Տերևները` ծառերից խռոված,
ապրելու վերջին երազով,
խճանկար դարձան
թաց սալահատակի վրա
Եվ ուրիշ տերևներ
վազվզում են անհանգիստ
նրանց վրա
փնտրում նոր ավարտ
Անցած ամառը
անձրևների հետ
թափվում
փշրվում է
թաց սալահատակի վրա
***
Փողոցից վտարված քամին վազում է
դաշնամուրի ստեղների վրա
Աղմուկից շշուկ
լռությունը ցատկում,
սայթաքում է
դաշնամուրի ստեղների վրա
Մեր ուրվականները ժպտում ու տխրում են,
մեր ուրվականները երազում են՝
լռությունից լռություն
Տաք սուրճի բույրը
և այս ու այն կողմ
թափառող այս ցուրտը
գնում են պարելու
դաշնամուրի ստեղների վրա
***
Կմախքը ծառի
ցուրտը պողպատե
ծանր պողոտա
ու խոնարհ մայթեր
Ձմեռնամուտի
մաշված աշուն է
Քաղաքը
լույսերի մենությունն է
և մոտեցող ձմռան
ապաստարանը
Անցորդից անցորդ է
ցատկում աշունը
մայթերին քայլում է
երաժշտություն
Տխուր չէ
մռայլ չէ աշունը
Կմախքը ծառի
ցուրտը պողպատե
Քաղաքն ու աշունը
ձմռան հետ հաշտ են
***
Ճամփեզրին՝
դեղին լապտերներ
ճամփորդ աշունը՝
ճամփեզրին
Կիսամութին
քամու ձեռքերում՝
անտես ջրվեժներ
և սառն ու ադամանդե
ջրափոշի
Դեղին լապտերներ
ու լույսից դեղին
ամառ ու աշուն
թափվում են
ձմռան անդունդի շեմին
Եվ թափառում է քաղաքում
գալիք ձյուների
ճերմակ-ճերմակ
ծաղկափոշին
Վարշավա, 2018, Նոյեմբեր
Իրոք հոյակապ է հարգելիս: