Հրաչ Բեգլարյան | Չարքակապ

Հրաչ Բեգլարյան
Վերջ: Կպառկի այսպես հինգ քառակուսի մետրանոց սենյակի կիսաջարդ մահճակալին ու չի շարժվի: Ո՛չ մահը սարսափելի կլինի, ո՛չ էլ կյանքը կդառնա գրավիչ ու ցանկալի: Չի՛ շարժվի, չի՛ երազի, չի՛ տոկա: Քնի ու արթնության սահմանագծում, երազի ու իրականության գծի վրա կմնա անշարժ: Տեսիլքները կգան ու կգնան, հուշերը կբզզան ականջների մեջ, հայացքը մտովի կմագլցի մայիսյան կանաչ սարն ի վեր ու չի կարողանա հասնել գագաթին: Հոտոտելիքը մի պահ գերի կդառնա քամու` լճից փախցրած թարմությանը, բայց ինքը, անկամ ու անկար` իրենից հետ կհրի այդ մի քիչ թաց, մի քիչ մայիսոտ, մի քիչ ձկնահամ բույրը: Չի ցանկանա գերի դառնալ ձկների երազանքին, որ միշտ ծովի մասին է:
Նրա մեջ չարի ու բարու պայքարը վաղուց է սկսվել` ծննդյան օրից: «Ժառանգական է,- ասում էր մայրը,- իմ մորից անցել է ինձ, ինձնից` քեզ: Իմ խեղճ մայրը գանձ չուներ տալու, դրա համար էլ իր խեղճության, աղքատության ու ժլատության հետ ինձ բաժին հանեց իր արյան մեջ ապրող այս տառապանքը: Պատահում է` գիշերվա կեսին չարքակոխ եմ լինում: Տեղն է ամեն ինչս. միտքս, խելքս… Պատահում է, որ նույնիսկ բաց են լինում աչքերս, բայց շարժվել չեմ կարողանում: Ամբողջ կամքս լարած` ուզում եմ մի քիչ շարժել թեկուզ մատս ու չեմ կարողանում: Գիտեմ, եթե շարժեմ, կարթնանամ: Գիտեմ, դրա համար էլ պայքարում եմ: Ու, եթե լեզուս բռնված չի լինում, ձայն եմ տալիս: Էդ ժամանակ չվախենաս: Արի, ձեռքս բռնիր ու ես կարթնանամ»:
Հիմա ինքն էլ մոտ մեկ ժամ պայքարել է այդ ահավոր ընդարմության դեմ: Փորձել է թեքվել կողքի ու չի կարողացել, կամքն ի բուռ` ցանկացել է կրծքի վրայից ցած սահեցնել ձեռքն ու անհաջողության է մատնվել: Գիտի` եթե ձայն տա, իր սեղմած կոկորդից դուրս եկող աղաղակը գնալու, կպչելու է արևոտ պատուհանին, կապույտ ներկած պատերին, ցածրիկ առաստաղին ու լսող չի ունենալու:
Ականջն զգում է, որ սենյակում, լուսամուտից ներս ընկած մայիսյան արևի մեջ, բզզում է մի ճանճ: Նա շատ է ուզում, որ ճանճն իր աներես անհամությամբ գա, կանգնի դեմքին, խուտուտ տա և հանի այդ ահավոր ընդարմությունից: Բայց ճանճը լողում է արևի մեջ: Նա աշխարհից իր բաժին արևն է խմում և նրան չի ձգում մահճակալին պառկած մարդու հոտը: Ուրիշ ժամանակ մարդու մարմնի խենթացնող բույրը ճանճին կհաներ համբերությունից, կքաշեր, դուրս կբերեր իր մի պուտ խաղաղության միջից ու ճանճը կնստեր տղայի դեմքին: Բայց ճանճն էլ այդ մի ափ սենյակի գերին է: Սենյակում ուրիշ ցեղակից չունի, և սենյակի եղած-չեղածն իրենն է համարում: Իրենն է սենյակի կենվորի հոտը, իրենն են սեղանին մնացած չորացած հացի փշուրները, անկյունում դրած կոշիկների կպչուն կաշվահոտը: Աչքը կուշտ ճանճ է` խաղում է արևի մեջ, խաղում է ինքն իր հետ ու նրան շատ է դուր գալիս սեփական բզզոցը:
Տղան աչքերը փակ, ամբողջովին լսողություն դարձած, հետևում էր ճանճի բզզոցին: Հույսը մեկ ծնվում, մեկ մարում էր սրտում, բայց ճանճն անտարբեր էր նրա տվայտանքին: Ճանճը չգիտի, որ իր յուրաքանչյուր պտույտին տղան սպասում է անասելի կրքով և մտքի մեջ նրան անընդհատ խնդրում է օգնել իրեն:
«Երբ չարքակոխ լինես ու մենակ` կանչիր քո Աստծուն, աշխատիր խաչակնքվել, և չարը կկորչի, կանհետանա»,- խորհուրդ էր տվել մայրը:
Եվ տղան այսօր կանչել էր Աստծուն, փորձել էր մտքի մեջ աղոթել: Բայց կա՛մ նրա հոգին է անբնակ, կա՛մ մեղքերն են շատ, որ նրա ձայնը լսելի չի լինում: Նա ոչ մի կարգին աղոթք չգիտի, դրա համար էլ հոգու մեջ չեն ծլարձակում բառերը և, ինչ էլ որ անում է, մտքից չի հեռանում այդ չարաբաստիկ ԽԽԸ-ն:
ԽԽԸ-այսինքն խաշ-խորովածային ընկերություն: Անունը մաթեմատիկայի ուսուցիչ Համլետն էր դրել: Հավաքվել էին ջահել ուսուցիչներով, խաշի պատրաստություն տեսել: Առավոտյան խաշ էին կերել, կեսօրին` խորոված, իսկ երեկոյան թեժացել էր քեֆը: Իրար արևշատություն էին մաղթել, ամբողջ օրը գինի և օղի էին հեղել Համլետի` հատուկ այդ օրվա համար սարքած խորհրդանշան-զինանշանի վրա, որ նա կտրել էր առանձնակի խնամքով: Մեջտեղում շիշն էր, շուրջբոլորը` տառերը` ԽԽԸ: Համլետի աչքին Մեսրոպի տառերը երբեք այդքան հմայիչ, նազանքով ու խոսուն չէին ժպտացել, ինչպես այսօր:
Այդ օրը առավոտնից տղան հետևել էր աղջկան, ահուդողը սրտում ցանկացել, որ նա ամբողջ օրը կում-կում ներծծած շամպայնից ու բաժակ-բաժակի վրա պարպած օղուց կապերը թուլացած` որևէ ավելորդ բան չանի: Ինքը չէր խմել, հաշվել էր խմողների, հատկապես Գոհարի, բաժակներն ու իրիկվա դեմ սիրտը բարակել, դարձել էր սոխի զար: Իսկ երբ իջել էր իրիկունը և նրա հոգատարությանն ու սիրուն աղջիկը պատասխանել էր արբշիռ քրքիջով, ձեռքը տարել էր օղու շշին: Լցրել էր երկու հարյուր գրամանոց կոպիտ բաժակն ու ջրի պես քաշել էր գլուխը:
-Ա՜յ քեզ Հրանտ,- զարմացած գոչել էին սեղանակիցները,- միանգամից կոտրեց ամբողջ օրվա ծարավը:
Հետո էլի էր խմել, էլի ու էլի: Ցանկացել էր միանգամից թեթևանալ ամբողջ օրը հոգին ճզմող ծանր բեռից, վեր կենալ ու առանց իրեն հաշիվ տալու խառնվել պարողներին: Ձայնասկավառակը հազար անգամ նույն երգը ճչալուց չէր խռպոտվում և աղջիկը չէր հոգնում պարելուց: Սատանայի չարաճճիությամբ նայում էր իրեն: Նայում էր այնպես, ասես չէր տեսնում: Ինքը գիտեր, որ տեսնում է և համոզված էր, որ նրա մոլեգնած խենթությունն իր հանգիստ-հավասարակշռությունը խախտելու, իրեն զարմանալի ու չնախատեսված մի բան անել դրդելու համար է: Դրա համար էլ լռում էր: Լցնում էր բաժակը, քաշում էր գլխին և սենյակը ճոճվում էր պարի ռիթմով: Պինդ ծածկած վարագույրը պարողների ստվերների զարկից անվստահ թրթռում էր, չհասկանալով բացվի՞, թե՞ շարունակի փակ մնալ:
Իսկ Գոհարը պարում էր Սամվելի հետ: Սամվելը պտտվում էր նրա շուրջը` բարձրահասակ, պինդ, երկարոտն: Ջինսե կիպ տաբատը չէր կաշկանդում նրա շարժումները: Պարի ռիթմով նա ոտքը բարձրացնում էր գլխից վեր, պտտվում մյուս ոտնաթաթի վրա և աղջիկների վախեցած ու չափազանցված ճիչերի տակ նորից կանգնում էր երկու ոտքի վրա:
Ինքն այդպես պարել չէր կարող, ինքն աղջկա հետ այդպես անհարգալից ու արհամարհական վերաբերվել չէր կարող, դրա համար էլ մտքի մեջ շատ էր ցանկանում, որ վեր բարձրանալիս ճղվեր Սամվելի նեղ տաբատը, կամ, որ նա ոտքն անզգուշաբար խփեր Գոհարի գլխին: Բայց անցնում էին րոպեները, նրանց պարը շարունակվում էր և ոչինչ տեղի չէր ունենում:
Դրա համար էլ վեր կացավ տեղից, կարճ ժամանակում շատ խմած օղուց օրորվելով դուրս եկավ: Դրսում սրսփում էր մայիսյան երեկոն: Աստղերը նույնիսկ մի աչքճպոցի չափ չէին դադարեցնում իրենց հիմար ժպիտը, և դրանից նրա սիրտը ցավում էր:
Հետո կանգնել էր պատի մոտ ու ձեռքը գցել էր պատից դուրս ցցված մետաղալարի օղակին: Նրան թվում էր, թե շենքը թեքվում, գնում է դեպի ետ, և, եթե ինքը չպահի, այն կարող է փլվել: Դրա համար էլ տագնապը սրտում` քաշում էր օղակից.
-Արի՜:
Եվ պատը ուղղվում, ուղղվում, գալիս էր, կարծես ուր որ է փլվելու է գլխին: Նա օղակից բռնած, տագնապով ետ էր հրում այն.
– Գնա՜:
Եվ պատը դարձյալ հետ էր գնում: Նա մի քանի անգամ հետ ու առաջ տվեց պատը, ամեն անգամ ջանալով ճիշտ դիրքի վրա կանգնեցնել այն, բայց` ապարդյուն: Թեև զայրացած էր բոլոր ընկերների, և հատկապես` Գոհարի վրա, բայց չէր ցանկանում, որ շենքը փլվի, չէր ուզում նրանց փլատակների տակ թողնել: Մեղք էին: Նրա հարբած ուղեղը ուշօրեք մտքում ծիծաղում էր իր արածի վրա, բայց դրա հետ միասին ցանկանում էր կանգնեցնել ճոճքը, գնալ, մտնել մոր տված փափուկ անկողնու մեջ ու գլուխը ծածկել վերմակով, ձայնասկավառակի խռպոտ աղաղակը չլսելու համար:
-Դե կանգնի, էլի՜, հիմա՛ր,- քրթմնջաց նա ու օղակը հետ հրելով բաց թողեց այն: Շենքը ճոճվեց, ճոճվեց, գնաց ու եկավ, բայց չփլվեց…
Հետո երկար ժամանակ փնտրում էր մուտքի բանալին: Գտավ տաբատի հետևի գրպանում, մի կերպ բացեց դուռը, ափլփելով գտավ իր սենյակի դուռը, մտավ ներս, բայց չվառեց լույսը: Գիտեր` երկու քայլ այն կողմ մահճակալն է: Նստեց եզրին, հանեց կոշիկներն ու շորերով պառկեց` անկողնու ծածկոցի կեսը վրան քաշելով: Երեք պատ այն կողմ դեռ ոռնում էր ձայնապնակը.
-Ա՜խ, շատ հեշտ է
Սխալվելը մթան մե՜ջ…
-Ձեր հերն անիծած,- հարբածի քրթմնջոցով հայհոյեց նա ու քնեց:
Քնի մեջ զգում էր, որ տափակ ու անհարմար ինչ-որ բան ճնշում ու ճնշում է հոգին: Ձայները մնացել էին քնի ու հարբածության բարակ վարագույրից անդին, իսկ անորոշ տագնապը դեռևս թրթռում էր նրա փակ կոպերի վրա: Նա քնելիս մոռացել, սեղմած էր պահել բռունցքները, և դրանց մեջ խտանում, պնդանում ու ազատություն չէր կարողանում գտնել օրվա բեռը: Դրա համար այն դառնում ու ծանրանում էր սրտին, ստիպելով նրան մերթ ընդ մերթ կանգ առնել զարմացած:
Տղան երազ չէր տեսնում, երազում ժապավեններով փնջված մատաղացու խոյեր չէր տեսնում, գերանդին ուսին` սարն ի վեր բարձրացող հնձվոր չէր տեսնում: Նրա մղձավանջի մեջ գերանդին անհաջող սրած հնձվորը կտրել էր մատը և ձենը գլուխը գցած, սար ու ձոր իրար խառնած հայհոյում էր…
Տղայի աշխարհից խռոված քունը հսկող չկար: Հազարից մեկի քունն են հսկում այս արևի տակ: Տղայի քունն անգործունյա էր իր նման և եթե չկտրվեր, կշարունակեր խռովքն իր մեջ թաքցրած, ինքն իր մեջ տագնապող, աշխարհից ոչինչ չպահանջող, օրը` օրին, գիշերը` գիշերվան հաջորդող: Նրա քունն ուժ տվող չէր, ուժ ու եռանդ խլող էր: Թե թրթուրի քունը հարսնեկավորվելու և մետաքս ստեղծելու համար է, նախշուն, գունավոր թիթեռ դառնալու համար, տղայի քունն ինքնամոռացման բավիղների մեջ ավելի մոլորվելու, աղջկա արած չանելիքը հոգուց ու մտքից մաքրել-ջնջելու համար էր:
– Բռնվելու, չարքակապի էս ցավը մեր ցեղում չար աչքից է, բալա ջան: Չար աչքը կտրում, ջուր է դարձնում նույնիսկ ամենակտրիճ մարդու արյունը, ծնկները սարքում է բամբակ, լեղին խառնում է արյունին, դեղնեցնում, անկողին է գցում ու սպանում է դանդաղ: Մորթում է անդանակ: Զգույշ մնա չար աչքից, բալա ջան, զգույշ մնա…
Իմ պապ Հովհաննեսի ունևոր կտրիճությունը զարկվել է Վաղոյի չար աչքից: Տեսել է` գոմշասելին նստած, փափախը թեք դրած, բեղերը` ցից, ամառվա զրնգուն առավոտվա մեջ արտ գնալիս: Նայել, նայել է, ախ է քաշել ու իրենց դռնից աթարի դեզի հետևից ձայն է տվել.
-Էրնեկ քե՜զ, Հովհաննես: Տեղ չի ցավում, գոմեշներդ կշտությունից պլպլում են, կնիկդ` սիրուն, ապրուստդ` ծով…,- ասել է ու էլի քաշվել է աթարի դեզի հետևը:
Պապս բանի տեղ չի դրել առավոտվա կռկռոցը, ավելի հպարտ է զգացել իրեն: Կարծել է` ամռան առավոտը, արևը, կանաչությունից ուշք ու միտք կորցրած սար ու արտ իրենն են: Մտածել է` Վաղոյինը կռկռոցն է, իրենն` առողջությունը, աշխատանքը, սերն ու ծիծաղն արևի տակ: Հասել է արտ ու մի օրում, մի օրում երկու գոմեշն էլ սատկել են: Պնչներից սև արուն է էկել, ընկել են արտի կողքին ու սատկել: Հետո տեղաշոր է ընկել պապս ու էն կտրիճ, էն գոմեշ գետին զարկող մարդը կմախք է դարձել: Տնքացել է, նիհարել, դեղնել ու քառասուն օրվա վրա` մեռել: Բա՞: Իսկ իմ պապի հեր, քո նախապապ տիրացու Ակոն իր խեղճությանը գերի` գիշեր ու զօր կարդացել է իր Ավետարանը: Կարդացել ու աղոթել է, ծոմ է պահել, բայց Աստված նրա խեղճ աղոթքներն անպատասխան է թողել: Չարի մի խոսքը կտրել է նրա մի կյանք աղոթքն ու էն լի տնից հեչ բան չի մնացել: Է՜, արդեն հարյուր տարի, իմ հերանց ջուլն ընկել է փորի տակ ու ծուռ-ծուռ, ձախորդ ճամփով գնում են մինչև հիմի…
Ժպտու՞մ ես, չե՞ս հավատում: Ասում ես` ես ի՞նչ եմ արել ուրիշին: Բան չես արել, երևացող ես: Լռում ես` մտածում են` խորամանկ ես, խոսում ես, կարծում են` ուզում ես քեզ ցույց տալ, ինքդ քեզ համար կանգնած ես, կարծում են` օգուտ ունես էդ կանգնելուց, շնչու՞մ ես` օդն իրենց համար քիչ է թվում… Օղի ես խմում, կարծում են կտրիճությունդ և օղուն հաղթելդ ես ցույց տալիս, չես խմում` մտածում են` պետերին դուր գալու համար է արածդ… Չեն ուզում, որ լինես: Մարդու չարություն է: Ախր քո լինելով, ապրելու քո ձևով իրենց էլ ես ստիպում, որ ապրեն քո հանգով, իսկ դա իրենց համար դժվար է: Դրա համար են նախանձում: Դրա համար չեն ուզում, որ լինես: Ապրելդ չեն ուզում: Զարկում են աչքով, հետո, երբ դժբախտությունը չոքում է դռանդ, մտքում հրճվելով, մտքում ուրախանալով փորձում են լավամարդ երևալ: Ասում են` Վաղոն հարյուր տարի է ապրել: Ապրել է ու կռկռացել սրա-նրա վրա: Մայրս պատմում էր, որ գոմեշների սատկելու օրը եկել է Վաղոն, վշվշացել է ու մխիթարել.
-Ոչինչ, Հովհաննես: Ինչի՞ Կապուտ քարի գոմեշները չեն սատկում: Չունի` չեն սատկում: Քարին ո՞ւր է գոմեշ: Դու ունեիր` սատկեցին…
Իսկ իմ պապի մեռնելու օրը շարունակել է նույն հանգով.
-Տիրացու, ինչի՞ Հպարտ քարի կտրիճ տղեն չի մեռնում: Է՞, ունի՞, որ մեռնի…
Ասել է, իրեն լավ է զգացել ու տնքնքոցով տեղավորվել է դռան առաջի աղաքարին: Բա՞, բալա ջան… Իսկ մերոնք մի անգամ ետ չեն դարձել ասել, թե` դու քո ուզածին հասար, հիմի գոնե ձենդ կտրիր, ցավակից մի ձևացիր: Թե իմ պապ Հովհաննեսը ժամանակին ջարդեր նրա կռռացող բերանը…
Վաղոյի տեսակն աշխարհից չի կշտանում, էդ տեսակ մարդու աչքին ուրիշի ունեցածը միշտ լավն է երևում: Էդ տեսակ մարդը ձմերուկ ուտող արանցի շատակեր-ձեռնածուի պես է: Ասում են` էկել էր մեր սարի գյուղն ու տնից մի դույլ կարտոլ հավաքելով «օյին» էր ցույց տալիս: Տկլորանում, մտնում էր ջրով լի տակառն ու ուտում էր… հարյուր կիլո ձմերուկ: Ինքն ուտում էր, իրենից գնացող ջրերն ելնում, թափվում էին տակառի պռնկներից… Ուտում էր ու չէր կշտանում: Ու թե հանկարծ մեկը ձեռք մեկներ իր կերած ձմերուկի կեղևներին, արունք կաներ, ասում է…
Հիմա դու եկել, ասում ես` չար աչքն ի՞նչ: Այ, էս է իմ ապուպապի պատմությունը: Մերս` մի մատ աղջիկ, հոր մահից էս կողմ չարքակոխ է լինում: Էնպես, ինչպես ես ու դու… Անտերը գալիս, չոքում է բկիդ, կապում է ձեռուոտդ և դու բաց, մաքուր ու զրնգուն մայիսի մեջ դառնում ես սառն ու սառած, դառնում ես խակ քաղած խնձորի պես. հա սպասի դարակի վրա, որ ժամանակը քեզ հանի քո միջից, հա տառապի, որ տառապանքի միջից ինքդ քեզ դուրս քաշես: Մերս կապվեց ու չկարողացավ բացել իր կապերը: Էդպես գնաց էն աշխարհ: Գիտեմ, ես էլ էդպես պիտի գնամ ու դու էլ` Աստված չանի, էլի էդպես…
Հազար օտարի մեջ ես, բալա ջան, երևացող ես, միամիտ, դրսից խելացի ես երևում, բայց ես հո գիտե՞մ, որ մեջդ բան չկա, զգույշ եղիր: Թե լավ բան անես, որ ուրիշի աչքին չգա, թաքուն, թաքուն, որ ոչ մեկը չտեսնի, գրպանիդ միջից կճմտիր ծածուկ մարմինդ:
Մի խնդա, ասածս լսիր, քո մերն եմ: Մի բան գիտեմ, որ ասում եմ: Բաժակիդ մեջ բան կգցեն, չտեսնես, խմես ու… Աստված հեռու տանի, տակդ կքանդեն: Առանց էն էլ իմ տված էս ցավը քիչ չէ քեզ… Գրողն էրեսս` ուրիշ բան չկա՞ր, որ տայի քեզ… Քունը մարդու համար է, մի գիշերն ի՞նչ է, որ էդ էլ չենք կարողանում քնել: Քնել` ասես մեռած ես, քնել` հանգստանալու համար, օրվա հոգսի բեռը մի կողմ գցելու հույսով… Օ՜ֆ, Աստված տա` կողքիդ հավատարիմ ու սրտացավ կին ունենաս, որ գիշերը քունդ հսկի, ցերեկը` աշխատանքդ: Դու միամիտ` ուրիշի համար քո մեջ պտղակալող ծառ ես: Թե տեր կանգնեն` տառապանքը քոնը կլինի, պտուղդ` իրենցը: Դու դրանից լավ կզգաս ու օգուտ կքաղեն իրենք…
…Իսկ տղան զգում էր, որ իր մոր ասած հավատարիմ կինն ու պահապանը օղին բաժակ-բաժակի հետևից կուլ տվող Գոհարը չի կարող լինել: Գիտեր, որ նա ոչ թե թիկունք, այլ թիկունքին դանակ խրող կլինի: Եվ դրանից նրա քունն ավելի անհանգիստ էր:
Քնի ու արթնության սահմանին թվաց, թե գարնան հովն է զարկում պատուհանին կամ անձրևն է լիզում կեղտոտ ապակին, բայց հետո հասկացավ, որ իրեն են կանչում.
-Հրա՜նտ…
– Ո՞վ է,- քնի ու արթնության բարակ վարագույրը միանգամից պատռեց նա:
-Քնա՞ծ ես, վեր կաց:
-Էն ո՞վ է, ի՞նչ եք ուզում,- քունը թոթափեց նա:
-Սև դևն է: Յոթը սար անցել, եկել, բախում է պատուհանդ,- ապակուց այն կողմ, իր սրամտության վրա քրքջաց Գոհարը:
-Գիտեի, որ դև է, բայց որ սև էր` նոր իմացա,- քթի տակ ժպտաց տղան ու հեքիաթի հանգով ձայն տվեց.
-Ուզիր` ուզածդ տամ:
-Ուզածս էն է, որ դուրս գաս,- խաղը շարունակեց աղջիկը:
-Թե՞ դու ես ուզում ներս գալ: Ներս գաս` կխնայեմ: Բարի հսկան իր ամրոցում դև չի սպանում:
-Չէ՛, դուրս արի, քո կարիքը կա,- լրջացավ աղջկա ձայնը:
-Էդպես էլ գիտեի,- կիսաձայն ասաց տղան ու կանչեց,- հա՞, ա՞ղդ է պակաս, թե՞ մաղդ:
-Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Սամվելի մեքենան խրվել, մնացել է ճանապարհին: Արի, օգնիր, հանենք:
-Հա՜,- ծոր տվեց տղան, հագավ կոշիկները, վառեց սենյակի լույսն ու դուրս եկավ:
Աղջիկը մեղավոր մոտեցավ, մտավ թևը.
-Գնացինք լճափ, հետո ետ եկանք ու ընկանք ցեխաջուրը, խրվեցինք:
-Գնացիք…ո՞վ…
-Սամվելն ու ես,- աղջկա ձայնը դարձավ անմեղ, անմեղսունակ,-ասացինք` մաքուր օդ շնչենք: Ուզեցինք քեզ էլ վերցնել, տեսանք` չկաս: Մտածեցինք` երևի գնացել, քնել է:
-Պարու՜մ էիք,- տղան իր ամբողջ դժգոհությունը խտացրեց մի բառի մեջ,-պարու՜մ էիք:
-Դու է՜լ,- դարձյալ տղային մեղավոր ու իրեն անմեղ հանեց աղջիկը:
«Թյու՛,- մտածեց տղան,- թյու՛, էս աղջկա առաջ միշտ մեղավոր ես: Իր մեղքերն անմեղություն ու քո անմեղությունը` մեղք է: Սա աշխարհին ու քեզ տալու բան չունի: Սրանը առնելն է: Թե չտաս` զոռով կխլի ու քեզ կնայի անմեղ, զարմացած: Իբր` դրա մեջ ի՞նչ կա, իբր` եղածը մի բան չէ ու դու ես մազը ճոպան, շյուղը գերան սարքում»:
-Կմնար` առավոտյան կհանեինք,- դժգոհությունը չթաքցրեց:
-Սամվելն ասում է` կարող է մեքենային ձեռք տվող լինի:
-Ասում է… Էրկու երեխեն ու կինն իմն են Երևան քաղաքում: Էրկու էրեխեն իմն են, իրենը չեն ու ինքն ազատ հովատակ է: Չէ՜, Ի՞նչ հովատակ, քուռակ…
-Դու է՜լ,- նորից ձգեց աղջիկը,- բարդացնում ես ամեն ինչ, բարդացնում ես: Նեղվում ես ամեն ինչից: Ամեն ինչ վատ է քեզ համար: Աշխարհի հոգսը քոնն է:
-Չէ, ես աշխարհի հետ ի՞նչ ունեմ,- ծաղրեց տղան,- աշխարհը հովիտ է, կանաչը` շատ: Տրտինգ տուր Սամվելի հետ, Պողոսի հետ, Մարտինի հետ: Մի անգամ ես ապրելու: Էդ մի անգամը… Լի ու լի քամիր աշխարհը, սարքիր կիտրոն ու քամիր: Ամեն ինչ քոնն է, ամեն ինչ պարզ է, աշխարհում ամենաբարդ խնդիրը շուրթերից չսրբվող շրթներկ ստեղծելն է…
-Քեզ հետ դժվար է,- անօգնական թառանչեց աղջիկը:
Մեքենան տեղապտույտ էր տալիս ցեխաջրի մեջ ու ավելի էր խորացնում փոսերն անիվների տակ: Սամվելը, գլուխը տաք, հուպ էր տալիս գազին: Մաքուր էին շորերը, մի կաթիլ ցեխ չէր թռել լուսամուտից դուրս հանած թևին: Իրենից գոհ հուպ էր տալիս` գնա՜…
Հրանտը դիտմամբ կանգնեց մեքենայի հետևի կողմում: Ուզում էր, որ ինքը ցեխոտված լինի ու աղջիկը հանգստանա:
-Վա՜յ, ցեխ եղար,- սրտացավ ձևացավ աղջիկը:
-Հեռո՜ւ,- նրա թևից բռնելով կոպիտ մի կողմ հրեց տղան ու կոշիկներով, առանց փողքերը քշտելու մտավ ցեխաջրի մեջ: Ձեռքերը տվեց մեքենայի տակ, կատաղած մտավ ինքն իր մեջ, տնքոցը զսպելով հետևի անիվները բարձրացրեց գետնից ու դրեց ցեխաջրից դուրս: Սամվելը գազ տվեց, սլացավ ճանապարհի չորով, հետո կտրուկ արգելակեց, ասես չէր հավատում աչքերին: Իջավ մեքենայից ու զարմացավ.
-Հրանտ, էդ ո՞նց արեցիր:
-Եսիմ, իրեն-իրեն ստացվեց,- նետեց նա և առանց ետ նայելու քայլեց դեպի տուն: Հենց մուտքի մոտ հանեց շորերը, շպրտեց մի կողմ, բացեց անկողինն ու լույսը հանգցրեց:
Սամվելը չէր հասկանա, որ քիչ առաջ իր մեջ կտրիճ, աչքազարկ եղած Հովհաննեսի ու իր հորեղբայր Ռազմիկի ուժից մի քիչ կա: Թաքնվում է տիրացու Ակոյի խեղճության ծալքերում, սպասում մարաղ մտած կատվի պես, հետո մի պահի հանկարծակի դուրս գալու համար:
…Արտը սարի աճուկին էր, սարից մի քիչ հող էր գողացել, թաքնվել անցուդարձողի աչքից, ամռան աչքածակ ոչխարի կճղակից, ինքն իր մեջ մայրացել ու բույր էր ծնել: Ամառվա այդ օրը արտի վրա խտացել էին բույրերը: Իրար էին խառնվել կորնգանի քաղցրավուն ծաղկահոտը, սեզի կոկորդ քերող ժանգը, օշինդրի ինքնախարազանող դառնությունը, առվույտի կապույտ հևքը ու դարձել Ձորի արտի այդ օրվա բույր: Ամառվա հնձելու պատրաստ, ինքն իրեն սիրահարված արտի բույր:
Ռազմիկը սրել էր ծեծած գերանդին, լարել մի բուռ մկաններն ու հունձն սկսել էր առավոտ-ծեգին: Մինչև կեսօր հնձել էր խաղալով, կեսօրից հետո լսել էր գերանդու սվվոցը, խոտի փափուկ խշշոցը և զգացել էր, որ հունձ է անում: Երեկոյան, երբ զովից մի քիչ տամկացել էր խոտը, արտը հնձել էր շուրջանակի, որպեսզի չկորցնի ծորը, իսկ լուսնի լույսի տակ զգացել էր որ արդեն հաղթում է արտին և առել է նրա ուժը: Լուսադեմին վերջ էր տվել արտի վերջին գոգնոցաչափին, պառկել էր մասրենու բլքի տակ, գլուխը դրել նոր հնձած լասին ու կպցրել էր աչքը: Քնել էր ամբողջ ցերեկը, քնել էր գիշերը: Արթնացել էր հաջորդ կեսօրին: Այսինքն չէր արթնացել, նրան արթնացրել էր տղան.
-Ռազմիկ հոպար, զարթնի՛ր, քո Շահալեցի ընկերը` Համոն է եկել:
-Հը՞,- վրա էր նստել հորեղբայրը, տրորել էր աչքերը, նայել զենիթ հասած արևին ու զարմացած հարց էր տվել.
-Հիմի էսօր է, թե՞ էգուց…
Հետո, երբ տուն էին հասել ու սեղան նստել, կոտրել էր էրկու օրվա պասը և կերել էր: Ծամել էր դանդաղ, անշտապ ու լսել էր Համոյի ցանցառ, ժլատ ու աչքածակ խոսքը:
-Ա՜խ, տղես…Գիտե՞ս ինչ տղա էր Պավլուշս: Լա՜վ տղա էր, Ռազմիկ: Բայց Վանաձորի պես անտեր քաղաքում կռվի ժամանակ խփեցին, սպանեցին:
Նա ձեքռի երեսով սրբում էր արցունքը և չէր դադարեցնում ուտելը: Հետո, մի րոպե դադարեցրեց խոսելը, ձեռքը տարավ իր ուսապարկին, խառնեց, խառնեց ու դուրս քաշեց մի հնամաշ, սպիտակավուն բաճկոն:
-Ա՛յ, Պավլուշինս է: Առ, էլի, Ռազմիկ, էժան կտամ:
Հորեղբոր աչքերը լայնացան, ուզեց զարկել Համոյին, բայց իր տանն ու իր սեղանի վրա էին: Խեղճացավ, խեղճացավ, առանց այն էլ մի բուռ մարմինն ավելի փոքրացավ և ճչալու փոխարեն հարցրեց.
-Ի՞նչ տամ:
-Հինգ ռուբլի,- փայլեցին Համոյի աչքերը,- Պավլուշիս գերեզման` իսկի չի հագել: Ռազմիկը դողացող ձեռքը տարավ գրպանը, հանեց կապույտ հինգանոցն ու լացը զսպելով շշնջաց.
– Դիր էստեղ:
Համոն առավ հինգանոցը, գյուղի մեջ թանկ ծախեց Վանաձորի շուկայից էժան առած կանաչին ու գնաց, աշնան կողմ նորից գալու խոստումով: Նրա հետևից Ռազմիկը թքեց, ամաչեց նրա փոխարեն ու դարձավ կնոջը.
-Էս լեն ու բոլ աշխարհում մեռած մարդու շորերը կամ հարազատը պիտի հագնի, կամ էլ պիտի վառել: Որ թոնիրը վառես, քից թող վերանա, ամոթ է:
-Գոնի թոնրի ակնակալիչ սարքեմ,- ժլատացավ կինը,- ափսոս է, փող ենք տվել:
-Քո հոր…,- հայհոյանքի պարկը բացեց նա ու Համոյի զայրույթը թափեց կնոջ գլխին…
Իսկ Համոն աշնանը նորից եկավ, ուսապարկի մեջ` քառասուն նուռ…
-Մի նուռը երկու ձու, Հրանտո ջան,- իրեն դիմեց նա:
Հորեղբայրը` խեղճ, ինքը` խեղճ, հողոպկինը` խեղճ: Իրենք Համոյի ճորտերը ու Համոն` աղա, գլուխը բաց, սուփրի վերևը նստած: Նռները փոխեցին ձվով, շարեցին դույլի մեջ: Գնալուց առաջ Համոն դարձավ իրեն.
-Հրանտո, մերը կգա՞ս…
Ինքը չհասկացավ ու հիմար-հիմար մեծաբերան ժպտում էր:
-Ասում է` մեր տուն կգա՞ս,- թարգմանեց հորեղբայրը:
-Նուռ շա՞տ ունեք,- հարցրեց ինքը թուքը կուլ տալով: Ամբողջ օրը նուռ էր փոխանակել: Ափերով շոշափել էր թթվաշ-կարմրությունն ու գոներ մի հատ չէր փորձել: Հազար անգամ վերուդիր էր արել մեկը ձեռքից գցել-կոտրելու միտքը, իսկ Համոն պատի պես նրա դեմ էր հանել իր անհասկացող ժլատությունը: Իրենք հավ չունեին, համաճարակն այդ ձմեռ եկել, սրբել էր թառը և ձու չկար:
Իսկ Համոն հարցնում է.
-Մերը կգա՞ս, Հրանտո:
-Նուռ շա՞տ ունեք,- թուքը կուլ է տալիս ինքը:
-Նուռ որդիա՞ն: Վանաձորիցն եմ առել,- նետում է Համոն,- մերը քոլի տանձն ա: Գաս, գնանք, քոլիցը հավաքենք, բերենք, ծախենք:
-Չէ, Համո ախպեր,- իր փոխարեն ասես ներողություն խնդրելով պատասխանում է հորեղբայրը,- էրեխեն դասի է:
-Ա՜յ դու, կռո,- մատը թափ է տալիս Համոն, վերցնում է ձվով լի դույլն ու գնում: Գնում է ու չվերադարձրած դույլի զնգոցը մինչև հիմա հողոպկա աչքերից է դուրս գալիս:
…Տղան իրենից ետ վանեց հուշերը, սոսնձեց, կպցրեց կտրված գիշերն ու քնեց: Քնեց երկար, իսկ ահա կեսօրվա դեմ չարքակապ եղավ: Չարքակապի ժամանակ նրա ուղեղն արթնանում է միանգամից ու տագնապահար, և ինքը կիսվում, դառնում է երկու էություն: Հոգին սարսափահար պատեպատ է խփվում, փորձում է վերգտնել իրեն ու ցրել տագնապը: Գիտակցությունը գործում է մաքուր ու տենդահար, իսկ մարմինը շղթայված, կապված է հազար անտես թելերով: Նա, արդեն որերորդ անգամ, ելք է փնտրում ինքն իրեն, իր անշարժությունն ու անզորությունը մի կերպ հաղթահարելու համար: Ենթագիտակցության շերտերից դանդաղ ու հաստատուն բարձրանում է հույսը: Տաք, ամեն ինչ վերածնող հույսը գալիս, սոսնձվում է աջ ձեռքի ցուցամատին: Ա՛յ, հիմա կշարժի ցուցամատը, հետո մի քիչ ավելի պակաս ջանքով կրծքին դրած ձեռքը բաց կթողնի: Որքան թափով ընկնի ձեռքը, այնքան լավ: Դրանից կցնցվի մարմինը և կթոթափի անշարժությունը: Հիմա, հիմա…ևս մի քիչ…
…Պապը քարի տակ է տվել լինգն ու ամբողջ ուժով ընկել է վրան: Քարը պոկվում է դանդաղ, քարը քարափի կրծքից պոկվում է չուզելով, իր կամքին հկառակ: Պապի ձեռքերը լինգի մի մասն են: Չէ՛, լինգն է մի մասը ձեռքերի, հնազանդ ու ընտել է պապի ձեռքերին և սեղմում ու սեղմում է քարաբեկորին: Պապը քարի համար լավ բան է ուզում անել, բայց նա չի հասկանում: Միլիոն տարի անբան, անխոս ու պինդ կպել է ժայռի կրծքին: Քնած է եղել ու դժվար է արթնանում: Արթնանում է չուզելով, տեղի է տալիս` անհայտությունից ունեցած ահը սրտում ու չգիտի, որ ավելի լավ է արթնանալ քնից, դառնալ կոկ ու տաշած պատի քար: Ո՞վ գիտե, թե փափուկ ու տաշվող լինի, գուցե նաև նախշ ունենա ճակատին կամ` գիր: Պապի համար դժվար է: Ուռել, պայթում են քունքերի երակները, զոռից գլխարկը թեքվել է, մեջքի ու ոտքի մկանները լարված ու ձգված են, և մրմռում է ճողվածքը: Բայց նա տեղի չի տալիս:
Դժվար է նաև ժայռի համար. լինգի երկաթահամը մտել է նրա մեջ ու կոշտ հրամայականով պահանջում է արթնանալ: Խախտել է միլիոն տարվա քունն ու ճեղքում հա ճեղքում է նրա անդորրությունը: Պապը գիտի, որ հաղթելու է, և ժայռը գիտի, որ կամա, թե ակամա տալու է իր մի բեկորը, և նրա քնած խորքերում ուռչում է իր մի մասը մշակված ու նախշազարդ տեսնելու երազը… Պապը նորից հարմարեցրեց լինգը, նրա քթի տակ նոր քար դրեց, դարձյալ սեղմեց ամբողջ ուժով և քարը պոկվեց ժայռից: Անգործ քնից արթնացավ, շառաչյունով, գլորվեց պապի ոտքերի մոտով, առանց շուրջը նայելու ցանկացավ թավալվել լանջն ի վար, իր ճանապարհին ավերել ամեն ինչ, բայց դեմ առավ դիմացը շարված մյուս որձաքարերին ու շրխկոցով կանգ առավ: Այդ կոշտ բախումից կայծեր թռան նրանից և ամռան արևի տակ կարծր փայլեց նրա կապտա-թխավուն որձ երակը:
-Օ՜ֆ,- հոգնած մեջքը տաք ժայռին հենեց պապն ու տնքացին նրա թևերը: Գոհ տնքացին մկանները, երակների մեջ նոր թափով հորդաց ծերացած արյունը և նա կոշտ ձեռքով շոյեց լինգի տաք ու ողորկ մեջքը: Լինգը նրա շոյանքից բավականություն զգաց ու երկաթավարի չոր խշշաց: Եվ նրա խշշոցը հաղթողի խշշոց էր, պապին բավականություն պատճառած լինելու ընտել, մետաղյա խշշոց:
-Օ՜ֆ,- նորից հառաչեց պապը,- լա՜վ քար է…
…-Օ՜ֆ,- շարժումը վերագտած հառաչեց տղան ու ոտքերը մահճակալից ցած կախելով գլուխն առավ ձեռքերի մեջ: Նրա մատների տակ ճակատի մաշկն իրենն էր ու իրենը չէր ասես: Մաշկը առանձին-առանձին զգում էր տղայի ամեն մի մատի հպումը և փշաքաղվում էր հազար տարվա ծանոթին գտած լինելու բավականությամբ: Նա մատների ճեղքից նայեց ցած` կարմիր ներկած հատակին ու տեսավ գիշերվա ցեխաջուրը վրան չորացած սեփական ոտքերը:
Դեռևս լիովին չարթնացած ձեռքը սեղանի վրա շոշափեց, գտավ ծխախոտն ու լուցկին: Սիգարեթ կպցրեց ու վերջնականապես հաղթահարելով ընդարմացումը, անձրի տակ ընկած ոչխարի նման, ուժեղ թափահարեց գլուխը:
Հետո ոտքի կանգնեց, բոբիկ ոտքերով երկու քայլ արեց մինչև դուռն ու տեսավ գիշերվանից մնացած ցեխակոլոլ շորերը: Երկար ժամանակ կանգնած էր նրանց առաջ և տալիս-առնում էր անելիքը: Ծխախոտը այրվել, հասել էր մատներին ու տղային բավականություն էր պատճառում կրակի հպումը: Նա բավականություն էր ստանում կարմիր հատակի սառը կոշտությունից և այն մտքից, որ ոտքերը դարձյալ ուժեղ են ու շարժուն:
Հետո ծխախոտի մնացորդը նետեց հատակին, ձեռքերը ծալեց կրծքին և իր հինգ քառակուսի մետրանոց «դղյակում» իրեն իշխան կարծելով, որոշեց ծեծել Սամվելին: Ցանկության դեպքում աշխարհում լիքը պատճառ է: Մի բան կհորինի… Իսկ աղջկան լվանալ կտա իր ցեխոտ տաբատը…
Եվ քանի որ ուրիշ մաքուր տաբատ չուներ, աթոռի թիկնակից վերցրեց մարզական շորը, թափ տվեց փոշին, հագավ ու դուրս եկավ: Դրսում հովը խնձորենու ծաղկաթերթեր էր շաղ տալիս: Ծառերը իրենց մեջ մտած լուռ սպասում էին: Եվ այդ մայիսոտ աշխարհում մեղվի սպասող հազար ծաղիկ կար ու ծաղկի կարոտ` հազար մեղու:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *