏ սպասող`
ստվերին հենված…

ու կհաշտվես ժամանակների հետ,
ու աչքդ կմիավորվի անապատին…

Share Button

4 Կարծիք

  • Էլենա Արմաշ says:

    կլինի նաև,
    որ կվառես լույսը և կշփոթվես
    պատուհանիդ գոգին թառած տեսնելով
    անծանոթ, օտար, ուրիշ մի ԳԻՇԵՐ.

    Ապրես Թոնդրակ ջան
    գեղեցիկ են և՛ պատկերները և՛ ապրումներդ:

  • Գաբրիելլա says:

    Վաղուց էսքան մեղեդային ու սրտամոտ բանաստեղծություն չէի կարդացել: Շնորհակալություն:

  • ու կսկսվի տարվա այն եղանակը,
    երբ ՏԱՆԴ պատերն ես միայն զգալու…

  • Naira says:

    Шат гехецик е.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *