Պոեզիա

Ճամփորդ աշունը՝ ճամփեզրին

Տերևները` ծառերից խռոված, ապրելու վերջին երազով, խճանկար դարձան թաց սալահատակի վրա Մեր ուրվականները ժպտում ու տխրում են, մեր ուրվականները երազում են՝ լռությունից լռություն Տաք սուրճի բույրը և այս ու այն կողմ թափառող այս ցուրտը գնում են պարելու դաշնամուրի ստեղն…

• 1 րոպե

Ճամփորդ աշունը՝ ճամփեզրին

Տերևները` ծառերից խռոված,
ապրելու վերջին երազով,
խճանկար դարձան
թաց սալահատակի վրա

Եվ ուրիշ տերևներ
վազվզում են անհանգիստ
նրանց վրա
փնտրում նոր ավարտ

Անցած ամառը
անձրևների հետ
թափվում
փշրվում է
թաց սալահատակի վրա

***

Փողոցից վտարված քամին վազում է
դաշնամուրի ստեղների վրա

Աղմուկից շշուկ
լռությունը ցատկում,
սայթաքում է
դաշնամուրի ստեղների վրա

Մեր ուրվականները ժպտում ու տխրում են,
մեր ուրվականները երազում են՝
լռությունից լռություն

Տաք սուրճի բույրը
և այս ու այն կողմ
թափառող այս ցուրտը
գնում են պարելու
դաշնամուրի ստեղների վրա

***

Կմախքը ծառի
ցուրտը պողպատե

ծանր պողոտա
ու խոնարհ մայթեր

Ձմեռնամուտի
մաշված աշուն է

Քաղաքը
լույսերի մենությունն է
և մոտեցող ձմռան
ապաստարանը

Անցորդից անցորդ է
ցատկում աշունը

մայթերին քայլում է
երաժշտություն

Տխուր չէ
մռայլ չէ աշունը

Կմախքը ծառի
ցուրտը պողպատե

Քաղաքն ու աշունը
ձմռան հետ հաշտ են

***

Ճամփեզրին՝
դեղին լապտերներ

ճամփորդ աշունը՝
ճամփեզրին

Կիսամութին
քամու ձեռքերում՝
անտես ջրվեժներ
և սառն ու ադամանդե
ջրափոշի

Դեղին լապտերներ
ու լույսից դեղին
ամառ ու աշուն
թափվում են
ձմռան անդունդի շեմին

Եվ թափառում է քաղաքում
գալիք ձյուների
ճերմակ-ճերմակ
ծաղկափոշին

Վարշավա, 2018, Նոյեմբեր

Նշանաբառեր՝

1 Կարծիք

Թողնել մեկնաբանություն