Նատո Ինգորոկվա | Երևան։ Քաղաքը՝ նռան հատիկներով

Երևան։ Քաղաքը՝ նռան հատիկներով․

ուր ապրում է Դարբինյան Ասյան՝
իրենն են այս բանաստեղծության բոլոր հատիկները։

 


Քաղաքը բացվում է՝
հատիկ-հատիկ։
Նռան միջից
դուրս է հորդում,
հորդում է քաղաքն ու իր
պատմությունն է քեզ անում։


Գույնն ինքն իրեն
սազեցնում
ու փոխում է անգամ։
Անձրևին
վարդագույնը
մոխրոտում է․
վրձին է անձրևը։


Անձրևում է։
Անձրևանոցով կինը շրջում է՝
ափի մեջ առած
երեխայի ձեռքը։
Արարատը լռահայաց ուղեկցում է նրանց․
լեռն իրենց թիկունքն է։


Բակում
երկու ծերունի նարդի են խաղում։
Նրանց միջև դրված քարերն
ավելի հին են,
քան զրույցները նրանց։


Կոնդի նեղլիկ փողոցներում
մանկան ծիծաղն է վազվզում։
Ինչ-որ մեկը բացում է դուռը,
որ վաղուց
անտրտունջ
նույն ճռռոցն է կրկնում։


Ճենապակու կտոր։
Կապույտ թռչուն։
Փշրված հայելի։
Հայելու մեջ՝ Փարաջանովը։
Նա կարող էր աշխարհից գեղեցկությամբ վրեժ լուծել։
Կտորներից հավաքում էր
կատարելություն՝
նռան ծաղկի երանգով։


Խաչքար՝
քարի մեջ քանդակված ժանյակ։
Աղոթք,
որին կարող ես
մատներով հպվել ու
մտապահել։


Կասկադի աստիճաններին
ճամփորդը ծալում է ճանապարհը։
Թիկունքում
քաղաքն է բացվում՝
հետդ տանելու բացիկ։


Մատենադարանի լռության մեջ
ձեռագրերն են շնչում։
Լսում ես՝
ոնց է գրիչը դիպչում թղթին,
զգում ես՝
սեղմաթուղթը չզորեց թանաքը չորացնել։


Քաղաքի երկնքում
թռչունները հովհար բացեցին։
Պատշգամբից ժայթքեց
սուրճի բուրմունքը։
Ահա և վարդի ու
ծիրանի բույրերը հաջորդեցին։
Արևին թեժանում է երկու հարևանի
անվերջանալի զրույցը։


Ինչ-որ մեկը կեղևազրկում է նուռն
ու մեջտեղից ճաքեցնում։
Քաղաքը կրկին սրտաբաց է։
Հատիկն ազատում է հատկին,
պատմությունը՝ պատմությանը։


Լեռը՝ ծանր ձեռք,
որ վստահությամբ բռնել է
ճաքած նուռը։
Հատիկները՝
աչքերն արյունով լի,
այս հատիկները,
չի տա քամուն՝ տանելու։

 

Հայրենիք։ Ճամպրուկ

Հայրենիքս պիտի մոռանամ,
դասավորեմ ճամպրուկս ու գնամ։

Ճամպրուկի մեջ միայն անհոգություն,
անհասցե թափառում, մոռացում,
թեթևություն ու անդորր կտեղավորեմ։

Նոր ու հին ասվածները հայրենիքի մասին,
«Չեմ փոխի իմ սեպ ժայռերը»-ն ու ամեն բան,
որ կապվում է դրանց հետ, դուրս կթողնեմ։

Կմոռանամ՝ թեկուզ ինչ-որ կտորներ,
ինչպես մորս հիշողությունից ինձ ջնջեց դեմենցիան․
հիշում էր, որ կամ, բայց ինձ չէր ճանաչում։

Այնժամ վախեցա, ասես նույնիսկ ինքս ինձ համար կկորեի։
Բայց համակերպվեցի։ Հրաշալի ելք է՝
հիշես հայրենիքդ ու չճանաչես նրան։

— Գուցե այսպե՞ս փրկես այն,— ինձ նշան է անում
բարձր տան տանիքին ապրող արագիլը,
ու փորձում է համոզել՝
որ հայրենիքն ու ծնողին ինքն է ինձ համար ընտրել,

որ հիմա համաձայն է ետ դարձնել ինձ.
— Ահա քո տունը, քո բույնը։
Մնա՛։ Պիտի թևս փռեմ վրադ։

Չգիտի հայրենիքը լռահայաց ճանապարհել․
մոռացության գիրկը քեզնից առաջ կնետվի։

 

Հորս կինոն

Հայրս կինոմեխանիկ էր։
Շաբաթ օրերին ֆիլմեր էր բերում գյուղի ակումբ
ու մեծ էկրանին բաց թողնում։

Ժամանակի կինոն սև ու սպիտակ էր։ Սև ու սպիտակ էր նաև նրա կյանքը։
Չէր բողոքում,
որովհետև բողոքը կորչում էր թոթվող ուսերի մեջ
ու նմանվում «չգիտեմ» բառին։

Նա ոչինչ չգիտեր կինոնկարահանման մասին, բայց
գիտեր դատարկ և լեցուն կինոդահլիճի գաղտնիքը։
Նա հետևում էր հանդիսատեսին և ուրախանում,
որ կարող էր նրանց ծիծաղեցնել կամ լացացնել։

Նա միշտ ամենավերջում էր
լքում դահլիճը
ու կադրը չէր ընդհատում, մինչև
էկրանով չսահեր վերջին տիտրը․
ասում էր, որ դրանով հարգանքի տուրք է մատուցում
անտեսանելի մարդկանց։

Երբ հայտնվեց գունավոր կինոն,
հայրս այլևս չէր աշխատում որպես կինոմեխանիկ։
Նա մնաց սև ու սպիտակ ֆիլմերի հանդիսատես։
Ես էլ նրանից սովորեցի համբերությունն ու հավատարմությունը։

 

Լռության վայրը

— Ե՞րբ են ընտրում լռությունը,— հարցրի ինքս ինձ։

Այնժա՞մ,
երբ սենյակում, որտեղ երկուսով ենք, և
մեր խտությունը աղմուկի տեղն է լրացնում,

թե՞

երբ հենց նրա հետ չենք կարողանում խոսել,
ում լավ ենք ճանաչում, կամ
ով շատ բան գիտի մեր մասին։

Թե՞ այնժամ,

երբ կամենում ենք միմյանց ստիպել մենակ զգալ,
այն ակնկալիքով, թե առաջինը նա կխզի լռությունը,
ով ավելի մենակ է։

 

Ննջարթմնի

Կոճակի
լոկ մի հպում
ու
քնում է մոնիտորը։

Քնելուց առաջ դատարկենք աղբամանը,

թե չէ առավոտյան արթնանալիս,
պատուհանը բացելիս՝
կամակորում է,
ջնջված բառերը
հնարավոր է՝
փորձեն վերականգնվել,
ներխուժեն քնի մեջ ու մեզ սարսափեցնեն։

Հնարավոր է՝
աղբամանից դուրս սողան, տունն էլ արթնացնեն,
միևնույն տեղում լինելուց ձանձրացած՝
մեր պատերը զարդարող նկարները,
գրադարակներից՝ ընտիր գրքերը,
գրասեղանից՝ անավարտ պատմությունները
իրենց հետ տանեն, դրսով գայթակղեն։

Նախկինում էլ եմ տեսել՝
ինչպես են արթնանում տներն
ու մեզնից փախչում գաղտագողի։
Գիշերը՝ իրենցն է։

Հնարավոր է՝
հետները տանեն նաև կախիչին թողած անձրևանոցը,
որ եթե հանկարծ հետևներից ընկնենք,
դիմացից փչող քամին,
մեր մաշկի միջով,
մեր արյան միջով,
հեշտությամբ գտնի
մեզ դողացնողին,
որ շատ փխրուն է։

 

Լուսատտիկներ

— Լուսատտիկներն անհետացան՝ մենք կլինենք վերջին սերունդը, որ տեսավ նրանց,—
գրում է ընկերս սոցիալական ցանցում,
ու մենք նրա ցավին
արցունքոտ սմայլիկներ ենք կցում։

Մեր մանկությունը
մթնշաղի սպասումն էր ու լուսատտիկներով
թրթռացող ափը։
Հիմա էլ լույսի հետևից չենք վազում դաշտերում,
wi-fi-ով որսում ենք թվային աշխարհը։

Թրթռացող էկրաններն են մեր ափերում,
վարժվել ենք թվային արևին, թվային հիացմունքին, ու
սերն էլ է հեշտ՝ այս աշխարհի համար հարմարեցված սրտով։

Հեշտացրել ենք ծննդյան տոների շնորհավորանքը
ու ցավակցությունն էլ…
Մահվան հետ դեմ հանդիման կանգնածներին գրում ենք,
թե կարեկցում ենք, թե կիսում ենք վիշտը,
և հավատում՝ այսպես քաջալերում ենք։
Այս պատգամներում վախն է մեզ մատնում և պարզորոշ կարդացվում է՝
բոլորս էլ մեռնելու ենք։

Ում գրում ես՝ ասես ստիպում ես
մարած էկրանին ձեռքով հպվել,
որ կարդա քո ուղերձը։

Վառվում են ու մարում, մարում են ու վառվում,
թրթռում են հեռախոսները լուսատտիկների պես։

 

Սպիտակ թղթի պատմությունը

Փակիր պատուհանը:

Մոնիտորն էլ է հոգնում դատարկ էջերից,
նոր, երբեմն անանուն պահված ֆայլերից։
Նա չգիտի անգամ, որ բառերը,
որոնք պիտի շարվեին տող առ տող,
հնարավոր է՝ ննջեն մատների բարձիկներին,
կամ ափի գծերը կտրեն նրանց ճանապարհը։

Փակիր պատուհանը։

Հիշիր գրված բանաստեղծությունները։
Որևէ մեկն ընտրիր, թեկուզ աշնանային,
բարձր օձիքի մեջ գլուխը թաքցրած,
վզին սեզոնային շարֆը փաթաթած,
ու անցկացրու ընթերցողի առջևով։
Անհարմարությունից երկարած ձեռքերդ
թաքցրու գրպաններումդ ու քո ճամփան
շարունակիր խաչմերուկի անցորդի պես։

Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *