Արթուր Մեսրոպյան | Իմ հոգին կերավ գայլերին

Արթուր Մեսրոպյան

Թափանցիր մեջս մորեմերկ
մտիր մեջս,
կլանվիր ընդերքս
ալիք-ալիք անցիր տակս
խորքս սուզվիր
ընկղմվիր մարմնովդ ողորկ
ու լպրծուն ներսս
թաց
պահիր շունչդ
ափերովդ, բազուկներովդ
բացիր ինձ, փխրեցրու
մեծացրու խորքերս
ընդարձակիր սիրտս
թաթախվիր, սողոսկիր
խորշերս
անտակությունս քեզնով արա
ներքաշվիր, թափանցիր
ոտքերովդ մղվելով առաջ
ոտնաթաթերովդ ջրերս հետ մղելով
մարմինդ, խոնավությունդ
մերկությունդ մեջս շաղելով
վարարելով ձգվիր
իմ առաձգականությունից գրգռված
իմ քնքշությունից մեղկացած
լուծվիր մեջս
գլխով հարելով փափկությունս
գլխահարելով անդիմադրողականությունս
մինչև կներշնչվեմ
քթանցքներովդ
հրելով թոքերդ
հուր անելով խոռոչդ
ու սուզվելով մեջդ
մեղմ ու մորեմերկ
կառնեմ քեզ անցքերս
խորքերովդ կանցնեմ
ու կմիանամ ինձ
ներսս կծծեմ քեզ
կլուծեմ
հանգստությանս մեջ
սառնությանս մեջ
անշարժությանս մեջ

 

***
ծովում կորած երեխաներին չեն գտնում
նրանց հաշվից դուրս են հանում
ու լուռումունջ կանգնում ափին
ես կանգել էի մետրոյի մուտքի մոտ
իսկ հետևումս աշունն արդեն մտնում էր
ձմեռվա մեջ
դու չես երևում
երևի տուն գնամ
քամին սառում է, ոտքերս սկսեցին քարանալ
ավտոբուսում ինչպես միշտ
խեղդոց է
ծովում կորած երեխաներին չեն գտնում
նրանց համար գերեզման չեն գնում
ու հաճախ չեն նրանց մասին
խոսում
մետրոյի մուտքի մոտ հիմա էլ չեմ կանգնում
արագ քայլերով մտնում եմ ու
դուրս գալիս
ավտոբուսներում բոլորն են
խեղդվում
ու ես էլ եմ երևի
ամբողջ ուժով շնչում ու
արտաշնչում ու կոտրում եմ
ինչ որ
մեկի կրծքավանդակը

 

***
Տրոփիր երակներիս մեջ
գանգիս մեջ ծիլ ու շիվ տուր
վերածնվիր
սնվիր շիճուկովս
բջիջներիս տակի հանքերով
ձգիր արմատներդ
ու քոքիցս ներքաշիր
սերմերս
պարարտացրու քեզ
սնիր ինձնով քեզ
ոսկրածուծդ փարթամեցրու, պնդացրու
հասկերդ ուռեցրու
կոնքերդ փքիր, պարանոցդ կորագծիր
քամիր միջիցս կերպարանքդ,
ձայնդ, հոտդ
մրզիր այգիներիս ոսկին
ու արծաթը կոկորդիդ մեջ,
կուլ տուր ախորժակով
կանոնավոր
ու անթաքույց
անհագուրդ
իմ ամպերի մեջ քնիր
ու լող տուր լճերումս
իմ անտառներում խաղ արա
իմ մեջ մնա
իմ մեջ կյանք ու սեր արա
իմ մեջ մնա
իմ մեջ ճամփա ընկիր
ու հետդ երեկո բեր տուն
իմ մեջ մնա
եղիր տեր ու թևածիր
իմ մեջ

 

***
Դրսում ցուրտ է,
ձմեռ
ու սառը
տանն էլ մի բան չէ
ձեռքերս ճաքճքել են
ու կոշտացել
մրսելուց սովորաբար քեզ եմ տեսնում
այս բարձրությունից
ցուրտը թվում է
մանկական աչքերով
նիհար-միհար
փոքր կրծքերով
անընդհատ խոսող
աղջիկ
սառցալուլա ձեռքերով
սառցալուլա ոտքերով
այս տարածությունից
ճանապարհները սառցակալած են
կիսամթին փողոցից տուն գնալ չի լինում
մնում ես ճաքճքած դեղին լույսի
բռունցքի տակ
նիհար-միհար ձմեռվա մեջ
վերարկուիդ մեջ
մտած

 

***
կդիմավորե՞ս ինձ
երբ նավս թողնեմ
մառախուղի մեջ
ու ծանր ոտքերով
ջրի միջով քայլեմ
ու մոտենամ քեզ
երբ դու ծովափին
ձուկ բռնելիս լինես.
կշրջվե՞ս դեպի ինձ.
կմոռանա՞ս ունեցածդ
բոլոր տղամարդկանց ու կանանց
ու կգրկե՞ս ինձ` մշուշի մեջ,
ոտքերով ջրի մեջ մտած.
երբ ցերեկից չտարբերովող երեկոն գա
կքայլես երևի ինձ հետ տուն…
ես մազերիդ միջից
մատներովս մամուռներ կհանեմ,
կքայլես ոտքերդ
ավազի մեջ խրելով…

 

***
ինչ կատարյալ ենք մենք իրար խեղում
հիանալ կարելի է
ու արդեն առաջին անգամը չէ
բայց համը մեկ է նույնն է
ու հիմա, երբ գնացել ես
կարծես մեռած կատու լինի
փորիս մեջ
ու ինչքան էլ պոչից քաշում եմ
կոկորդովս
դուրս չի ելնում
ճանկերը երևի ընկել են
սիրտ-թոքովս կամ էլ
երիկամներովս կամ էլ
ով գիտի ինչով ու
ճանկռում են ճանկռում են
ես չգիտեմ կուլ տամ կատվին
ի վերջո, թե չէ
որովհետև վստահ չեմ, թե
կմարսեմ նրան
թե էլի քաշեմ, քաշեմ պոչից
կոկորդովս
ու սրտաթոքախառը դուրս
թափեմ հերն էլ
անիծած
ամեն դեպքում միգուցե թողնեմ ինչպես
կա
ու ինձ դարձնեմ
մի մեռած կատվի գերեզման

 

***
հալից ընկած կին էր
տոմսավաճառը
դասագրքի պես ձեռքից ձեռք
անցած ծնոտով
փոշակոլոլ աչքերով
մատներով վերցրեց
200 դրամս
բերանով ասաց` խնդրեմ
ու մեկնեց մի կտոր ճղված տոմս
ու թեպետ չխաբեցի նրան
թե իբր նկարիչ եմ
որ մուտքս ցուցահանդես
անվճար լինի
ու շփոթված վճարեցի
տոմսի արժեքը
միևնույն է ամբողջ
ցուցահանդեսի ընթացքում
գլխիցս չէր փախչում
միտքը` իսկ եթե
խաբեի, տեսնես
կջոկեր

 

***
ես չարքն եմ անտառների
երբ լուսատուն հեռանում է վերևի
ես ելնում եմ որսի
մերկ ու ձիգ մարմնովս
ստվերելով խավարը
ծառերի, գետերի, քարերի, ամպերի
ամբողջ մարմինս մի մկան է
ամբողջ մարմինս մի նիզակ
ես պատված եմ մթով
մամուռներով ու ոտքերիս կոճերը
մինչև խրված եմ
ցեխի մեջ կպչուն ու թաց
ռունգերս ուռչում են
ես որսորդ եմ
ես որոնում եմ զոհ
ես շնչում եմ բույրերն անտառի, հոտը
գայլերի, եղջերուների, գորտերի,
արջերի ու նրանց փափուկ ձագերի
ու որոնում եմ կեր
ձեռքերս պրկվում են
ոտքերս` կքանստում
իջնում ու ելնում եմ ես
մթնում ու լուսանում
մի ակնթարթ.
մագլցում ծառերի խորքերը
ու ժայռերը անխոտ
ու քարերը արևից խորովված
ես որսորդ եմ
ես պատրաստված եմ մթից
ին ոտքերը կատուներ են
իմ գլուխը գայլ է
իմ ձեռքերը արծիվներ են
ես կին եմ
ես մայր եմ
ես որսորդ եմ
ես կին եմ
ես որոնում եմ կեր
ես փնտրում եմ զոհ
նրանք ծանոթ են իմ հոտին
նրանք զգում են, որ գալիս եմ
նրանք գիտեն, որ ես դուրս եմ եկել որսի
նրանք գիտեն, որ ես կին եմ
ու որ շնչում եմ բույրը իրենց հետքերի
ու բոլոր շշուկների մեջ եմ
բոլոր փչակների մեջ եմ
բոլոր բվերի աչքերով եմ նայում
բոլոր օձերի լեզվով եմ խոսում
բոլոր վախերի մեջ եմ շնչում
ու օրորում եմ օրորոցները բոլոր
ես կին եմ
ես որսորդն եմ անտառների
իմ սիրտը կարմիր է
իմ մաշկը խոնավ է
մարմինս լցված է
մկաններով

 

***
իմ հոգին կերավ գայլերին
ծամեց ու կուլ տվեց
երախից մինչև
թաթերը հողոտ
իմ հոգին կերավ հողը անտառի
հողը լեռների
հողը երկնքի
գայլերի հում միսը
կերավ իմ հոգին
անտառների քունը
կերավ իմ
հոգին
իմ սիրտը օձ է
ոլորմոլոր
ծուռումուռ
փաթաթված
թոքերովս, լյարդովս
կոկորդովս
ընդերքիցս մինչև
երգերս երկար
խորքերիցս մինչև
ձեռքերս մերկ
որովայնս բաց
ողնաշարս կատարյալ
մինչև սրունքներս մերկ ու
սաթ
ես փետրվար ու հուլիս եմ
ես ապրում եմ ու դա ինձ դուր է
գալիս
ես քնում, քայլում, մրսում, լռում, ուտում
հիասթափվում եմ
ու դա ինձ դուր է գալիս
ես ուտում եմ միսը գայլերի
հողոտ
իմ սիրտը օձ է
ու շոգում եմ ես ամեն հուլիսին
ու մրսում-սառում
փետրվարին
ամեն

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *