Վարուժ Սուրէնեան | Կարմիր նարինջներ թաթախիած աղի մէջ

Վարուժ Սուրենեան

Նկարիչ եւ արւեստագէտ Քարեն Բաբայեանը ծնւել է Թեհրանում, հայ եւ անգլիացի ծնողներից, ու թէեւ նա տասնվեց տարեկանում թողել է Իրանը եւ հիմա աւելի քան երեսուն հինգ տարի է որ ապրում եւ աշխատում է Անգլիայում, սակայն իր կապերը չի խզել իր հայկական արմատների հետ: Նա նոյնիսկ օգտագործում է իր մօր ազգանունը, կարծես շեշտելու համար կապն այդ արմատների հետ: Բայց նա նաեւ կառչած է իր իրանական արմատներին, որը յաճախ է նշւում նրա յուշերում:
Ք. Բաբայեանի ԿԱՐՄԻՐ ՆԱՐԻՆՋՆԵՐ ԹԱԹԱԽՒԱԾ ԱՂԻ ՄԷՋ-ը գիրքը, որը նրա դոկտորական աւարտաճառի մասն է կազմել, իր մէջ է պարունակում հեղինակի եւ իր ազգականների յուշերը, հեռու անցեալից մինչեւ մեր օրերը: Դրանք սկսում են հեղինակի մեծ-մեծ-մեծ մօրից, ով՝ փախչելով Արեւմտահայաստանում սկսած վայրագութիւններից, հաստատւում է Սալմաստում, որպէսզի կրկին փախուստի ճամբան բռնի, երբ թուրքերը՝ հատելով սահմանը, հասնում են Սալմաստ: Այս գաղթերն ու տեղաշարժերը, որոնք երբեմն նաեւ մարդկային զոհերի պատճառ են դառնում, միշտ առկայ են այդ ընտանիքի կեանքում երկարաձգւելով մինչեւ մեր ժամանակները, երբ Բաբայեանների ընտանիքը վերջնականապէս հաստատւում է Անգլիայում եւ Քանադայում: Բայց դա իսկապէս վերջի՞նն է լինելու:
Քարեն Բաբայեանը այդ յուշերն ու դէպքերը պատմում է գեղարւեստականօրէն, ներգրաւելով ընթերցողին հերոսների ապրումների մէջ, նոյնիսկ եթէ այդ ապրումները արտակարգ պատահարների արդիւնքը չեն եւ գրւած են ընդամէնը մէկ էջում: Բայց գրողն դրանք չի պատմում ըստ դէպքերի հերթականութեան, այլ հատւածաբար եւ առանց որեւէ ժամանակի ընթացական կարգով: Դա նման է արւեստի մի քոլաժ գործի, ուր արւեստագէտը տարբեր, երբեմն իրար հետ չառնչւող, պատկերներ կամ իրեր նոյն պաստառի վրայ տեղադրելով մի կտաւ է ստեղծում, որն ընդհանուրի մէջ դառնում է գեղարւեստական գործ եւ՝ փոխանցելով իր պատգամը դիտողին, հաղորդակցութիւն է հաստատում նրա գեղագիտական զգացմունքների հետ: Երեւի հէնց նոյն միտքը փոխանցելու նպատակով է, որ հեղինակը իր քոլաժներից մէկը կցել է գրքի ներսի կազմին, մի քարտէզ մեր շրջանից, որի վրայ տարբեր լուսանկարներ են փակցւած տարբեր անձնաւորութիւններից ու տեսարաններից:
Նա տպաւորւած է իր մեծ մօր պատմած յուշերից, որոնք մաս են կազմում նրա գրքի մի խոշոր բաժնին: Այս տեսակէտից նա նմանում մի այլ իրանահայ գրող՝ Լէոնարդո Ալիշանին, ով իր պատմւածքների մեծ մասը գրեց էր իր մեծ մօր միջոցով պատմւած պատմութիւնների ազդեցութեան տակ:
Իրանում ապրած տարիները խոր ազդեցութիւն են թողել Բաբայեանի վրայ: Իսկ նա մեծապէս գնահատում է ընտանեկան կապերը, որոնք այն ժամանակ (եւ որոշ չափով դեռ այսօր) առկայ էին Իրանում եւ ընդհանրապէս արեւելքում: Պարզ է, որ միջավայրը դերակատար է այդ կապերը ամրապնդելու գործում, քանի որ հեղինակի մեծ մօրեղբայրը, ով նրա նման ծնւել է հայ եւ անգլիացի ծնողներից սակայն ամբողջ կեանքը ապրել է Անգլիայում, դժւարութեամբ է ընդունում հաղորդակցւել իր արիւնակիցների հետ եւ նախընտրում է մեկուսացած կեանք վարել, ինչն անչափ հեռու է Բաբայանների ընտրած ապրելաձեւից: Նման համեմատութիւններ դարձեալ կան գրքում, որոնք՝ միւս նշւած յատկութիւնների հետ միասին, գրքի ընթերցումը դարձնում են հաճելի եւ հետաքրքիր:
Յաճախ ենք նշել, որ հակառակ հայերի երկարատեւ ներկայութեանը Իրանում, քիչ բան է գրւել իրանահայութեան եւ նրանց կենցաղի մասին: Քարեն Բաբայեանի այս գիրքը, որը գրւել է գեղարւեստական ոճով եւ անկեղծօրէն, գալիս է մի բան աւելացնելու այդ քչին:

Կարեն Բաբայանի գրքից  մի հատված կարող եք կարդալ այստեղ

Blood Oranges 1 (1)


BLOOD ORANGES DIPPED IN SALT
ԿԱՐՄԻՐ ՆԱՐԻՆՋՆԵՐ ԹԱԹԱԽՒԱԾ ԱՂԻ ՄԷՋ
Հեղինակ՝ Քարեն Բաբայեան
Հրատարակութիւն՝ Wild Pansy Press, 135 էջ, Լիդզ, Անգլիա – 2012թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *