Պեդրո Սալինաս | Բանաստեղծություններ

Պեդրո Սալինաս

Քանի, քանի անգամ եմ նայել քեզ,
ո՛չ, քեզ չեմ նայել, այլ այն պատկերին՝
ճշգրիտ և անառիկ, որ արտացոլվում է
դավաճան հայելու անդրադարձի մեջ:
-Համբուրի՛ր ինձ,– ասում ես դու
համբուրում եմ քեզ և մտածում,
թե որքա՜ն սառը կլինեն շուրթերդ հայելու մեջ:
Շնջում ես ինձ. «Հոգիս քեզ եմ տալիս»,
բայց ներսումս զգում եմ մի դատարկություն,
որ կարող է լցնել միայն այն հոգին,
որն ինձ չես տալիս:
Այն հոգին, որ, նոր կերպարանք ստանալով,
լոկ քո ձևն է ստանում հայելու մեջ:

***

Դու՛, դու չես
Ես քեզ չեմ տեսնում,
երբ նայում եմ այստեղ՝ կողքիս,
բայց նայելով ջրին՝ տեսնում եմ:
Երբ լսում եմ քեզ
լավ չեմ հասկանում լռությունդ,
բայց հասկանում եմ՝ նայելով ջրի հանդարտ հոսանքին:
Ահա երկինքը
և՛ դու ես նայում, և՛ ես եմ նայում,
վերևում անգամ երկինքն անծայր չէ:
Բայց դու, հենվելով երկնի բազրիքին,
Տեսնում ես, որ այն ունի չորս անկյուն,
որ նաև թաց է,
քառակուսի է,
և ջրի մեջ է:

***

Քո վերջին «Մնաս բարով» բառով
Լռության մատնեցիր երեկ գիշերը,
Թեկուզև իր կույր ակնհայտությամբ
Աչքս կուրացնի արևի շողը,
Մաքուր և պարզ գիշերը, ինչպես երեկ էր,
Քո լռության մեջ է ապրում լոկ:
Միևնույն է, ոչնչի չի հասնի վերերկրյա գաղտնիքը
Մինչև որ այսօր շուրթերիցդ հնչող
Քո «Մնաս բարով»
Առաջին բառով,
Չարարես իմ օրը:

***

Աչքերս բաց են.
Քեզ չեմ տեսնում,
Մշուշի մեջ ես դու,
Մշու՜շ…
Հայացքով այն չես տեսնի,
ձեռքով չես ցրի,
սիրելով չես սպանի:
Մշու՜շ …
Հայա՞ցք.
Ինչի՞ համար,
Երբ կամքն է անօգուտ:
Աչքերս փակ են.
Քեզ չեմ տեսնում, արդեն զգում եմ քեզ,
Կաս, կամ՝ քո կողքին,
Մշուշի մեջ ես դու:

***

Ես քեզ չեմ փնտրում,
Որովհետև գիտեմ, որ անհնար է
Գտնել քեզ … այսպես փնտրելով:
Լքե՜լ քեզ… քեզ կլքեմ այնպես,
Ինչպես լքում են մոռացված մեկին,
և կմտածեմ այլ բաների մասին
որպեսզի… քո՛ մասին չմտածեմ,
բայց մտքիս մեջ քեզ ամուր պահելով՝
մտածում եմ դատարկ բաների մասին:
Շուրթերից հնչող անվերջ ծեծված խոսքեր՝
«Վաղը պետք է սա անեմ»
«Ճի՛շտ այդպես»
«Ավելի լավ կլիներ»
Խաբկա՜նք…
Ի՜նչ հեշտ է ամեն ինչ
Որքա՜ն հեշտ է արդեն ամեն ինչ
Մոռացվա՜ծ իմ սեր…

***
Դու արդեն չկաս
Այն, ինչ մնացել է քեզնից
Լոկ ստվեր է, խաբկանք:
Հոգիդ հեռացել է այնտեղ,
Ուր դու պիտի գնաս վաղը:
Երեկոն դեռ նվիրում է ինձ
Սին պալատներ,
Տարտամ ժպիտներ,
Դանդաղկոտ ժեստեր
Ու մոլորված մի սեր:
Հեռանալու քո ցանկությունը
Քեզ տարավ այնտեղ, ուր ուզում էիր,
Հեռու այստեղից, որտեղ ասում ես ինձ:
«Նայի՛ր, այստեղ եմ, քե՛զ հետ»,- ասում ես ինձ՝
Մատնանշելով բացակայությունդ:

***

Ուղղակի ներկա
Ո՛չ հուշեր, ո՛չ գուշակություն,
Միայն հիմա՝ երգելով,
Ո՛չ լռություն, ո՛չ բառ,
Քո ձայնը՝ միայն ու միայն հետս խոսելիս:
Ո՛չ ձեռքեր, ո՛չ շուրթեր,
Միայն երկու մարմին՝
Բաժանված հեռու հեռվում:
Ո՛չ լույս, ո՛չ մշուշ,
Ո՛չ աչքեր, ո՛չ հայացք,
Ցոլանք՝ հոգու ցոլանք:
Եվ վերջապես
Ո՛չ վայելք, ո՛չ ցավ,
Ո՛չ երկինք, ո՛չ երկիր,
Ո՛չ վերև, ո՛չ ներքև,
Ո՛չ կյանք, ո՛չ մահ, ոչինչ,
Միայն սեր, միայն սիրելով:

***

Եվ մի՞թե սա սեր է.
Հրաժեշտ, որ չունի վերջ:
Ապրել սկզբից, ասել է թե բաժանվել:
Առաջին հանդիպում. լույսեր, շուրթեր,
սիրտն զգում է կույր լինելու թախիծն այն,
որ տևում է մեկ օր միայն:
Սերը սեփական վերջի դարձն է հրաշալի,
Ասել է թե ձգել կախարդական արարումն այն պահի,
երբ մեկը դառնում է երկու՝
ընդդեմ կյանքի դատապարտմանն առաջին,
Կատարյալ համբույր մի, որ հեռու է վանում ժամանակը,
Նետում է հեռու, անեզր դարձնում աշխարհն այն փոքր,
որտեղ դեռ կարող են համբուրվել երկուսով:
Ո՛չ գալստի, ո՛չ գտածի մեջ է սիրո վերջը,
այլ՝ բաժանմանը դիմակայելու,
որտեղ երկուսն այն դողացող ու մերկ՝ իրենց զգում են ամենաբարձրում:
Իսկ բաժանումն այն պահը չէ,
երբ ձեռքերն ու ձայները հեռանում են՝ հրաժեշտին հատուկ ժեստերով:
Բաժանվում են դրանից առաջ կամ դրանից հետո,
Երբ միմյանց ձեռք են սեղմում, երբ գրկում են միմյանց,
եթե ոչ երբեք բաժանվելու համար,
ապա որովհետև հոգին կուրորեն զգում է,
որ միասին լինելու միակ հնարավոր եղանակը՝
Պարզ, բայց երկար հրաժեշտ տալն է,
իսկ ամենահաստատը՝ հրաժեշտը:

«Ամպը»

Ամպը, որ քամի է բերում,
բառերը, որ ցավ են բերում
այլ բառեր են մաքրում դրանք
այլ քամի է տանում ամպին:
Եթե ինչ-որ աչքեր մերժում են քեզ,
երբ նրանց ես տալիս հայացքդ,
դու չդադարես նայել նրանց,
այլ սպասի՛ր:
Լուսինը նույնպես հեռանում է, սակայն,
անթիվ աստղերը` հայացքները պարզած
ամբողջ գիշեր սպասում են նրա դարձին:
Լուսինը նրանց կլոր երջանկությունն է,
որ չի հեռանում, երբ գնում է, փոխարենը
գնում է վերադարձի ճամփաներով
դեպի այն աչքերը, որոնց լույս է տալիս:
Լույսը երբեք չի մարի,
եթե ձեռքերիցդ խույս են տալիս այն ձեռքերը,
որոնց այդքան պահել ես ձեռքերիդ մեջ` երազանքիդ կապված
ինչպես գետը` իր ափերին,
ուրեմն` մի՛ փակիր դրանք:
Ջուրը հավատարիմ է իր հունին` հոսելով միայն խորացնում է իր հունը,
երբ իր վստահելի ճամփաբաժաններով
գնում է դեպի իրեն սպասող ճակատագիրը:
Քո ձեռքերը, որ հողից են ստեղծված

Իսպաներենից թարգմանությունը ` Ռուզաննա Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *