Լիանա Վանեսյան | Ծանր սրտով թռչուն

***
Թեթև՜-թեթև՜ փետուրներով ու այնպես ծա՜նր սրտով թռչուն,
որտեղի՞ց եկար…
Առաջին նահանջի սուր, չգիտակցված ցավով ու կատաղությամբ,
աչքերդ հավերժ հաղթողներին գամած՝
ինչո՞ւ գնացիր…
Անձայն սգացող, վեհ, խրոխտ արծիվ,
ո՞ւր մնաց տունդ, թ՞ե տուն չունեիր…
Մեռած քաղաքի մոխիրները թեևերովդ տարուբերող
իմ ուժեղ, իմ խեղճ…կասես՝ թևե՞ր չէին:
Այնպես անհունորեն հոգնած, անհույս, մտամալոր թռչուն,
400 տարի ու 9 օղակ աննկուն անցած փոթորիկ ու հողմ,
Իմ ծեր ու պարապ,
ամեն ինչ այնպես հեշտ ու հասարակ մտքիցդ հանած
անապաստան իմ ծիտ, անպատասխան աղերս,
գտա՞ր երամդ, քո՞ երամը չէր:
Կարմի՜ր-կարմի՜ր, հազար կրակում վառված,
փետուրներդ հա՜տ-հա՜տ, հատ-հատ խանձած,
նեղսիրտ, դատարկ, արևից խռով,
Հերիք է իմ ծիտ,
դեպի ինձ չվիր…դեպի ինձ չվիր…

 

***
ինչ-որ անհանգիստ երգ կհնչի ավտոբուսներում,
ուր ամեն առավոտ կուզես մոռանալ նախորդ օրվանը,
բայց ամեն նոր օր զզված կսկսվի
նույն հունից հանող դիմագծերով:
Դու օտար քաղաքի ջրին սովոր չես,
այստեղ ամեն ձմեռ արևից չորացած ձյունն ասես
ինադու խրթրթում է կոշիկներիդ տակ, նրա դիմագծերն ավելի սրում:
Լուսաբացին այս օտար քաղաքի անհամ աքաղաղները
այնպես անտաղանդ, հիմար ձայն ունեն,
այդպես կարող է շվեյցարական մի կոկիկ գյուղում
ուղղակի գոչել մի սիրուն աքլոր,
բայց այստեղ, ուր հասել ես դու, ուր ապրում ես
մի ամբողջ տարի
դիմագծերի հետ
այդ օտար կնոջ,
կարո՞ղ է արդյոք այդպես իմիջայլոց ձայն հանել աքաղաղը,
ասես թքած ունի
քո
ու
նրա`
իրար այդքան օտար լինելու վրա…

 

***
Թռչել բյուրեղի պես,
ու Վանին հասնել,
դու երազում էիր
դրախտը տեսնել…
Երրորդ աչք պետք չէր,
քո հավատներ էր այս,
բայց արի ու տես,
ոչ մի paradise.
Նույն տեղը բերող դատարկ հավատներ,
դրախտներ չկան, կան խելագարներ:
Ուր որ է հասնում էինք,
ու մեկ էլ հնչեց,
«Ես հետ եմ գալու,
վերջ, կհանդիպենք»:
Ես բյուրեղ չեմ հեչ,
մինչև Վան՝ դժվար,
դրախտները հեչ,
ինչքա՜ն հեշտ կորար:
Ամեն գնալիս հավերժ հրաժեշտներ,
դժոխքներ չկան, կան հուսահատներ…
Վանը էլ չկա,
քո երազն էր այդ,
դժոխքում հեշտ էր,
դու ինչո՞ւ եկար:
Ես հետ եմ գալու, մեկ, երկու, երեք…
պտույտի վերջում իրար կհիշե՞նք:
Խոստումից խոստում, ահա,
ինչպես ասում էիր…
There’ll come a time
when most of us return here….

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *