Ռուզան Հովասափյան | Յոթն անգամ չափել, էլ չե՛մ չափելու…

Ռուզան Հովասափյան

Տիրամոր պես ծնկի իջա բառիս առջև.
Խաչել էին միամորիս ոսկեգանգուր,
Ու գամերի արձագանքն էր շամփրոտում դեռ

Լռությունը հեռուների ու ճիչս խուլ:

Բայց փայում էր տեսիլքի պես ճերմակաթույր
Մի թղթեղեն ու քնքշենի մխիթարանք.
Չգիտեի՝ պատա՞ն է այն, թե՞ հարություն,
Չգիտեի, թե ու՞մ սիրտն է իր գրչի տակ…

 

***
Որպես պարան վզիդ առար ստվերս գորշ,
Ձեռքերիդ մեջ կրկնում կար մի հին ծեսի,
Բայց աչքերիդ խունկը ծխվեց դռանս քով,
Որը ներսից ես խաչաձեւ հեղուսեցի:

Ու հեռացա՝ ճանկռտելու անկյունս մութ,
Մոռանալու շշունջներդ խենթ ու նանիր.
Ո՜նց կուզեի՝ ի սկզբանե ձգվեր ամուր
Պարանդ պիրկ, որ ստվերն է իմ մարմնի:

 

***
Տարեք, կապեք ինձ ինձանից թաքուն,
Առջևս մի թաս ու չոր հաց դրեք
Ու վերհուշերս, գնդակի հանգույն,
Դեպի անդռնակ բունս գլորեք:

Թասը թող շրջվի, ու թրջվի հացը,
Իբր ծարավից՝ հաչեմ մինչև լույս,
Ու նորից դառնամ օրերի քածը,
Ու նորից քաղցր դառնանամ սիրուց…

 

***
Ես ներկել եմ թարթիչներս
Ու նայում եմ քո խորքերին,
Ու հոսում են արցունքները
Հանց ստվերներ նոր տողերի:

Լոկ վերջինն է ցոլում մի պահ
Ու ետ հոսում անդարձորեն,
Որ իր լուսե շրջանակում
Գիշերներդ արտացոլվեն:

 

***
Իմ խուլ խցում՝ շղթաների ու մթան տակ,
Արնոտելով ձեռքերս թույլ,
Արարում եմ ազատություն-մարգարիտս,
Որ դարձնեմ խուցս՝ խեցի…
Չփնտրես ինձ ծովերի տակ,
Չփնտրե՜ս ինձ,
Որովհետև
Որքան էլ ծովն իր խորքերով փրկել փորձի,
Ես նավերի ծանրությանը չե՜մ դիմանա…
Դե, ուրեմն տեղս գիտես.
Լեռներում եմ կամ մի լանջի,
Խորշերում եմ կամ մի ժայռի,
Դաշտերում եմ կամ մի…
…Ուզում էի քամի՜ դառնաս,
Որ նավերը շեղվեն ճամփից…

 

***
Լքված, մամռած մի բեկորից,
Վերհիշելով սերերը քո,
Քանդակիր այն աստվածուհուն,
Ում աստղածոր մեղքից հետո
Փնտրում էիր քո խորքերում, որ աղոթես…
Քանդակիր դու…
Եվ ես հոգիս նրան տալով՝
Իմ մարմինը կբերեմ քեզ,
Որ քնքշությունս մարմարե
Փշուր-փշուր փոշիացնես՝
Աղոթքներդ հնչեցնելով
Մի հասարակ կնոջ առջև…

 

***
Այնպես փարվիր, որ ժամանակը կաղեկաղ
Մեր կավեղեն խաչը ելնի՝
Իմանալով, որ հարություն չի առնելու…

Այնպես փայիր, որ խաչվողը տառապահար
Պատվիրանի «Մի՛»-ն մեզ ների՝
Իմանալով, որ մեղմասույզ «Ի՜մ» է դառնում…

Այնպես փրկիր, որ խաչվածի մեծ աչքերում
Չփնտրեմ ես ուրիշ մեկին՝
Իմանալով, որ մինչեւ լույս նա էր գամում…

 

***
Իր բարձրակրունկ սեւ կոշիկներն է ստվերս հանում,
Որ խաղաղորեն հագնեմ ոտքերիս՝ հոգնած ու տկար…
Պետք չեն ինձ սուտակ, ստահակների թագեր ու անուն,
Ես նախընտրում եմ ստվարաթղթով ձյունանույշ մնալ:

ՈՒ հեռանում եմ… կամ էլ մնում եմ հեռացողի պես…
Թագակիրների ստվերներն անգամ չեն հասնում ուսիս,
– Հե՜յ, փոսս փորող, երազովս եմ վճարելու քեզ,
Որ տարած խաղիդ տանուլ տվածով բաժակդ լցվի:

Մի՛ կարծիր, թե ես լուսնի թախծանքին մոտ չեղա այնքան,
Որ գեթ մի գիշեր՝ ժպտաշուրթ իջներ իմ պարանոցին…
Տե՛ս, վեր եմ նայում, դու էլ նայիր վեր, ի՞նչ լուսին, ի՞նչ բան.
Սերերիս նման՝ երեսնարծաթն է վերածվել մեկի…

 

***
Ձայնդ ձյան պես իջներ ու լար ավազներիս,
Մի ծով բացվեր անապատս դարձներ ափ,
Եւ ամենաչքնաղ երգս գրվեր ափին.
Ծովը ծփար…

Բեդվինի պես, խանդոտ, գայիր իմ ետեւից
Ջրանույշի կերպարանքս խինդից ցնծար,
Հանց ուխտավոր խորտակեիր հուշն ուղտերի.
Ծովը ծփար…

Ու ճախրեին չգրած իմ էջերն անթիվ
Ճայերի հետ, ճայերի պեՙս, ճայերից լա՜վ…
Գեթ մի թղթե նավակ լողար քամուց հեւքիդ.
Ծովը ծփար…

 

***
Բառ, բացում եմ ես դուռը վանդակիդ,
Այն բանալիով,
Որը փակել էր ժամանակներս
Ու ծովը նետվել…

Ես նրա տեղը իմացա այսօր
Մի ծեր ձկնիկից,
Զի սերտել էի դասը լռության…

Ճախրի՜ր, իմ թռչուն,
Ուզում ես՝ խաղաղ արյանս ծիրով,
Ուզում ես՝ թղթի,
Բայց մեկը ընտրիր,
Որ ես անձավի վագրուհու նման
Նետս չարձակեմ՝
Ձկների կանչից…

 

***

Դրախտից մինչեւ այս ուխտավայրը,
Ուր պտուղները քամուց են ընկնում,
Ես խարույկների մեղրածոր պարը
Ու ծով քարերի պաղն էի քրքում:

Լքում էին ինձ աքլորականչին
Ծխե ուրուներն՝ այնպես նոյանոր,
Ի՜նչ տխրություն էր իմ ոտնալացից
Ծփում մակույկի կուսակածանով…

Ու փլվում էր ծովն անուրջներիս տակ,
Զի թեթեւորեն կավ էին բուրում,
Կապույտ պարանով մի խենթ առաքյալ
Տարաժամանակ ինձ ափ էր բերում:

Ուր լռությունը առաջվանը չէր,
(Ախր, հասե՜լ էր ձկներինն` ունկիս),
Մտակտավիս վրձնախաղը մեղմ
Խարույկն էր օծում գույներով խունկի:

Հիմա ամենուր, երբ լույս է նվաղ,
Ու ծերություն է տողիս մաղմղում,
Երբեւէ չայրված կրակիս վրա
Ծխե հրեշտակն աղոթք է պարում…

 

***
Դու աղի գույն ունես, իմ էջ,
Սակայն ձյան համ.
Բառս, ձյան գույն
ՈՒ աղի համ…
Ես հրահեւ երամներին
Ո՞նց համոզեմ,
Որ հարավում են իմ արյան.
Ո՞նց համոզեմ…
Իմ լուրթ-լազուր երակներին
Ո՞նց հասկացնեմ,
Որ մերկացող կեչիները
Չեն տաքացնում կնոջ նման,
Որ օրերը կարճանալով
Չեն մանկանում
Ու չեն մեռնում ժամերը ծեր.
Ո՞նց հասկացնեմ…

Հեռանում են երամները.
Ի՜նչ ներհուն է իմ սիրելին.
Նա Աստծո սիրտն է տանում…

 

***
Դեղնամույն օրեր, անձրևի մայուն,
Աստղերի մահում՝ հուշեր հրաբաշ
Վարգում են ահա ոգու հետ քամու,
Ինչպես վագրերից խույս տված հրաշք…

Թափառ մի աստվոր՝ կածանիս հլու,
Գնում եմ ես լուռ, թե ու՞ր՝ չգիտեմ.
Յոթն անգամ չափել, մեկ էլ եմ չափում
Ու ճամփաս, էլի, զորու չեմ կտրել:

Լեգենդից ասես, ճերմակամորուս,
Զմայլում է ինձ ծառուղին հեռվի.
…Ա՜խ, գարունն է իմ՝ ուրվական-ուրու,
Դառնահույզ խառնում գավաթս լեղի…

Յոթն անգամ չափել, էլ չե՛մ չափելու…
Անդունդ եմ նետվում, թքա՛ծ թե՝ անժամ.
Նետվելու համար ինձ չեն ներելու,
Ինչպես՝ լեռնամերձ այս ներկայության…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *