Բորիս Վիան | Նամակ պատաֆիզիկայի դպրոցի փոխտնօրեն նորին վսեմափայլություն բարոն Ժան Մոլլեին

Ուրսուլա և Բորիս Վիան

 

Սկիզբն՝ այստեղ

pata1 copy

Բորիս Վիան

Նամակ պատաֆիզիկայի դպրոցի փոխտնօրեն նորին վսեմափայլություն բարոն Ժան Մոլլեին` պատերազմի զեղծարարների մասին

Երբեմն տարակուսանքների գիրկն էի ընկնում, թե ինչպես միայն կարելի էր այդ մասին իրազեկել Ձերդ Վսեմափայլությանը, սակայն այլևս տարակուսելու չէ. եկել է պահը եղելությունը լույս աշխարհ բերելու. պատերազմը եղծվա’ծ է: Ո՞ր պատերազմը, կհարցնեք: Ես հատուկ ոչ մեկը նկատի չունեմ: Իմ կարծիքով մինչև օրս դրա լավը չի եղել, և ահա’ թե ինչու: Ինձ թվում է, և դա երկիցս օգտակար է ու հրատապ` ազնիվ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն անազնիվ գործածության վրա, որ ոմանք անում են իրենց այդ խաբեությամբ:
Պատահական մի հանդիպումն էր պատճառը, որ իմ ուղեղը շարժման մեջ դրեց: Հարկադրված լինելով, վերջերս, կառատնակում թողնելու իմ բենզակառքը (վախենամ` ծուլությունից pata4դրդված), իմ գլխում մի միտք ծագեց. աշխատավայրիս ավելի մոտընկեց տարածություն շահելու նպատակով, մոտալուտ լռությանն ունկնդիր` նախապատրաստվելով ի պահ տալու ականջի համար յուրահատուկ այդ սնունդը` երաժշտական թրթռոցները, իմ գլխում, ինչպես ասացի, միտք ծագեց` ավտոբուս նստել: Այն շատ էլ բազմամարդ ու խցանված չէր, և դա էր պատճառը, որ ես նստատեղ գտա մի տարեց մարդու դեմ-դիմաց: Արդյո՞ք նրա տարիքը հարգանքի արժանի էր: Հարգելու կամ ատելու սովորություն ես չունեմ: Իմ ընտրությունն ավելի շուտ միջակա դիրք է գրավում զգացմունքների այդ ելևէջաբույլում, որոնք ընթանում են` սիրուց դեպի ատելություն, անցնելով հուզագրգռության աստիճաններով, անտարբերությունից դեպի թշնամություն: Կարճ ասած` ես դեմ առ դեմ նստած էի վաթսունինը տարեկան մի մարդու առաջ, մի թիվ, որի հանդեպ նույնպես ես մի առանձնակի ակնածանք չեմ տածում: Նա, ամեն ինչից ելնելով, ընդամենը մի խորհրդանիշ էր, որպիսին ես բնավ չեմ եղել և չեմ, որի համար ես շնորհապարտ եմ Ձերդ Վսեմափայլությանը ինձ խրտնեցնելու պես ազատելու համար մի խորհրդանիշից, որը կմնա, ինչպիսին էլ լինի պայթյունի ուժը, իմ լիակատար տիրապետության ներքո:
Գալով փաստական կողմին` իմ հակապատկերն հանդիսացող այդ զառամյալ մարդակերպի բաճկոնի աստառը զարդակարված էր գույնզգույն ժապավենների զարմանազան կտորտանքներով, որոնք ամրակցոնված էին կոճականցքերին: Բնությամբ հետաքրքրասեր լինելով` ես ինձ թույլ տվեցի նրան հարցնելու դրանց գործածականության վերաբերյալ:
– Ահա’ այս մեկը,- ինձ ասվեց,- մարտական շքանշան է: Մյուսը` Պատերազմական Խաչ: Ահա’ և Լիոնի Պատվո Լեգիոնի շքանշանը: Հանգուցաժապավենով:
– Ես ո’չ շքանշան եմ տեսնում, ո’չ խաչ,- նկատեցի ես,- բայց միայն գույնզգույն, գեղեցիկ եզերազարդ ժապավեններ: Ասել կուզի, թե պատերազմ է եղել և որ Դուք…
– Տասնչորսից Տասնութը,- վրա բերեց նա` խոսքս կտրելով, բայց առանց անպատկառության դույզն-ինչ նշույլի:
– Ես լավ չհասկացա, – նորից խոսեցի ես,- չլինի՞ թե Դուք ուզում եք ասել, որ Դու’ք պատերազմից վերադարձե՞լ եք:
– Առանց մի քերծվածքի, երիտասարդ:
Խաբեբան, երևում է, մեծամտանում էր:
– Ուզում եք ասել,- շարունակեցի ես (այնպիսի մի հնչերանգով, որ հազիվ կարողացա ինքս ինձ զսպել),- որ այդ Տասնչորս թվի պատերազմը վա՞տ էր կազմակերպված:
Ձերդ Վսեմափայլություն, Ձեր թույլտվությամբ` այստեղ ես անցնում եմ այս խոսակցության շարունակությանը: Ես ստիպված եմ հրապարակելու այս տխուր համոզմունքը. այո’, մեզ խաբում են, այո’, պատերազմները վատ են կազմակերպվել ու վարվել, այո’, պատերազմողների մեջ կան նաև վերապրողներ: Օ, ես շատ լավ եմ պատկերացնում, որ Ձերդ Վսեմափայլությունը ուսերը կթոթվի: Կպատահի, կմտածեք Դուք` թեթևակի ժպիտը դեմքին և ղեկավարի մի շարժումով, որին ես քաջածանոթ եմ: Մտքեր են, իրենց-իրենց ծնվում են… Կողովի կափարիչը բացելուն պես…
Դե իհարկե ոչ: Ես հետազոտություն եմ անցկացրել: Այն շատ համոզիչ է: Ճշմարտությունը սարսափելի է. ողջը սև է` վարդագույն շքանշանի վահանակին ամրացված: Ահա’ այն. յուրաքանչյուր պատերազմից հազարավոր պատերազմողներ վերադառնում են ողջ և առողջ:
* * *
Ես կզգուշանայի խոսքս պնդել իրերի այս տխուր վիճակի հոգեբանական վտանգավորության պատճառով. այն ճշգրիտ է, մեծահսկա, հրեշավոր. անձը կամ անհատը, որ վերադառնում է պատերազմից, պարտադիր կերպով, առավել կամ պակաս չափով այն գաղափարի կրողն է, որ պատերազմը վտանգավոր չէր. սա իր ազդեցությունն է բերում հաջորդի ձախողմանը և թույլ չի տալիս լուրջ ընդունելու պատերազմներն ընդհանրապես: Բայց դա դեռ ոչինչ: Պատերազմիկը, որը չի սպանվել, իր մեջ ձախողակի մտածելակերպն է կրում: Նա իր սրտում ի պահ տված` խանդաղատանքով կրում է փոխհատուցման այդ անվստահությունը և ուրեմն նպաստավորելով հաջորդի նախապատրաստմանը, այլապես ինչպե՞ս Դուք միամտորեն կարող էիք ցանկանալ, որ նա այն լավ նախապատրաստի, երբ որ նա դուրս է կորզված նախորդից և ըստ այդմ, հետևաբար, պատերազմի տեսանկյունից որակազրկված է:
Բայց ես նորից եմ կրկնում. ես կանգ չեմ առնելու խնդրի միայն ներքին ասպեկտի վրա: Հասարակական կողմը շատ ավելի խորն է: Ահավասիկ, Ձերդ Վսեմափայլություն, ահա’ թե ինչի վրա են օգտագործում Ձեր կողմից շռայլորեն շաղ տրված դրամը: Ահա’ թե ինչպես են վարվում իմ և մեր հարկերի հետ, մեր թափած ջանքերի: Ահա’ թե ինչպես են վարվում տասնյակ հազարավոր քաջարի աշխատավորների աշխատանքի պտուղի հետ, աշխատավորներ, որոնք առավոտից երեկո, տարվա մի ծայրից մինչև մյուսը, սպառում են իրենց ուժերը նռնակ ու նռնականետ կռել-կոփելու գործում, արտադրելու համար, իրենց կյանքը վտանգելու գնով, վտանգավոր պայթուցիկներ` օդամղիչներով լի հաստատություններում, մարդիկ, ովքեր օդանավեր են հավաքում, որոնք նույնպես, իրենց հերթին, չպետք է վերադառնան, բայց որոնք վերադառնում են երբեմն-երբեմն: Ինձ պատմել են նման դեպքերի մասին: Կյա’նք է` կպատահի:
Օ, այն որ այս ամենի պատասխանատվության մի մեծագույն մասը հակառակորդի պարտականությունների մեջ է մտնում, այստեղ, Ձերդ Վսեմափայլություն, ես չեմ կարող դրա հետ չհամաձայնվել: Դա շատ ծանր է, անշուշտ: Հակառակորդը ևս, իր հերթին, չի կատարում իր պարտականությունները: Սակայն, ամեն դեպքում, եկեք ընդունենք, որ մենք էլ, մեր հերթին, փորձում ենք դրանում խանգարել նրան: Թշնամուն մի քիչ օգնելու դեպքում` նա մեզ կոչնչացնի մինչև ամենավերջին զինվորը: Հակառակ դեպքում, եթե մենք նրան չենք օգնում, մենք նրա քթին ենք հարվածում կարմիր զենքով, սպիտակ զենքով, հրասանդով, թնդանոթափողով, կրականետ ինքնացիր ռումբով, նապալմով: Եթե ժամանակին, ինչպես 1940-ին, մենք նոր մարտավարություն գործադրեինք, ձգտելով հրապուրելով մոլորեցնել նրան` հապճեպորեն ծովի հատակը խորասուզվելով` սեփական պոռթկում-պայթյունով տարված, բայց եկեք ընդունենք, որ նման օրինակները հազվադեպ են և որ 1940-ին, ամեն դեպքում, տեխնիկան իր բարձրության վրա չէր, քանզի մենք առաջինը ջուրը չցատկեցինք, որպեսզի նրանց էլ մեր հետևից ներս քաշեինք:
Սակայն, ինչպե՞ս… յուրաքանչյուր պատերազմում միևնույն երևույթը ցավալիորեն ինքնավերարտադրվում է. ներգրավում են, զանգվածաբար, անարհեստավարժ սիրողներին: Պատերազմը, սակայն, մի ինչ-որ անկարևոր բան չէ. այն արվում է մարդկանց սպանելու համար և այդպես էլ կա: Բայց, ի՞նչ է տեղի ունենում: Ամեն անգամ` երկու ճամբարներում էլ, փոխանակ արհեստավարժ ձեռքերին վստահելու նրբազգաց առաջադրանքների ողջ անսահմանությունը, որոնք պետք է նպաստավորեն վայելչագեղ ու խրոխտ արշավանքների հաջողությանը, աշխատանքի են ներգրավում հազարավորների` զորավարժությունների համար անպիտան դիլետանտների, նրանց հրամանատար և ուսուցիչ կարգելով տարեց ու արհեստավարժ զինվորականներին կամ ներքին պահակազորի ներկայացուցիչներին, այսինքն նրանց, ովքեր տապալել են նախընթաց պատերազմը: Էլ ինչպե՞ս են նրանք ցանկանում, որ նորակոչիկների միտքը – մինչ ոմանք այլ բան չեն էլ ուզում, քան ինքնամոռաց նվիրաբերվել պատերազմի խնդրին – անհրաժեշտ որակներ ձեռք բերի իդեալական պատերազմի կատարյալագույնս իրականացման համար: Առանց դես ու դեն ընկնելու` հարևանցիորեն անդրադառնանք «զորակոչ» տերմինին: Դուք կարծում եք, թե օրենսդրի մտադրությունը, այս բառը գործածելիս, իսկապես զորակոչվածներին «թթու դնե՞լն» է եղել զորանոցներում (մոբիլիզացվածներին«իմմոբիլիզացնելը): Ինձ համար, լուսավորված` որ այլևս մտքերիս հետ եմ, հակասականությունը բնավ անակնկալ չէ. այն հստակագույնս և ամենայն պարզորոշությամբ արտածվում է նենգադուլի մտքից, որ ձեռնարկվել է նախընթաց պատերազմի վերապրողների կողմից:
Երևակայենք, մտքի մի գերագույն թռիչքով – ընդսմին` Ձերդ Վսեմափայլության անծայրածիր պոռթկումի թևերին ապավինած – մի հաջողված պատերազմ: Պատկերացնենք մի պատերազմ, ուր ողջ ռազմամթերքը սպառված է, բոլոր գործավորները` առաջնային միջոցներից զրկված, բոլոր զինվորներն ու հանուր ղեկավարները` գետնին տապալված, ընդ որում` երկուստեք, զույգ ճամբարներում էլ: Ախ, ես դա լավ գիտեմ, այդպիսի արդյունքը կպահանջի րոպեական նախապատրաստություն.. և ձեզ պատերազմ են հայտարարում մի այնպիսի թեթևությամբ, անսքող համարձակությամբ, որ անիրականալի է դարձնում այդ իդեալական պատերազմը, հանուն որի, հակառակ բոլոր հույսերի, մենք շարունակում ենք – և դեռ կշարունակենք – լցնել մեր ձանձրալի առօրյան: Բայց պատկերացնենք, Ձերդ Վսեմափայլություն, պատկերացնենք մի մարտ, որից ոչ մի մարտիկը չի փրկվելու… Ահա’ թե ինչը կարող է հակամարտության լուծում հանդիսանալ: Քանզի պրոբլեմ այլևս չի հարուցվում: Ձերդ Վսեմափայլությունը գիտե, սակայն, որ հարուցողներն անպակաս են: Խնդիրը միայն նրանց դրդելուն է վերաբերում: Նույնպես և` հակամարտությունն առանց մարտիկների` այլևս հակամարտություն չէ, և այն երբեք չի վերարտադրվում նրանց անհետացմամբ: Այս հարցում ես թերագնահատել եմ – ո’չ առանց պատճառի: Ձերդ Վսեմափայլությունը կհամաձայնվի ինձ հետ – սիրողներին. բայց ամենատխուրն այն է, որ որոշ արհեստավարժներ իրենց առաջադրանքը չեն կատարում: Իսկապե’ս, անթուլատրելի է, որ ամենասովորական զորակոչիկը ճակատից անվնաս վերադառնա. բայց այստեղ մեղավորությունն այն է, որ զորակոչում են կարևոր չէ թե ում, և հնարավորինս մեծ քանակով: Եթե Ձերդ Վսեմափայլությունը ինձ մի զորաբանակ վստահեր` հիսուն մարդուց բաղկացած, ես ուժերիս ներածին չափով իմ վերահսկողության տակ կառնեի այն… ես կերեշխավորեի, որ հիսուն հոգուց ոչ ոք ետ չվերադառնա, հարկ եղած դեպքում` ինքս իմ ձեռքերով կխողխողեի նրանց, առանց թշնամու օգնության… բայց մե’կ միլիոն մա՞րդ: Ձերդ Վսեմափայլություն… օ ո’չ: Մեկ միլիոնի դեպքում ես ոչինչ չեմ կարող երաշխավորել: Ընդսմին` կռվան անգամ չեմ տեսնում… Ամենաողբերգականն այն է, որ կարիերային զինվորականները գլուխները պրծացնում են պատերազմից: Նախկինում, սպաները իրենց զորքերի գլուխն էին կանգնում… նրանք իրենք էլ շատ լավ գիտակցում էին, որ իրենց մահը էական նշանակություն ունի պատերազմի հաջողակ ընթացքի համար, շնորհիվ առաջխաղացման զորախաղի, երբ ամենաորակյալ անմիջական ենթակային տեղադրում էիր ամենավտանգավոր կետում, այսպիսով` վերջինս կամ նրա ղեկավարը զոհվում էր: Մեր օրերում, թվում է, թե այդ հիմնարար կանոնը կասկածի է ենթարկված… կարելի է տեսնել ժամանակակից գեներալների, որոնք հիսունն անց են, և հրամաններ են արձակում իրենց զինուժին, ընդսմին` դեռևս թիկունքում տեղակայված միջոցին, ասել է, թե` տանիքի տակ պատսպարված: Ինձ վստահեցնում են, և ես միանգամայն պատրաստ եմ դրան հավատալու, որ սրա երջանիկ արդյունավորությունը գործողությունների դաշտի ընդարձակումն է և այսպիսով` վտանգների բազմապատկումը, հակառակորդի հարձակման երկարաձգումը: Օդանավերը, ասում են ինձ, ներկայումս բավական ստվարաքանակ են` կարևորագույն մակերեսները ռումբերով ալեկոծելու համար: Այսօրինակ դատողականությունն ինձ տարակուսելի է թվում. քաջ հայտնի է, ավաղ, որ որոշ ռումբեր վրիպում են իրենց նպատակից, և, դժբախտաբար, բոլորը չէ որ պայթում են… որ անհաջողակ և կոպտատաշ ներկաքողարկումը, որով ձգտում են արժանին հատուցել ընտրովի շարժաթիրախներին, հաճախ իր ազդեցությունը չեզոքացված տեսնելով չարախինդ բնության կողմից, որին որոշ դեպքերում հաջողվում է սահմանափակ գործողության դաշտ տրամադրելու նրան: Միայն թե, դեռևս դիտվում է, ես դա ընդունում եմ, որ արհեստավարժ պատերազմիկները, զայրացած այն գաղափարից, որ իրենց տրամադրության տակ միայն սիրողներ են, ամեն ինչ անում են նրանցից ժամ առաջ ազատվելու համար` վերջիններիս առաջապահ գիծ ուղարկելով: Այսպիսով` նրանք այնտեղ հանդիպում են ուրիշ սիրողների, թշնամիների, այո, բայց և իրենց պես անհաջողակների, և հակամարտությունը հավերժ վերանորոգվում է ինչպես, օրինակ Վերդընում, ուր ահա արդեն քառասուն տարուց ավելի է ինչ այս թշվառականները ոչ մի կերպ չեն կարողանում իրար ոչնչացնել` չնայած երկու ճամբարների ինտենսիվ հրետանային օժանդակությանը: Վիճաբանությունը նուրբ է. հարկավոր է, անշուշտ, որոշարկել այն կարգը, ըստ որի պետք է ոչնչացնել ամենատարբեր աստիճաններ ունեցող սպաներին, որպեսզի պատերազմից առավելագույն արդյունք ստանաս: Աղվեսի թակարդները ծլարձակում են ամեն քայլափոխի. օրինակ, երբ գեներալը հաջողակ է, ավելի լավ կլինի, որ նա շուտափու՞յթ սպանվի, թե՞ ոչ: Հաշվարկը շատ նուրբ է: Եթե նա շատ հաջողակ է, նա սպանում է կամ սպանել է տալիս բազմաքանակ թշնամիների` առանց մարդկային շատ կորուստներ տալու, բայց եթե նա մեծ կորուստներ չի կրում, պատճառն այն է, որ թշնամի գեներալը, որի դիմաց նա կանգնած է, իր գործում հմուտ չէ և հաջողակությամբ այնքան էլ չի փայլում: Այս դեպքում ինչպե՞ս առաջինի համար ասել, որ նա շա~տ հաջողակ է, եթե նա սահմանա
փակում է անհաջողակների հաղթանակ տոնելու բերկրանքը: Եվ եթե նա շա~տ հաջողակ չէ, ավելի լավ չէ՞ր լինի, պատերազմի տեսակետից, որ նա շուտափույթ սպանվեր: Պրոբլեմը, ես ասում եմ, շատ փշոտ է և միջամտվում է հավանականություների հաշվարկով: Բնականաբար, մեծ հաշվով կարելի է ասել, որ լավ կլիներ, եթե գեներալը անհետանար այն պահին, երբ նա հաշվարկել-վերջացրել էր զոհերի սահմանված նորման… վիճակագրական հետազոտությունը ժամանակավորապես ընդունելի թվերի հանդեպ նվազագույն պահանջկոտություն հանդես կբերեր:
Այսու` ավելացնելու բան չի մնում, չհաշված սպայի օրինակին անդրադարձը, որ ժամանակին զորքի գլուխն էր կանգնած, բայց միայն այն (և իրականում այդպես էլ կար), որ արհեստավարժների առկայությամբ պատերազմը շատ ավելի բարեհաջող է ընթանում (ամեն ինչ հարաբերական է), քան երբ սիրողներն են վխտում հողահարթակի երեսին: Կա մի մարդ, որն, իմ կարծիքով, ժամանակին իրեն լավագույնս է դրսևորել. նա էր, որ Ֆոնտենուայում մի արտահայտություն նետեց, այնքան հռչակավոր, որ իսկական գլխագիր է դարձել.«Պարոնայք անգլիացինե’ր, կրակե’ք առաջինը»: Կասկած չկա, որ նրա մտքում հենց նույն ժամանակ էլ ֆրանսիացիները պետք է կրակեին: Դա ընդամենը մի ձև է` առավելագույն ծավալի սպանդ իրագործելու համար. զորքերը հավաքել որոշակի տեղանքում և փոխհրաձգություն հրահրել` մինչև երկուստեք իսպառ ոչնչացումը: Անտարակույս` դավաճանված լինելով ծուլամիտ ենթակաների կողմից, այդ մարդը, այդ իսկական զինվորականը, չի հասնի դույզն-ինչ գոհացուցիչ արդյունքի: Այն ժամանակվանից սկսած, երբ հնարագետ ստրատեգները հայտնագործեցին ուղղակի առճակատման պատերազմը, շարժական պատերազմը, գերիլլաներին, անտեղիտալի ահաբեկչությունը, ապաշրջափակումը, նախապատրաստված դիրքերի վրա նախահարձակումը, բոլոր այն մարտավարությունները, որոնք գերազանցությունն ունեն մեծապես մսխելու նյութական միջոցները և շատ թանկ նստել, բայց նրանք անտեսում են ամենաէականը. մարտիկների անհետացում-անէացումը:
Ձերդ Վսեմափայլությունը ինձ կների այս հախուռն ու անկարգ խորհրդածությունների համար, որ ես նետում եմ` ահ սփռելով աջ ու ահյակ, հիշատակելով դրանք այնպես, ինչպես որ իմ գլուխն են գալիս: Ինձ պաշարած վրդովմունքը ժամանակ չտվեց իմ մտքին զտելու և իրենց տեղերում զետեղելու տարրերից յուրաքանչյուրը, որ ինքնառաջադրվելու պես ինքնամատուցվում են: Այս նամակը բխել է սրտից, ես ինձ հանկարծակի ծաղրված զգացի, կողոպտված, խաբված: Մենք չունենք այնպիսի պատերազմներ, որոնց համար վճարենք, և ես գոհ չեմ: Ձերդ Վսեմափայլությունը չի ժխտի, որ այդպիսիք եղել են:
Հարկ է արթնանալ քնից, դեռ ժամանակ կա. ընդդիմանանք այս վտանգավոր ընթացքին, որը մեզ անդունդների եզրն է հասցրել: Հավատացա’ծ եղեք, այն օրը, երբ ոչ ոք չի վերադառնա պատերազմից, կնշանակի որ այն շատ լավ է վարվել: Այդ նույն օրը նկատելի կդառնա, որ մինչ այժմ վիժեցված բոլոր ձեռնարկումները եղել են զեղծարարների ձեռքի գործը: Հենց այդ օրն էլ կհայտնաբերվի, որ բավական է հենց միայն ՄԵԿ պատերազմ` ջնջելու համար բոլոր տեսակի կանխակալ դատողությունները, որոնք դեռևս մասն են կազմում ոչնչացմանը միտված այս աշխարհի: Այդ օրն էլ հենց առհավետ անօգուտ կլինի վերսկսելը:
29-ը ավազի 86, Ռմբապայթյուն
Հ.Գ. – Ինձանից տեղեկություն են հայցում, թե ինչպես պետք է վերաբերվել նրանց, ովքեր վերադառնում են ժամանակակից պատերազմներից: Իմացած եղեք, որ դա ինձ չի հետաքրքրում. դրանք, ճիշտ է, կեղծված պատերազմներ են, բայց, որ ամենակարևորն է, դրանք իմ պատերազմները չեն: Պարզ տրամաբանությունը պահանջում է, որպեսզի ոչնչացվեն բոլոր նրանք, ովքեր վերադառնում են ողջ և առողջ և հանդուրժել նրանց, որպեսզի նրանք պապանձվեն, ովքեր վերադառնում են մասնակիորեն մահացած, խեղված կամ վիրավոր: Նախընտրելի են, ակնհայտորեն, նրանք, ովքեր վերադառնում են խոսելու ընդունակությունից զրկված, և պետք է արգելել բացառապես բոլորին, ովքեր էլ նրանք լինեն, գոռոզամտանալով փքվել«հին զինվոր» տիտղոսով: Մեն-միակ անվանակոչությունը, որ հարմար է գալիս այդ մակաբույծին, «պատերազմի ձախողակներ» կոչումն է:
25-ը հունիսի 1959 թ.

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Աշոտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *