Երբ երկրի անվտանգության ծառայությունից եկան իմ ետևից, տանը ինձանից բացի ոչ ոք չկար: Ինձ ասացին, որ պիտի իրենց հետ բաժին գնամ: Ես անմիջապես համաձայնվեցի՝ քաջ գիտակցելով, որ անիմաստ է խոսել մարդու իրավունքների և այլ հիմնավորումներ պահանջելու մասին, բայց նախքան այդ իմ աչքին հառնեցին իմ թանկագին, մի քանի հազար դոլարանոց ատամնաշարը, որը Ամերիկայում բարեհաջող տեղադրել էին իմ՝ Ավարայրի ճակատամարտից մազապուրծ եղած ու սովետի մամլիչի տակից մի կերպ խույս տված բերանում, և որը իմ տասնմեկ ամսվա քրտնաջան աշխատանքի արդյունքն էր …Ով գիտի հանկարծ, աստված մի արասցե, նրանցից մեկի խելքին փչեր ու առանց լուրջ պատճառի դիպուկ մի հարված հասցներ քիթ- բերանիս ու…վայրկյանների ընթացքում հօդս կցնդեին իմ բոհեմական կյանքի չարչարանքները:
-Գալիս եմ,- ասացի ես: Եվ նրանց ներկայությամբ տնային հագուստս փոխեցի դրսի հագուստով, որոնք համարյա ոչնչով չէին տարբերվում միմյանցից …Գուցե ժամանակ էի ուզում շահել ու մտորել…հագուստս փոխելու ընթացքում հարցրի.
-Կարող եմ իմանալ ինչո՞ւ:
– Ո՛չ,- կարճ պատասխանեցին նրանք:
-Լավ,- ասացի ես:
Եվ բնավ ցույց չտալով զայրույթս ու ներքին տագնապներս՝ (ինձ այդպես էր թվում) ես նրանց, ի միջի այլոց, սուրճ առաջարկեցի, նաև վիսկի, որ ինձ նվիրել էին Ամերիկայում ու սրտի դողով պահում էի մի նշանավոր օրվա համար: Նրանք թույլ ժպտացին և իմ թևը մտնելով՝ ինձ դուրս բերեցին տնից ու նստեցրին ոչ ոստիկանական մի մեքենա…
Այն տարիներին անվտանգության կոմիտեն տեղակայված էր ոստիկանության նույն շենքում՝ չորրորդ հարկում: Ես մի քիչ զարմացա, երբ ինձ առաջնորդեցին ոստիկանապետի սենյակը…Գուցե ինչ-որ բանի չհամաձայնվելու դեպքում քրեական գործ հարուցելու նպատակով:
Ոստիկանապետը իր տեղից վեր կացավ, մոտեցավ ինձ, ձեռքով բարևեց ու ափս երկար պահելով իր երկու ափերի մեջ՝ ժպտալով ասաց.
-Հո՞ չվախեցար…
-Ընտելացել ենք,- ասացի …
-Լավ,-ասաց,- անցնենք գործի, -ի ՞նչ կխմես:
-Ինչ որ լինի:
Նա ինչ-որ հեղուկ լցրեց բաժակների մեջ ու մենք խմեցինք…
Ոստիկանապետը բազմեց իր աթոռին և ասաց.
-Այսուհետ միասին ենք աշխատելու : Բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր կան, որոնք պիտի թարգմանես…
-Կարո ՞ղ եմ հրաժարվել:
-Ոչ,- ասաց ոստիկանապետը:
-Լավ,- ասացի ես,-կաշխատենք:
-Այստեղ քեզ համար սենյակներ ենք առանձնացրել: Դու կմնաս այստեղ: Այստեղ կուտես , այստեղ կքնես և կաշխատես:
-Բա ընտանիքս…
-Նրանք կապրեն ցպահանջ: Մենք նրանց մասին հոգ կտանենք…
-Լավ,- ասացի ես,- բա սեքսը…
-Ի ՞նչ սեքս:
-Այդ մեկը իմ պահանջը չէ,- ասացի ես,- դա իմ մարմինի պահանջն է և ոչ մի դաստիարակության, բարոյականության, հայրենիք ու երկիր և նման բաների չի ենթարկվում: Ես առանց սեքս կմեռնեմ…
-Լավ,- ասաց ոստիկանապետը, ամեն ինչ կկարգավորենք միայն թե դու այս շենքից դուրս չպիտի գաս:
-Լավ,- ասացի ես, բայց նախ ինձ հարկավոր են իմ բոլոր բառարանները, իսկ հետո նաև …հմուտ, արհեստավարժ պոռնիկներ…
-Լավ,- ասաց ոստիկանապետը,- այս երկրում պոռնիկի պակաս չունենք, նույնիսկ արտերկիր ենք առաքում: Եվ, ի նշան փոխադարձ համաձայնության, սեղմեց ձեռքս ու երկար ափս պահեց իր երկու ափերի մեջ…: Գրողը տանի…
Մի ժամ անց բերեցին իմ բոլոր բառարանները: Դրանք հաստափոր, տարբեր լեզուներով տասնյակ հատոր բառարաններ էին: Ես համարյա վստահ էի, որ նրանք չեն ստուգելու բառարանները: Նրանցից մեկի մեջ ես խնամքով թաքցրել էի Ամերիկայից բերած փոքրիկ մի ատրճանակ: Ես մինչև կսկսեի ինձ հանձնարարած աշխատանքը՝ ստուգեցի ատրճանակը, փամփուշտները և առանց վարանելու այն պահեցի ճիշտ կծքիս վրա ու կրակեցի…Ես անձնասպան եղա…Ոչ մի աղմուկ, ոչ մի ձայն…Առավոտյան ես նրանցից մեկն էի…Իմ աշխատանքը ժամ ու պատարագ չուներ…Երբեմն տասնյակ ժամեր աշխատում էի՝ չկտրվելով իմ գործից, երբեմն ամբողջ օրը անկացնում էի խմելով ու սեքսով… Նրանք իրենց սպասվածից շատ ավելի գոհ էին ինձանից և ոչինչ չէին խնայում…Երբեմն նրանց հետ ուտում- խմում էի, բայց սեքսի հարցում պահանջում էի, որ մենակ լինեմ…
Անցան մի քանի ամիս և ինչպես որ սպասում էի. երկրում ապստամբություն եղավ, իսկ հետո նաև հեղափոխություն…Մի բան, որ այս երկրում տարին մի քանի անգամ էր տեղի ունենում: Մի խումբ հեղափոխականներ շրջափակեցին ոստիկանության շենքը և առանց հարց ու փորձի հենց ոստիկանության ընդարձակ բակում, նախ գնդակահարեցին բոլոր համազգեստավորներին, հետո նաև քաղաքացիական հագուստով աշխատակիցներին…Ես քաղաքացիական հագուստավորների մեջ էի, ինձ նույնպես գնդակահարեցին, բայց նախքան կգնդակահարեին ես ձայն խնդրեցի… այսինքն՝ չխնդրեցի, հենց գնդակահարության պատի տակ կանգնած սկսեցի ելույթ ունենալ…
-Ես, ես ընտիր գործիք եմ, իմ նմաները շատ քիչ կան ողջ հանրապետությունում: Ես պատրաստ եմ անվարձահատույց, ինչպես միշտ, կիրառվել նաև ձեր կողմից: Ես ափսոս եմ, ինձ մի գնդակահարեք: Դուք իրավունք չունեք գործիքին գնդակահարելու: Ես, որպես մարդ, ինքնասպան եմ եղել, դուք իրավունք չունեք ինքնասպանին նորից սպանելու…ինձ խոշտանգել են բանտերում, ինձ քարշ են տվել անապատներով, ինձ հալածել են, ինձ զանգվածային ջարդերի են ենթարկել…և… Հեղափոխականը, ով կրակելու հրաման պիտի արձակեր, ասաց, որ իմ զառանցանքներից բան չի հասկանում ու կրակելու հրաման արձակեց…ինձ և մյուսներին առանց հողում թաղելու տարան ու թափեցին մի մեծ աղբանոցում…Ամբողջ մարմինս ծակծկված է, բայց նույնիսկ այս վիճակում ես կարող եմ լավ գործիք լինել ու ծառայել, եթե ենթարկվեմ մի փոքրիկ վերանորոգման: Ասում եմ գործիք, որովհետև հույս չունեմ, որ հաջորդ ապստամբության ու հեղափոխության ժամանակ ՄԱՐԴԻԿ կլինեն մեր ղեկավարները և իրենցից բացի կտեսնեն նաև այլ մարդկանց և ինձ՝ թեկուզ որպես գործիք, կօգտագործեն պատշաճ ու մարդկայնորեն:
25 .07. 2016թ.