Մարիամ Կարապետյան | Պաստառներ խաղաղ օրերի համար

Մարիամ Կարապետյան

10374353_10203675632429514_616298082_nԼույս է տեսել ՄԱՐԻԱՄ Կարապետյան առաջին ժողովածուն: Այն հատկանշվում է շարքից շարք զարգացող նյութով ու պոետական լուծումներով և յուրատեսակ բանաստեղծական պատում է՝ բազմաչափ ընթերցումների ու ետընթեցումների հնարավորությամբ: Թարմությունը ոչ միայն և ոչ այնքան նյութն է, որքան այն պատկերի վերածելու եղանակը: Իրականության  դրվագները վերաճում են առհասարակ լինելու, շարժման ու ընթացքի: Հոգեվիճակները ներկայացվում են իբրև ինքնաընթերցումներ. պատկերվում են ոչ միայն ներսից, այլև կողմնակիորեն: Աշխարհզգացողությունից պատկեր անցումն անմիջական է և հետևողական միաժամանակ: Ընթերցանության պարգևած գեղագիտական հաճույքը հուզական է և մտավոր:

 

 

Զարդանախշ

Բոլոր վերադարձները,
որ աներևակայելի գեղեցիկ
պիտի լինեին
և բոլոր օրերի հետքերով
և աշխարհը տեսնելու ճանապարհը
պիտի բոլորեին,
անցած պիտի լինեին դյուրինությունը
օրերի, և պիտի ոլորվեին
ձայները, ձևերն ու թելերը…
Համբերության առավոտի ձևն էր
որթագալար կորությունը բառերի:
Ամեն ինչ
հիացողների համար.
դադարները, որ լռել էին ուզում,
բոլոր մենությունները նախշերի մեջ…
Օրերը,
որ դանդաղ հերիքում էին:

***
Նստի՛ր այնտեղ,
որտեղ քամի կա
(քանի որ աշխարհում դեռ քամի կա)
և անցյալ ու ներկա ամառների
թափահարվող ձևեր…
Դու քամուց չես մեռնի
երևի…

***
Շողը
գոյությունը
տևումը
թռիչքը
կորերի արանքով…
առաջին վանկերի ռիթմը…
լուսամփոփի մոտավորությունը
քնի մոտավորությունը
թևերը բարձրացնելու մոտավորությունը
և գալիք բոլոր խաղաղությունները…

***
Վերմակի տակ ճխլվելուն ու առավոտը
մոռանալուն
խանգարում էր մի բան. առավոտ էր:
Անսովոր էր, որ օր էր,
անսովոր էր, որ լույս էր:
Մարդիկ մոռանում էին պատասխանել
նամակներին
կամ չէին ուզում,
պարբերաբար մոռանում էին բառերի գրության
ձևերը…

…Մի օր, երբ բոլոր հերոսները
կորցրին հիշողությունը,
սկսեցին քայլել` խոտերը, փշերը հաշվելով:
Քնում էին պատշգամբում` ոտքի վրա:
Երկու սերերի միջև
նայում էին ետ ու առաջ:
Դառնում էին ավելի լուրջ ու մոռանում էին
բոլոր հաշիվները:
Բոլոր ծանոթները նույն ժամին էին դուրս գալիս,
որ հանդիպեն իրար պատահաբար:
Նրանց ժամանումները խաղաղ դարձան:
Եվ լավ է, որ վաղը կիրակի է,
լավ է, որ բոլորի համար էլ կիրակի է վաղը…

***
Մի քիչ էություն կավելանա
բոլոր բաներին, որոնք հետո
իմը կլինեն մի օր
պատահաբար:
Հին, նարնջային բառեր՝
աշխարհի չափ հին,
նարնջի գինու հնության:
Ծավալնե՜ր, ծավալնե՜ր
արևի ու հողի,
բայց որ անպայման
սիրո համար լինեն:

Պաստառներ խաղաղ օրերի համար

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *