Թոնդրակ | Պոեզիա խուլերի համար կամ ի՞նչ էր գրված Վան Գոգի ականջին

Սմբատ ՀովհաննիսյանՅուրաքանչյուր ոք իր էության ծիրում խորհրդավորությամբ սքող մի Լռություն ունի: Բարբարոս մի Լռություն…

Եվ Պոեզիան այդ Լռությունն հաղթահարելու միտումներից մեկն է… Ուստի պետք է Խոսե°լ… զի Խոսքի մեջ է Լռությունն հասնում իր Կատարելությանը… Թերևս այո… բայց Խոսելը Լռության ոչ խախտումն է, ոչ էլ հաղթահարումը, այլ նրա իրագործումներից մեկը:
Եվ սակայն պետք է խախտել Լռությունը…
Բայց զանազան անճոռնի ու ճոռոմ Ձայներից տեռորի ենթարկված Ականջներով այլևս անհնարին է Լսել… Մեր այս հին ականջները բավականին հոգնած են ու շատ անպետք… Եվ անցել են ժամանակները, երբ Պոեզիայի մեջ Շարժումն իրականացվում էր մեն մի Ձայնի օգնությամբ…
Մարդն ինքնին նավարկություն է և ամենայն նավարկություն սկսվում է պարզագույն մի առասպելից: Մի առասպել, որը մեզ դուրս է բերում ի բացություն, անթաքչություն և օգնում Մահվան աչքերին նայել Կյանքի լիառատությամբ` խուսափելու համար իմացության լույսի աստիճանական խամրումից և մենության օտարացումից:
Եվ սակայն առասպելի հազարամյա նավը լող է տալիս գոյության լույսի և հանդերձյալ խավարի սահմանագծին` Սիրենների գայթակղիչ երգի ուղեկցությամբ: Ոդիսևսն իր ուղեկիցների ականջները ծեփեց ակնամոմով և պատվիրեց իրեն գամել նավակայմի ձողին. նա առաջինն էր, որ լսեց Սիրենների երգն ու մնաց կենդանի:
Արարել Պոեզիան մտահայեցության ծիրում, ուր Շարժումն իրականացվում է ներքին տարածության այլացմամբ և զգայությունը լուծվում է մտքի մեջ: Մի Պոեզիա, ուր բառերի Շարժումն հասցված է մինչ Ան-Շարժության, ուր Շարժումը վերապահված չէ Միակ Ձայնին և այն ի հայտ է գալիս Ձայնի քայքայման եզրագծին… Բազմաձայնության ծիրում: Զգացական ապրումն այլակերպվում է Բանական ապրումի` ձեռք բերելով մեկնության բազում հնարավորություններ: Ու Պոետը դիմում է բառի բազմիմաստությանը (այլ ոչ խորհրդանիշերին), ուր Պոեզիան տեսանվում է որպես մի հարահոսություն` հընթացս որի և Կյանքն այլակերպվում է կրկին ու կրկին…
Նոր Լսողությունը Մտքի լսողությունն է. Միտք, որը չի լիցքավորվում Միակ Ձայնով: Այսու` Նոր Պոեզիան իր իմաստը գտնելով գրի, գրության մեջ առկա բառերի ու նախադասությունների իմաստային ներքին տեղաշարժերի մեջ, ծնում է և Բազմաձայնությունը, որն իր հերթին մարմնավորելով այդ տեղաշարժերը, ուրվագծում է և բազում Ուրիշ տեղաշարժերի հնարավորությունները` գրությանն օժտելով լրացուցիչ իմաստներով (գիտակցված, թե չգիտակցված): Եվ Պոեզիան ռիթմավորվում է Բազմաձայնությամբ, ուր ոչ մի առանձին Ձայն բացարձակ ու ճշմարիտ չէ, ուր Բացարձակն ու Ճշմարիտը բազմապատկվում են Բազմիմաստության-Բազմաձայնության ծիրում` Կարգի ու Քաոսի հարահոս շրջելիությամբ: Պոեզիա, որն ուրվագծվում է Ակունքը որոնելու խնդրարկումից, բայց որը ծնվում է լոկ այնժամ, երբ Ակունքը որոնելիս մոռանում ես, թե որտեղից ես գալիս: Այդ մոռացումից էլ վերհառնում է Բանական Պոեզիան: Եվ Պոետի բանական աչքերի մեջ Երկինքն ու Երկիրը վերագտնում են միմյանց, վերապրում են իրենց այլացումն ու վերադառնում բոլորովին այլ մի հանգրվան…
Ստեղծել Ուրիշ մի Լսողություն, որը շրջված է դեպի ներաշխարհը, շնորհիվ որի հասարակ աչքը վերակերպվում է ոգեղեն տեսողության և հասարակ ականջը` ոգեղեն լսողության… Անդ Լռությունն արտացոլվելով յուրաքանչյուր բառի, յուրաքանչյուր հնչյունի մեջ` ինքն իրեն տեսանելու և վերակերտելու հայտնությունն է կազմակերպում: Մի լռություն, ուր Ձայնը հանդես է գալիս որպես Բանական ՙնոպա՚, թրթռուն իմաստների այլակերպական խաղ, ուր Ձայնն ընկալվում է որպես ներքին ստեղծագործության մղում, որն իր բազմակի, փոփոխուն հայտնությամբ անընդհատ հարցականի տակ է դնում Իմաստի Առասպելը, քանդում է արդեն ամրագրված, կարծրակերպված կառույցն ու բացում բազում հնարավորությունների բազում միտումներ:
Եվ կրկին առասպելի հազարամյա նավն է լող տալիս` Սիրենների գայթակղիչ երգի ուղեկցությամբ: Նավակայմին մտախոհ Նարցիսն է` իր ներքին լսողությամբ` լուռ լսողությամբ, ձեռքին` Վան Գոգի Ականջը, ուր միտքը ներկալել է իմանալի լույսն ու իր առլեցուն հարահոսությամբ բացվել Բազմիմաստության-Բազմաձայնության մեջ, որի առջև ոչինչ է Սիրենների գայթակղիչ երգը…
Նրա կտակը բոլոր ժամանակների Արվեստագետներին…

13, փետրվարի, 2007թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *