Պոեզիա Պատերազմի ձայնը

Հետպատերազմյա

*** գուցե այս բոլոր պատերազմներն այն պատճառով էին, որ ինչ-որ մեկն ինչ-որ մի տեղ լքեց Սերը... սպասումը սարսափում է լռությունից լուրը սարսափում է չլինելուց և լինելուց` հավասարապես *** խաղաղության կոչ անում են երկրները, ում բանակներում զինվորները քանակով չեն զիջո…

• 1 րոպե

Հետպատերազմյա

***
գուցե այս բոլոր պատերազմներն այն պատճառով էին,
որ ինչ-որ մեկն
ինչ-որ մի տեղ
լքեց Սերը…

***
պատերազմի ժամանակ

սպասումը սարսափում է լռությունից
լուրը սարսափում է չլինելուց և լինելուց`
հավասարապես

մատները սեղմում են հողը,
որ ոտքերի տակ չէ

այնտեղ, ուր մարդը տրորում է մարդուն,
սերմնահատիկն այլևս չի մեռնում հողի մեջ

ու մարմինն ինքն է լքում հոգին

***
ժամանակը կորցնում է մարդու զգացողությունը

***
խաղաղության կոչ անում են երկրները,
ում բանակներում
զինվորները քանակով չեն զիջում
իմ երկրի բնակչությանը…

***
պատերազմը պարտվում է խաղաղությանը,
որի մեջ հաղթանակ չկա…

***
…կարո՞ղ ես ինձ այնպես գրկել,
որ պատերազմը վերջանա…

ընկերոջ հիշատակին

հիմա քաղաքն անհամեմատ մեծ է,
ու ինչ-որ սպասում կորցնում է իր նշանակությունն այնտեղ,
ուր տեղավորվել է ժամանակն անցյալ դեմքով
որ այնքան ներկա է

Ընկերս,
հիմա դու ձեռքն ես,
որ մեր հայացքը հողից դանդաղ բարձրացնում է վեր՝

դեպի երկինքը
խաղա՜ղ

այսուհետ
որքան էլ զենքեր ուղղվեն դեպի քեզ
անօգուտ է,

երկինքը չի խոցվում

իսկ մեզ
մնում է այստեղն ու հիման.

հաշվել բոլոր ընկնող աստղերն
ու
երազանքներ պահել ապրելու մասին

մինչև կհասնենք քեզ

մեր մարմնի մեջ ու բոլորի երկնքում

«խաղաղություն ամենեցուն…»

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն