Մոր գրկին
Մի երեխա տեսա –
Մեր
Սիրո չափ էր…
***
Առավոտյան
Տանից դուրս եկա
Ողջ և առողջ:
Քիչ անց
Թռչունները
Պատգարակով տուն բերեցին.–
Սիրահարվել էի…
***
Քանդված փեշի պես
Կկախվեմ
Կյանքի սրունքներից,
Որ
Քո հեռացող
Ոտնահետքերին հպվեմ:–
Բայց դու
Թույլ չես տա –
Դու
Երկնքով կհեռանաս…
***
Շեմիս կանգնած
Բացակայությունդ
Ոչ ներս է գալիս,
Ոչ հեռանում է:–
Մեկ անգամ էլ
Կանգնեիր շեմիս,
Որ
Տեսնեի բացակայությունդ՝
Մարմին առած…
***
Ես չեմ վախենում,
Որ
Մեղքի ծուխը
Կմատնի մեր տեղը:–
Մինչև
Մեզ գտնեն,
Մոխրացած կլինենք:
***
Աշխարհի բոլոր
Լրատվամիջոցները
Հաղորդում են,
Որ դու
Դուրս ես եկել տնից
Եվ այլևս չես վերադարձել:-
Քեզ տեսնողներ են եղել
Իմ սրտի կողմերում…
***
Երբ
Քո մոտից եկա,
Զգեստս հանել ու
Երկար նրան էի նայում.–
Ես
Տեսնում էի,
Թե ինչպես
Գոյություն չունեմ…
***
Ես հիմա
Քո էությունն եմ ներարկում
Իմ երակների մեջ
Եվ
Ինձ պատրաստում
Շատ ծանր վիրահատության:–
Միայն այդպես է
Հնարավոր՝
Հեռացնել իմ անցյալը:
Բայց դու
Կկարողանա՞ս
Իմ անցյալի տևողությամբ
Անզգայացնել ինձ……
***
Եթե մեզ
Ճանապարհները բաժանեին –
Ոտքերս ինչի՞ համար են:
Եթե մեզ
Օվկիանոսները բաժանեին –
Թևերս ինչի՞ համար են:
Եթե մեզ
Օրերը բաժանեին –
Երազներս ինչի՞ համար են:–
Բայց մեզ
Իմ տան
Շեմն է բաժանում…
***
Աչքս ճամփին`
Քեզ էի սպասում,
Երբ իմ ետևից թաքուն եկար
Եվ ձեռքերով
Փակեցիր աչքերս:
Անունդ
Ես չասացի,
Որ աչքերս ասեն`
Ափդ թրջելով…
***
Ես գիտեի,
Որ քո գրկում
Ինձնից
Ոչինչ չի մնալու,
Իսկ իմ գրկում՝
Քեզնից –
Այս բանաստեղծությունը…
***
Դու,
Իմ ափին ընկած,
Հազիվ ես շնչում:
Դժվար չէ
Տեղատվությամբ
Քեզ ետ տանելը:–
…Բայց եթե դու
Խեղդվելուց ես
Փրկվե՞լ…
***
Ես ինձ
Որտեղ ասես
Չեմ փնտրել`
Քեզ
Գտնելու համար…
***
Քեզ հետ
Ես չգիտեմ,
Թե որտեղ եմ:
Քեզ հետ
Ես չգիտեմ,
Թե տարվա
Որ եղանակն է:–
Շուրջս
Միայն
Եղևնիներ են…
***
Երբ
Քո տնից եկա,
Իմ տան իրերը
Ետ-ետ գնացին –
Նրանք
Իմ աչքերից հասկացել էին,
Թե ինձ ինչպես են
Դիմավորել
Քո տանը․․․
***
Երբ դու քնեցիր,
Ես հագա
Քո
Վանդակավոր վերնաշապիկը
Ու նորից
Թռչել էի ուզում․․․
***
Մեր հանդիպումից
Իրականությունը կտավի վերածվեց,
Եվ ես
Մի մեխ գամեցի
Իմ երազի պատին,
Որ
Կախեմ այն․․․
***
Այս առավոտ
Սարսռացի իմ բառերի
Խորությունից,
Պարզությունից՝
Խենթացա.–
Նրանց հատակին
Ոսկե մատանու պես
Շողշողում էր
Քո սերը…
***
Քեզ մոտ
Ես մենակ չեմ եկել –
Ինձ հետ է
Իմ բանաստեղծությունը:
Քեզ մոտ
Իմ բանաստեղծությունը
Մենակ չի եկել –
Նրա հետ ես եմ:
Ճիշտն ասած,
Չգիտեինք՝
Մեզնից ում ես սպասում,
Դրա համար էլ
Դատարկաձեռն չեկանք…
***
Ես քեզ
Գերժամանակակից ձևով սիրեցի –
Նախ՝ տրվեցի,
Հետո միայն սպասեցի
Սիրո գալուն:–
Հրաշալի է
Լինել
Սիրո սպասման մեջ
Եվ ոչ թե
Վախենալ
Նրա հեռանալուց…
***
Երբ իմ անցյալը
Ձեռնափայտը ձեռքին
Քայլելիս կլինի,
Իսկ մի քանի տարեկան ապագաս`
Խոտերում թռչկոտելիս,
Կուզենայի`
Անցյալս կանչեր նրան,
Գիրկն առներ,
Պատմեր իմ և քո հեքիաթը,
Որ ապագաս
Քներ…
***
Երբ սերս խաչեցին,
Ես հավատում էի նրա
Երկրորդ գալուն
Եվ մտածում էի,
Որ այդ օրը
Հրաբուխ է լինելու,
Երկրաշարժ կամ փոթորիկ…
Բայց այդ օրը
Այնքան
Գեղեցիկ էր՝
Շատ ավելի կործանարար,
Քան հրաբուխը…
***
Մենք
Նույն երկնքի տակ ենք,
Բայց իմ ծաղիկնեը
Նոր են բացվում,
Իսկ քոնի վրա ձյուն է գալիս:–
Գիտե՞ս՝ ինչու եմ
Քեզնից այսքան ետ մնացել.–
Որ
Ետ դառնաս…