ԿԱՐԵՆ ՂԱՐՍԼՅԱՆ | 00:00:00

Օրս սկսվեց աշխատանքի գնալով` սրճարան: Ուժեղ անձրև էր գալիս, ու հաճախորդ հազարից մեկ էր գալիս: Առավոտ մենեջերից իմացա, որ ինձ շատ չեն սիրում աշխատակիցներիցս ոմանք ու այդ պատճառով քիչ ժամեր են տալիս՝ շաբաթը 3 ժամ կամ, եթե բախտս բերեց, 6 ժամ: Թեյավճարի հույսին եմ: Զուգընկերս էլ՝ Մորգանը, մի չաղլիկ աղջիկ է, որին ևս շատ չեն սիրում: Դրա համար իրար հետ ենք աշխատում: Միակ ընդհանրությունը, որ մեր մեջ կա, մեր նկատմամբ մեր աշխատակիցների ոչ բարեհամբույր վերաբերմունքն է: Ժամը 7-ի կողմերը փակեցինք սրճարանն ու պոկվեցինք տներով: Բաժանման պահին իրար նոր տարի շնորհավորեցինք: Հետո Մորգանը մի քանի կեղտոտ մաղթանքներ հղեց մեզ չսիրող աշխատիկցների հասցեին, ես նրան երջանկություն ցանկացա նոր տարում ու բաժանվեցինք:

Տուն էի գնում ու հիշում, որ սենյակս իսկական խոզանոց է: Բացի դրանից՝ տանը ուտելու բան չունեմ: Հետո հիշեցի, որ մի 4 կիլո կարտֆիլ ունեմ: Հաց պիտի առնեմ: Խմիչք չունեմ: Մի հատ գարեջուր կառնեմ՝ «Բալտիկա»: Փառք աստծո այսօրվա թեյավճարը՝ չորս ու կես դոլար, ավտոբուսի (1 դոլար 25 ցենտ), հացի (89 ցենտ) ու մի շիշ «Բալտիկա»-յի (2 դոլար) համար բավարար կլինի: Բա տոնածա՞ռ: Տոնածառի չի հերիքի: Մի հարյուր մետր անցա, ու միտք եկավ: Լէփթոփիս մեջ ֆոտոշոփով մի հատ տոնածառ կնկարեմ, տակը լիքը պես-պես նվերներ ընկերներիս համար: Հնարավորինս հասակով տոնածառ պիտի նկարեմ: Տոնածառը պառկած դիրքով կնկարեմ, հետո լէփթոփս ուղղահայաց դիրքով կդարձնեմ:

Մտա խանութ, առա «Բալտիկա», մտա Ռալֆս սուպերմարկետ, առա հաց, գնացի տուն: 20:00: Մտա տուն: Սենեկընկերս տանը չէ: Նոր տարին ամենայն հավանականությամբ դասընկերների հետ է նշելու: Տունը խոզանոց էր: Տրամադրությունս շատ ընկավ: Մտա իմ սենյակ՝ սրտաճաք խոզանոց: Քայլելու տեղ չկա: Գրքեր, ստացականներ, տոպրակներ, սիգարետի դատարկ տուփեր, ծխախոտի դատարկ տոպրակներ, ճղած կոշիկներս, գրքեր, տուփեր, թերթերի պատառիկներ, գովազդային կտրոններ, շորեր, շորեր, շորեր, թղթեր՝ իմ թափված մազերի ու մոխրի մեջ կորած, ամենուր՝ ամբողջ հատակին, չհավաքած անկողնուս, բազմոցիս, սեղանիս ու աթոռիս վրա:

Քրտինքս վրայիցս վազում էր, կատաղեցի, ուսապարկս շպրտեցի մի կողմ ու ամենայն վճռականությամբ անցա գործի առանց էներգետիկ երաժշտություն միացնելու: Հոգնել էի ամեն ինչից: Ամբողջ սենյակումս կյանքիս ամենատաժանակիր տարվա՝ 2005-ի հետքերն էին: Հոգնել էի: Երևի ոչ մի հյուրի համար այդքան նախապատրաստական աշխատանք կատարած չկամ:

2 Ժամ անց ավարտեցի սենյակիս գործերը: 16 քառակուսի մետրանոց սենյակս 160 քառակուսի մետրանոց պատկերացավ: Լայնարձակ, լուսավոր, կոկիկ, մաքուր ու հարմարավետ:

Գնացի որ լողանամ, տեսնեմ մի խոզանոց էլ բաղնիքն էր: Խոհանոցային պիտույքներ փայլեցնող հեղուկը ցպնեցի չորս բոլորս, սպունգն առա ձեռս ու անցա գործի: Լվացարանը պլպլացրի ու ընկա ինձնից վատթար մազակալած զուգարանին: Պլպլացրի դրսից-ներսից, հատակին չոքեցի, հեղուկը հատակի շորով սրբեցի, հետո նորից չոքեցի, որ քրտնքիս կաթիլներն էլ լիկվիդացնեմ: Գնացի խոհանոց: Խոհանոցի լվացարաններից մեկում սենեկընկերոջս ամիսներով անլվա բաժակներն ու ամաններն էին: Կարտոֆիլ դրեցի, որ խաշվի ու հարձակվեցի սենեկընկերոջս կեղտոտ բաժակների ու ամանների վրա, լվացի, չորացրի, շարեցի պահարանի մեջ: Լվացարանը փայլեցրի, գազօջախը, պահարանների դռները: Մորս էի հիշել, երբ քրտինքն ամբողջ մարմնով հոսում էր, իսկ ինքն ամբողջ տունն էր կարգի բերում կապիտալ ձևով՝ անկողինները փոխում, լվում, պատուհանները պլպլացնում, հատակը լվում, հետո ընկնում բոլոր սենյակների, միջանցքների ջահերի ջանին:

Ցնորված մաքրություն էի անում, մորս կարոտն առնում:

Լողացա, թրաշվեցի, մտա սենյակ, ծխեցի: Կարտոֆիլս գնացի ճզմելու: Զիբիլը սարի չափ էր: Նստեցի որ ուտեմ՝ 10-ն էր: Կերա-կերա, հետո տեսա, որ նոր տարվա առիթով ուտելու բան չի մնում: Կեսը թողեցի ու սկսեցի սպասել կեսգիշերվան: Սկսեցի գրել: Որոշել եմ ամանորը դիմավորել գրելով: Ժողովրդական խոսքն է վկայում՝ ինչպես սկսես տարին, այնպես էլ կշարունակես:

Լավ, ի՞նչ գրեմ… «Միշտ շարժել է հետաքրքրասիրությունս, թե ինչ զգացողություն է ապրվում Նոր Տարին տնից հեռու նշելիս: Ահա և ես՝ տնից 11 564 կմ հեռու, 2005 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 23:41…» Մեկ էլ հիշեցի, որ 2005 թ.-ի մի սար զիբիլը դեռ չեմ թափել: Մորս ամանորյա սնահավատության համար մեկ կանոններից մեկը… Արդեն 11:42 է: Վեր թռա: Մեկ էլ Ջիմին զանգեց: Ոնց ես, ոնց չես: Խոսելով, զիբիլը վազելով դուրս տարա, թափեցի, վազեցի վերև, բարի ամանոր մաղթեցի ու նստեցի նորից բազմոցիս, լէփթոփը նորից գիրկս վերցրի, կափարիչը հազիվ լսելի ճռոցով ուղղահայաց դիրք ընդունեց, ու վերսկսեցի ինձ ստիպել մի բան գրել: Վերջապես երեք հատ անավարտ վեպ ունեմ, բան ունեմ, որ մյուս տարի գոնե մեկը պիտի ամեն գնով վերջացնեմ: Արդեն 11:59-ն է: «Վայրկյանները նման են փշաքաղանքի»,- գրեցի ու Ժամի վրա երկու անգամ կտտացրի, որ հա՛մ գրեմ, հա՛մ վայրկյանները տեսնեմ: Արդեն 15 վայրկյան էր մնացել, մեկ էլ հիշեցի, որ տոնածառը դեռ չեմ նկարել: Խառնվեցի իրար: Ֆոտոշոփը գտա, կտտացրի, անտերը մինչև բացվի նոր տարին կգա, կանցնի: Ձեռս տարա «Բալտիկա»-յին, որ ըստ ընտանեկան ավանդույթի գոնե չխկացնեմ մի բանի ու խմեմ նոր տարվա կենացը: Գրողը տանի: Շիշը չեմ բացել: Բացիչ, բացիչ: Բազմոցս` ամբողջովին փափուկ քրքրված կաշվից, կեռ կարծր տեղ չունի՝ խփեմ-բացեմ: Բա տոնածա՞ռը, բա կենա՞ցը, բա գրե՞լը: Թո՜ւուուուու: 00:00:01…

© Կարեն Ղարսլյան

Share Button

Նշանաբառ՝

5 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Այս պատմվածքն ինձ համար հետաքրքիր է նրանով, որ 80% ճշտությամբ ես 2004-ի նոր տարին եմ այսպես դիմավորել…
    նենց մի թավուր տխրեցի…

  • Երևի ամեն մեկն էլ, նման նոր տարի ունեցել է, և դրանում վատ բան չկա, քանզի հիշվում ու երբեք չի մոռացվում, վատը՝ երբ նման նոր տարիները կրկնվում են հաճախ…

  • Սագօ Արեան says:

    լավն էր…

  • «Ամանորի առիթով տանտիկինները մի լավ մաքրել են տունն ու ախոռը…»,- կարդացի այսօր թերթ.am-ում հին հայկական ամանորյա ծիսական մանրամասների մասին ու հասկացա, որ մորս կապկելով, փաստորեն, հին հայկական ավանդույթ էի ապրեցնում…

  • Էմմա Ալեքսանդրյան says:

    Ցնորված մաքրություն էի անում, մորս կարոտն առնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *