Սեւակ Արամազդ | Գլխաւոր խմբագիրը

Լուսանկարը՝ Սոնա Ադամյանի

Հատուած «Ձմեռը» վէպից

Ա

– Ես ձեր ձեռագիրը յանձնել եմ գլխաւոր խմբագրին,– թղթերով ու գրքերով լցուած իր նեղլիկ սենեակի խորքից ասաց գործավարուհին՝ սուր ծնօտով ու փոս ընկած աչքերով տարիքն առած մի կին։– Բարձրացէք վերին յարկ, ձախ կողմի դուռը,– կապոյտ գրիչը պահած մատների արանքում՝ նա աչքի վրայից յետ տարաւ մազափունջը եւ նորից դարձաւ իր գործին:
Կնոջ գործնական ձայնից որեւէ բան կռահել հնարաւոր չէր: Երբ Աւետը սկսեց բարձրանալ աստիճանները, մտքում մի պահ տեսաւ այդ տարեց կնոջը՝ թղթի կապուկներ ձեռքին, ծանր շնչելով վեր ու վար անելիս, եւ իրեն վատ զգաց՝ ինքն էլ իր հերթին նրան ակամայ նեղութիւն պատճառած լինելու համար:
–… այ էդպէ՜ս… լա՜ւ է, շատ լա՜ւ…– ասում էր մի տղամարդկային ձայն, որ հասնում էր աստիճանահարթակի ապակեպատ դռան յետեւից՝ մէկընդմէջ ուղեկցուելով տարօրինակ չխկչխկոցներով:
Երբ Աւետը մտաւ վերին յարկի միջանցքը, դռան մօտ կանգնած մի խնամուած բարձրահասակ տղամարդ նրան ձեռքով անխօս նշան արեց՝ չխանգարել: Աւետը կամացուկ փակեց դուռը եւ մնաց տեղում կանգնած: Ընդարձակ միջանցքը բռնուած էր մարդկանցով, տարազան օծանելիքների խառը բոյրերով եւ լցուած՝ զանազան սարքաւորումներով: Մեծ քթով մի միջահասակ մարդ, անըմբռնելի արագութեամբ փոխելով դիրքը, անընդհատ չխկչխկացնում էր լուսանկարչական սարքը:
– Այ էդպէ՜ս, սիրելի՜ս… հրաշալի՜ է… ուղղակի, անթերի՜ է,– ասես տենդի մէջ՝ բացականչում էր նա։
Նա, ում լուսանկարիչը քնքշօրէն անուանում էր «սիրելիս», բութ-կարծր դէմքով մի հաստամարմին լայնածնօտ տղամարդ էր, որն իր մեծ գլխով ու ակնաբներից դուրս պրծած անիմաստ աչքերով ակամայ նմանւում էր վայրի ցլի․ վերնաշապիկի օձիքն անփութօրէն բաց, խառնիխուռն մազերը տուած ինչ-որ սարքից փչող երեւակայական քամուն՝ նա կանգնել էր միջանցքի պատին փակցուած մի թեւաւոր ձիու հսկայական նկարի տակ, սեւ մահուդով ծածկուած շարժական պատուանդանին, եւ չորս կողմից ընկնող լուսարձակների ուժեղ լոյսի մէջ ապշեցուցիչ ճարպկութեամբ զանազան դիրքեր ընդունում. մե՛րթ խոնարհ կախում էր գլուխը, մե՛րթ շուռ գալիս եւ ուսի վրայով սուր-թափանցող մի հայեացք նետում ներկաներին, մե՛րթ ձեռքերը խաչում կրծքին, մե՛րթ կիսախուփ աչքերով խոհասոյզ նայում հայեացքի դէմ տարածուող ենթադրելի հեռուներին, մե՛րթ տարիմաստ ժպտում դէպի դիմացի մեծ լուսամուտը, որը մի մեծ, սեւ պաստառ բռնած երկու համազգեստաւոր բանուորներ հանգամանալից փակել էին, որպէսզի դրսի բնական լոյսը չթափանցէր ներս:
– Վե՜րջ,– վերջապէս ազդարարեց լուսանկարիչը եւ մօտենալով ցլագլուխ լայնածնօտին՝ գրպանից հանեց ինչ-որ թուղթ ու դէմ տուեց նրան:
– Որտե՞ղ պիտի ստորագրեմ,– առանց նայելու թղթին, անհամբեր հարցրեց ցլագլուխը:
– Այստեղ:
– Ախ, հա…– ցլագլուխն արագ-արագ ստորագրեց եւ կիսախուփ աչքերով անորոշ ժպտալով լուսանկարչին՝ գրիչը յանձնեց նրան ու սլացաւ դէպի դիմացի դուռը:
Թուղթը խնամքով դնելով գրպանը՝ լուսանկարիչը կարճ շոյեց լուսանկարչական սարքի ապակեայ աչքը եւ ամբողջ դէմքով լայն ժպտաց:
Միջանցքը միանգամից աշխուժացաւ: Իրար ձայնելով ու տպաւորութիւններ փոխանակելով՝ ներկաները շարժուեցին դէպի ելքը: Աւետը նստեց լուսամուտի տակ դրուած աթոռին՝ հայեացքով ակամայ հետեւելով բանուորներին, որոնք սովոր շարժումներով հաւաքում էին սարքերն ու պաստառները: Պատից պոկելիս թեւաւոր ձիու նկարն անսպասելիօրէն վերից վար շեղակի պատռուեց: Բանուորը, որ մի կարճահասակ երիտասարդ էր, մեղաւոր ժպիտով նայեց դէպի միջանցքի դռան մօտ կանգնած բարձրահասակ փողկապաւոր տղամարդը: Ի պատասխան՝ վերջինս նրան անփոյթ ձեռքով արեց, եւ երիտասարդը, ոգեւորուած՝ ամբողջովին պատառոտեց թեւաւոր ձիու նկարն ու կտորտանքները լցրեց աղբամանի մէջ: Շուտով ձայները հեռացան ու մարեցին, եւ շուրջը լռութիւն տիրեց: Աւետը շրջուեց դէպի լուսամուտը եւ նայեց դուրս. ապակիներից այն կողմ, երկնքի գորշ խորապատկերին, յառնում էր հազարաչքանի երկնաքերների խիտ անտառը:
Դռան յետեւից լսւում էին աշխոյժ խօսակցութեան ձայներ: Տղամարդու մի փափուկ-կանացի ձայն եռանդագին ինչ-որ բան էր բացատրում:
– Լաւ…– եկաւ ցլագլուխ լայնածնօտի ձայնը:– Բայց աւելի լաւ է՝ կարդամ: Լսի՛ր եւ ապշի՛ր:
Լսուեց կոկորդ մաքրելու խուլ աղմուկ, ապա լռութիւնից զատուեց նրա բարձր-ոգեշունչ ձայնը.
– «Երբ ես մեռայ
ծխնելոյզները թափահարում էին իրենց մրոտ գլուխները
ծխախոտը բերաններին
չուող թռչունները չւում էին դէպի տաք երկրներ
իսկ պատուհանները հռհռում էին ցեխոտ ջրափոսերի
ռեխին…»:
– Իհարկէ, հրաշալի է,– անփոյթ ընդհատեց առաջինը:– Միայն թէ որոշ բառեր կարելի է փոխել. ասենք՝ ոչ թէ «բերաններին», այլ «կտուցներին», ոչ թէ «հռհռում», այլ «քրքջում», ոչ թէ «ռեխին», այլ «դէմքին»: Դու ի՞նչ ես կարծում:
– Կարելի է, իհարկէ,– ընկճուած համաձայնեց ցլագլուխը,– բայց էսպէս ինձ աւելի է դուր գալիս… աւելի բնական է եւ աւելի ցայտուն է արտայայտում մահուան ամբողջ խորքային իրականութիւնը…
– Լաւ, էդպէս էլ կտպենք,– ասաց տղամարդու փափուկ-կանացի ձայնը:– Երեկոյեան կհանդիպենք… էլի էնտեղ, նոյն տեղում…
Լսուեց մի խուլ թմփոց: Աւետը տեսաւ, թէ ինչպէս հակառակ կողմից լուսամուտի քիւին նստեց մի խոշոր աղաւնի եւ գլուխը կտրուկ աջ ու ձախ դարձնելով՝ ասես ինչ-որ բան էր փնտրում: Զարմանալի էր, թէ նա ինչպիսի վստահութեամբ էր թառել մետաղի սուր զեհին եւ չէր վախենում գահավիժելուց: Դուռը բացուեց, եւ դուրս եկաւ ցլագլուխ բանաստեղծը: Դէմքին արբեցումի ու զարմանքի մի խառը ժպիտ՝ նա չտեսնող հայեացքով նայեց Աւետին եւ օրօրուելով հեռացաւ:

Բ

Գլխաւոր խմբագրի առանձնասենեակում կատարեալ խառնաշփոթ էր: Ամենուր իրար գլխի լցուած էին թերթերի ու հանդէսների կապուկներ, այստեղ-այնտեղ աթոռներին եւ ուղղակի յատակին շաղ էին եկած զանազան գրքեր՝ բաց վիճակում, բաց պահարանների դարակներից գլուխներն անուժ կախել էին փոշեպատ ձեռագրերի յուսախաբ բազմութիւններ, իսկ լուսամուտի գոգին դրուած սուրճի գաւաթի կողքին, թիթեղեայ ամանի մէջ ծուարել էր մի փոքրիկ ծաղկաթուփ, որն արդէն բոլորովին չորացած էր եւ պատուած՝ սարդոստայններով:
Լուսամուտի մօտ դրուած գրասեղանի առջեւ նստած էր երկար մազերով մէկը, որ թիկունքը դռան կողմը դարձրած՝ տարուած նայում էր դուրս: Անակնկալի գալով՝ Աւետը մի պահ կորցրեց իրականութեան զգացումը, նամանաւանդ որ սենեակը լուսաւորուած էր միայն դիմացի լուսամուտից ընկնող բնական գորշ լոյսով, եւ շուրջը գրեթէ կիսախաւար էր տիրում: Մարդը չնկատեց Աւետի ներս մտնելը, չարձագանգեց նաեւ նրա բարեւին. նա անփոփոխ դիրքով շարունակում էր նայել դիմացի երկնաքերին: Այդ ամենի մէջ ինչ-որ միտումնաւոր ցնդածութիւն կար, բանաստեղծական ցուցադրական անփութութիւն, եւ Աւետն ափսոսաց ներս մտնելու համար․ մի պահ նոյնիսկ մղուեց յետ դառնալու, երբ յանկարծ մարդը դանդաղ շրջեց դէմքը, եւ առաջին բանը, որ Աւետը տեսաւ, սեւ ու թաւ մի մօրուք էր:
– Չնկատեցի… նստեցէք, խնդրեմ․․․– սթափուելով՝ կեղծ ժպտաց գլխաւոր խմբագիրը եւ Աւետին պարզելով իր գունատ-ճերմակ ձեռքը՝ վեր կենալու շարժում արեց, սակայն, այնուամենայնիւ, մնաց նստած: Նրա ձայնն ու ձեռքը թողնում էին կանացի փափկութեան միեւնոյն տպաւորութիւնը, որն աւելի էր ընգծւում սեւ-խոշոր աչքերի տխուր-եղերական արտայայտութեամբ:
Աւետը նստեց գլխաւոր խմբագրի դիմաց եւ ինչ-որ ճնշում զգաց բիբերում: Ակամայ տրորեց աչքերը:
– Արհեստական լոյսից զզւում եմ,– ճակատը կնճռեց գլխաւոր խմբագիրը,– դրա համար էլ չեմ վառում… բայց եթէ դուք…
– Չէ,– ասաց Աւետը,– էսպէս նոյնիսկ աւելի հաճելի է:– Ես…
– Երեւում է, դուք լաւ մարզավիճակում էք,– անսպասելի մտերմութեամբ վրայ բերեց գլխաւոր խմբագիրը՝ աչքի տակով հետաքրքրութեամբ զննելով Աւետին:– Ենթադրում եմ, որ զբաղւում էք բռնցքամարտով․․․– բեղումօրուքի մէջ թաղուած նրա բարակ շրթունքները հեգնալից ժպիտով ձգուեցին, ինչից ամբողջ մօրուքը նկատելի ցնցուեց:
– Ոչ,– շփոթուեց Աւետը,– ինչո՞ւ…
– Նայելով ձեզ՝ ակամայից յիշեցի այն պարզունակ հէքիաթի հերոսին, որը եղունգներով քարաժայռեր է պոկում լեռներից եւ շպրտում թշնամական նաւերի յետեւից: Յուսով եմ, իմ դէպքում բանը դրան չի հասնի…– գլխաւոր խմբագիրը բազմանշանակ ծիծաղեց:
Աւետը մի պահ մղուեց վեր կենալու եւ անխօս հեռանալու այդտեղից, բայց վերջին պահին փոխեց միտքը եւ սեղմելով շրթունքները՝ մնաց նստած:
Նրա ուշադրութիւնը գրաւեց սեւ կազմով բարալիկ մի գիրք, որը որոշ թեքութեամբ դրուած էր գրասեղանին, խմիչքի կիսատ շշի եւ հեռախօսի արանքում: Կարդաց վերնագիրը. «Էմանուէլ Նազրոֆ: Վերջին կամքը: Գիրք երկրորդ»: Ակամայ հայեացքը կանգ առաւ կազմի ստորին մասում զետեղուած շեղատառ մակագրութեան վրայ. Արժանացել է «Փշէ Պսակ» գրական բարձրագոյն մրցանակին:
– Իմ գիրքն է,– համեստաբար ժպտաց գլխաւոր խմբագիրը:
– Գիտեմ,– Աւետը գլխով արեց,– ունեմ։
– Ճիշտն ասած, ես չէի համաձայնում ընդունել մրցանակը, քանի որ, իմ անկեղծ համոզումով, գեղարուեստը վեր է նման բաներից: Բայց դէ, ի վերջոյ, ինձ ստիպեցին…– թախծաժպիտ ինքնակարեկցանքով ասաց Էմանուէլ Նազրոֆը եւ խորունկ հառաչելով՝ տիրականօրէն յետ ընկաւ աթոռի թիկնակին:
– Ես էլ եմ այդպէս կարծում,– ասաց Աւետը:
Էմանուէլ Նազրոֆը հայեացքը խոնարհեց, եւ դէմքով ստուեր անցաւ: Նա որոշ ժամանակ խորզգայ-սպասողաբար լռեց, ապա ձեռքը պարզեց խմիչքի շշին:
– Բարդ է կեանքը,– լցնելով բաժակը՝ մտահոգուած ասաց նա,– բայց, ինչպէս ասում է իմ տաղանդաւոր աշակերտներից մէկը, աւելի բարդ է չխմելը: Չէի՞ք կամենայ,– նա շիշն օդում տատանեց:
– Չէ, շնորհակալ եմ,– հրաժարուեց Աւետը եւ տեղում մի անհանգիստ շարժում արեց. նրան չէր լքում զգացումը, թէ իր առջեւ նստածը, այնուամենայնիւ, կին է…
– Ես այդպէս էլ գիտէի,– նենգօրէն ժպտաց Էմանուէլ Նազրոֆը:– Ձեր տեսքից երեւում է, որ խմող չէք…– նա կոնծեց բաժակը՝ յընթացս, ի զարմանս Աւետի, միւս ձեռքով լցնելով նորը:
Աւետը մտքում արդէն որոշել էր նրան յիշեցնել իր այցելութեան նպատակի մասին, երբ Էմանուէլ Նազրոֆն ինքը, շիշն ու բաժակը զգուշօրէն մի կողմ հրելով, տեղ բացեց գրասեղանի երեսին:
– Ի՞նչ էր ձեր գործի վերնագիրը,– առանց նայելու, ասես թաքնուած չկամութեամբ հարցրեց նա, եւ դէմքը յանկարծ պրկուեց ու ստացաւ գործնական նախայարձակ արտայայտութիւն:
– «Աստղալեռ»,– ասաց Աւետը:
– Աստղը եւ լեռը․․․ լեռը եւ աստղը…– մտազբաղ կրկնեց Էմանուէլ Նազրոֆը,– որտե՞ղ եմ դրել… որտե՞ղ եմ դրել… Ախ, հա,– յանկարծ գլխի ընկաւ եւ կռանալով՝ գրասեղանի ոտքի մօտ խառնիխուռն լցուած թղթերի զանգուածից վերցրեց ձեռագրերի մի կոյտ, այտերն ուռեցնելով՝ ուժգին փչեց-թռցրեց փոշին ու դնելով սեղանին՝ սկսեց թերթել:– Ա՜յսպէս…– մի տեսակ սպառնանքով ծոր տուեց նա:
Աւետն ակամայ սկսեց հայեացքով տնտղել սենեակը: Չորացած ծաղկաթփի ճիւղերին պարուրուած սարդոստայնը հազիւ նկատելի տատանւում էր, սակայն սարդն ինքը չէր երեւում. երեւի, ինչ-որ տեղ տերեւների խորքում թաքնուած՝ ստուգում-ամրացնում էր իր բոյնը կամ էլ զուարճանում՝ տեսնելով, թէ ինչպէս է ճանճն անզօր թպրտում, որպէսզի ազատուի կպչուն թելերից, սակայն աւելի ու աւելի է խճճւում դրանց մէջ: Աւետի ուշադրութիւնը գրաւեց դիմացի պատին փակցուած մի բաւականին մեծ նկար. ամբողջովին սեւ, տափակ-փայլուն երեսով մի կապիկ իր խոշոր, թախծոտ աչքերը լուռ կարեկցանքով յառել էր մարդկութեան բոլոր պատկերացումները գլխիվայր շրջած մի հռչակաւոր գիտնականի դէմքին եւ կարծես խորունկ ափսոսանքով ասում էր. «Մա՛րդ, բա էդպիսի բան կանե՞ն…»:
Աւետը ժպտաց ու յետ ընկաւ աթոռի թիկնակին: Թիկունքից լսուեց մի տարօրինակ շրշիւն: Յետ նայեց. դռան անկիւնում անփոյթ դրուած երկու գրապահարանների արանքում, գորշ լոյսի մէջ, որոշ թեքութեամբ նստել էր մազերը պոչ կապած մի երիտասարդ կին եւ ոտքը ոտքին գցած՝ անաղմուկ թերթում էր գոգին դրուած մի մեծ գիրք: Զգալով Աւետի հայեացքը՝ նա գլուխը բարձրացրեց ու քաղաքավարի ժպտաց, ապա նորից շարունակեց թերթել: Կնոջ անսովոր կլոր դէմքը, կլոր-ապակեփայլ աչքերը, նուրբ քիթն ու լիքը շրթունքները օտարոտի տպաւորութիւն էին թողնում. ասես նա մի բացակայ ներկայութիւն էր, որ յուշիկ ու աննկատ միշտ այդտեղ նստած՝ լռում էր: Աւետն այնպէ՛ս անակնկալի եկաւ, որ նոյնիսկ գլխի չընկաւ փոխադարձել նրա ժպիտը:
– Սա Սոֆին է․․․ Սոֆին․․․– նենգիմաստ ժպտաց Էմանուէլ Նազրոֆը,– ապագայի փայլուն բանաստեղծուհի…
Աւետը սիրալիր գլխով արեց կնոջը, որը պատասխանեց նրան նոյն մեղմ ժպիտով:
– Դուք դէ՞մ էք քաղաքակրթութեանը,– յանկարծ հարցրեց գլխաւոր խմբագիրը՝ ձեռքի ափը դատաւորի մուրճի պէս կամացուկ, բայց կտրուկ զարկելով Աւետի ձեռագրին, որը բաց դրուած էր նրա առջեւ: Ձայնը լուրջ էր եւ խիստ:
– Ինչո՞ւ,– զարմացաւ Աւետը:
– Չգիտեմ, բայց ես ձեր գործից նման տպաւորութիւն ստացայ․․․– գլուխը կախելով՝ մռայլ նետեց Էմանուէլ Նազրոֆը:
Աւետը նկատեց, որ նրա ձեռքերը դողում են:
– Անյայտ է, թէ ո՞ր դարաշրջանում, ո՞ր երկրում եւ ինչպիսի՞ պատմաքաղաքական հանգամանքներում է կատարւում գործողութիւնը,– նոյն դժգոհ-ջղային ձայնով շարունակեց Էմանուէլ Նազրոֆը:– Կարծես ամեն ինչ տեղի է ունենում մի անմարդաբնակ կղզում կամ նախնադարեան ամայի քարանձաւում: Եւ յետոյ՝ անյաջող է նաեւ վերնագիրը. ի՞նչ է նշանակում «Աստղալեռ»: Աստղն ինչպէ՞ս կարող է ունենալ լեռ: Որքան ինձ յայտնի է, աստղերը կրակէ կլոր գնդեր են, որ գտնւում են երկնքում, իսկ լեռները՝ երկրի վրայ, թէ՞ ձեզ յայտնի է մէկ ա՛յլ տարբերակ, որ հասու չէ նուաստիս․․․ Կարծում եմ, դուք պարզապէս ուզեցել էք ասել՝ «աստղն ու լեռը» կամ նման մի բան, այնպէս չէ՞,– գլխաւոր խմբագիրը բարձրացրեց գլուխը եւ տարիմաստ նայեց Աւետին, ապա հապճեպօրէն նորից կախեց ու շարունակեց նոյն յանգով:– Եթէ դուք կարծում էք, թէ նման գործերով կարող էք անուն հանել կամ հարստանալ, ապա, ցաւօք, սխալւում էք. դա հնարաւոր չէ: Ո՛չ միայն հնարաւոր չէ, այլեւ պարզապէս անիմաստ է: Դուք պէտք է ձեր մատը դնէք օրուայ զարկերակին եւ զգաք, թէ ինչպէ՛ս է բաբախում մեր բարդագոյն ժամանակի խռովայոյզ սիրտը…
– Բայց իմ գրածը բոլորովին ա՛յլ բանի մասին է,– տարակուսեց Աւետը՝ զգալով, թէ ինչպէս սիրտն սկսեց անհանգիստ տրոփել:
– Ի՜նչ բանի…– ասես խոցուած՝ հեգնանքով ծոր տուեց Էմանուէլ Նազրոֆը:
Աւետը շփոթուեց. ինքն էլ այդ մասին չէր մտածել:
– Դէ… որ աստղերը չեն կարող չշողալ․․․– ինքնաբերաբար դուրս թռաւ նրա շուրթերից:
– Պահօ՜, մե՜ծ բան,– կծու-ծաղրագին բացականչեց Էմանուէլ Նազրոֆը,– չլսուած-չտեսնուած յայտնագործութի՜ւն…– նա մոլեգին փայլեցրեց աչքերը եւ չարութեամբ փնչաց:– Էդպէ՜ս է, ամեն մէկին թւում է, թէ ինքն անգերազանց հանճա՜ր է… Գիշերները զառանցո՜ւմ են, ցերեկները՝ զառանցանքը յանձնում թղթի՜ն ու թեւի տակ դրած՝ վազում մրցանակ ստանալո՜ւ… Այդպէս չէ, երիտասա՛րդ, գրականութիւնը մեր քաղաքակրթութեան մեծագոյն նուաճումներից է, եւ ո՛չ բոլորին է տրուած նրա անմատչելի գագաթը բարձրանալու դժուարին առաքելութիւնը: Գրող լինելու համար հարկաւոր է կատարելապէս տիրապետել ոճաարտայայտչական բոլոր միջոցներին եւ ձեւերին, պէտք է իմանալ տառացիօրէն ամեն ինչ. օրինակ, դուք գիտէ՞ք, թէ ո՞ր ամսի ո՞ր տասնօրեակում եւ ինչպիսի՞ եղանակային պայմաններում է ծաղկում թզի ծա՜ռը… Իհարկէ, չգիտէ՛ք: Իմ թանկագին խորհուրդը ձեզ՝ գնացէ՛ք եւ զբաղուէ՛ք ձեր բռնցքամարտով: Համոզուած եմ, որ այդ բնագաւառում դուք հրաշալի արդիւնքների կհասնէք…– խոր հոգոց քաշելով՝ Էմանուէլ Նազրոֆը գլխի կտրուկ շարժումով ուսի վրայ յետ գցեց մազերը եւ դէմքը շրջելով դէպի լուսամուտը՝ սկսեց նայել դուրս:
Տիրեց ծանր լռութիւն:
– Կարո՞ղ եմ յետ վերցնել իմ ձեռագիրը,– Աւետը վեր կացաւ:
– Թէեւ մեզ մօտ ձեռագրերը չեն վերադարձւում, բայց ես ձեզ համար սիրով բացառութիւն կանեմ,– մեծահոգաբար բաշխեց գլխաւոր խմբագիրը՝ ձեռագիրը պարզելով Աւետին:– Աշխատէք հաշուի առնել իմ դիտողութիւնները. դուք դեռեւս երիտասարդ էք, եւ ձեր առջեւ բաց են բոլոր ճանապարհները…– նա բարեկամաբար ձեռքը մեկնեց Աւետին եւ ժպտադէմ նայեց ուղիղ նրա աչքերի մէջ:
Դռան անկիւնում, որտեղ առաջ նստած էր մազերը պոչ կապած կինը, դատարկ էր. աթոռին բաց դիրքով հանգչում էր միայն գիրքը՝ լցուած զանազան պատկերներով: Երբ Աւետը բացեց դուռը, թիկունքում սուր հնչեց հեռախօսի զանգը: Ակամայ յետ նայեց. ապշեցուցիչ ճարպկութեամբ Էմանուէլ Նազրոֆը հասցրեց ե՛ւ վերցնել լսափողը, ե՛ւ, միաժամանակ, կոնծել խմիչքը: Քիչ անց միջանցքի լռութեան մէջ տարածուեց նաեւ նրա անփոյթ-տիրական ծիծաղը…
Վերին յարկից իջնելիս Աւետն աստիճանների գլխին մի պահ կանգ առաւ եւ բացելով ձեռագիրը՝ տնտղեց: Մատ դիպած չէր: Միայն առաջին էջի այն մասում, որտեղ գրուած էր. «Նա վերադարձել էր», դաջուած էր գրչի մի սեւ հարուած:

2006թ․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *