ԲԱԿՈՒՐ | Շուշեցու հիշատակարանը

Բակուր Կարապետյան

«Գրանիշ» կայքը սկսում է հրապարակումների նոր շարք: Հաջորդաբար մեր ընթերցողներին ենք ներկայացնելու ՀՀ պետական մրցանակի առաջադրված գրքերից հատվածներ` նպատակ ունենալով ընթերցող հասարկությանը ավելի լայն հնարավորություններ տրամադրելու`այսօր ստեղծվող և պետական մրցանակի հավակնող գրականությանը ծանոթանալու, գնահատելու և արժևորելու: Մյուս կարևոր նպատակը` պետական մրցանակների ներկայացված գործերը փակ, ներքին քննարկումների ոլորտից առավել տեսանելի, հանրային ոլորտ տեղափոխելն է:

ՀՀ պետական մրցանակի հավակնորդ` Բակուր` «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպ, Երևան, Անտարես, 2013թ

(պատմավեպ)

Գլուխ առաջին Շուշի
Ռու­բեն Սարգ­սյա­նի առջև հառ­նեց Շու­շի­ի հս­կա­յա­կան շեկ քերծը, ու թվաց, թե, ուր որ է, հի­շո­ղու­թյուն­նե­րը կթանձ­րա­նան, կծան­րա­նան, ու չի կա­րո­ղա­նա քայ­լել, տեղ հաս­նել։ Դե­պի բեր­դա­քա­ղա­քի Եր­ևա­նյան դար­պաս­ներն էր քայ­լում. Ռու­սեն աղբյու­րի մոտ սա­ռը քա­մին շոյեց դեմ­քը։ Հա­րա­զատ ու ծա­նոթ զե­փյուռ էր, ու ար­դեն 55-ա­մյա վա­ղե­մու­թյան հուշ­–ան­ցյա­լը, չնայած իր բո­լոր սար­սափ­նե­րին, ըն­դու­նեց հան­գիստ, առանց հուզ­մուն­քի։
Երևա­նյան դար­պաս­նե­րի հետքն ան­գամ չէր մնա­ցել։ Եր­կու կող­մե­րում պա­րիսպ­նե­րի մնա­ցորդ­նե­րը վկա­յում են, որ այս­տեղ բեր­դա­քա­ղա­քի գլ­խա­վոր մուտ­քե­րից մեկն է ե­ղել։ Աջ կող­մում Մեղ­րե­ցոց կոր­ծան­ված ե­կե­ղե­ցու խո­րա­նի պատն է կան­գուն, որը որ­պես ամա­ռային կի­նո­թատ­րո­նի էկ­րան է օգ­տա­գործ­վում: Ռու­բե­նը մտ­քե­րով ար­դեն դա­րասկզ­բի Շու­շի­ում էր։ Ահա բեր­դա­քա­ղաք են մտ­նում Նա­խիջ­ևա­նի աղով, ապա Կա­պա­նի պղնձով բեռն­ված քա­րա­վան­նե­րը։ Մինչև Թա­թա­րա­կան թա­ղա­մա­սը ձգվող Երևա­նյան փո­ղո­ցի եր­կու կող­մե­րում խա­նութ­ներ են, ար­հես­տա­նոց­ներ, քա­րա­կապ պա­տու­հան­նե­րով ու կա­մա­րա­կապ մուտ­քե­րով ե­րկ­հար­կա­նի տներ, որոնք լապ­տեր­նե­րի ուղեկ­ցու­թյամբ ձգ­վում են մինչև քա­ղա­քային փոստն ու Չեր­քե­զենց խա­նութ­նե­րը։ Աջ կող­մում զո­րա­նոցն է, որ­տե­ղից աս­կյար­նե­րը 1920-ի մար­տի 23-ի գի­շե­րը հար­ձակ­վել էին Հայոց թա­ղա­մա­սի վրա, ապա` Մա­րի­ա­մայ օ­րի­որ­դաց և Ռե­ա­լա­կան ուսում­նա­րան­նե­րը, Ժամ­հա­րյան­նե­րի հի­վան­դա­նոցն ու սյու­նա­զարդ առանձ­նա­տու­նը։ Եր­ևա­նյան փո­ղո­ցի ձախ կող­մում 55 տա­րի առաջ Թոփ­խա­նայի հրա­պա­րակ–­շու­կան էր։ Հոր` Ե­ղի­շե­ի հետ եկել էին մթերք գնե­լու։ Փոս­տա­տան ցրի­չը՝ Ասա­տու­րը, երե­խա­նե­րի մեծ խմ­բի ուղեկ­ցու­թյամբ հայտն­վեց Թոփ­խա­նայի հրա­պա­րա­կում, բարձ­րա­ցավ քա­ղա­քային ժո­ղո­վա­րա­նի պատշ­գամբն ու, պայուսա­կից մեկ–­մեկ հա­նե­լով ծրար­նե­րը, սկ­սեց բարձ­րա­ձայն ընթեր­ցել նամակ­նե­րի վրա նշ­ված հաս­ցե­ներն ու անուն­–ազ­գա­նուն­նե­րը:
– Հայրիկ,– ասաց Ռու­բե­նը,– տա լավ ա՞, վեր լոխ գյուդըմ ըն, վեր Թա­թո­սենք նա­մակ ստա­ցեն:
– Չէ, լավ չի, որով­հետև նա­մա­կեն տա­րը իրա­վունք օնե գաղտ­նի պահե տա,– պա­տաս­խա­նեց հայ­րը,– բայց մեր քա­ղա­քըմ նա­մակ­նեն սիհենց էլ ըն պիժենըմ:
Ձ­մե­րու­կի կույ­տի մոտ հա­վաք­ված մար­դիկ գրազ էին գա­լիս. ո՞վ կգու­շա­կի՝ ձմե­րու­կի ներ­սը սպի­տա՞կ է, թե՞ կար­միր։ Վե­ճը բոր­բոք­վում է, խա­ղադ­րույք­ներ են անում: Իսկ հայ­րը, որ գի­տեր շու­կայի գաղտ­նիք­նե­րը, բա­ցատ­րեց որ­դուն. «­Թուրք վա­ճա­ռող Ահ­մեդ քի­շի­ի վար­ձու մար­դիկ են վե­ճը թե­ժաց­նում, գրա­զի վե­րա­ծում։ Հետո նա հա­սուն ձմե­րու­կը կտ­րում է, ու մար­դիկ ձմե­րուկ են գնում»։ Նոր վեճ է բոր­բոք­վում ձմե­րու­կի քա­շի շուրջ։ Փոր­ձում են գու­շա­կել, թե քա­նի կի­լոգ­րամ է կշ­ռում ամե­նա­մեծ ձմե­րու­կը։ Կրկին խա­ղա­դրույք­ներ են դնում։ Հաղ­թո­ղը ստա­նում է ձմե­րու­կը, իսկ գու­մա­րի առյու­ծի բա­ժի­նը վա­ճա­ռո­ղին է մնում։ Ուղ­տե­րի նոր քա­րա­վան­նե­րը շու­կա էին հասց­նում քա­րա­ծուխ, փայտ, մթերք։ Ռու­բե­նը տե­սավ հա­մա­դա­սա­րան­ցի Տիգ­րա­նին, ով իշա­բե­ռը 20 կո­պե­կով Հու­նո­տի աղ­բյու­րից բե­րած խմե­լու ջուր էր վա­ճա­ռում։ Նա ամեն օր, լույ­սը չբաց­ված, ապա­ռաժ­նե­րով էշով գնում էր Հու­նո­տի աղ­բյու­րը, լց­նում փա­լա­նի եր­կու կող­մե­րից կախ­ված չորս պղն­ձե կժե­րը, քա­ղաք վերա­դառ­նում, վա­ճա­ռում շու­կա­յում ու հասց­նում դպ­րոց գնալ։
Տիգ­րա­նն աչ­քով արեց Ռու­բե­նին, ապա մո­տե­ցավ։
– Ան­կյի­րը սըվերալ ը­՞ս,– հարց­րեց նա,– ես Հու­նո­տեն հղըցեն[1] ըմ սը­վե­րալ։
– Հի­՞նչ ան­կյիր…
– Թու­մանյա­նեն «Թմկա­բեր­դի առու­մը» պոե­մի նա­խեր­գան­քը:
– Չէ,– պա­տաս­խա­նեց Ռու­բե­նը,– համ էլ տա մեր տա­սը չի։
– Իզուր ը՞մ սը­վե­րալ։
– Վե­չինչ, ախպերս՝ Ար­մե­նա­կը, կտեսնա, վեր պեցուր դա­սա­րա­նեն անկյիր նըս սը­վե­րալ, ­հենգյ կտինի։
– Ռու­բեն, ճուր կխ­մի՞ս։
– Չէ, ամա կարող ա պապան խմե։
Ռու­բե­նը գի­տեր, որ Տիգ­րա­նը հոր մա­հից հե­տո բազ­ման­դամ ըն­տա­նի­քի հոգ­սը քա­շողն է։
Տա­րեց մար­դիկ, խա­նութ­նե­րի մուտ­քի աս­տի­ճան­նե­րին նստած, ան­ցյա­լի դեպ­քե­րից էին խո­սում։
– Էդ նա­մարդ[2] Մե­լիք–­Շահ­նա­զար երկրոր­դը սպա­նից հա­րա­զատ ախ­պո­րը,– եր­կար ծխա­մոր­ճը վա­ռե­լով՝ պատ­մեց ծե­րու­նին,– տեր տեռավ նրա կնգանը, տանը, Վարանդեն, հա­կա­ռակ­վից Ղարա­բա­ղեն մելիք­նե­րեն, Շու­շվա բեր­դըմ ավա­զակ Փա­նահ Ալուն տեղ տվավ, մի­նտեղ սկ­սե­ցեն նե­ղել մեր մե­լիք­նե­րեն։
– Դե հե­րիքյ ա, մա­զերտ սիպ­տիկեցեն էտ սոտ պատ­մու­թյու­նը պատ­մի­լավ,– ծե­րու­նուն վրա պր­ծավ տա­րեց մի մարդ,– լու թոխս տի­նող մարդ ը­ս[3], հու չի գյու­դըմ: Մե­լիք–Շահ­նա­զա­րյաննե­ն միշտ էլ հայ­րե­նա­սեր ըն իլալ։ Տե՛ս, Շու­շին hինչ քա­ղաք ըն սար­քալ։
– Հա, Մե­լիք–­Շահ­նա­զա­րը դա­վա­ճան ա,– պնդեց ծե­րու­նին,– ժի­ժի պա­պա յըս անըմ[4], վեր հինչ ինի՞, տու մելի­քին ցե­ղան ըս, տրա հե­տի էլ պաշտ­պա­նըմ ըս, Շուշ­վա քա­ղա­քա­պե­տը՝ Գե­րա­սիմն էլ ա ծեր տոհ­ման, ու դա­վա­ճա­նու­թյան հե­տի քշե­ցեն քըղա­քան, Վա­րան­դեն հրա­մա­նա­տար Սոկ­րատեն էլ…
– Հա, դաշ­նակ­ցա­կան­նե­րեն զո­հը տեռեն… Մըսմ­նեն ճա­կա­տա­մար­տեն հե­րո­սեն ն­ըղե­ցեն։
– Տղաս ա Մըսմ­նեն հե­րո­սը՝ Աս­լա­նի­կը, Թևանն ա, իսկ Սոկ­րատ Մե­լիք–Շահ­նա­զա­րյանը սկի ըն­դեղ չի իլալ։
– Սո՛տ ա…
– Ա՛, Մու­քի,– ծե­րու­նին դի­մեց հար­ևա­նին,– խե չը՞ս ասալ, վեր Ավե­տա­րա­նո­ցան մարդ կա ըս­տեղ։
– Դե, ես հին­գյի­դա՜մ,– պա­տաս­խա­նեց Մու­խա­նը,– ան­ջուկ տի­րած սկա­նըմ ար, ը­սե­ցե…
Մո­տե­ցավ Ռու­բե­նի հայ­րը։ Վի­ճա­բա­նող եր­կու կողմն էլ բարձ­րա­ցան, բար­ևե­ցին քա­ղա­քի փոս­տա­տա­րին։
– Հայ­րիկ, էտ հի­՞նչ մե­լիք ա, վեր դա­վա­ճա­նալ ա, Շու­շին թոր­քեն տուվալ։
– Հե­տո կպատ­միմ, Ռու­բեն։
– Հն­գյերս՝ Տիգ­րա­նը, օ­զըմ ա քեզ Հու­նո­տեն ըխպիրան պերած ցոր­ցորտ[5] ճուր տա։
– Տիգ­րա­նը՞, հա, հոր ա՞, հենց տու ապրիս, ծա­րավ ըմ։
Տիգ­րա­նը լց­րեց գա­վաթն ու մեկ­նեց Ռու­բե­նի հորն ու սկ­սեց բարձ­րա­ձայն ար­տա­սա­նել.
– Հե՜յ պա­րոն­ներ, ականջ արեք թա­փա­ռա­կան աշու­ղին…
Մար­դիկ հա­վաք­վում են Տիգ­րա­նի շուրջն ու հիա­ցած լսում թավ ձայ­նով փոք­րիկ աս­մուն­քո­ղին։ Ջրա­վա­ճա­ռը ոգեշնչ­ված արտա­սա­նում էր ու միև­նույն ժա­մա­նակ գա­վա­թը ողո­ղում և ջուր լց­նում, մա­տու­ցում ունկն­դիր­նե­րին։
Շու­կայի մյուս մա­սում մարդ­կանց խում­բը հա­մակ ուշադ­րու­թյամբ լսում էր, թե նոր ստա­ցած «Մ­շա­կ» թեր­թից ինչ էր ըն­թեր­ցում պա­տա­նի գիմ­նա­զիս­տը։
Սա­կայն շու­կա­յում Ռու­բե­նի հա­մար ամե­նատ­պա­վո­րի­չը թուր­քե­րե­նով ան­վերջ շա­ղակ­րա­տող հն­գա­մյա ե­րե­խան էր։
– Հայրիկ, տես, հի­նչ­քան կու­ճուր ա, հենց ա ճո­տու ճիրա­ման[6] ինի, ամ­մա ճա­ճա­մա­նի կտ­րած[7] հունց ա խո­սըմ թուր­քե­րեն։
– Հա, Ռու­բեն ջան, պա հի՞նչ լուզ­վավ բի­դի խո­սե թոր­քեն խոխան։
Ռու­բեն Սարգ­սյա­նը հա­յաց­քը դե­պի ձախ ուղ­ղեց։ Նա փնտրում էր Քա­մու աղացն ու Կու­սա­նաց վան­քը, որոնց մոտ էլ հայ­րա­կան տունն էր։ Ժա­մա­նա­կին քա­ղա­քային աշ­խույ­ժով լե­ցուն այս բար­ձուն­քը դա­տարկ էր, ամայի։ 30-ա­կան­նե­րին, ե­րբ Շու­շի­ի կու­սակ­ցա­կան դպ­րոց էին գոր­ծու­ղել, եր­բեմ­նի ծաղ­կուն քա­ղա­քից ավե­րակ­ներ էին մնացել։ Հա­ճախ էր գա­լիս իրենց տան փլատակ­նե­րի մոտ, քայ­լում, ոտքերի տակ տրորում ման­կու­թյան հուշե­րը։ Բեր­դա­քա­ղա­քից հայ­կա­կան թա­ղա­մա­սը հի­շեց­նող ոչինչ չի մնա­ցել։ Ամայի տա­րած­քում տի­րու­թյուն էին անում մո­լա­խոտն ու մոշոտի թփե­րը։
Թոփ­խա­նա կոչ­վող շու­կայի հրա­պա­րա­կը փո­ղոց­նե­րի խաչ­մե­րու­կի էր վե­րած­վել։ Շու­շե­ցին լուռ ան­ցավ կի­սա­վեր գմ­բե­թով Ղազան­չե­ցոց ե­կե­ղե­ցու կող­քով, քայ­լեց դե­պի Հին գե­րեզ­մա­նո­ցը։

Սակայն ոչ մի կերպ չէր կա­րո­ղա­նում գտ­նել։ Գու­ցե սխալ­վել է։ Մե­ծա­ցել է, մո­ռա­ցել տե­ղը։ Կր­կին նայեց շուր­ջը, կողմ­նո­րոշ­վեց։ Չի սխալ­վել։ Հաս­կա­ցավ. ճա­կա­տա­գի­րը մի նոր չար կա­տակ է արել շու­շե­ցի­նե­րի հետ։ Հո­ղի մեջ թաղ­ված տապա­նա­քա­րե­րի եզ­րեր նկա­տեց։ Եր­ևում են նախ­շա­զար­դերն ու դամ­բա­նա­գրե­րը։ Պատ­կե­րա­քան­դակ­նե­րով եր­կու տա­պա­նա­քար, բո­լոր կող­մե­րից ծանր մուր­ճի հար­ված­նե­րից բզկտ­ված, ասես տան­ջա­մահ են արված: Իսկ գե­րեզ­մա­նո­ցի տա­րած­քում տա­պա­նա­քա­րե­րի փոխա­րեն քա­րե­րի կույ­տեր ե­ն: Ի՞նչ քա­րեր ե­ն։ Ուշա­դիր զն­նեց։ Քա­րա­բե­կոր­նե­րին հայոց գրեր, զար­դա­քան­դա­կի կտոր­ներ էին երևում։ Ռու­բե­նը հաս­կա­ցավ, որ դրանք ջար­դած տա­պա­նա­քա­րե­րի բե­կոր­ներն ե­ն։ Ե­ղեռ­նա­գոր­ծը չի բա­վա­րար­վել բնիկ ժողովր­դին կո­տո­րե­լով, դուրս քշե­լով, հի­մա նրա դա­րա­վոր հետքերն է փոր­ձում ջն­ջել։
Մեծ­շե­նա­ցի մի պատ­մա­բան, իմա­նա­լով, որ Ռու­բե­նը շու­շե­ցի է, ամեն ան­գամ հան­դի­պե­լիս Շու­շի­ի մա­սին էր պատ­մում: 13-րդ դա­րի արաբ հռ­չա­կա­վոր պատ­միչ Իբն ալ-Ա­սի­րին ու աշ­խար­հա­գրագետ Յա­կուտ ալ-Հա­մա­վին վկա­յում են, որ Կար­կառ բեր­դա­քա­ղաքը 6-րդ դա­րում ամ­րաց­րել է Պար­սից կայս­րու­թյան տի­րա­կալ Խոս­րով Անու­շիր­վա­նը: Սա­կայն Շու­շի­ի սա­րա­վան­դում բազ­մա­թիվ դամ­բա­րան­նե­րը վկա­յում են քաղաքի՝ 3–4 հա­զար տա­րվա պատ­մու­թյան մա­սին: Հա­մա­ռո­րեն ան­տե­սե­լով այս և տաս­նյակ այլ վկա­յու­թյուն­ներ՝ Բաք­վի քա­րոզ­չու­թյու­նը անընդ­հատ խո­սում է 18-րդ դա­րի կե­սին Նա­դիր շա­հի կող­մից հե­տապնդ­վող ոմն խո­րա­սան­ցի ավա­զա­կա­պետ Փա­նահ Ալի­ի կող­մից բեր­դա­քա­ղա­քը հիմ­նե­լու մա­սին: Բայց և հայտ­նի է, որ դրա­նից 35 տա­րի առաջ հինավուրց բեր­դն ամրաց­րել էր Ավան զո­րա­վա­րը, հենց Շու­շի­ի ճա­կա­տա­մար­տում էլ ջար­դել Օս­մա­նյան Թուր­քի­այի 40-հա­զա­րա­նոց բա­նա­կը:
Շու­շի տե­ղան­վա­նը գրա­վոր աղ­բյուր­նե­րում առա­ջին ան­գամ հան­դի­պում ե­նք 1428 թվա­կա­նի ձե­ռա­գիր ավե­տա­րա­նում: Տեր Մա­նո­ւել ե­կե­ղե­ցա­կա­նը ավե­տա­րա­նի հի­շա­տա­կա­րա­նում նշում է նախ­շա­զարդ ավե­տա­րա­նի ստեղծ­ման հան­գա­մանք­նե­րի ու Շու­շիի Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում այն գրե­լու մա­սին: Ե­կե­ղե­ցին հե­տա­գա­յում վե­րած­վում է հու­նա–գ­րի­գո­րյա­նի: 1954 թվա­կա­նին ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րն այն հիմ­նա­հա­տակ քան­դում են, իսկ կից գե­րեզ­մա­նո­ցը քա­րա­պա­տում՝ ձգ­տե­լով վերաց­նել հայ­կա­կան հետ­քե­րը:
Ռու­բե­նը նայեց շուր­ջը: Շու­շի­ի Հին գե­րեզ­մա­նո­ցի տա­րած­քում առանձ­նատ­ներ էին գո­յա­ցել։ Տա­պա­նա­քա­րե­րը ջար­դում են, լց­նում կա­ռուց­վող տնե­րի հիմ­քե­րը։ Այդ­պես վե­րաց­նում են հա­զա­րա­մյակ­ներ ի վեր իրենց հայ­րե­նի­քում ապ­րած հայ քրիստո­ն­­յա­նե­րի հետքերն ու միև­նույն ժա­մա­նակ նոր տուն հիմ­նում։ Ռու­բե­նը մտածեց, որ Շու­շի­ում շա­րու­նակ­վում է հայե­րի նկատ­մամբ եղեռ­նը։ Սակայն մի՞թե Աստ­վածը կամ նրանց Ալ­լա­հը կնե­րեն հա­կա­մարդ­կային այս արար­քը։ Տնե­րի հիմ­քե­րում լցված քա­րա­բե­կոր­նե­րը ձայ­նե­րը մեկ արած կբո­ռան, Աստ­ված կկան­չեն, Տե­րը կլ­սի ու կկա­տա­րի խո­սող ու բո­ղո­քող քա­րա­բե­կոր­նե­րի խնդ­րան­քը: Իսկ քա­րե­րի վրե­ժը ոչ միայն նա­հա­տակ­նե­րի, հր­կիզ­ված տնե­րի, փախս­տա­կան­նե­րի, քաղա­քի վրեժն է, այլև Աստ­ծու և Ալլա­հի վրե­ժը։ Տա­ռա­քան­դակ մի քա­րա­բե­կոր վերց­րեց Ռու­բե­նը, դրեց պա­յու­սակում ու կրկին իջավ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցու մոտ։
Զան­գա­կա­տան պղն­ձե գն­դե­րի վրա մնա­ցել են մո­լե­ռանդ խու­ժա­նի ար­ձա­կած փամ­փուշտ­նե­րի բա­ցած ան­ցքե­րը։ Մի պահ կանգ առավ, շրջ­վեց դե­պի զան­գա­կա­տունը, խա­չակն­քեց և աղոթք մրմն­ջա­լով՝ սա­լար­կած փո­ղո­ցով շա­րու­նա­կեց ըն­թաց­քը։ Տղա­մար­դիկ, խումբ–խումբ կանգ­նած, խու­զար­կու հա­յացք­նե­րով ան­ծա­նո­թին ուղեկ­ցե­ցին մինչև Թադ­ևո­սի աղ­բյու­րի մոտ ան­հե­տա­նա­լը։ Շու­շե­ցի մե­ծա­հա­րուստ Զոհ­րապ ու Մար­կոս Թա­ռու­մ­յան­նե­րի տան կող­քով ան­ցնե­լիս կանգ առավ, զն­նեց տու­նը։ Եղ­բայ­րը պատ­մել էր, որ 1820–1821 թվա­կան­նե­րին այդ տանն էին իջևա­նել հայոց կա­թո­ղի­կոս Եփ­րե­մը, գրող, հրա­պա­րա­կա­գիր, ճանա­պար­հորդ Մար­կոս Թա­ղի­ադյա­նը: Կա­թո­ղի­կո­սը պա­տա­րագ է մա­տու­ցել Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում։ Սուրբ Աստ­վա­ծած­նի ետ­ևի մա­սում շու­շե­ցի­նե­րի սի­րե­լի Քա­մու խաչ սր­բա­վայրն էր։ Ղա­րա­բա­ղի հե­ռա­վոր գյու­ղե­րից ան­գամ հի­վանդ­նե­րին բե­րում էին սր­բա­վայր՝ բուժե­լու։ Ռու­բե­նը գի­տեր, որ չո­րեք­շաբ­թի օրե­րը «­Չիք չո­րեք­շաբթ­ի» էին կո­չում: Շա­բաթ­վա այդ օրե­րին շու­շե­ցիք գնում էին Քա­մու խաչ` ուխ­տի, իսկ վե­րա­դառ­նա­լով տուն՝ աղջիկ­նե­րը խաշ­խաշ հա­րե­լու քա­րը քսում էին գետ­նին և ասում.

– Չի՛ք, չի՛ք, մոկ­նը չի՛ք,
Չի՛ք, չի՛ք, լուն չի՛ք,
Չի՛ք, չի՛ք, կա­րի­ճը չի՛ք,
Չի՛ք, չի՛ք, չա­րա­կա­մը չի՛ք,
Չի՛ք, չի՛ք, օ­խծը չի՛ք…
Նրանք հա­վա­տա­ցած էին, որ հի­շա­տա­կված չար էակ­նե­րն այս անեծ­քից հե­տո կան­հե­տա­նան:
Հին Շու­շին տա­րած­ված էր ե­կե­ղե­ցու շուր­ջը։ 1840 թվա­կա­նին մահ­մե­դա­կան բնակ­չու­թյան սպառ­նա­լիք­նե­րի տակ հայե­րը տե­ղա­փոխ­վում են բեր­դա­քա­ղա­քի վե­րին մա­սե­րը՝ ճա­կա­տագ­րի քմա­հա­ճույ­քին թող­նե­լով նախ­նի­նե­րի գե­րեզ­ման­նե­րը, հա­րա­զատ տնե­րը, Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին ու Քա­մու խաչ սրբա­տե­ղին։
Հին շու­շե­ցին շր­ջան­ցեց մզ­կիթն ու սա­լար­կած փո­ղո­ցով քայ­լեց դե­պի Ջի­րիդ­տա­փը՝ հնում ջի­րիդ խա­ղա­լու շու­շե­ցի­նե­րի սիրե­լի վայ­րը, որին մահ­մե­դա­կան­նե­րը Ջդր­դուզ էին ասում։­
Ինչ­քան էլ փոր­ձում էր խու­սա­փել վեր­հու­շից, շու­շե­ցու առջև սահմռ­կե­ցու­ցիչ նո­րա­նոր պատ­կեր­ներ էին բաց­վում։ Հայ­րը՝ Շու­շի­ի փոս­տա­տար Ե­ղի­շեն, կես­գի­շե­րին 9-ա­մյա որ­դուն` Ռու­բե­նին, վեր­նա­հար­կից դե­պի նկուղ տա­րավ։ Դր­սում հրա­զե­նի կրա­կոց­ներ էին լս­վում։ Ռու­բե­նին թվաց, թե տոն է քա­ղա­քում կամ մեծ հար­սա­նիք, ու մար­դիկ, այդ առի­թով ուրա­խա­ցած, հրա­զե­նով օդ էին կրա­կում ու խա­րույկ­ներ վա­ռում։ Մի պահ կանգ առավ պատու­հա­նի մոտ։ Խարույկ­նե­րի փո­խա­րեն տներն էին այր­վում ու լու­սա­վո­րում քա­ղա­քը։ Նման մի հր­դեհ իրենց թա­ղում տե­սել էր մեկ տա­րի առաջ՝ ապրի­լի 3-ին: Լավ էր հի­շում այդ օ­րը, քա­նի որ տնային աշ­խա­տան­քը սկսել էր «­Սեր­գի դա­յունց տան հր­դե­հի օրը» շա­րադ­րու­թյու­նով։ Քամու պատ­ճա­ռով հր­դեհն ան­ցել էր հար­ևան Մար­դի Թա­մի­րյա­նենց ու Աշոտ Մե­լիք–Հով­սե­փյա­նենց տնե­րին։ Շու­շի­ի ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վար­նե­րից Ե­ղի­շե Իշ­խա­նյա­նը կես­գի­շե­րին կան­չում է հո­րը՝ բեր­դա­ձոր­ցի Ե­ղի­շե Պար­սե­ղյա­նին, ու հանձ­նա­րա­րում կազ­մա­կեր­պել հր­դե­հը հանգց­նե­լու գոր­ծը։ Հայ­րը ինքնա­պաշտ­պա­նու­թյան ջո­կատ­նե­րի մար­տիկ­նե­րին ու բեր­դա­ձոր­ցի­նե­րին եր­կու շարք է կանգ­նեց­նում, ջր­հոր­նե­րից վերց­րած ջրով լի­քը դույ­լերն իրար փո­խան­ցե­լով՝ կրա­կի վրա լց­նում ու ան­մի­ջա­պես դույ­լե­րը ետ փո­խան­ցում։ Հե­տո գա­լիս են ան­գլի­ա­կան բա­նա­կի հնդիկ սի­պա­հի զին­վոր­նե­րը, որոնք ծայ­րը կեռ ձո­ղե­րով քան­դում են հր­կիզ­ված տնե­րի տանիք­ներն ու ջրով մա­րում կրա­կը։
– Նկուղ իջիր, վտան­գա­վոր է,– ասաց Ռու­բե­նի հայ­րը,– չորս կողմից կրակում են:
Շու­շի­ի փոս­տա­տար Ե­ղի­շեն, իր ամե­նօ­րյա պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լիս հա­ճա­խա­կի շփ­վե­լով Եվ­լա­խի, Բար­դայի ու Թար­թառ–­բա­զա­րի իր սուր­հան­դակ­նե­րի հետ, ավե­լի լավ գիտեր, թե ինչ վտանգ է սպառ­նում բեր­դա­քա­ղա­քին ու ողջ Ար­ցա­խին: Նա իր ստա­ցած տե­ղե­կու­թյուն­ներն ու վեր­լու­ծու­թյուն­նե­րը պար­բե­րա­բար հայտ­նում էր ՀՅԴ բյու­րոյի հետ իր կապն ապա­հո­վող ներ­կա­յա­ցու­ցչին: Սա­կայն մինչ Բյու­րոյի կազ­մը քննար­կում էր տե­ղե­կու­թյունն ու որ­ևէ որոշ­ման հան­գում, ժա­մա­նակն ան­ց­նում էր, և որո­շու­մն ուշա­ցած էր ստաց­վում, հա­ճախ էլ չէ­ին հասց­նում քն­նար­կել հար­ցը: Մի քա­նի ան­գամ Եղի­շեն այս առի­թով իր դժ­գո­հու­թյունն էր հայտ­նել Ազ­գային խորհր­դի զին­վո­րա­կան կո­մի­սար Հա­րու­թյուն Թու­մյա­նին:
– Էհ, ի՞նչ կա­րող եմ անել, կու­սակ­ցու­թյան դր­վածքն է այդ­պի­սին: Հենց այս դան­դաղ­կո­տու­թյունն էլ կա­րող է մեծ աղետ­նե­րի առաջ կանգ­նեց­նել մեզ,– ասել էր կո­մի­սա­րը:­
Ե­ղի­շեն իր որ­դի­նե­րից Մի­քայե­լին ապա­հո­վու­թյան հա­մար Չա­փար գյու­ղում ապ­րող եղ­բոր` Ալեքսա­նի մոտ էր ուղար­կել: «Ի՞նչ իմա­նաս, թե վաղն ինչ կլի­նի, ե­թե Շու­շի­ում ապ­րող­նե­րիս մի բան պա­տա­հի, իմ ժա­ռանգ­նե­րից գո­նե մե­կը կփրկ­վի»,– մտա­ծել էր Եղի­շեն:
Ռու­բե­նը հափշ­տակ­ված քաո­սին էր նա­յում ու չէր կա­րո­ղա­նում կտր­վել տե­սա­րա­նից։ Չորս կող­մից կրա­կոց­ներ էին լս­վում, որոնք ուղեկց­վում էին խու­ժա­նի խրախ­ճա­լից բա­ցա­կան­չու­թյուն­նե­րով։ Չէ, սա հա­սա­րակ հր­դեհ չէ, սա ուրիշ բան է, որից ե­րե­խան ոչինչ չի հաս­կա­նում։ Թվում էր, թե իր առջև ուղ­ղա­կի շարժ­վող պատ­կեր էր, ե­րազ, որը ոչ մի կապ չու­ներ իրենց քա­ղա­քի հետ։ Ռու­բե­նը կու­զեր մնալ պա­տու­հա­նի մոտ ու նայել։ Հայ­րը տե­սավ, որ որդին պոկ­վեց տե­ղից ու աս­տի­ճան­նե­րով ե­րկ­րորդ հարկ բարձ­րա­ցավ:
– Ե­՛տ տեռ:
Քիչ ան­ց Ռու­բե­նը վե­րա­դար­ձավ` ձեռ­քին Ստե­փան Պա­լա­սան­յա­նի «­Հայոց պատ­մու­թյու­ն» դա­սա­գիր­քը:
– Տրա ժա­մա­նակն ա՞ր, Ռու­բեն:
– Ար­մե­նա­կը տաս ա տվալ, վեր սվե­րիմ:
– Հա, լավ, եթե պա­տու­հա­նեն քշտեն տես­նան, կկ­րա­կին նամարդ­նեն, բա­լաս, նկուղ քյի­նանք,– ասաց հայրն ու պա­տա­նուն նկու­ղային հարկ տա­րավ, ուր լց­վել էին հար­ևան­նե­րը։
Շր­ջա­կա տնե­րի բնա­կիչ­նե­րն այս­տեղ էին պատս­պար­վել, քա­նի որ փոս­տա­տա­րի տան նկուղն ըն­դար­ձակ էր ու ապա­հով։ Որոշ ժա­մա­նակ ան­ց Ե­ղի­շեն վե­րա­դար­ձավ ու հայտ­նեց, որ ռու­սա­կան զո­րա­նո­ցում տե­ղա­կայ­ված ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի զին­վոր­նե­րը, թուրք խու­ժա­նի հետ խմ­բեր կազ­մած, սկ­սել են կոտո­րել հայե­րին, հի­մա էլ Հայոց թա­ղում տնից տուն են անցնում, սրի քա­շում հայ բնա­կիչ­նե­րին, թա­լա­նում, ապա նավթ լցնում, հրկի­զում տնե­րը։
– Ըստեղ կարել չըք մնալ։ Փա­խեքյ բիդա Հու­նոտ, քշաթոխպ[8] ա, կարող ա փրկ­վիքյ,– ասաց Ե­ղի­շեն, ապա դար­ձավ որ­դուն՝ իննա­մյա Ռու­բե­նին,– տու էլ փա­խե՛ր, Կար­կա­ռի հո­սանքավ բիդա տիյեր քինալավ կհըս­նիս Քարին­տակ, ընդեղան` Սղ­նախ: Կս­պա­սիս ինձ: Ես քեզ կքթենամ: Մետըտ պահե, բիդա ծո­րը՝ Հու­նոտ կքյի­նաս…
– Գո­նե տոն մտ­նինքյ, շոր, ուտե­լի տես տեն յոր օնինքյ,– խնդրե­ցին կա­նայք։
– Կարել չըք, ուշ ա ար­դեն… Ե­թե խոխոցը փր­կիքյ, փառք կտաք Ը­ստու­ծեն…
Ռու­բե­նը փո­ղո­ցում մի պահ տե­սավ հորն ու ավագ եղ­բո­րը՝ Արմե­նա­կին, ապա կորց­րեց տե­սա­դաշ­տից։ Փո­ղոց­նե­րում ամե­նուր հրա­ցան­նե­րի կրա­կոց­ներ էին, գետ­նին փռ­ված դի­ակ­ներ, մորթ­վող մարդ­կանց խռխ­ռոց­ներ, ջղա­ձիգ շար­ժում­ներ։ Հա­մընդ­հա­նուր խու­ճապ էր տի­րում։ Հայոց թա­ղա­մա­սի տնե­րի դյու­րա­վառ յու­ղա­ներկ պա­տե­րը բո­ցե­րի մեջ չրթչր­թում էին։ Մա­ռա­խու­ղը, տա­քա­նա­լով այր­վող հա­րյու­րա­վոր տնե­րից ել­նող բո­ցե­րից, վեր էր բարձ­րա­ցել, քա­ղա­քի վրա դե­ղի­նով գու­նա­վոր­ված ամ­պա­կա­մար գո­յաց­րել։ Բո­ցե­րի մեջ առն­ված տնե­րի առաջ դիզ­ված են գոր­գեր, կար­պետ­ներ, ան­կո­ղին­ներ, կահ–կա­րա­սի, այն ամե­նը, ինչ որ խու­ժա­նը հար­մար է գտել թա­լա­նե­լու։ Ռու­բե­նը տե­սավ, թե ինչ­պես Խա­լունց և Աթար­բե­կյան­նե­րի, Հուս­նունց, Վեր­դունց ըն­տա­նիք­նե­րի բո­լոր ան­դամ­նե­րին, այդ թվում՝ ե­րե­խա­նե­րին, հրե­ցին իրենց այրվող տնե­րի բո­ցե­րի մեջ։ Մի ակն­թարթ փո­ղո­ցում կր­կին եր­ևա­ցին հայրն ու եղ­բայ­րը, որոնք, խույս տա­լով աս­կյար­նե­րից, կո­րան նեղ­լիկ փո­ղո­ցում: Իսկ թե հե­տո ինչ ե­ղավ, չգի­տեր, քա­նի որ փախ­չող ամ­բո­խը քշեց տա­րավ իրեն։ Ամե­նուր գորգ, կար­պետ շա­լա­կած թուրք տղա­մար­դիկ ու կա­նայք էին, պա­տա­նի­ներ, որոնք շտա­պում էին այդ ամե­նը թող­նե­լու իրենց տանն ու ետ գա­լու, շա­րու­նա­կե­լու թա­լա­նը։ Մի ան­կա­ռա­վա­րե­լի մր­ցակ­ցու­թյուն էր առա­ջա­ցել թա­թար ըն­տա­նիք­նե­րի միջև՝ ով ավե­լի շատ կթա­լաներ։ Մզ­կի­թի մոտ Ռու­բե­նը ճա­նա­չեց Թոփ­խա­նայի շու­կա­յում ձմե­րուկ ծա­խող Ահ­մեդ քի­շի­ին, որը Հայ­ոց թա­ղա­մաս էր շտա­պում։ Հան­կարծ նա հար­ձակ­վեց կահ–կա­րա­սիով բեռն­ված մեկ այլ թուրք ըն­տա­նի­քի վրա, հա­նեց դա­շույնն ու դա­նա­կա­հա­րեց ծանր պա­հա­րա­նի տակ կորա­ցած թուր­քին, խլեց թա­լանն ու իր ըն­տա­նի­քի անդամ­նե­րի հետ ետ՝ դե­պի իրենց տուն շտա­պեց։ Խու­ժան­նե­րի խում­բը բարձր պահած ցցե­րով Եր­ևա­նյան փո­ղո­ցով դե­պի Թուր­քաց թաղ էր շարժ­վում՝ «Ալ­լահ ագ­բա­ր» աղա­ղա­կե­լով։ Փայ­տե ցցե­րի ծայ­րե­րին գլ­խատ­ված մարդ­կանց գլուխ­ներ էին։ Մե­կը բամբ ձայ­նով գո­ռում էր. «Ալ­լահ, գյա­վուր­նե­րի խա­լիֆ–­քեշի­շի գլու­խը քեզ ըն­ծա ե­նք բերում…»: Ինչ-որ մե­կը, որի դեմ­քը չկա­րո­ղա­ցավ տես­նել, հան­կարծ ամուր բռ­նեց Ռու­բե­նի ձեռ­քը և խույս տա­լով աս­կյար­նե­րից ու խու­ժա­նից՝ քա­շե­լով տա­րավ իր ետ­ևից։
– Էտ հի՞նչ ա ծեր­քետ,– առանց Ռու­բե­նին նայե­լու հարց­րեց իր ետ­ևից տա­նող մար­դը: Ձայ­նը ծա­նոթ թվաց, սա­կայն չկա­րո­ղա­ցավ հի­շել:
– «­Հայոց պատ­մու­թյու­ն»:
– Հա՞, լավ կյիրք ա, կուրց­ընիս վեչ:
– Կուր­ցը­նել չըմ,– պա­տաս­խա­նեց Ռու­բե­նը:
Թուր­ք խու­ժա­նը ճա­նա­պար­հին որ­սում էր ջա­հել աղ­ջիկ­ներին, տղա­մարդ­կանց նույն պա­հին մոր­թում, ծե­րե­րի ու երեխա­նե­րի վրա ուշադ­րու­թյուն չէր դարձ­նում։ Տա­րեց մի մար­դու հետ խույս տվե­ցին խու­ժա­նից ու ժայ­ռա­պատ ճա­նա­պար­հով իջան կիր­ճում գտն­վող Հու­նոտ գյու­ղը:­
Եր­կու տա­րի առաջ՝ ամ­ռա­նը, Ե­ղի­շեն Ռու­բե­նին իր պապա­կան տուն՝ Բեր­դա­ձո­րի են­թաշր­ջա­նի Մեծ շեն էր ուղար­կել, որտեղ բնակ­վում էր ­քույ­րը: Սա­կայն հայ–թուր­քա­կան կռիվ­նե­րն այս­տեղ էլ էին հա­սել։ Թուր­քա­կան աս­կյար­նե­րի մի գունդ, հա­մալր­ված կով­կաս­ցի թա­թար­նե­րով ու Հա­ջի Սամ­լուի քր­դե­րով, հար­ձակ­վում է Բեր­դա­ձո­րի են­թաշր­ջա­նի հինգ գյու­ղի վրա։ Հայ­կա­կան այս են­թա­շր­ջա­նը շատ էր խան­գա­րում Լա­չի­նի և Շու­շի­ի ամ­բող­ջա­կան թրքաց­մանն ու Լեռ­նային Ղա­րա­բա­ղը Արա­րա­տյան նա­հան­գից վերջ­նա­կա­նո­րեն կտ­րե­լու ծրագ­րին։ Տա­րի­ներ շա­րու­նակ թուր­քե­րին ոչ մի կերպ չէր հա­ջող­վում կոտ­րել բեր­դա­ձոր­ցի­նե­րի դի­մա­դրու­թյու­նը։ Բեր­դա­ձո­րը տա­սն օր հե­րո­սա­բար դի­մադ­րում է, ետ շպր­տում թշ­նա­մուն։ Նրանք լավ էին օգ­տա­գոր­ծում մա­ռա­խուղը, ան­ցնում թշ­նա­մու թի­կունքն ու ան­սպա­սե­լի հար­ձակ­վում։ Ռու­բե­նն իր հա­սա­կա­կից­նե­րի հետ ուտե­լիք ու փամ­փուշտ էր տա­նում ինք­նա­պաշտ­պա­նու­թյան մար­տիկ­նե­րի դիր­քե­րը։ Սա­կայն փամ­փուշ­տը սպառ­վում է։ Են­թաշր­ջա­նի բնակ­չու­թյու­նը սպա­սում էր, թե շու­տով Գո­րի­սից Անդրա­նի­կի հետ կգա զի­նամ­թեր­քով բեռն­ված Շու­շի­ի գուն­դը, որը կազ­մել էին Թիֆ­լի­սի հայե­րը՝ Լե­ոյի գլ­խա­վո­րու­թյամբ, ու թուրք աս­կյարն այլևս անե­լիք չի ունե­նա Ղա­րա­բա­ղում։ Բա­ցի այդ, սպա­սում էին, որ Խա­նա­սո­րի ար­շա­վան­քի հե­րոս­նե­րից Ար­սեն դա­յու 450-հո­գա­նոց ջո­կա­տը Մեյ­դան սա­րով ու Հա­ջի Սամ­լուով թի­կուն­քից հար­վա­ծե­լու է թուր­քե­րին: Շու­շի­ի փոս­տա­տա­րը, տե­ղե­կա­նա­լով Բեր­դա­ձո­րի կռիվ­նե­րին, շտա­պում է վտան­գից փրկե­լ քրոջն ու որ­դուն։ Բեր­դա­ձոր­ցի մար­տիկ­նե­րը, տե­ղե­կա­նա­լով, որ Ար­սեն քե­ռու գլխա­վո­րու­թյամբ թի­կուն­քից հար­ձակ­վող պտրե­ցուց ջո­կա­տը Շու­շի­ի ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյան հրա­հան­գով ետ են ուղար­կել, իբրև թե չխան­գա­րե­լու Շու­շի­ի գն­դի գոր­ծո­ղու­թյա­նը: Տես­նե­լով, որ ոչ մի օգ­նու­թյուն էլ չի լի­նե­լու՝ 10-օ­րյա պաշտ­պա­նա­կան կռիվ­նե­րից հե­տո որո­շում են հե­ռա­նալ բնա­կավայ­րից։ Օգտ­վե­լով խիտ մա­ռա­խու­ղից՝ սայ­լե­րով դուրս են բե­րում բնակ­չու­թյա­նը։ Որ­դուն հանձ­նե­լով հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին՝ հայրը՝ Եղի­շեն, գյուղ է վե­րա­դառ­նում՝ քրո­ջը փր­կե­լու: Քրո­ջը ձի­ով փախց­նում է։ Սա­կայն ավա­զակ­նե­րը Թթու ջրի մոտ սպա­նում են քրո­ջը, իսկ ին­քը` Եղիշեն, մի կերպ Շու­շի է հաս­նում։ Գի­շե­րը Շու­շի­ի ճա­նա­պար­հին աս­կյար­նե­րը կտրում են սայ­լե­րով դե­պի Շու­շի փախ­չող բեր­դա­ձոր­ցի­նե­րի ճա­նա­պարհն ու սկ­սում ան­խնա կոտորել մարդ­կանց։ Ռու­բե­նը հասց­նում է մի քա­նի հո­գու հետ անտառ մտ­նել ու ոտքով Շու­շի հաս­նել։
Գլուխ երկրորդ Կարկառի կիրճում
Ռու­բեն Սարգ­սյա­նը մո­տե­ցավ կիր­ճի վրա կախ­ված ապա­ռա­ժին։ Ջի­րիդ­տա­փից դե­պի ան­դն­դա­խոր կիրճն ու վե­հա­շուք Քիրս լեռը բաց­վող տե­սա­րա­նը գու­ցե մո­ռա­ցու­թյան տա ան­ցյա­լի ծանր վեր­հու­շը։ Ար­ծի­վը թևե­րը լայն տա­րա­ծած պտտ­վում էր կիր­ճի վրա։ Այդ պա­հին էլ ամ­պա­քու­լա­նե­րի առա­ջին ե­րա­մը, թեթ­ևա­նա­լով վա­ղոր­դյան ար­ևի առա­ջին ցոլ­քե­րից, Ստե­փա­նա­կեր­տից Կար­կա­ռի հոսանքն ի վեր ան­շտապ սահ­քով լց­վեց Հու­նո­տի կիր­ճը՝ Ռու­բե­նի տեսադաշտից փա­կե­լով Կար­կա­ռի հի­նա­վուրց մի­ա­կա­մար կա­մուրջ­նե­րը, Հու­նոտ գյուղն ու ան­դն­դա­խոր կիր­ճի պա­տե­րին բաց­ված քարան­ձավ­նե­րը։ Այդ հս­կա­յա­կան քարանձավնե­րը, հին ժամա­նակ­նե­րից սկսած, մար­դու հա­մար հու­սա­լի ապաս­տան են ծա­ռայել օ­տար աս­պա­տա­կիչ­նե­րից պատս­պար­վե­լու հա­մար։ Ավան զո­րա­վա­րի քարան­ձա­վի շր­ջա­կայ­քում մինչև հի­մա մնա­ցել են հին բեր­դի պա­տե­րը։ Քա­ղա­քային դպ­րո­ցի ե­րի­տա­սարդ ուսու­ցի­չը Ռու­բե­նի ավագ եղ­բայր Ար­մե­նակն էր, ով մի ան­գամ Ռու­բե­նենց դա­սա­րա­նի երե­խա­նե­րին դժ­վա­րան­ցա­նե­լի ճա­նա­պար­հով այս բերդ–քա­րան­ձավն էր բե­րել, պատ­մել 1726 թվա­կա­նի աշ­նա­նը թուր­քա­կան 40-հա­զա­րա­նոց բա­նա­կին Շու­շի­ի ճա­կա­տա­մար­տում իր արցախ­ցի կտ­րիճ­նե­րով պար­տու­թյան մատ­նած Ավան զո­րա­վա­րի, նրա Թար­խան եղ­բոր, Միր­զա հա­րյու­րա­պե­տի, Աղվա­նից աշ­խար­հի Ե­սայի Հա­սան–Ջա­լա­լյան կա­թո­ղի­կո­սի մասին[9]։
Վեր­ջա­պես Ռու­բե­նը նո­րից նկա­տեց արծ­վին, որը, ձո­րը լցվող մա­ռա­խու­ղի պատ­ճա­ռով այլևս անե­լիք չու­նե­նա­լով կիր­ճում, որ­սաց քա­մու ըն­թացքն ու առանց թևե­րը թա­փա­հա­րե­լու մի քա­նի պտույտ­ով բարձ­րու­թյուն հա­վա­քեց, ան­ցավ Խա­չին տա­փի հար­թու­թյու­նը։ Ռու­բե­նը հի­շեց, որ 55 տա­րի առաջ՝ այս նույն օ­րը՝ 1920 թվա­կա­նի մար­տի 23-ին, ամ­պե­րը կր­կին լց­վել էին կիրճը և կո­տո­րա­ծից մա­զա­պուրծ ու խոր ձո­րում ապաս­տա­նած հայե­րի խմ­բին ծած­կել իրենց հե­տապն­դող աս­կյար­նե­րից։ Ամ­պա­քու­լա­նե­րը, ասես ուժ չու­նե­նա­լով առ­նե­լու խու­ժա­նի դե­մը, հոս­քով ան­ցան բեր­դա­պա­րիս­պը, Շու­շի­ի բան­տը շր­ջան­ցե­լով՝ Հին գե­րեզ­մա­նո­ցով սա­հե­ցին դե­պի Հու­նոտ, գյուղ չհա­սած՝ մի­ա­խառն­վե­ցին Վա­րա­րակ­նից ե­կող մա­ռա­խու­ղին։ Հնա­րա­վոր է, որ նրանք մի­մյանց շատ բան ունե­նան պատ­մե­լու Վա­րա­րակ­նում և Շու­շի­ում իրենց տե­սած սպան­դի մա­սին։ Փախս­տա­կան­նե­րը Հունոտի ճա­նա­պար­հին լսում էին դրա վրա կախ­ված ապա­ռա­ժի հար­թա­կին բռ­նա­բա­րու­թյան են­թարկ­վող հայ աղ­ջիկ­նե­րի ու կա­նանց ողբն ու կո­ծը։ Նրանք, պղծ­ված հա­մա­րե­լով իրենց պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, ապա­ռա­ժից նետ­վում էին ճեր­մակ ան­դուն­դը։ Խոր ձո­րում ապաս­տան որո­նող շու­շե­ցի­նե­րը լսում էին ան­դուն­դի մեջ նրանց աղեկ­տուր ճի­չե­րը…
Կար­կա­ռը փրփ­րել, ասես անու­ժու­թյու­նից կա­տա­ղել էր։ Ամե­հի քա­րե­րին զարկ­վե­լով՝ նա ավե­լի ուժեղ էր ոռ­նում՝ պատ­րաստ խեղ­դա­մահ անե­լու հո­սան­քի մեջ հայտն­ված ցան­կա­ցած մար­դու։ Հու­նո­տի բնա­կիչ­նե­րը դուրս թափ­վե­ցին իրենց թա­ղա­ծածկ բնա­կա­րան­նե­րից, ուտե­լի­քով դի­մա­վո­րե­ցին շու­շե­ցի փախս­տա­կան­նե­րին: Իսկ երի­տա­սարդ­նե­րը, հրա­ցան­նե­րով զին­ված, գնա­ցին խու­ժա­նի ձեռքից ազա­տե­լու հայ աղ­ջիկ­նե­րին, օգ­նե­լու ետ մնա­ցած փախս­տա­կան­նե­րին։
– Մեր էս ծո­րը վեչ մի թշ­նա­մի կրեցալ չի ուրան են­թար­կե,– ասաց գյու­ղի գլ­խա­վոր ջրա­ղաց­պա­նը,– մեր շենին վեց ճեղաց­նեն էլ ըշ­խա­դըմ ը­ն։ Շիներքան կյամ ըն, աղըմ ցո­րե­նը, ամե­նա­լավ ալե­րը ստա­նըմ։ Թորքն էլ, քյուրդն էլ ցո­րեն ըն պի­րըմ աղըմ, ամմա զեն­քավ գյուղ մտ­նել թողըմ չընք։ Հայտ­նի յա Շոշ գյուղից Ռոս­տո­մյան ախպեր­նե­րեն հե­րո­սո­թու­նը։ Կյիր­քե­րըմ կյիրած ա նահանց մա­սին: Թորք աս­կյար­նե­ն հի­նչ ըրեն, կրեցեն վեչ մու­տա­նան մեր ճեղաց­նե­րեն։
Կա­նանց խում­բը շր­ջա­պա­տել էր գե­ղեց­կու­հի շու­շե­ցուն՝ Տաթևի­կին։ Ռու­բե­նը ճա­նա­չում էր նրա 14-ա­մյա որ­դուն՝ Մռա­վին։ Փնտ­րեց նրան, սա­կայն փախս­տա­կան­նե­րի մեջ չգ­տավ։
– Տղա՜ս, տղա՜ս, վա՜յ, քո­ռա­նամ, աշկս տես­նար վեչ, թա հունց էտ գա­զա­նը` Նու­րի փա­շան, ման­նե­րը խո­թից խուխես քթը­ծա­կե­րը, յա­թա­ղա­նավ…
Տաթ­ևի­կը կր­կին ուշա­թափ­վեց։ Հենց ուշ­քի էր գա­լիս, ուզում էր Շու­շի գնալ, սա­կայն նրան կա­նայք ետ էին պա­հում։ Տաթ­ևի­կը չէր հաս­կա­նում, թե ին­չու են ար­գե­լում որդու մոտ գնալ։
– Պա էս թոռ­նը՞նք քյի­նամ[10], Քա­րին­տա՞կ։ Խե՞։ Բա­լաս ըն­դե՞ղ ա։– Ապա հի­շում է Մե­լիք–­Բեգ­լա­րյան­նե­րի ըն­դար­ձակ բա­կում հա­վա­քած ութ ­հա­րյուր հայ պա­տա­նի­նե­րի սպանդն ու նո­րից ուշա­թափ­վում։
– Չէ՛, թու­ղեցեքյ ես քյի­նամ Շու­շի, քիթե­նամ իմ Մռա­վեն:
Քիչ ան­ց ապա­ռա­ժի կող­մից լս­վող կա­նանց ճի­չե­րի փո­խա­րեն ժայ­ռե­րը տա­րա­ծում են հրա­զե­նի խուլ կրա­կոց­նե­րը։ Շու­շե­ցի բժիշկ Ավանես Ավանեսյա­նը օգ­նու­թյուն էր ցույց տա­լիս վի­րա­վոր­նե­րին ու հի­վանդ­նե­րին։ Սա­կայն Տաթ­ևի­կի հար­ցում նա անօգ­նա­կան շար­ժեց գլու­խը։ Հու­նոտ­ցի զի­նյալ տղա­նե­րը փախս­տա­կան­նե­րի նոր խմ­բի հետ կիրճ են հասց­նում մահ­վան ե­րա­խից փրկ­ված շու­շե­ցի կա­նանց ու աղ­ջիկ­նե­րին։ Փախս­տա­կան­նե­րը ըն­դա­ռաջ դուրս ե­կան նրանց, և լաց ու շի­վա­նը լց­վեց ձո­րը։ Ռուբե­նը աղ­ջիկ­նե­րի մեջ դժ­վա­րու­թյամբ ճա­նա­չեց իրենց հարևա­­նու­հուն` Շու­շա­նին: Միշտ պճ­նա­զարդ, գե­ղե­ցիկ հագ ու կա­պով 15-ա­մյա գե­ղեց­կու­հուն դժ­վար էր պատ­կե­րաց­նել գզ­գզ­ված մազե­րով, պատա­ռոտ­ված շո­րե­րով:
– Շու­շան,– դի­մեց Ռու­բե­նը,– Ար­մե­նա­կեն ու հայրիկիս տե­սալ չը՞ս:
Շու­շա­նը ժխ­տա­կան շար­ժեց գլու­խը: Նա խո­սե­լու ուժ ու կարո­ղու­թյուն չու­ներ: Ապա ուժ հա­վա­քե­լով` շշն­ջաց.
– Մա­րի­ամն էլ ար միզ նհետ: Իրեք հո­գավ տուս ըն պր­ծալ թոր­քեն ծեր­քան, ուրանց քիցալ ծո­րը: Մա­րի­ա­մեն ծե­նը հալա ըն­ջուկ­ներըմս ա, նա թոխպեն մաչավ թռ­չի­լավ «­մայ­րի­կ» ար կան­չըմ…
– Պա ծե­րո՞ւնք:
– Լուխճին էրալ ըն տանը մաչին…
Շու­շանն այ­լևս ան­կա­րող էր խո­սել:
Փախս­տա­կան­նե­րի այս խմ­բի հետ էր նաև Ռու­բե­նի դա­սըն­կեր, ջրա­վա­ճառ Տիգ­րա­նն իր ան­բա­ժան ավա­նա­կի հետ, որի մեջքին նստած եր­կու ծեր կին էր բե­րում:
Փախս­տա­կան­նե­րից ամեն մեկն ուզում էր իր ըն­տա­նի­քի հետ պա­տա­հած դժ­բախ­տու­թյան, կորց­րած հա­րա­զատ­նե­րի մա­սին խո­սել, ասես դա­տարկ­վել, թեթ­ևա­նալ ծանր բե­ռից։ Նրանց մեջ իր հագ ու կա­պով առանձ­նա­նում էր Նա­նըմ աքե­րը, հատ­կա­պես սև փա­րա­ջան դեն նե­տե­լուց հե­տո:
– Էս փա­րա­ջան ա ինձ փըր­կալ,– ասաց նա,– աս­կյա­րը կտ­րալ ար առաջս, սոտ տեղը «Ալ­լահ ագ­բա­ր» ըսե­ցե, դաստի ետ քըշվեցեն:
Ռու­բե­նը նրան Բա­ղունց Վը­րեր թա­ղա­մա­սում էր հա­ճա­խա­կի տե­սել` ե­ռա­հարկ շքեղ պատշ­գամ­բով տան բա­կում: Ան­շուք հագն­ված կա­նանց մեջ ավե­լի էին ը­նդ­գծ­վում նրա շքեղ հան­դերձ­նե­րը: Նա Շու­շի­ում հայտ­նի էր ժո­ղովր­դա­կան իր հմուտ բժշկու­թյամբ: Նանըմ աքե­րը ար­խա­լուղ էր հա­գել, ճա­կա­տին` երկու պատ ոս­կի, մեջտե­ղում` մեծ ոս­կեդ­րամ, որը շու­շե­ցի­նե­րը «պլմ­բա­յալ» են ան­վա­նում: Եր­կու կող­մից խո­պո­պիկ­նե­րով մազափն­ջեր էին իջ­նում` զար­դար­ված ոս­կե պու­ժուժ­նե­րով և ուլունք­նե­րով: Գլ­խի ճեր­մակ լա­չա­կի վրայից մե­տաք­սե սպի­տակ չար­ղաթ էր գցել, որոնց ծո­պե­րը հաս­նում էին մինչև չմուշկ­նե­րը: Ար­խա­լու­ղը կա­նաչ կտո­րից էր, վրայից կա­պել էր մուգ կար­միր մե­տաք­սե լայն գո­տի: Թև­քե­րին ոսկյա սուր­մա–կո­ճակ­նե­րի շա­րան էր կար­ված, գլ­խին` ծո­պա­վոր հաստ բր­դյա շալ: Երբ հեծկլ­տոց­ներն ու ող­բը մի պահ հան­դարտ­վե­ցին, ապա­ռաժ­ներն ի վեր դան­դաղ սփռ­վեց Շու­շի­ի հռ­չա­կա­վոր ող­բա­սաց Նանըմ աքոր ող­բեր­գը.
– Աս­տուծ մեր Շու­շին Ալ­լա­հեն ա տվալ, թա՝ ես օ­րիշ տեղ գործ օ­նիմ, լավ կյե­շիս խոցը՜ս, Շու­շի՜ս, հո­տը՜ս… Ալ­լա­հը Շուշ­վա ղա­լան թու­րքե­րեն ա պահ տվա՜լ, թա՝ լավ կյե­շիք գյավուրնե­րե՜ն… թա սա­բավ կզն­վե վեչ Աստ­ու­ծը՜…­
Աստ­ո՛ւծ, հո­րը՞ս, քու խո­ցըտ սի­րած ­ Շու­շին է՜ր­վըմ ա, քեզ սի­րող, պաշ­տող ժո­ղո­վուրթտ ուրանց էր­վող տան ալավ­նե­րեն մաչին խրավ­վը­մա՜, Վա­հան ծը­ռետ կ­լո­խը «Ալ­լահ ագ­բա­ր» կն­չի­լավ ան­հա­վատ­նեն ցե­ց ըն հա­նա՜լ, մի­չի­դը­մը տի­րած՝ նա­մա­զըն անը՜մ, եր­թումն ըն օ­տը՜մ…
Մի­նը կա­վեչ, վեր քու տա­նըտ շամ վա­ռե՜, աղոթք անե՜, պա օջա­խեն տե­ղը տոնն ա էրվըմ, հե՜յ Աստ­ված…
Փախս­տա­կան­նե­րի ամ­բո­խը շուն­չը պա­հած լսում էր Նա­նըմ աքոր ող­բը, ան­մի­ջա­պես որ­սում կարճ դա­դարն ու մի­ա­բե­րան հեծկլ­տում, լաց լի­նում, հետո էլ լռում՝ հնա­րա­վո­րու­թյուն տա­լով ող­բա­սա­ցին՝ շա­րու­նա­կե­լու ող­բեր­գը։
– Շա­մեն տե­ղը տո­նըտ ա նի­կա­ցալ, Կու­սա­նաց վան­քը, Ղզնչե­ցուց, Մղ­րե­ցուց, Ագու­լե­ցուց ե­կե­ղե­ցիքն ըն էր­վըմ, հըյե­րեն կըտո­րըմ ըն, տնե­րը նիկից­նըմ, պրի­շակ[11] սար­քըմ… Տոնս քանդ­վից, հե՜յ Աստ­ուած…
Տա­րեց մի մարդ, տես­նե­լով, որ այդ ամենն ուղեկց­վում էր լաց ու շի­վա­նով, հար­մար պահ որ­սա­լով, ասաց.
– Ժո­ղո­վո՛ւրդ, ես հասկանում եմ ձեզ, հետո իրար պատմելու շատ ժամանակ եք ունենալու: Նանը­՛մ աքեր, թող բայաթիդ, ով չի իմանում ողբ ասելու ինչ վարպետ ես: Բոլորն էլ լավ գիտեն, թե ինչ ողբերգակ ես: Բայց հիմա դրա փոխարեն բժշկություն արա, ավելի օգուտ տված կլինես:
– Մա­նաս, լավ ես ասում,– պա­տաս­խա­նեց Նա­նըմ աքե­րը,– բայց բա­յա­թին էլ է բժշ­կու­թյուն համարվում, հիմա որ քիչ թեթևացա, կարող եմ հեքիմություն անել:
Ռու­բե­նը հի­շեց Մա­նաս քե­ռուն: Ռու­բե­նը նրան լավ գի­տեր, քա­նի որ հա­ճախ էր իր հոր մոտ գա­լիս։ Եր­բեմն գա­լիս էին ուրիշ մար­դիկ, եր­կար զրու­ցում քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, ազ­գային գոր­ծե­րից, որից Ռու­բե­նը բան չէր հաս­կա­նում։ Նրանց հե­տաքրք­րում էր, թե Շու­շի­ի, Վա­րա­րակ­նի և Ղա­րա­բա­ղի մյուս բնա­կա­վայ­րե­րի փոս­տը Եվ­լախ կա­յա­րան տա­նե­լու և այլ վայ­րե­րից Ղա­րա­բաղ եկող փոս­տով վե­րա­դառ­նա­լու ճա­նա­պար­հին Եվ­լա­խում, Պար­տա­վում, Թար­թա­ռում ու Աղ­դա­մում ինչ էր տե­սել հայ­րը, ում էր հան­դի­պել, ինչ էր լսել, ինչ շարժ կար թուր­քե­րի մեջ։ Ռու­բե­նի վրա տպա­վո­րու­թյուն էր թո­ղել բարձ­րա­հա­սակ ու ամ­րա­կազմ Հա­րու­թյուն Թու­մյա­նը։ Հե­տա­գա­յում Ռու­բենն իմա­ցավ, որ նա Լեռ­նային Ղա­րա­բա­ղի զին­վո­րա­կան կո­մի­սարն է։ Հի­շե­լով որոշ դր­վագ­ներ այդ զրույց­նե­րից՝ Ռու­բե­նը սկ­սեց հաս­կա­նալ, թե ին­չու էին ան­հանգս­տա­նում մե­ծա­հա­սակ­նե­րը։ Հենց Մա­նաս քե­ռին էր փո­ղո­ցում ամուր բռ­նել իր ձեռ­քից ու քարշ տվել ետ­ևից: Մա­նաս քե­ռին Շու­շի­ում հայտ­նի խո­հա­րար էր: Քա­ղա­քի բո­լոր ծայ­րե­րից գա­լիս էին Հայ­ոց թա­ղա­մա­սի ճա­շա­րա­ն՝ վայե­լե­լու նրա պատ­րաս­տած խոր­տիկ­ներն ու ճա­շե­րը: Նա հայտ­նի էր իր խիստ մաք­րա­սի­րու­թյամբ ու ճշ­մար­տա­խո­սու­թյամբ: Նա Ե­ղի­շե­ին սկզբից պատ­մում էր իր այ­գում աճեց­րած բազ­մա­տե­սակ, աշխար­հի ամե­նա­տար­բեր ան­կյուն­նե­րից բե­րած ծա­ղիկ­նե­րի մասին: Շու­շի­ի վա­ճա­ռա­կան­նե­րը, ուր էլ գնան, միշտ հի­շում են լա­վա­գույն խո­հա­րա­րի՝ ծա­ղիկ­ների հանդեպ ունե­ցած սի­րո մա­սին ու անպայ­ման նոր տե­սա­կի ծա­ղիկ­նե­րի սեր­մեր են բե­րում նրան: Տուն վե­րա­դառ­նա­լով՝ նա սկզ­բում այ­գի էր մտ­նում, բրի­չը վերց­նում, փորփ­րում, փափ­կաց­նում հո­ղը, հե­ռու աղ­բյու­րից ջուր բե­րում, ջրում ծա­ղիկ­նե­րը: Ամեն տե­սա­կի ու գույ­նի ծա­ղիկ­ներ կային նրա այ­գում: Նա հա­ճախ էր խո­սում ծա­ղիկ­նե­րի հետ, ասես հաս­կա­նում էր նրանց լեզուն: Մա­նա­սի կի­նը` Ալ­մաստը, սիրում էր ամուս­նու աճեց­րած ծա­ղիկ­նե­րը: Ալ­մաս­տը այդ­պես էլ չպտ­ղա­կա­լեց, ամուլ մնաց: Իսկ Մա­նա­սը անո­ղոք էր, ե­րբ տրորում էին ծա­ղիկ­նե­րը: «­Դուք ձեռք մի՛ տվեք, մի՛ փչաց­րեք ծա­ղիկ­նե­րը, ես կքա­ղեմ ու ձեզ կտամ­…»,– ասում էր նա առանց թույլ­տվու­թյան իր պար­տե­զը մտած աղ­ջիկ­նե­րին:
– Հիմա դրա ժամանակը չէ,– իր խոս­քը շա­րու­նա­կեց Մա­նա­սը,– մենք պետք է փրկենք մեր երեխաներին, որպեսզի ցեղը շարունակվի, որ մեծանան, ուժ հավաքեն, ետ բերեն իրենց հայրերի, պապերի կորցրածը: Սրանից հետո ոչ մի լաց ու կոծ, լսո՞ւմ եք, Նանըմ աքեր: Քարինտակ ենք գնում: Բռնեք երեխաների ձեռքերից, կամրջով անցնելիս ջրին չնայեք, ոչինչ էլ չի պատահի:
– Բա որ թուր­քե­րը Ջի­րիդ­տա­փից Քա­ռա­սուն աս­տի­ճան­նե­րով[12] իջնեն ձորն ու կտ­րեն մեր ճանապարհը,– տագ­նա­պով ասաց մի ծե­րու­նի։
Ռու­բե­նը նրան առա­ջին ան­գամ էր տես­նում։ Ծե­րու­նու խոս­քե­րը խու­ճապ առա­ջաց­րին փախս­տա­կան­նե­րի մեջ։ Շփո­թա­հար կանգ առան։
– Վեր­ջաց­րու, Համ­բո, թուր­քե­րը վախենում են ձորը մտ­նել,– խիստ տո­նով հան­դի­մա­նեց Մա­նա­սը,– ժո­ղո­վուրդ, թուրքին ոսկի էլ տաս, էս ձորը չի մտնի։ Նրանք միայն ոհ­մա­կով ան­զեն մարդ­կանց վրա հար­ձակ­վել գիտեն։ Առանց խու­ճա­պի Քա­րինտակ ենք գնում։ Ով չի ուզում, թող ետ գ­նա ու խու­ժա­նի ձեռքն ընկնի…
– Մա­նաս, ջր­վե­ժի մոտ ո՞նց ե­նք գե­տն անցնելու,– կրկին դիմեց Համ­բոն։
– Ջր­վե­ժին հասնենք՝ կո­րո­շենք,– վս­տահ տո­նով պա­տաս­խա­նեց Մա­նա­սը, որն ար­դեն ստանձ­նել էր առաջ­նոր­դի դե­րը։
Կիր­ճի խոր­քից ժխո­րի ձայ­ներ էին լս­վում:
– Ժո­ղո­վուրդ, լռեք, տես­նենք էս ովքե՞ր են Վա­րա­րակ­նի կողմից գալիս:­
Ե­րևաց ամ­բո­խի ծայ­րը: Վա­րա­րակ­ն ավանի փախս­տա­կան­ներն էին:
– Առս­տա՞մ, ձեզ ի՞նչ է պա­տա­հել,– դի­մեց Մա­նա­սը ծա­նոթ վա­րա­րակնեցուն:
– Է՜, Մա­նաս, Մա­նաս, ինչ պա­տա­հել է, հենց մեզ է պատա­հել…
– Պատ­միր` տես­նենք:
– Շու­շի­ի դեպ­քե­րի մասին Վա­րա­րակ­նում ենք լսել: Ալեքսան քե­ռու ջո­կա­տը շր­ջա­պա­տում է թուրք աս­կյար­նե­րով լցված զո­րա­նո­ցը: Դե, Ալեքսա­նին գիտես, քաջ ա, բայց եր­կար մտա­ծել չի կարո­ղանում: Ալեքսա­նը պա­հան­ջում է զեն­քը վայր դ­նեն ու հանձն­վեն: Ադր­բե­ջա­նա­կան զին­վոր­նե­րն առաջարկում են ճա­նա­պարհ տալ, որ հե­ռա­նան: Մեր հրա­մա­նա­տա­րը չի հա­մա­ձայ­նվում: Թուր­քե­րը որո­շում են կռ­վել: Լավ զին­ված թուր­քական գն­դի դեմ Ալեքսա­նի ուժե­րը քիչ էին: Աս­կյար­նե­րը դուրս են գալիս զո­րա­նո­ցից, ու սկսվում է կո­տո­րա­ծն ու թա­լանը: Փրկ­ված­նե­րի մի մա­սը Խա­չենի կողմն է գնում, մի փոքր մասի հետ էլ Կարկառի ձորով մի կերպ Հունոտ ենք հասել:
– Լավ, Առս­տամ, կես ժամ հանգս­տա­ցեք, Քա­րինտակ ենք գնում: Այնտեղից Սղ­նախ կբարձ­րա­նանք, հե­տո` Ավե­տա­րա­նոց, կցր­վենք աշ­խար­հվ մեկ: Երևի դա է մեր ճակատագիրը:
Երբ ան­ցան կա­մուր­ջը, Հու­նո­տի ե­կե­ղե­ցուց դուրս ե­կավ քա­հա­նան, ամ­բո­խի մեջ մտավ ու հան­դի­պա­կաց քայ­լե­լով, աղոթք մրմն­ջա­լով՝ մե­տա­ղյա շղ­թա­նե­րի զրն­գո­ցով բուր­վա­ռի խն­կա­հոտ ծու­խը ցրեց մարդ­կանց մեջ:
Փախս­տա­կան­նե­րը ճա­նա­պար­հին շու­շե­ցի մի ըն­տա­նի­քի հան­դի­պե­ցին։ Մի կին աղ­ջիկ­նե­րի հետ կա­նա­չի էր քա­ղում, լցնում գոգ­նո­ցը։
– Կա­րո՞ղ է դուք էլ եք ե­կել ժեն­գյալ[13] հա­վա­քե­լու,– տագ­նա­պած ասաց կի­նը,– իզուր եք էսքան հոգի եկել, էս տա­րի ոչ կար­գին ճըռ­ճը­ռոկ կա, ոչ էլ կըրմը­զուկ, խա­զազ…
– Եղ­սա քույ­րիկ,– դի­մեց փախս­տա­կան կա­նա­նցից մե­կը, ով ճանա­չեց իր հար­ևա­նու­հուն,– հո չես գժվել, չգիտե՞ս, որ Շուշի­ում ամ­բողջ գի­շեր թուր­քե­րը կոտո­րում էին հայե­րին, հե­տո թալանում, վա­ռում տնե­րը…
– Ո՞նց թե…
– Հա­վա­քիր ըն­տա­նիքդ ու արի մեզ հետ։
– Գ­նամ տ­նից բան–ման բե­րեմ…
– Եղ­սա, իմ տան հետ քո տունն էլ են այրել,– ասաց Եղ­սայի հարևա­նու­հին,– ոչ մեր Շու­շին կա, ոչ էլ տնե­րը։ Թուր­քը թալա­նե­լ է, վա­ռել…
– Չեմ գա,– ասաց Եղ­սան,– ե­թե տունս չլի­նի, Շու­շին չլի­նի, էլ ինչի՞ս է պետք կյան­քը։
– Ամու­սինդ ո՞ւր է, կան­չի թող գա,– խիստ ասաց Մա­նա­սը,– գո­նե ե­րե­խա­նե­րիդ փր­կու­թյան մա­սին մտա­ծիր։
– Հա,– ասես ուշ­քի գա­լով՝ ասաց Եղ­սան,– գնաց Ավա­նի[14] կարա­ն[15] սունկ հա­վա­քե­լու։
– Ես էլ հա­վատա­ցի, որ Ավա­նի քարանձավում սունկ է աճում,– պա­տաս­խա­նեց Մա­նա­սը,– ուրեմն ջար­դերի հոտն առել է ու քաղաք գնացել։ Կս­պա­սես մի եր­կու ժամ, ե­թե չգա, էլ­ի են փախս­տա­կան­ներ գալու, ե­րե­խա­նե­րիդ հետ Քա­րինտակ կգաս։
Հո­վար ջր­վե­ժը Հունո­տի ամե­նա­գե­ղե­ցիկ վայ­րե­րից է։ Աղբ­րա­ջրե­րը, դուրս հոր­դե­լով քա­րե­րի մի­ջից, առա­տո­րեն հո­սում են քա­րան­ձավ­նե­րի վրա կախ­ված ապա­ռա­ժե հո­վա­րով, յու­րօ­րի­նակ ջրվեժ ստեղ­ծե­լով՝ շռին­դով թափ­վում քա­րե հար­թա­կին։ Քա­րե հո­վար­նե­րը ծածկ­վել են կա­նաչ շթա­քա­րե­րով, որոնք առա­ջին հա­յաց­քից մա­մու­ռի տպա­վո­րու­թյուն են թող­նում, սա­կայն ե­րբ ձեռք ես տա­լիս, զգում ես կրա­քա­րե գո­յա­ցում­նե­րը։
Փախս­տա­կան­նե­րի հոգ­սը հոր­դա­ռատ գետն ան­ցնելն էր։ Մա­նա­սը մի քանի հոգու հետ ան­տա­ռի խոր­քից եր­կու գե­րան քարշ տա­լով բե­րեց, զու­գա­հեռ դնե­լով՝ կարճ փայ­տե­րով աս­տի­ճան­ներ սար­քեց, կապկ­պեց մատ­ղաշ ծա­ռե­րի կեղ­ևով ու գե­տի ժայ­ռե­ղեն ափե­րը փայ­տա­շեն կամր­ջա­կով մի­աց­րեց իրար։ Նա առա­ջի­նը ան­ցավ կամր­ջով՝ ստու­գե­լու ամ­րու­թյունն ու ան­վտան­գու­թյու­նը։
Ք­չերն էին հա­մար­ձակ­վում հետ­ևել նրան։ Կամր­ջին մո­տե­ցավ փոք­րիկ Ռու­բե­նը։ Գե­տը, եր­կու ապա­ռաժ­ի արան­քում սեղմ­վե­լով, ավե­լի կա­տա­ղի էր դար­ձել՝ պատ­րաստ կլա­նե­լու և հո­շո­տե­լու իր մեջ ը­նկ­նո­ղին։
– Ռու­բեն, ջրին չնայես,– ասաց Մա­նա­սը,– հա­մար­ձակ անցիր, ապ­րես, տղաս, Ե­ղի­շեն այս­տեղ լի­ներ, կհ­պար­տա­նար քեզ­նով։
– Փոս­տի Ե­ղի­շի փոքր տղան է…– կրկ­նում էին կա­նայք։
– Դե, ե­թե էս տղան ան­ցա­վ, բոլորս էլ կա­րող ենք։­
Իրոք, հեր­թով բո­լորն ան­ցան գե­տը։
– Մա­նաս, կա­մուր­ջը հա­նենք, որ մեր հե­տևից աս­կյար­ները չկա­րողանան հասնել,– դի­մեց Համ­բոն։
– Չէ, Համ­բո,– առար­կեց Մա­նա­սը,– մեզ­նից հե­տո էլի փախս­տա­կան­ներ են գալու, նրա­նք էլ պի­տի Քա­րինտակ հաս­նեն։
Տիգ­րա­նը չէր ուզում բա­ժան­վել իր ավա­նա­կից: Այն հունոտ­ցի­նե­րին ի պահ տա­լու բո­լոր հոր­դոր­ներն իզուր էին: Նա, ավա­նա­կի կապից բռ­նած, ետ գնաց ավե­լի լայն տե­ղով ան­ցնե­լու նպա­տակով:
Փախս­տա­կան­նե­րը նկա­տե­ցին, որ գե­տի ալիք­նե­րը լա­թի տարօրի­նակ կույ­տեր են բե­րում։
– Մար­դիկ են, մար­դիկ,– կան­չե­ցին բարձր դիր­քում կանգ­նած կա­նայք,– ե­րեքն են, չէ, չոր­սը, չոր­սը…
Չորս հո­գի ուժաս­պառ ե­ղած հանձն­վել են Կար­կա­ռի կամ­քին։ Մի քա­նի հո­գի, այդ թվում նաև Ռու­բե­նը, չո­քե­ցին փայ­տա­շեն կամրջա­կին՝ պատ­րաստ­վե­լով օգ­նել ջրա­խեղդ լինող մարդ­կանց։ Առա­ջի­նին չհասց­րին որ­սալ։
– Ռու­բեն, վեր կաց, դա քո գոր­ծը չէ,– խիստ ասաց Մա­նա­սը:
Ռու­բե­նը հպա­տակ­վեց Մա­նա­սի կամ­քին՝ տե­ղը զի­ջե­լով մեծա­հա­սակ­նե­րին: Փրփ­րած ալիք­նե­րը մա­նուկ ե­րե­խային այս ու այն կողմ էին թռց­նում։ Մար­դիկ որ­սա­ցին ե­րեք հո­գու: Այդ պա­հին քիչ էր մնում շրջ­վեր կա­մուր­ջը: Խլե­լով կա­տա­ղի ալիք­նե­րից՝ նրանց դուրս բե­րե­ցին ափ, պառ­կեց­րին խո­տե­րին։ Պարզ­վեց, որ շու­շե­ցի փախս­տա­կան­ներ ե­ն: Աղջ­նա­կը, տես­նե­լով գետն ըն­կած երե­խային, փոր­ձել էր դուրս բե­րել ջրից, ու ինքն էր հայտն­վել փրփրած ալիք­նե­րի մեջ։ Սկզ­բում մայրն էր նկա­տել ալիք­նե­րի մեջ մա­քա­ռող դս­տերն ու ջուրը նետ­վել, հե­տո՝ հայրը…
Փախս­տա­կան­ներն իս­կույն խա­րույկ վա­ռե­ցին, չո­րաց­րին փրկ­ված­նե­րի շո­րե­րը։ Քա­րին­տա­կի կող­մից մի քա­նի հոգի եկան՝ փայ­տե եր­կար ձո­ղե­րը ձեռքե­րին։
– Ջու­րը քշել է չորս հո­գու…
– Հա,– ասաց Մա­նա­սը,– ե­րե­քին փր­կե­ցինք, բայց փոք­րի­կին չհասց­րինք…
Տղա­մար­դը, ով փոք­րի­կի հայրն էր, հու­սա­հատ վա­զեց գե­տի ըն­թաց­քով։ Քիչ ան­ց հետ ե­կավ՝ ման­կի­կը գր­կին։
– Հու­նո­տի տղա­նե­րը փր­կե­ցին։ Նրանք, ձո­ղե­րը պատ­րաստ, գի­տե­ին, որ գետն ը­նկ­նող­ներ էլ են լի­նե­լու…– եր­ջա­նիկ ար­ցունք­նե­րը աչ­քե­րին՝ ասաց նա։
Ե­րբ կա­տա­ղի Կար­կա­ռից փրկ­ված ե­րե­խա­նե­րն ուշ­քի ե­կան, փախս­տա­կան­նե­րը շա­րու­նա­կե­ցին ճա­նա­պար­հը։ Մա­ռա­խու­ղը, օրը բաց­վե­լուն զու­գա­հեռ, ծա­ռե­րի կա­տար­նե­րին ու ապա­ռաժ­նե­րին քսվե­լով, վեր բարձ­րա­ցավ` բա­ցե­լով փախս­տա­կան­նե­րի տե­սա­դաշ­տը. Ջիրիդտափի ուղ­ղու­թյամբ կիր­ճի խոր­քից ապա­ռաժն ի վեր նայե­ցին։ Արյան ծա­րավ թա­թա­րա­կան ամ­բո­խը ապա­ռա­ժի ծեր­պից իրենց էր հետ­ևում ու սպառ­նա­լից հայ­հո­յանք­ներ բղա­վում, քա­րեր նե­տում։
Մի պահ Մա­նա­սը փախս­տա­կան­նե­րի շա­րա­սյունն էր տնտղում, ետ ու առաջ գնում:
– Համ­բո,– դի­մեց նա,– Թա­մա­րին չե՞ս տե­սել:
– Չէ, Մա­նաս, ոնց որ նա Քառասուն աս­տի­ճան­նե­րով Շու­շի է վե­րա­դար­ձել:
– Ախր նա ապա­ռաժ­նե­րով չէր կա­րող Շու­շի հաս­նել, թուր­քը նրա գլուխն էլ կու­տի:
– Ի՞նչ ասեմ, նա մեզ չլ­սեց: Ասում է՝ տղայիս մոտ եմ ուզում…
Շու­շվա փախս­տա­կան­նե­րի մի մա­սը լց­վել էր Քա­րին­տա­կի փո­ղոց­նե­րը։ Նրանք հայացքները երբեմն ապառաժն ի վեր էին հառում՝ մառախուղի միջով փորձելով մի վերջին անգամ տեսնել հարազատ բերդաքաղաքը: Գյուղն ար­դեն պի­տի պայ­թեր սո­ված ու մերկ մարդ­կանց քա­նա­կից։ Քա­րին­տակ­ցի­նե­րը գյու­ղա­մի­ջում գտնում էին ազ­գա­կից­նե­րին ու տուն տա­նում։ Շու­շի­ի Ղա­րա­բաղ­ցոց թա­ղի ընտա­նիք­նե­րի մի մա­սը բեր­դա­քա­ղաք տե­ղա­փոխ­ված քա­րին­տակ­ցի­նե­րից էին գո­յա­ցել, որոնք էլ վտանգ լի­նե­լու դեպ­քում ան­մի­ջա­պես հայ­րե­նի գյու­ղում էին ապաս­տան գտ­նում։ Ավե­լին տե­ղա­վո­րել քա­րին­տակ­ցի­նե­րը չէ­ին կա­րող։ Փախս­տա­կան շու­շե­ցի­ներն էլ հաս­կա­նում էին, որ իրենց այս­տեղ մնա­լը կա­րող է գյու­ղի վրա հար­ձակ­վե­լու առիթ դառ­նալ, մա­նա­վանդ որ, ապա­ռա­ժի վրայից հե­տևում էին իրենց։ Անընդ­հատ տար­բեր կող­մե­րից փախս­տա­կան շու­շե­ցի­ներ էին գա­լիս։ Ամ­բո­խը տա­րե­րայ­նո­րեն ան­տա­ռային ճա­նա­պար­հով շարժ­վեց դե­պի Սղ­նախ գյու­ղը։ Ռուբենն ուրա­խա­ցավ, ե­րբ կր­կին հան­դի­պեց Տիգ­րա­նին ավա­նա­կի հետ:
– Ջու­րը եր­կու­սիս քշել էր մինչև ներք­ևի կա­մուր­ջը: Կա­րող եմ ասել, որ էշն է ինձ դուրս հա­նել ջրից: Հե­տո ըն­կել եմ վրան, ինք­նու­րույն բե­րել է, Քա­րինտակ հասց­րել:
Սղ­նախ տա­նող ճա­նա­պար­հին Ռու­բե­նի ուժերը տե­ղի էին տա­լիս։ Սովն ու ծա­րա­վը թու­լաց­րել էին տղային։ Ոտ­քե­րը հրա­ժար­վում էին են­թարկ­վել։ Ե­րբ թե­քու­թյունն ավարտ­վեց, Ռու­բե­նը հետ շրջվեց: Կիր­ճի մյուս կող­մում Շու­շին էր՝ պարզ, ինչ­պես ափի մեջ:
– Շու­շի՜ն, Շու­շի՜ն,– կան­չեց Ռու­բե­նը:

[1] Ճանապարհ:

[2] Տմարդի:

[3] Անիմաստ գործերով մարդկանց գրգռող, նյարդայնացնող անձնա­վո­րություն:

[4] Կեղծ ծիծաղով ծաղրել:

[5] Սառը:

[6] Մատնաչափիկ:

[7] Ծղրիդի` ճիճիի նման միալար ու ձանձրալի խոսող:

[8] Մառախուղ:

[9] Խաչենի իշխանական տոհմից, 1701 թ. Գանձասարի կաթողիկոս, հայ ազա­տա­գրական շարժման գործիչ: Նրա օրոք Էջմիածնին ենթակա Աղվանից կաթողիկոսական թեմի իրավասության տակ էին Գան­ձա­կը, Շա­մա­խին, Ղարաբաղը, Շիրվանը, Բաքուն, Դարբանտը, Նու­խին, Պար­­տավը: Նա նամակներով դիմել է Պետրոս Առաջինին՝ օգ­նելու Ղարա­բա­ղում ծավալված ազատագրական շարժմանը, օգնել է Իսրա­յել Օրուն և Պետրոս Առաջինի հատուկ դեսպան Իվան Կարա­պետին, Ավան Յուզբաշի զորավարի հետ գլխավորել է Սղնախների ազա­տագրական պայքարը: Գրել է «Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից դիպելոց յաշխարհին Աղուանից» երկը, որից պահպանվել և հրատարակվել է միայն մի մասը: Մահացել է 1828 թ.:

[10] Բա էս ո՞ւր ենք գնում:

[11] Ավերված, լքված տուն:

[12] Զառիթափ բնական աստիճաններ:

[13] Անտառի կանաչ խոտաբույս արցախյան հաց թխելու համար:

[14] Ավան զորավարը, ով գլխավորում էր Հայոց Սղնախների (Արցախի) զորքերը, Հունոտի կիրճի քարանձավներում պաշտպանական համա­կարգ է ստեղծել, որի օգնությամբ էլ ութօրյա ճակատամարտում պար­տության է մատնել 1826 թ. թուրքական 40-հազարանոց բանակին:

 Բակուր` «Շուշեցու հիշատակարանը» գրքի մասին Հենրի Առուշանյանի գրախոսականը կարող եք կարդալ այստեղ

վ:շուշեցու հիշատակարանը

Share Button

1 Կարծիք

  • Spartak says:

    Այս ծավալուն գործը Պետական մրցանակի արժանի է՝ և ասելիքով, և բովանդակությամբ:Թող ներեն իմ ծանոթ բանաստեղծները՝ ծռտի-մռտի ոտանավորներով, այն էլ Պետական մրցանակ, ամոթ է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *