Վլադիմիր Սորոկին | Վարդագույն պալար


Հինգշաբթի Աննան իմացավ, որ հղի էր, իսկ երեկոյան աշխատանքից վերադառնալով՝ ընթրիք չպատրաստեց, փոխարենը նստեց խոհանոցի պստլիկ սեղանի մոտ, նիհար ձեռքերը դրեց նոր մոմլաթին և քարացավ՝ հայացքը հառելով դրանց։
Նիկոլայը սովորականի նման ժամը իննին վերադարձավ։
Աննան լսում էր, թե ինչպես էր հանում հագուստը նեղ, խիտ կահավորված միջանցքում։ Հետո մոտեցավ նրան, գրկեց նրա՝ սոլյարայուղով տոգորված, ճարպակալած վիզը, սեղմվեց նրան, քարացավ․
-Կո՛լյա, այլևս չեմ կարող։ Պետք է անենք դա։
Նիկոլայը շունչ քաշեց և շրթունքներով զգուշորեն դիպավ նրա՝ բաց գույնի, բարալիկ վարսերին․
-Ամեն ինչ լավ կլինի։ Մի՛ վախեցիր։
Նրա ձեռքերը երկու գունատ օձերի նման սկսեցին սահել ամուսնու անկյունաձև ուսերի վրայով․
-Ի՞նչ ես հանգստացնում ինձ։ Կարդացե՞լ ես երեկվա «Իստինան»։
-Այո՛, իհա՛րկե։
-Այդ դեպքում ի՞նչ ես սպասում։ Մինչև որ մեր հետևից գա՞ն։ Կամ «քամուն հակառակ թքողներ» կոչե՞ն։
-Դե՜, ո՛չ։ Ուղղակի մտածում եմ։
Աննան շրջվեց․
-Մտածում ես․․․ Իսկ Նա առաջվա նման պատուհանագոգին է։ Եվ բոլոր տեսնում են Նրան։
-Մի՛ անհանգստացիր։ Այսօր կանենք դա։ Անպայման։
Մթնշաղը քաղաքը վերածել էր անհամաչափ, գույնզգույն հարթության, որը դիմհարում էր երեկոյան երկնքի շերտին։ Քաղաքի կողմից ճնշված և պլոկված պատուհաններ․ երկինքն արագ մթնում էր՝ ծածկվելով խոնավ մշուշաքողով։ Որքան շատ էր մթնում, այնքան ավելի կտրուկ և հստակ էր Նրա կիսադեմքը մխրճվում քաղաքի մռայլ հարթության մեջ։
Նիկոլայը վաղուց էր նկատել Նրա ելունդավոր, բաց վարդագույն մարմնի այդ հատկությունը․ լուսավորվել ահագնացող մթության ֆոնին։
Տասներկու տարի առաջ, երբ հսկա ըմպանակ հիշեցնող արծաթագույն խեցամանով սեղմված սև բնահողի միջից բուսնեց փոքրիկ, վարդագույն պալարը, Նիկոլայը զարմացավ, թե ինչ արագությամբ բաց գույն ստացավ մթնշաղի վրա հասնելուն պես։
Այդ երեկո ընտանիքն առաջին ծիլերի օրն էր նշում, հյուրերը չէին տեղավորվում սեղանի շուրջ, և ստիպված մոտեցրին կոմոդը։ Նիկոլայը հիշում էր, թե ինչպես էին լույսն անջատելով՝ լսել Հիմնը, ինչպես հայրն էր ասում Գլխավոր կենացը, թե ինչպես էին գինի խմում և բաժակների մեջ մնացած կաթիլները հերթով թափ տալիս սև, առատորեն պարարտացված հողի վրա։
-Աճի՛ր՝ ի ուրախություն մեզ և ի մահ մեր թշնամիների, – հայրը երրորդը գետնին տապալեց իր բաժակը՝ Սելեկցիոն ագիտացիայի վարչության երկու գեր ներկայացուցիչներից հետո, և արագ կռանալով՝ համբուրեց պալարը․․․
Երեք տարի անց Նա աճեց երեսուն սանտիմետր, և ձգված կարտոֆիլ հիշեցնող խիլավոր մարմնում Նիկոլայն առաջին անգամ նկատեց Վոժդի կեցվածքը։ Առավոտյան այդ մասին հայտնեց մորը։ Վերջինս սկսեց ծիծաղել, և Նիկոլային գցեց մահճակալին․
-Հիմարի՜կ։ Մենք դա նախկինում էլ էինք նկատել։ Այնուհետև խորհրդավոր կերպով հավելեց, – Շուտով այնպիսի՜ բաներ կտեսնես։
Եվ իսկապես, մեկ տարի չանցած առաջին հայացքից տձև պալարի վերևամասը կլորացավ, ներքևամասը լայնացավ, իսկ կողքերից աճեցին երկու թեք ելուստներ։
Այդ ժամանակ հայրը նորից հյուրեր կանչեց, կտրվածք արեց աջ ձեռքին, արյուն քսեց պալարի գագաթին և Ձևավորման օր հռչակեց։
Երկու տարի հետո պալարը ևս տասը սանտիմետր աճեց, վարդագույն գլուխն ավելի շատ կլորացավ, ուսերը լայնացան, իսկ ելունդավոր իրանի վրա ուռավ փորը։
-Սելեկցիայի հրաշք է սա, որդի՛ս, – հիացած ասում էր հայրը՝ քաշքշելով վաղ ճերմակած մորուքը։ – Նման բան կարող էր հորինել միայն մեր հրաշագործ ժողովուրդը։ Միայն պատկերացրո՛ւ․ Մեծ Երկրի կենդանի Հա՜յրը։ Յուրաքանչյուր ընտանիքի պատուհանագոգի՜ն, յուրաքանչյուր տա՜նը, մեր անծայրածիր պետության յուրաքանչուր անկյունո՜ւմ։
Շատ չանցած կլոր գլխի վրա աճեց մսոտ քիթը, այնուհետև թեթևակի ուռուցքներով նշմարվեցին հոնքերը, կզակն առաջ եկավ, կողքերից երևացին ականջները։ Նրա՝ մինչև գոտկատեղը սևահողի մեջ խրված մարմինը լայնացավ և ամրացավ։ Պատահական խանդակներն ու կռատուկներն աստիճանաբար անհետացան, ելունդները հարթվեցին։
Եվս մեկ տարի անց վարդագույն դեմքի վրա շրթունքներ հայտնվեցին, հոնքերը վեհորեն խոժոռվեցին, սկսեցին սեղմել քթարմատին, ճակատը կլորացավ, դրա վերևում փքվեց կարճլիկ հերափունջը։ Կիտելի ձիգ օձիգը սեղմեց վիզը, փորը ավելի հաստատուն կերպով արմատավորվեց հողի մեջ։
Նիկոլայն արդեն ավարտում էր դպրոցը, երբ Վոժդի այտերին փոսիկներ հայտնվեցին, նշմարվեցին ականջախեցիները, իսկ կիպ կիտելի վրա թեթև ծալքեր գծագրվեցին։
Երկու տարի հետո հայրը մահացավ։
Իսկ մեկ տարի անց տոնեցին Մտքի պայծառացման օրը, ուռած կոպերի բարձիկներն իրարից հեռացրին երկու մուգ գույնի գնդիկներ։ Տոնակատարությունը վարելու գործը վստահվեց Նիկոլային։ Նա դիմափոշի քսեց դեմքին և Երգ երգեց հավաքված հյուրերի համար։ Մայրը Վոժդի խեցամանի մեջ շուռ տվեց բաժակը, որի մեջ նախօրոք հավաքված ընտանեկան թուքն էր։ Այդ օրվանից սկսած միայն թքով էին կերակրում Նրան։ Յուրաքանչյուր տասներկուերորդ օրը Նիկոլայը Նրան էր տալիս իր սերմնահեղուկը։
Շատ չանցած Նիկոլայը ամուսնացավ Աննայի հետ և գնաց՝ գործարանում աշխատելու։
Առաջին օրերից սկսած Աննան սկսեց խնամքով հոգ տանել Նրա մասին․ ամեն առավոտ մաքրում էր փոշին, ջրում էր թքով, փխրեցնում էր սևահողը և փայլեցնում էր արծաթագույն խեցամանը։
Այդպես շարունակվեց գրեթե երկու տարի։
Բայց հունիսյան տասներկուերորդ առավոտն ամբողջ Պետությունով տարածվեց բոթը․ Մեծն Վոժդը մահացել էր։
Երկու շաբաթ ոչ ոք չէր աշխատում․ բոլորն անզգայացած մնացել էին իրենց տներում։ Երկու շաբաթ հետո հանգուցյալին թաղելով՝ նոր Վոժդը հանդիսավոր կերպով ընդունեց Ղեկը։ Ի տարբերություն նախորդի՝ նորը բարձրահասկ էր և նիհար։ Նա ելույթներ էր ունենում, ժողովրդին ուղղված դիմումներ և կոչեր էր գրում։ Բայց դրանցում ոչ մի հիշատակում չկար նախկին Վոժդի մասին, որը 47 տարի ղեկի մոտ էր եղել։ Դա վախեցնում էր մարդկանց։ Ոմանք խելագարվում էին, մյուսները, գրկելով պալարներով խեցամանները, նետվում էին պատուհաններից։
Մեկ ամիս անց նոր Վոժդը ժողովրդին ուղղված կոչով հանդես եկավ, որում հիշատակեց իբրև «Ղեկի մոտ եղած նախկինին, որը հեռացել էր անհրաժեշտ, բայց բավարար հիմքերով»։
Որքան էլ որ Նիկոլայը և Աննան փորձում էին հասկանալ կատարված արտահայտության թաքնված իմաստը, չէին կարողանում։ Ժողովուրդը երկկերպ հասկացավ դա և անմիջապես հատուցեց դրա համար․ պատուհանագոգերից պալարները վերացնողները միանգամից ձերբակալվեցին, իսկ թողնողները նախազգուշացվեցին։ Աննայի և Նիկոլայի մասին անհասկանալի պատճառներով մոռացել էին․ քամուն հակառակ թքող մարդու պատկերով նախազգուշացնող կարմիր քարտը չէին ստացել։ Բայց դա ավելի շատ ճնշում էր ամուսիններին, քան ուրախացնում։
Այդպիսի անտեղյակության և լարվածության մեջ անցավ մեկուկես ամիս։ Հարևաններին շարունակում էին ձերբակալել և նախազգուշացնել։ Ինքնասպանությունները դադարել էին․․․
Նիկոլայը չնկատեց, թե ինչպես հետևից մոտեցավ Աննան։ Դիպավ նրա ուսերին․
-Վախենո՞ւմ ես, Կո՛լյա։
Նիկոլայը շրջվեց․
-Ինչի՞ց վախենանք։ Մենք իրավունքներ ունենք։ Չէ՞ որ ազնիվ մարդիկ ենք։
-Մենք ազնիվ մարդիկ ենք, Կո՛լյա։ Սկսո՞ւմ ենք։
Նիկոլայը գլխով արեց։ Աննան անջատեց լույսը։
Նիկոլայը վերցրեց դանակը, շոշափելով գտավ պալարի իրանը և զսպելով ջլուտ ձեռքերի դողը՝ դանակն անցկացրեց դրա վրայով։ Նրա մարմինը կարտոֆիլից ավելի պինդ էր։ Պալարը երբեմն-երբեմն թույլ ճրթճրթում էր դանակի տակ։ Երբ Նիկոլայը կտրեց Նրան, Աննան բռնեց, մթության մեջ այնպիսի խնամքով տեղափոխեց և դրեց սեղանին, ասես երեխա լիներ։ Նիկոլայը հանեց ութ լիտրանոց լայն բերանով ապակյա բանկան։ Աննան միացրեց գազօջախը, մեկ դույլ ջուր լցրեց և դրեց ՝ տաքանալու։
Նստել էին մթության մեջ՝ ողողված գազի կրակի թույլ լույսով և հայացքները հառած պառկածի վրա։ Նիկոլային և Աննային թվում էր, թե Նա շարժվում էր։ Երբ ջուրը եռաց, Աննան պատշգամբում սառեցրեց այն, լցրեց բանկայի մեջ, ավելացրեց աղ, քացախ, դափնու տերև ու մեխակ։ Այնուհետև զգուշությամբ Նրան իջեցրեց բանկայի մեջ։ Գոլորշապատ ջուրը հրելով՝ Նա ցնցվեց՝ ասես ցանկանալով դուրս պրծնել բանկայի միջից։ Բայց Նիկոլայը երկաթյա կափարիչով սեղմեց նրա գլուխը, վերցրեց սարքը, սկսեց արագ և ճարպիկ կերպով փակել բանկան։
Երբ ամեն բան ավարտվեց, ամուսինները բարձրացրին բանկան և տեղավորեցին պատուհանագոգի վրա՝ հենց նույն տեղում։ Աննան, զգուշորեն սրփելով, չորացրեց բանկան։ Մի փոքր հապաղելով՝ Նիկոլայը միացրեց լույսը։ Բանկայի կողերը փայլփլում էին։ Իսկ Նա հազիվ նկատելի կերպով տարուբերվում էր ջրի մեջ՝ շրջապատված հազվադեպ դափնու տերևներով։
-Գեղեցիկ է․․․ – երկար դադարից հետո ասաց Աննան։
-Այո՜․․․ – խորը շունչ քաշեց Նիկոլայը։
Վերջինս գրկեց կնոջն ու ձեռքը դրեց նրա փորին։ Աննան ժպտաց և իր գունատ ձեռքերով ծածկեց ամուսնու ձեռքը։
Հաջորդ առավոտ սովորականի նման ամուսնուց կես ժամ շուտ արթնանալով՝ Աննան գնաց խոհանոց, միացրեց գազօջախը և թեյնիկը դրեց տաքանալու։ Դրանից հետո պետք է ջրեր Նրան օրվա ընթացքում հավաքված թքով։ Քնաթաթախ քորվելով՝ Աննան մեքենաբար վերցրեց գրադարակի վրա դրված թքի բաժակը և քարացավ․ բաժակը դատարկ էր։ Աննան հայացքը թեքեց պատուհանագոգին, տեսավ պալարով բանկան և թեթևացած շունչ քաշեց՝ հիշելով նախորդ օրվա գործողությունը։ Մոտեցավ, ձեռքերը դրեց բանկայի վրա։ Պատուհանից դուրս նայեց։ Քաղաքն արթնանում էր, պատուհանները լուսավորվում էին։ Բայց քաղաքում ինչ-որ բան էր փոխվել։ Եվ լուրջ ձևով էր փոխվել։ Աննան տրորեց աչքերը՝ ուշադիր նայելով․ պատուհանագոգերին դրված էին ոչ թե մանկուց սովորական դարձած արծաթագույն և ոսկեգույն խեցամանները, այլ․․․ վարդագույն պալարներով ապակյա բանկաները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *