Դավիթ Ավետիսյան | Լռությունը ձայն ունի

Դավիթ Ավետիսյան

 

Ձախողվա՛ծ տողեր
Ես ուզում եմ
Ձեզանից ներում հայցել,
Ձեր մեղքը այն էր,
Որ դուք ուզում էիք
Հենց այդ օրը ծնվել:

 

***

Ես քեզ չէի փնտրում,
Դու իմ մեջ էիր
Եվ իմ բոլոր անկյուններում,
Իմ տեսադաշտը ամբողջ
Քո պատկերներով էր լեցուն,
Գիշերվա անթափանց խավարում
Քո լույսն էր միայն
Ինձ համար ճամփա բացում:
Հիմա մոլորվել եմ խավարում:

 

***
Ամպը գոռում է,
Չի անձրևում,
Խոսքը լեզվի ծայրին է,
Չի ասվում,
Բողբոջը փթթել է,
Չի պայթում,
Հոգիդ լցվել է,
Չես արտասվում,
Վիրավորել են,
Վրեժխնդիր չես …

Հրաբուխները այսպես են ծնվում:

 

***
Ես հաճախ եմ քայլում
Հուշերի իմ գետափում,
Մի ժամանակ՝վստահ,
Հիմա՝ վարանոտ,
Գետը վարարել է.
Վախենում եմ,
Թե գետաբերանը կորցնեմ…

 

***
Արցունքները թաց բառեր են,
Որոնք ընթերցելու համար
Տառերը ավելորդ են:

16.06.2015թ

 

***
Բանաստեղծությունները չեն հորինում.
Նրանք ամենուր են՝
Ծառերից կախված,
Խոտերի արանքում,
Հավքերի արշալույսի երգերում,
Թիթեռի խայտող թևերին,
Գեղեցկուհու թրթռացող շուրթերին,
Նրա լուսափայլ ու քնքուշ այտերին,
Կյանքի սկիզբը արարող
Բողբոջի անաղմուկ պայթյունի,
Իմաստուն ծերունու աղոթքների,
Մանկան թոթովանքի մեջ…
Նրանց հարկ է միայն նկատել:

Փարիզ 2015թ

 

***
Իմ եսը
Ես տարրալուծեցի
Քո գեղեցկության մեջ
Ու… մնացի առանց ես…
Հիմա դու ինձ, կսիրե՞ս…

 

***
Ես երգեր ունեմ
Ամպերի շերտերում թաղված,
Նրանք ամպերի պես
Նուրբ են, մշուշային,
Ու թե նրանց իջեցնես,
Կանէանան…

 

***
Ամպիկը նստել է ջրի վրա.
Եվ մայր ու աղջիկ
Զրուցում են, ահա՛:

 

***
Ամպերն այսօր
Բացել են հարսնաշորերի հանդես,
Կապույտն էլ հետևում
Հարսի երազներն է հավաքում:

 

***

Մայր իմ անուշ ու անգին
Եղիշե Չարենց

Տարիներին մանուկ
Փաղաքույշ խոսքեր
Ասես չեմ լսել,
Դրանք վաղամեռիկ
Մայրս է միայն ասել,
Թող նա էլ ինձ ների.
Մանկիկ եմ եղել
Ու չեմ հասկացել:
Տարիներ եմ ապրել,
Սակայն ծարավն այդ խոսքերի
Իմ մեջ չի մեռել:
25.08.2015.թ.

 

***
Լռությունը ձայն ունի,
Երբեմն այնքան հզոր,
Որ ես խլանում եմ,
Լռությունը ճիչ ունի,
Որից երբեմն կարկամում եմ,
Եվ հաճախ է լինում,
Որ լռությունից
Ես լռություն եմ աղերսում:

 

***
Թանկագի՛ն իմ ընկեր,
Տարիներից քեզ ի՞նչ է մնացել.
Ներս ընկած զույգ աչքեր,
Հարազատ դարձած
Մի քանի հնոտի,
Հնաոճ մի ժպիտ
Եվ հուշերի հսկա մի դեզ
Եվ ամուր մի եղան,
Որ դրանով անվերջ
Դեզդ քրքրես ու քրքրես:

 

***
Ամպերի ճերմակ քուլաներից
Քեզ համար զգեստ եմ կարել,
Ասեղս թելել եմ արևի շողերով
Ու դրանցով քո զգեստի փեշերին
Նախշեր եմ գործել,
Քեզ համար ծիածանի կտորով
Գոտի եմ պատրաստել,
Կակաչի թերթիկներից՝ կոշիկներ,
Մազերդ ներկել եմ արևի գույներով ,
Աչքհունքդ՝ երկնքի լազուրներով.
Ես ուզում եմ քեզ,
Թագուհի տեսնել:

 

***

Բրիտանիան երկինք ունի՝
Մութը բերանն առած,
Եվ թախիծի դաշտեր՝
Կանաչի մեջ թաղված,
Ու չորս կողմից ծովեր՝
Նրան պաշարած,
Մարդիկ ապրում են
Ալիքների գրկում՝
Մառախուղի վերմակի տակ,
Արևը նրանց
Ջերմություն է ուղարկում՝
Որպես դեղահաբ:
Նրանք երազներ են պահում՝
Արևի շողերին գրված:

***
Մեղքերը գալիս են
Ո՛ւ մեզանից
Ո՛չ կարծիք են հարցնում,
Ոչ էլ թույլտվություն:
Գալիս են ու ստիպում,
Որ դու իրենց տիրես,
Փայփայես հարազատի պես,
Հետո աննկատ
Նրանք քո մասն են դառնում,
Ու դու ակամայից
Սկսում ես վախենալ,
Թե առանց նրանց
Քո ես-ը կկորցնես:

***
Դու քնած էիր,
Ես՝ արթուն
Ու նայում էի
Քո դեմքին ժպտուն:
Ինձ թվաց, թե երազում
Դու գտել էիր
Քո ասպետին
Ու սեր էիր վայելում,
Իսկ ես՝ մնացել էի դրսում:

 

***
Չասված մի խոսք,
Չգրված մի երգ,
Մեռած մի երազ,
Ծառից կախված մի թրթուր,
Որը մնացել է առանց տերև:

Ու… անցած օրերի մի աստղաբույլ…

 

***

Վարդի թերթիկները
Ասես սիրո նամակներ լինեն՝
Համբույրի տաք հետքերով,
Որոնց քամին պոկում է,
Որ տեղ հասցնի ապահով:

Share Button

6 Կարծիք

  • Աշխեն says:

    Հայ ժամանակակից պոեզիայի լավագույն գոհարներից՝ խորիմաստ ու հոգեպարար։

  • Tatevik says:

    <> ստեղծագործողի փայլուն ու ճկուն միտք:Մեծ սիրով կնթերցեի մի ամբողջ գիրք,եթե իհարկե կա:

  • Suren says:

    Պարզ եւ խորը,հարուստ եւ համեստ:Սքանչելի ներդաշնակություն

  • Adrine says:

    Հրաշալի եւ բազմիմաստ գործեր, որտեղ փիլիսոփայությունը, ռոմանտիզմը եւ իրականությունը սահուն կերպով միահյուսված են:

  • Ռոլանդ Ավետիսյան, բ.գ.թ., դոցենտ says:

    Դավիթ Ավետիսյանի “Լռությունը ձայն ունի” ընդհանուր խորագիրը կրող ներկայացված շարքը հեղինակի վերջին տարիների առատ հունձքի գեղեցիկ մի փունջ է, ուր հետաքրքիր խոհեր են սեփական ես-ի որոնումների (Իմ եսը//Ես տարրալուծեցի//Քո գեղեցկության մեջ), թախծոտ ակնարկներ կյանքի մոտեցող աշնան ու հուշերի վարարող գետի, “Անցած օրերի մի աստղաբույլի”, բնության չքնաղ իդիլլայի (Ամպիկը նստել է ջրի վրա//Եվ մայր ու աղջիկ//Զրուցում են) մասին:
    Սիրո նամակներ դարձած վարդի թերթերը, որոնք քամու բերանն ընկած որոնում են իրենց հասցեատերերին, երկնային թափանցիկ ու արևային հագուստներով պճնված հերոսուհին, թաց բառերի վերածված սիրո արցունքները, մութը բերանն առած Ալբիոնի երկինքը և այսպես ծավալվող գեղեցիկ պատկերները շարքը դարձնում են սիրուն և խոսող հուլունքաշար, որտեղ, իրոք, ամենախոսունը լռության ձայնն է, որն այնքան գեղեցիկ է հյուսված՝ իմաստային մի քանի շերտերով, տագնապներով:

  • Հայկուշ says:

    Պարզ, միաժամանակ խորիմաստ տողեր, անկեղծ, ապրված վայրկյանների գեղարվեստական արտացոլում:
    Այո, լռության ճիչը երբեմն այնքան անտանելի է, որ <>: Կամ հուշերի մեր գետափում տարիների հետ մեր վստահությունը փոխվում է վարանումի. գետը վարարել է:
    Ով չի կարոտում մայրական փաղաքուշ խոսքին, երբ այն լսելն արդեն անհնար է… և այսպիսի սրտամոտ այլ շատ տողեր, որոնք խոսում են, կարծում եմ, շատերի հոգու հետ:
    <> .Դ. Ավետիսյանին մաղթենք բանաստեղծական աչքի սրություն, որպեսզի նկատի նոր նրբերանգներ և դրանց գեղարվեստական մարմնավորում տա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *