Դռան զանգը հնչեց սովորականից բարձր՝ բազմոցին անփութորեն փռված երիտասարդի գլխում արձագանքելով դատարկ դույլին երկաթաձողով խփելու տհաճ ձայնով: Նա՝ քնատ աչքերով ու դժգոհությունից ճմռթված դեմքով, կտուրից կախ ընկած սառցալեզվակի պես բարակ ու երկար, դժկամորեն վեր կացավ ու, առանց դիտանցքից նայելու, կրնկի վրա բացեց բնակարանի պողպատյա, չհրկիզվող դուռը:
Այցելուն՝ շեմին կանգնած գիրուկ, քրտնաթաթավ մարդը, բոլորովին անծանոթ էր: Տեսնելով դռան խորշում հայտնված երիտասարդին՝ գիրուկը գոհունակությամբ քմծիծաղեց ու մի քանի անգամ կարճ և երկար դադարներով սեղմեց զանգի կոճակը՝ արդյունքում ստանալով զորային ողջույնի շեփորականչի պես մի բան:
Այցելուն հագնված էր անհեթեթ, ասես ողջ կյանքն ապրել էր մի հեռավոր լեռնային գյուղում, ուր փայտ մթերելու ու ախոռի հատակից հարդախառն գոմաղբը քերելու արանքում երբևէ ժամանակ չէր ունեցել մտածելու հագուստի մասերի ոճական ու գունային ներդաշնակության մասին՝ նախապատվություն տալով միմիայն հարմարավետությանը: Անսպասելի հյուրի ռետինե ճտքակոշիկները նոփ-նոր էին՝ մրի պես սև, բայց փայլուն: Երիտասարդը նրա ճտքակոշիկի թաթի ողորկ երեսին, ինչպես լոգարանի նոր փայլեցրած ծորակի բռնակի վրա, տեսավ իր քնատ դեմքի ուռճացած, հիվանդոտ արտացոլանքը, հայացքը բարձրացրեց երկար, դիակիզարանի ծխնելույզների չափ հաստ ճիտքերի վրայով, զարմացած նայեց կանաչ, կիսամաշ ծնկներով գունաթափ ջինսին, որի մեջ Այցելուն խնամքով խցկել էր վարդագույն վերնաշապիկի փեշերը, ուշադիր զննեց թանկարժեք ակումբային բաճկոնի ոսկեզօծ մետաղական կոճակները ու ապշած՝ հայացքը հառեց գիրուկի կարմրատակած դեմքին: Այցելուն խոշոր գլխին դրել էր չինական սպորտային կեպի, որի առաջ թեքված, երկար հովարը մի տարօրինակորեն խիտ ստվեր էր նետում կլոր այտերին:
– Վերջը եկա՞ր,- կանացի բարակ ձայնով բղավեց Այցելուն,- հոգիս հանեցին ձեր աստիճանները, մի վերելակն ի՞նչ է, որ չունեք:
Երիտասարդն ապշահար թարթեց աչքերը:
– Ի՞նչ ես շշմած նայում, այ տղա, աչքերդ էլ` ճիշտ և ճիշտ ծածանի աչքեր, դեհ, օգնիր ճամպրուկները ներս տանել, մեկ էլ տեսար աչքերդ նորից մարդկային տեսք ստանան,- հռհռաց նա, բահի պես լայն ափով սրբեց դեմքի քրտինքը ու ոտքի ծայրով դեպի երիտասարդը հրեց գետնին դրված հսկայական ճամպրուկներից մեկը:
– Ներեցեք, բայց դուք…,- երիտասարդի խոսքը մնաց բերանում;
– Այ տղա, հետո կխոսենք, չե՞ս տեսնում, որ դրա ժամանակը չէ,- չար ծղրտաց Այցելուն ու քրտնած ափով փակելով տղայի բերանը, մյուս ձեռքով ամուր, ցավ պատճառելով բռնեց նրա ուսը, անդիմադրելի ուժով շրջեց դեպի բնակարանի երկար միջանցքը, թողեց ուսը, վերցրեց ճամպրուկն ու, յուղոտ բռնակը խցկելով տղայի ձեռքը, թեթևակի հրեց նրան առաջ:
Ճամրուկը չափազանց ծանր էր, ասես բեռնված լիներ մի լքված պահեստում հայտնաբերած ժանգոտ կշռաքարերով. երիտասարդը, հին բեռնատարի պես մի կողքի թեքված, լուռ քայլեց դռնից ներս ու փորձեց ճամպրուկը դնել միջանցքում:
– Չէ, դու հաստատ գժվել ես, – հևալով ասաց Այցելուն,- ննջարան տար ճամպրուկը:
Տղան, տարօրինակորեն հնազանդ, երկար միջանցքով քայլեց դեպի հյուրերի համար նախատեսված ննջարանը՝ ծոծրակին զգալով Այցելուի ծանր, տնքոց հիշեցնող շնչառությունը:
Այցելուի հոտը՝ սուր, ասես ոչխարի պանրի մոթալ էին բացել, բնակարանի օդորակված զովության մեջ կարծես թանձրացավ, հեղուկացած գոլորշու անտեսանելի կաթիլներով տարածվեց առաստաղի տակ՝ ծակծկելով երիտասարդի ռունգերը:
Հյուրերի համար նախատեսված ննջարանով բնակարան գնել պարտադիր էին համարել երիտասարդի ծնողները՝ նրան ամուսնացնելուց առաջ: Ասել էին, որ ննջարանը՝ միշտ փակ ու արգելված, բացվելու է միայն հատուկ հյուրերի համար: Շաբաթը մեկ անգամ երիտասարդի դեռատի կինը մաքրում ու խնամքով հարդարում էր արգելված սենյակը՝ հետևելով, որ ամեն ինչ լինի իր տեղում ու խստիվ պահպանվի ջերմային ռեժիմը. տղայի ծնողները մշտապես պնդում էին, որ ննջարանում ջերմաստիճանը երբևէ չպետք է շեղվի Ցելսիուսի 20 աստիճանից: Զգուշացրել էին, որ շեղումը՝ այդ աննշան մանրուքը, կարող էր դառնալ անկանխատեսելիորեն վատ հետևանքներով դիպվածների շղթայի առաջին օղակը:
Ննջարանում երիտասարդը լայն մահճակալի մոտ դրեց ծանր ճամպրուկը: Անասելի թեթևություն զգալով՝ մի պահ կարծեց, թե յուղոտ բռնակին կպած՝ ճամպրուկի վրա է թողել նաև իր աջ ձեռքը: Նայեց ձեռքի մատերին ու վճռականորեն շրջվեց դեպի Այցելուն՝ պատրաստվելով խիզախորեն և ուղիղ նրա երեսին ասել այն ամենն, ինչ մտածում է աներես ներխուժման ու իր ուսը ցավացնելու մասին:
Այցելուն կարծես կարդում էր տղայի մտքերը:
– Բոլոր հիմքերը կան, այ տղա,- ինքնագոհ խնդմնդաց նա ու շրջվեց մեջքով դեպի երիտասարդը, կռացավ ճամպրուկի վրա՝ տնկելով քամակը:
Երիտասարդն ակամայից նկատեց, որ Այցելուի շալվարի կարը պայթել է, ու ճեղքից երևացող մսագունդը՝ պատկառելի, հաստ հետույքը խլրտում-ապրում է իր կյանքով՝ ուրախ խաղացնելով պիրկ մկանները:
Այցելուն, քթի տակ դժգոհ քրթմնջալով, ճամպրուկից հանեց մի հսկայական քառածալ թուղթ, ծանր-ծանր ուղղվեց ու ճարպիկ շարժումով թուղթը բացեց ուղիղ երիտասարդի դեմքին: Երիտասարդը շշմեց ճարպի հետքերով թղթի վրայի կնիքների ու ստորագրությունների առատությունից:
– Բոլոր կնիքները կան, այ տղա, բոլոր ստորագրությունները, գիտեի, որ կասկածամիտի մեկն ես լինելու,- նեղացած ձայնով խոսաց Այցելուն,- ստիպված նոտարի մոտ էլ եմ տարել, Կենտրոնի նոտարի, – ցցեց մատը՝ կարևորություն հաղորելով ասածին, – ոչ թե նորելուկ մեկի մոտ:
Նորից քթի տակ ինչ-որ անհասկանալի խոսքեր քրթմնջալով՝ կռացավ դեպի ճամպրուկը, այնտեղից հանեց ու մահճակալի վրա գցեց դոշաբով լի շիշը:
– Այ տղա, շատ օգտակար բան է էս դոշաբը, -ասաց ու՝ – տես, սա այս բնակարանում ժամանակավոր հաշվառման գրությունն է՝ հաստատված քաղաքապետարանի ու համատիրության կողմից, սա՝ տեղեկանք է սանէպիդկայանից, սա` այստեղ հանգստանալու ուղեգիրն է սոցպաշտպանության վարչությունից, սա՝ ոստիկանություն է տվել, որ կարող եմ ապտակել ու աքացի հասցնել ցանկացած մարդու, էնպես որ՝ բախտդ բերել է, չնայած մի քիչ ապուշավուն ես, բայց ինձ դուր ես գալիս:
Այցելուն ամուր բռնեց երիտասարդի քթից ու մի քանի անգամ այս ու այն կողմ տարուբերեց նրա գլուխը: Աքցանի պես քիթն ամուր բռնած, կողինջների պես հաստ, խոնավ մատները ցավացրեցին, երիտասարդի աչքերը լցվեցին արցունքով:
– Ի՞նչ ես կարծում, եթե ապտակել ու աքցի հասցնել իրավասու եմ, կսմթել չե՞մ կարող,- անդուր խնդմնդաց Այցելուն, անասելիորեն արագ ճանկեց երիտասարդի ուսերից, պտտեց նրան ու, քացով հարվածելով հետույքին, ասաց,- կնիկդ տանը չէ, հա՞: Վազիր խոհանոց, նախաճաշի համար մի բան դասավորիր, հիմա կգամ:
Այցելուի սանձարձակ, ամենաթող լկտիության ուժից երիտասարդի ներքին դիմադրությունը փափկեց ու հալվեց՝ ասես ծծմբաթթվի թունավոր լուծույթի մեջ նետված պլաստմասի կտոր: Մտածեց, որ կարտոֆիլ տապակել գիտի, անկանխատեսելի Այցելուն երևի գոհ կմնա ու, լուռ կուլ տալով վիրավորանքի արցունքները, շարժվեց դեպի խոհանոց:
Քիչ հետո խոհանոց մտած Այցելուին դիմավորեց թավայում ուրախ-ուրախ ճարճատող ձեթի բուրմունքը:
– Այդպես էլ գիտեի,- նեղացած խոսաց Այցելուն, – անճարակի մեկն ես, այ տղա: Հարգարժան մարդուն ձեթ կուտացնե՞ն: Թափիր, այ սա գցիր թավայի մեջ:
Ասաց ու ակումբային թանկարժեք բաճկոնի գրպանից հանեց ու երիտասարդին մեկնեց խոզաճարպի մի հաստլիկ կտոր:
-Էս էլ դիր սեղանին,- բաճկոնի ծոցագրպանից դուրս քաշեց թղթի ինքնաշեն խցանով փակված մի փայլատ շիշ ու տվեց երիտասարդին:
Երիտասարդը իրենց շենքի դիմացի էժանագին սրճարանի մատուցողի պես փութաջան վերցրեց խոզաճարպն ու ինքաթոր օղիով լի շիշը:
– Ես էլ մտնեմ զուգարան ու գամ, կարգին մարդիկ ուտելուց առաջ դատարկում են աղիները, մի ռուս գրողի մոտ եմ կարդացել, այ տղա,- քմծիծաղ տալով ասաց Այցելուն ու անշտապ դուրս եկավ խոհանոցից:
Նախաճաշից հետո
Այցելուի սպիտակ, բայց ներբանների ու թաթերի ծայրերի մասում սևացած գուլպաները կատարել էին անհնարինը՝ կարողացել էին խլացնել նրա մարմնի կծու հոտը՝ անկոչ հյուրի դիմացը խոհանոցում նստած երիտասարդի առջև նեխածության գրեթե տեսանելի պատնեշ բարձրացնելով: Այցելուն կուշտ կերած մարդու ծուլությամբ փռվել էր ճոճաթոռին ու մեջտեղից ջարդած լուցկու հատիկով քչփորում էր ատամները, իսկ երիտասարդը՝ դեմքին մի լարված ժպիտ, տենդագնորեն մտածում էր՝ անհանգիստ փայլեցնելով աչքերի սպիտակուցները:
<< Ի՞նչ կարող եմ անել, Այցելուն ունի մեր տանն ապրելու իրավունքը հավաստող բոլոր փաստաթղթերը՝ կնքված ու ստորագրված ում կողմից, որ հարկն է, բացի այդ՝ չափազանց ուժեղ է, եթե փորձեմ ելույթ ունենալ, կճզմի ինձ հոտած սոխի պես: Գոնե իրեն կարգի բերեր, այդ դեպքում, լավ թե վատ՝ ապրել կլինի: Մեր բնակարանում հաշվառվել է ընդամենը երեք ամսով, եթե չերկարացնի ժամկետը՝ կդիմանանք>>
– Էս կնիկդ ու՞ր է, այ տղա, զանգիր թող գա, առանց տանտիրուհու հյուր ընդունել կլինի՞, ասես երկաթգծի կայարանի ճաշարանում լինենք նստած, ոչ թե հարազատ օջախում,- կանացի ձայնով դժգոհեց Այցելուն:
– Կինս աշխատում է Հիմնարկում, որտեղ շատ խիստ են հետևում աշխատանքի կարգացուցակին, զանգս չի օգնի, այնտեղ վաղաժամ դուրս գալ չկա, աշխատակիցների անցուդարձը գրանցվում է, իսկ հետո մեծ պահումներ են կատարում բացակայողների աշխատավարձերից:
Այցելուն քթի տակ կիսաձայն քրթմնջաց, երիտասարդին թվաց թե նա մայր հայհոյեց, բայց խելամիտ համարեց չլսելուն տալ: Հետո անպարկեշտ հյուրը ակումբային բաճկոնի ծոցագրպանից հանեց մի քրքրված նոթատետր ու, լեզվով թրջելով մատի ծայրը, սկսեց ջանասիրաբեր թերթել:
– Ըհը,- ուրախ կռնչաց:
Երիտասարդը նկատեց, որ այդ պահին Այցելուի ածելիով քերած ադամախնձորը վերուվար արեց կարի մեքենայի մաքոքի արագությամբ:
– Էս էլ տնօրենիդ համարը, այ տղա, դե մի հեռախոսը բեր,- վերնաշապիկի տակից քորելով մազոտ փորը՝ ասաց Այցելուն:
Տղան, ուրախացած միջանցք գնալու և վերադառնալու ստացած ազատության համար, դուրս թռավ խոհանոցից, քիչ անց արդեն Այցելուին էր մեկնում հեռախոսը:
– Այ տղա, համարը հավաքիր ու նոր հեռախոսը դեմ արա քթիս,- զայրացկոտ փնչալով հանդիմանեց Այցելուն:
Երիտասարդը, ստեպ-ստեպ նայելով նոթատետրի մաշված թերթի վրա հաստ մատի ցույց տված համարին, հավաքեց համապատասխան թվերը ու հեռախոսը տվեց Այցելուին:
– Ալո, բարև: Հա, ես եմ: Մոտդ մի աղջիկ է աշխատում, քիչ հետո կմոտենա քեզ, այսուհետ թույլ կտաս ազատ ելումուտ անի, թե բան փոխվի՝ կզգուշացնեմ,- բարեհոգաբար ժպտալով անտեսանելի զրուցակցին, որը երիտասարդի կնոջ տնօրենը պիտի լիներ, ասաց Այցելուն ու, նեղություն չքաշելով անջատել կանչը, հեռախոսը տվեց երիտասարդին:
Րոպեներ անց երիտասարդն անասելի զարմանքով լսեց մուտքի դռան փականի բացվելու ձայնը: Այսքան կարճ ժամանակում կինը չպետք է հասներ տուն, մեքենայորեն վեր կացավ ու խոհանոցից դուրս եկավ միջանցք: Դռան մոտ կնոջ սիրելի, սիրտ ճմլելու չափ հարազատ ու գեղեցիկ կերպարանքն էր՝ ամառային կարճ շրջազգեստով, խնամված, լուսավոր:
Տեսնելով ամուսնուն կինը վախվորած ժպտաց:
– Ու՞ր է Այցելուն,- ու կանխելով ամուսնու զարմանքը՝ արագ-արագ վրա բերեց,- Տնօրենն ասաց, որ չափազանց կարևոր, ազդեցիկ մարդ է, ասաց, որ նրա զանգից հետո կարող եմ աշխատանքից բացակայել, երբ ցանկանամ, ու շուտ տուն հասնելու համար էլ տրամադրեց իր ծառայողական մեքենան:
– Կամաց խոսիր, -շշնջալով սաստեց երիտասարդը,- Այցելուն խոհանոցում է, հանգստանում է նախաճաշից հետո, նրան խանգարել պետք չէ, մեր սենյակում եղիր, երբ հարմար պահ լինի, քեզ կներկայացնեմ նրան:
Պահմտոցին
Երբ երիտասարդը նորից մտավ խոհանոց, Այցելուն, պարարտ մարմինը ճոճաթոռին փռած, նիրհում էր` թեթևակի խռմփոցին համընթաց շարժելով բլրաչափ փորը: Երիտասարդը` զգույշ ու երկյուղած, ասես ականադաշտում հայտնված նորելուկ սակրավոր լիներ, մոտեցավ Այցելուին ու, չգիտես թե ինչու, հպվեց նրա ուսին: Այցելուն ծիծաղելիորեն ցնցեց ուսը, խռմփոցի մեջ ինչ-որ բան ծամծմեց ու բացեց աչքերը:
Երիտասարդն անասելիորեն վախեցավ, մի պահ թվաց, թե նայում է սև, մեռյալ ջրերով լի, խորունկ լճերի, որոնց խամրած փայլը հրապուրում է ձագարաձև անդունդներում կործանելու համար: Այցելուի աչքերում անհատակ ձագարներ նկատած երիտասարդի ճակատին հայտնվեցին սառը քրտինքի մանրիկ կաթիլները, զգաց մեկ այլ լպրծուն ու թանձև կաթիլի ներքև սահելն իր մեջքով: Այցելուն դանդաղ շրջեց գլուխն ու աչքերի մեռյալ ձագարները հառեց երիտասարդի դեմքին` կարծես խոհանոցի պատից չտարբերելով նրան, համարելով տիեզերական օրինաչափությունների մի մասնավոր դրսևորում` զուրկ անհատականությունից, անպետք, ասես ճանապարհին ընկած քար:
Երիտասարդը օձ տրորած մարդու պես վեր թռավ, գերբնական ճարպկությամբ մի կիսաշրջան կատարեց օդում ու դուրս փախավ խոհանոցից: Մի քանի հսկայական քայլ կատարելով` հասավ իրենց ննջարանի դռանը, որը չկարողացավ բացել, որովհետև, հուզմունքից իրեն կորցած, հակառակ ուղղությամբ էր քաշում: Երբ դուռը քաշելու փոխարեն վերջապես հրեց ու մտավ ներս, կինը նստած էր մահճակալին ու, ձեռքերով բերանը փակած, վախեցած հայացքով նայում էր տեղի չտվող դռան փայլատ ապակու հետևում անծանոթ ներխուժող պատկերացած ամուսնուն:
– Շուտ թաքնվիր, մտիր պահարանի մեջ, չէ, ավելի լավ է մահճակալի տակ,- ուժեղ թափահարելով կնոջ ուսն ու անասելիորեն չռելով աչքերը` խզված ձայնով շշնջաց նա:
Երիտասարդի դեմքին դաջված սարսափը կնոջը ստիպեց լռելյայն ենթարկվել. նա արագ սողաց մահճակալի տակ, իսկ ամուսինը դեպի ներքև ձգեց զոքանչի նվիրած բծավոր ծածկոցը` նրա եզրի ու հատակի միջև թողնելով մի նեղ դիտաճեղք: Հանկարծակիորեն մի կարևոր բան հիշած մարդու նման խփեց իր ճակատին, վերցրեց մի փոքրիկ բարձ ու մեկնեց մահճակալի տակ թաքնված կնոջը: Կնոջը քողարկումը հազիվ էր ավարտել, երբ միջանցքում պատեպատ խփվող լինգի պես խուլ զնգաց Այցելուի ձայնը:
– Այ տղա, ի՞նչ եղաք, կնիկդ չեկա՞վ, բեր, տեսնեմ էդ աղջկան:
Երիտասարդը դուրս վազեց միջանցք, նորից հետ վազեց ննջարան, նայեց մահճակալին ու, համոզվելով, որ կինը մահճակալի տակ անձայն է ու անշարժ, վշտապեց դեպի խոհանոց:
Այցելուն հիմա ահարկու չէր թվում, ոտքերը տնկել էր առաջ` գուլպաների կեղտոտ ծայրերից մինչ առաստաղ բարձրացնելով նեխածահոտի երկու թանձր սյուն, իսկ ինքը հորանջելով քորում էր փորը:
– Կինս արդեն տանն է, հիմա կարգի է բերում իրեն, քիչ հետո կներկայացնեմ Ձեզ,- փոքր-ինչ կմկմալով ասաց տղան:
– Խելքը գլխին աղջիկ է երևում կինդ, անշնորհք ամուսինների բախտը միշտ բերում է, այ տղա,- խնդմնդաց Այցելուն ու, խորամանկ տեսք ընդունելով, հավելեց,- վստահ եմ, որ նաև տնարար է ու քո նման ապուշին էլ` հավատարիմ: Չնայած` նրա հավատարմությունը կարելի է և ստուգել:
Այցելուի անպատկառությունն արդեն չափազանց էր, երիտասարդը, ճիշտ է, որոշել էր ամնռունչ դիմանալ Այցելուի հետ համակեցությանը, սակայն բացեց բերանը` ցանկանալով պաշտպանել ամուսնական խոցված ինքնասիրությունը: Չհասցրեց անգամ մի բառ արտաբերել, Այցելուն անհավատալիորեն արագ երիտասարդի բերանը խոթեց սառնաշաքարի մի հսկայական կտոր: Երիտասարդը ուզեց դուրս թքել, սակայն Այցելուն իր բահի պես լայն, քրտնած ափով ամուր փակեց նրա բերանը: Երիտասարդը ստիպված եղավ սրտխառնուքը զսպելով կուլ տալ սառնաշաքարը: Այցելուն, ափը քաշելով երիտասարդի բերանից, բռնեց ու ուժեղ ձգեց նրա քիթը: Տեսնելով երիտասարդի աչքերում հայտնված արցունքները` սկսեց հռհռալ: Սրբեց ծիծաղից խոնավացած աչքերը, ու շարունակելով հռհռալ, կռացավ և հանեց աղբահորի պես հոտած գուլպաները:
-Այ տղա, տուր սրանք, թող կնիկդ կարգի բերի,- ասաց ու գուլպաները դրեց խոհանոցի սեղանին:
Երիտասարդը երկու մատով վերցրեց գուլպաներն ու, ձեռքը ձգած, ցանկանալով հնարավորինս հեռու պահել իրենից գարշահոտության երկու գուլպայաչափ պարկերը, դուրս եկավ խոհանոցից: Միջանցքով անցնելիս բացեց ու փակեց ննջարանի դուռը, միտումնավոր աղմկելով, որովհետև ցանկանում էր, որ Այցելուն մտածի, թե կանչում է կնոջը, հետո մտավ լոգարան, որտեղ գտնվում էր լվացքի մեքենան: Հաղթահարելով զզվանքը` Այցելուի գուլպաները գցեց մեքենայի թմբուկի մեջ ու սեղմեց գործարկելու կոճակը: Ռեակտիվ ինքնաթիռի ձայն արձակելով`լվացքի մեքենան սկսեց կատաղորեն պտտել թմբուկը, որի ծակոտկեն պատերին զարկվող գուլպաները Այցելուի պես անպատկառ ու լկտի ուրախությամբ ցայտում էին կեղտաջրի կապասևավուն կաթիլները:
Երիտասարդը արդեն լվացքի մեքենայից հանել ու մզում էր ձյունաճերմակ դարձած գուլպաները, երբ պարանոցին զգաց Այցելուի տաք ու ծանր շնչառությունը
– Այ տղա, էս ձեր տանը կնիկ-տղամարդ չկա՞, թե լավ ամուսինն ամեն ինչում օգնու՞մ է կնոջը,- երիտասարդի ականջի տակ շշնջաց Այցելուն ու, բռնելով ուսերից, նրան շրջեց դեպի իրեն:
– Կինս հենց նոր դուրս եկավ, միջանցքում չհանդիպեցի՞ք, պարզապես խնդրեց մզել գուլպաները, ի՞նչ կա այդտեղ ամոթ,- շուտասելուկի պես արագ-արագ պատասխանեց երիտասարդը:
– Կինդ միջանցքում հանդիպած լիներ` ի՞նչ էի անում քո կեղտոտ բաղնիքում, այ տղա,-թփթփացնելով երիտասարդի այտին` քթի տակ մռմռաց Այցելուն,- արի, տեսնենք` ու՞ր է սիրելիդ:
Երբ դուրս եկան բաղնիքից,երիտասարդը նկատեց, որ Այցելուն ոտաբոբիկ է, ու նրա թաց ոտնաթաթերը միջանցքի հատակին, ասես ծովափնյա ավազի վրա, թողնում են պարզորոշ հետքեր: Հետքերի տեսքը` երկարավուն, ինչը զարմանալի էր, եթե նկատի ունենանք Այցելուի գիրությունը, և միջանցքի աղոտ լուսավորության հետևանքով մուգ ու թանձր, կարծես թե Այցելուն ոտքերը հենց նոր էր հանել ձյութով լի տակառից, երիտասարդին համակեց ուժգին, գրեթե խուճապի հասնող տագնապով: Երիտասարդի սիրտը սկսեց բաբախել արագ ու ուժգին` օդաճնշիչ մուրճի պես ներսից ծակելով նրա կուրծքը, երբ կարծես ձյութով լի տակառից հենց նոր հանած ոտքերն ուղղվեցին դեպի ննջարան: Ննջարանի մուտքի մոտ Այցելուն կանգնեց, ծուլորեն քորեց հետույքը ու տանտիրոջ պես վստահ բացելով դուռը մտավ ներս :
– Ախչի, արի, էդ սիրուն մռութդ տեսնեմ,- դեռ դռան խորշում բարեհոգաբար գռմռաց:
Լռությունը կարծես թե համարեց անձնական վիրավորանք ու, հետ շրջվելով, ողջ թափով ապտակեց երիտասարդին:
– Էս բոզիդ թաքցնու՞մ ես ինձնից, հա՞, այ անճարակ,- ցասումից փայլեցնելով ոլորած աչքերը` գոռաց նա:
Հաջորդ ապտակից հետո երիտասարդը սկսեց բարձրաձայն հեկեկալ:
– Ինչու՞ եք խփում, կինս երևի մյուս դռնով դուրս է եկել խոհանոց` Ձեզ տեսնելու,- այտերով հոսող արցունքների աղի համը շուրթերին զգալով` կմկմաց երիտասարդը:
– Էդ ու՞մ ես խաբում, շան զավակ,-բղավեց Այցելուն ու անսպասելիորեն թքեց արտասվող երիտասարդի դեմքին: Երիտասարդը, գիտակցելով, որ մահճակալի տակից վախվորած աչքերով իրենց նայող կինը տեսնում է իր ստորացման ամբողջ խորությունը, ցանկացավ դուրս փախչել ննջարանից, սակայն դեմ ընկավ Այցելուի` ճիշտ պահին առաջ մեկնած ոտքին ու բերանքսիվայր ընկավ` հատակին խփելով քիթը: Մշուշված հայացքը հանդիպեց մահճակալի տակից խղճահարված զարմանքով իրեն նայող սիրելի աչքերին, որոնք, ասես մղձավանջում, սկսեցին աստիճանաբար հեռանալ: Ցավը մոռացած` երիտասարդը վեր թռավ ու սոսկումնահար տեսավ, որ Այցելուն կնոջ բարալիկ սրունքից բռնած դուրս է քաշել նրան մահճակալի տակից, իսկ կինը, անասելիորեն վախեցած, դողդողալով, նայում է Այցելուի դեմքին հայտնված հեշտասեր ժպիտին:
– Լավ էլ սիրուն ես, ինչու՞ էիր թաքնվում, ես քեզ վատ բան չեմ անելու,- կնոջ ձեռքից բռնելով` Այցելուն օգնեց կանգնել ու թեթևակի, գրեթե քնքշանքով խփեց նրա հետույքին:
Կնոջ այտերը կարմրեցին` վարդակին միացված էլեկտրասալիկի պարույրի պես, իսկ երիտասարդը սկսեց գլուխը ուժգնորեն խփել պատին` աղաղակելով ու բարձրաձայն հայհոյելով ինքն իրեն:
Մոր նամակը
Լրացել էր Այցելուի ներխուժման մեկ ամիսը, որի ամեն օրը երիտասարդի համար դարձել էր բարոյական տառապանքների ու ֆիզիկական ցավի` հետզհետե դեպի դժոխքի ընդերքը խորացող մի նոր պարունակ: Կնոջ բացակայության կարճատև պահերին ինքն էր սպասարկում Այցելուին, սակայն ինքնասիրության հետևողական անձնատվությունը բնավ չէր մեղմում անհասկանալի ցասումը, որով կարծես թե ամբողջովին համակված էր գիրուկի էությունը: Նրա անպատկառությունը աճում էր գոմաղբի վրա բուսած սնկի պես` օրեցօր, արագ ու անշեղ: Հատկապես սիրում էր ստորացնել երիտասարդին կնոջ ներկայությամբ, իսկ կինը, գիշերները հեկեկալով ամուսնու կրծքին գլուխը հակած, Այցելուի ներկայությամբ կերպարանափոխվում էր, աչքերում հայտնվում էր վհուկային փայլ, ինքնամոռաց ծիծաղում էր գիրուկի երկիմաստ կատակների վրա, ամուսնու հետզհետե ճարտար դարձող ստորացմանը հետևում էր հիասթափված խղճահարությամբ ու ինքնագոհ խնդմնդացող Այցելուի հետ ժամերով փակվում խոհանոցում կամ բաղնիքում: Այնտեղից դուրս էր գալիս կարմրած այտերով, խախտված սանրվածքով, երկար քնքշությամբ համբուրում էր ամուսնու այտը ու ցրում երիտասարդի համակերպված -մեղմ հարցերը:
Գիրուկը երիտասարդին ասել էր, որ ժամը հինգին կնոջ հետ լինի խոհանոցում. ցանկանում էր նշել իր՝ կարծես աշխարհի արարման օրը սկսված ու երբեք չավարտվող այցելության մեկ ամիսը: Երիտասարդին էր տվել աշակերտական տետրից պոկված մի թերթ` վրան քիմիական մատիտով նշած ընթրիքի համար անհրաժեշտ մթերքների ցանկը ու պատվիրել անհապաղ գնալ գնումների, քանի դեռ կինն օգնում է իրեն լոգանք ընդունել:
– Այ տղա, դեռ շատ ես շնորհակալ լինելու ինձ, որ կնոջդ աչքերը բացում եմ,- խորամանկ տեսքով աչքով էր տվել ու մի բան հանկարծակիորեն մտաբերած մարդու պես չրթացրել մատները:
-Հա, չմոռանաս ձուկ առնել, ցուցակում չեմ գրել, բայց բժիշկներն ասում են` ձուկ ուտողը երկար է ապրում: Դե, թռի…
Երբ երիտասարդը մթերքներով լի տոպրակները վերցրած վերադարձել էր տուն, կինն ու Այցելուն դեռ բաղնիքում էին: Սուսուփուս անցել էր խոհանոց, բաղնիքի դռան մոտ փորձել էր ձայներ որսալ, սակայն իր կարոտի ու աներևակայելի նսեմացման արանքում կանգնած մետաղապլաստե պատնեշի հետևից հազիվ լսվող խուլ ծիծաղի միջից հանկարծակի պայթել էր Այցելուի չար բղավոցը .
– Ի՞նչ ես ականջ դնում, այ տղա,- ու դուռը ցնցվել էր իր վրա ողջ թափով նետված ինչ-որ առարկայի հարվածից:
Երիտասարդը խոհանոցում ձուկը թեփուկներից սկսել էր մաքրել կենտրոնացած, չարությամբ, ասես մի միջնադարյան տանջախցում իր ատելավառ հնարամտությանը հանձնված Այցելուին էր մաշկում: Երբ կաթսաներից բարձրացել էր համադամ կերակուրների ախորժալի բույրը, կինն ու Այցելուն ներս էին մտել:
Կինը Այցելուի լայն թիկունքի հետևից մեղավոր հայացք էր նետել ու տխուր ժպտացել ամուսնուն: Երիտասարդին այդ պահին թվացել էր, թե իրեն խփեցին դանակով, արցունքի միայնակ մի կաթիլ աննշմար հոսել էր այտով ցած ու ընկել ձկնապուրի` խուփը բաց կաթսայի մեջ:
Այցելուն ակնապիշ նայել էր կաթսայի կափարիչը ձեռքին քարացած երիտասարդի դեմքին:
– Այ տղա, դարդ մի արա, մյուս լոգանքիս ժամանակ դու էլ կօգնես կնոջդ: Գյուղ կանգնի` գերան կջարդի, բայց իմ գերանը ջարդել չի լինի, ճի՞շտ չեմ, սիրունիկս,- շրջվել էր դեպի կինը ու լայն հորանջել: Հետո ձեռքը մտցրել էր իր տաբատի գոտկից ներս, մի քանի անգամ վեր ու վար արել տաբատի առջևի մասն անպարկեշտորեն ուռեցրած ափը, հանել էր ձեռքը, շոյել ամոթից գլուխը քաշ գցած կնոջ այտն ու, երիտասարդի խզակոթին խփելով, նրան ուղարկել իր ճամպրուկի գրպանիկում պահված մի կարևոր ծրարի հետևից:
– Մորդ նամակն է,- ասել էր` չվերցնելով արագորեն հետ եկած երիտասարդի իրեն մեկնած ծրարը:
Ծրարն ըստ երևույթին անչափ կարևոր նամակ էր պարունակում, որովհետև իր անձեռնմխելիությունը հպարտորեն ազդարարում էր ճիշտ մեջտեղում խփված պատկառելի զմուռսե կնիքով: Ծրարի տեսքն անչափ հին էր, կարծես այն հայտնաբերել էին Կարմիր ծովի ափերին, ավազոտ հատակով քարանձավներում սակայն զմուռսը պահպանվել էր հիանալիորեն.
-Հետևաբար,-մտածել էր երիտասարդը, – միջի թղթերն էլ լավ պահպանված կլինեն:
Կնիքը պոկել պատրաստվող ձեռքին զգացել էր Այցելուի ուժգին, խարազանի բարկ թափով ցավացնող հարվածը:
– Այ տղա, երբ մենք ընթրենք, դու ազատ ես լինելու, էդ ժամանակ էլ կկարդաս, նամակը գրպանիցդ ու՞ր պիտի փախչի, հո կնի՞կ չէ,- ասել էր ու կլոր փորը ուրախ-ուրախ գլորվել էր Այցելուի գիրուկ մարմինը ցնցող վայրենի քրքինջից:
Երբ խոհանոցում երիտասարդի գցած սեղանի շուրջ սկսվել էր կնոջ զուսպ ծիծաղով և Այցելուի ինքնագոհ մլռտոցով ուղեկցվող ընթրիքը, իսկ ափսե-պատառաքաղի շրխկոցը թվացել էր շիրմաքարը ծեծող կարկուտի ձայն, նա` ննջարանի մի անկյունում ծվարած, դողդոջուն ձեռքերով բացել էր մոր ասես դարերի խորքից իրեն ուղղված խորհրդավոր նամակը:
«Որդիս, այս տողերը կարդալիս դու արդեն գիտես Այցելուի գոյության մասին, ու նա իր հսկայածավալ լիազորություններն ազատորեն կիրառում է քո տանը` ստիպելով կնոջդ շիկնել ամոթից ու ավելի շատ` ամոթի մեջ ներծծված վայելքից, իսկ քեզ` արտասվել անզոր զայրույթից: Գիտեմ, որ դու հաճախ խոհանոցում ափսեներն ես լվանում, իսկ նա այդ պահին շոյում է կնոջդ գեղեցիկ պարանոցը: Գիտեմ, որ դու անմռունչ, արցունքներդ կուլ տալով տանում ես նրա չարամիտ ծաղրանքը, անհապաղ կատարում զայրացկոտ ձայնով տրվող հրամանները: Որդիս, նրա Այցելությունն անխուսափելի է Քաղաքի բոլոր բնակիչների համար, պարզապես այդ մասին ընդունված չէ խոսել, իսկ Այցելուն մշտապես աննկատ է մնում բոլոր հարևաններիդ, ընկերներիդ, բարեկամներիդ, անգամ` երեխաներիդ աչքին: Ոչ ոք չգիտե, թե ով է նա իրականում` այդ անհեթեթ հագնված գիրուկը, բայց նրա հետ հաշվի են նստում նաև Քաղաքի Տնօրենները` ազդեցիկ, ամենակարող մարդիկ: Տղաս, անչափ ծանր է համակերպվել Այցելությանը, սակայն այդ քավարանով անցել ենք բոլորս: Հավատա` ժամանակի հետ ցավը բթանում է ու հաջորդ Այցելություններն աստիճանաբար դառնում են ավելի թեթև, տարիների ընթացքում սովորելու ես անգամ վայելել դրանք: Մինչ մի օր, հայելու առջև կանգնած, դու քո արտացոլանքում նշմարելու ես Այցելուի հարազատ դարձած դիմագծերը: Այցելուին չհանդիպելու դիմաց վճարվող գինը սոսկալի, համատիեզերական միայնությունն է, հավերժական աքսորը Քաղաքից, որտեղ դու հավասար ես հավասարների մեջ, նման` նմաններին, որտեղ կարող ես հաջողակ, հանրահայտ ու հարուստ դառնալ: Միայնությունն առավել անտանելի է, երբ գտնում ես այն Քաղաքի ամենից մարդաշատ հրապարակներում, երբ աքսորվում ես ոչ թե հեռավոր, սառցապատ գագաթներով լեռներ` հսկա արջերի ու ճերմակ սառնամանիքի հետ մաքառելու, այլ ամեն օր կրում ես տաժանապարտի շղթաներդ համաքաղաքացիներիդ քամահրանքի ու նողկանքի միջով: Այո, որդիս, բոլորից արհամարհված, կեղտի մեջ սողալով կարելի է բացառել Այցելությունը ու հպարտությամբ նայել քո վրա թքողներին կամ քեզ, ասես քաղցած առնետի, մի կտոր սև հաց նետողներին, սակայն դա քո ուղին չէ: Դու պետք է համակերպվես ու պետք է լինես հաջողակ: Մի օր քեզ զգալու ես եզրագծի մոտ ու ցանկանալու ես հաղթել Այցելուին, չփորձես, որովհետև նրա հետ բոլոր գոտեմարտերը` խարդախ թե ազնիվ, դատապարտված են պարտության, քանի դեռ չես սկսել սիրել ու ամեն օր փնտրել սեփական մահդ: Այդ դեպքում դու կարող ես ծիծաղել Այցելուի երեսին, անգամ երբ կատարում ես նրա հրամանը, սակայն դա ևս քո ուղին չէ: Քո ուղին անցնում է համբերության անծայրածիր տափաստաններով, որտեղ ամեն քայլն առաջ տրվում է մեծ դժվարությամբ, սակայն ճանապարհը հաղթահարել կարողացողներն ի վերջո հասնում են մի երանավետ դրության, երբ կարիքն ու հոգսն՝ այտ ոսկրոտ երկվորյակներն, առհավետ լքում են նրանց: Որդիս, համակերպվիր, որ երկար ապրես, տրվիր, որ տիրես, երբ գա քո ժամանակը»:
Երիտասարդը խնամքով ծալեց ասես դարերի փոշով ներծծված թուղթը, այն զգուշությամբ թաքցրեց ծոցագրպանում, հետո վառեց ննջարանի լույսը: Հայելու առջև դեմքին դրոշմեց մի պատրաստակամ ժպիտ ու , ուրախ պարեղանակ սուլելով, քայլեց դեպի խոհանոցից հնչող խրախճական ձայները: