Չարլզ Բուքովսկի | Կապույտ թռչուն

Կապույտ թռչուն

կապույտ թռչուն կա սրտումս, որ
ուզում է դուրս պրծնել
բայց ես չափազանց համառ եմ
ասում եմ՝ մնա էնտեղ, ես թույլ չեմ տա
որևէ մեկին տեսնել
քեզ

կապույտ թռչուն կա սրտումս, որ
ուզում է դուրս պրծնել
բայց ես վիսկի եմ լցնում նրա վրա
խեղդում ծխախոտի ծխով
ու ոչ պոռնիկները, ոչ բարմենները
ոչ էլ վաճառողները
երբեք չեն իմանում, որ
նա
էնտեղ է

կապույտ թռչուն կա սրտումս, որ
ուզում է դուրս պրծնել
բայց ես չափազանց համառ եմ
ասում եմ՝
հանգիստ մնա, ուզում ես շփոթեցնե՞լ ինձ
ուզում ես փչացնե՞լ գործերս
ուզում ես Եվրոպայում գրքիս վաճառքները քամո՞ւն
տալ

կապույտ թռչուն կա սրտումս, որ
ուզում է դուրս պրծնել
բայց ես խելացի եմ,
դուրս եմ թողնում նրան գիշերը երբեմն
երբ բոլորը քնած են
ասում եմ՝ գիտեմ, որ էստեղ ես
էնպես որ մի
տխրիր

հետո նորից թաքցնում եմ նրան
բայց նա դեռ մի քիչ երգում է,
ես պարզապես թույլ չեմ տվել, որ նա մեռնի։
ու մենք քնում ենք էդպես
մեր
գաղտնի դաշինքով կապված
սա էնքան սիրուն է, որ տղամարդուն կստիպի
լաց լինել, բայց ես
չեմ լացում, իսկ
դո՞ւ

 

Պատճառ և հետևանք

լավագույնները սովորաբար մահանում են իրենց իսկ ձեռքով
պարզապես հեռանալու համար,
իսկ մնացողները
երբեք էլ չեն հասկանում
ինչու մեկը
պիտի երբևէ ցանկանա
հեռանալ
իրենցից

 

Եղիր բարի

մեզ միշտ խնդրում են
հասկանալ ուրիշների
տեսակետը
ու կապ չունի ինչքան է էդ տեսակետը
հնացած
անհեթեթ կամ
տհաճ

բարեհոգությամբ
նայել
ուրիշների
ձախողումներին
վատնած կյանքին
հատկապես
երբ նրանք
ծեր են

բայց տարիքը մեր արարքների
գումարն է։
իրենք
էդքան շատ են ծերացել
որովհետև
ապրել են
կյանքի ընթացքից դուրս
իրենք հրաժարվել են
տեսնելուց։

իրենց մեղքը չէ՞։

ո՞ւմ մեղքն է։
ի՞մ։

իրենց վախի հանդեպ վախի
պատճառով
ինձ խնդրում են թաքցնել
տեսակետս։

տարիքը հանցանք չէ

հանցանք է

դիտավորյալ
վատնած
կյանքի
ամոթը

էսքան
դիտավորյալ
վատնած
կյանքերի մեջ

 

***

Վան Գոգը կտրեց ականջը
տվեց
մարմնավաճառի
որը շպրտեց այն
ծայրահեղ
զզվանքով։

Վան, պոռնիկները
ականջ
չեն ուզում
նրանք
փող են ուզում։

ենթադրում եմ, թե ինչու էիր
էդքան մեծ նկարիչ՝

դրանից
էն կողմ
չէիր հասկանում ոչինչ։

 

Աղվեսներին

մի խղճացեք ինձ
ես գիտակից
բավարարված մարդ արարած եմ։

խղճացեք նրանց
ովքեր
անդադար
բողոքում են

ովքեր
անընդհատ
վերադասավորում են իրենց
կյանքը
կահույքի
նման

դավաճանում ընկերոջն
ու
սեփական սկզբունքներին

նրանց
շփոթությունը
մշտական է

ու դա
կազդի ամեն մեկի վրա
ում հետ էլ որ
գործ ունենա։

զգուշացեք նրանցից
ում
բանալի բառը
«սերն» է

զգուշացեք նրանցից, ովքեր
հրահանգ են ընդունում
միայն
իրենց Աստծուց։

որովհետև նրանք
ամբողջապես ձախողել են ապրել
սեփական կյանքը։

մի խղճացեք ինձ
որովհետև ես մենակ եմ

անգամ
ամենասարսափելի
պահերին
հումորը
իմ
ուղեկիցն է։

ես շուն եմ, որ
ետ-ետ է քայլում

ես կոտրված
բանջո եմ

ես հեռախոսալար եմ, որ
կախված է
Թոլեդոյում ու Օհայոյում

ես տղամարդ եմ, որ
հաց է ուտում
սեպտեմբեր ամսվա
էս գիշերով։

ձեր կարեցանքը մի կողմ
դրեք։
ասում են՝
ջուրը պահում էր
Հիսուսին քայլելիս։
էդպիսի մի բան հաջողացնելու
համար
ավելի լավ է լինեք
մոտավորապես էդքան
հաջողակ։

 

Չմոռանաս

միշտ քեզ սպասող ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան
կա
ավելի ուժեղ, ավելի խելացի,
ավելի սատանայական, ավելի բարի, ավելի ամուր,
ավելի մեծ, ավելի լավ,
ավելի վատ,
վագրի աչքերով, շնաձկան երախով,
խելագարից ավելի խելագար
ողջամիտից ավելի ողջամիտ,
միշտ քեզ սպասող ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը
կա
երբ հագնում ես կոշիկներդ
կամ երբ քնած ես
կամ երբ դատարկում ես աղբամանը
կամ երբ շոյում ես կատվիդ
կամ մաքրում ես ատամներդ
կամ տոն ես նշում
միշտ քեզ սպասող ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան
կա։

սա միշտ հիշիր
որ երբ էլ պատահի
հնարավորինս պատրաստ լինես։

ի դեպ, լավ օր եմ
մաղթում
եթե դեռ ողջ ես։
կարծում եմ՝ ես ողջ եմ՝
հենց նոր մատներս այրեցի
էս
ծխախոտով։

 

Կտրեցի սափրվելիս

էս ամենն էդքան էլ ճիշտ չէ, ասաց նա, ինչ տեսք ունեն մարդիկ,
ինչպես է հնչում երաժշտությունը, ինչպես են
գրվում
բառերը։
էս ամենն էդքան էլ ճիշտ չէ, ասաց նա, էն ամենն, ինչ սովորեցնում են
մեզ, էն բոլոր սերերին, որ ձգտում ենք, էն բոլոր մահերը, որ
մեռնում ենք, էն բոլոր կյանքերը, որ ապրում ենք
էս ամենն էդքան էլ ճիշտ չէ
էս ամենը հազիվ թե մոտ է ճիշտ լինելուն։
էս կյանքերը, որ ապրում ենք
մեկը մեկի ետևից
դառնալով պատմություն
անհատների կորուստը
լույսերի գրոհն ու ճանապարհները
սա էդքան էլ ճիշտ չէ
ու ընդհանրապես, սա հազիվ թե ճիշտ է
ասաց նա։

թվում է՝ ես չգիտե՞մ
պատասխանեցի։

հեռու քայլեցի հայելուց։
առավոտ էր, կեսօր էր, գիշեր էր։

ոչ մի բան չէր փոխվել
ամեն ինչ գամված էր տեղում
ինչ-որ մի բան առկայծել էր, ինչ-որ մի բան կոտրվել էր
ինչ-որ մի բան
մնացել էր նույնը։

իջա աստիճաններով ու
ներս մտա էդ կյանք։

 

Թարգմանությունը անգլերենից՝ Գոհար Աթիկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *