Հունվարի 9-ին, The Loft-ում տեղի ունեցավ Disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանի «Անմոռուկ» գրքի շնորհանդեսը: Սա հեղինակի բանաստեղծությունների առաջին ժողովածուն է:
Ականջօղերս դնեմ, գնամ քնելու…
Տոներն անցան,
հյուրերը գնացին:
Տարվա սկզբին ամենադժվարը ամսաթվերը ճիշտ գրելն է:
Հետո ոչինչ, կուղղվի ամեն ինչ:
Անմոռուկ
Ինձ մոռանալն այնքան հեշտ է.
Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,
սրճարանում պատահաբար ինձ չես գտնի:
Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
ինձ մոռանալն այնքան հեշտ է:
Անկում
Ամեն անգամ,
հենց որ տերև է պոկվում ծառից,
ուզում եմ հասնեմ-գրկեմ,
որ անկման ցավը չզգա…
Պարզ ճշմարտություն
Բժիշկս ասում է՝
որ մեջքդ չցավի
աթոռի՛ն հենվիր,
հենարան է պետք…
Այս պարզ ճշմարտության համար
գնացել էի բժշկի…
Սիրում եմ
Ես սիրում եմ նրան,
ով չի հավատում իմ տխրությանը
և չի սիրում բանաստեղծություններս:
***
Ձմեռն իր երկնքի հետ խառնել է ինձ…
Ձյուների հետ խառնել չկարողացավ`
հալվեի գնայի…
Զարուհի Բաթոյանի բանաստեղծություններից ևս մեկ շարք կարող եք ընթերցել՝ Այստեղ
Սա համարվու՞մ է բանաստեղծություն: Չգիտես արդեն որերրորդ մարինե_պետրոսյանն է ծլում: Իսկապես գրաքննություն անհրաժեշտ է, Պետրհատի տարբերակով:
Շաաաաատ լավն էին, կարճ տողեր, բայց սիրտ խոցելու չափ դիպուկ :((