Հալինա Պոշվիատովսկա | Ես աստղ եմ ասես

ուրեմն դու կաս կաս կաս
թույլ տուր ստուգեմ
կրկին դիպչեմ քեզ ձեռքով ու շուրթերով
նայեմ աչքերիդ մեջ թեպետ չեմ հավատում
աչքերին զարմանքից կուրացած

ուզում եմ ձայնդ լսել
բույրդ առնել կրկին
հասկանալ քեզ մեկընդմիշտ բոլոր զգայարաններով
և երբեք չըմբռնել ու անընդհատ նորից
հասնել ճշմարտությանը համբույրներով

***

դեպի քեզ
ժամանակի միջով
երբեմն այնքան մոտիկ
որ դիպչում եմ

չգիտեմ
որտեղ է ավարտվում հիշողությունը
և սկսվում իրականությունը

մարմնիս ժամացույցը
խափանվել է

համառորեն վերադառնում է
դեպ պահերը
արդեն քարացած
ծառերի մեջ

իմ մեջ
ժամանակը չի կարող կանգ առնել
այն սլանում է
արյան միջով

 

***

ես աստղ եմ ասես
պատրաստ ամեն պահի
երկնքից սահելով
նետվել տիեզերք
պտուղ եմ դդմի
հասած պատրաստ պայթելու
ու իր ներսից հանելու
բերքը հացահատիկի
վիրավոր թռչուն եմ
հոգեվարքի մեջ
որ կտուցով սանրում է թևերն իր
զմայլվելով նրանց քամոտ էությամբ
արևի շող եմ
դռան մուգ մետաղի վրա
որ առաջնորդում է դեպի տիեզերք

 

***
սիրելիս
ես կպարեմ քեզ համար
բառերի ու թիթեռների մեջ
ես փայլեր կհավաքեմ քնկոտ ծառերից
և լուսնով ու անձրևով արծաթապատ
ասֆալտը
ձեռքերով
ինչպես խաղալիք կտանեմ բերանս
ես քեզ ոչինչ չեմ ասի
քո ականջները իմ անշտապ խոսքերը
լսելու համար չեն
բայց բանտարկված
քո ժպիտով
կսողամ
վայրի հափշտակությամբ
ու լուռ կպառկեմ քո ոտքերի մոտ
թեքվիր դեպի ինձ
ինչքա՜ն ոսկի կլինի ինձ այդքան մոտիկ

 

***
իմ աչքերն արդեն աչքեր չեն
այլ աստղեր
մանրիկ ցրված երկնքում
իմ մաշկն արդեն մաշկ չէ
ձյուն է պատուհանից այնկողմ
որ փափուկ հպվում է գետնին
իմ սերն արմատներ
է գցել
իմ սերը խորը
մթին
խուլ ճաք է տալիս երկիրն այրված

 

***
կիսիր ինձ հետ
իմ հանապազօրյա հաց մենակությունը
քո ներկայությամբ լցրու
պատերը բացակա
ոսկեզօծիր
անգո պատուհանը
եղիր իմ դուռը
բոլոր դռներից վերև
որ կարելի է բացել
կրնկի վրա

 

***
Խոնարհաբար եմ սիրում քեզ

խոնարհաբար եմ սիրում քեզ
տեսնում ես
անգամ արմունկս եմ սիրում
քանի որ մի անգամ եղել է քոնը

ըստ երևույթին հնարավոր է
ամենաիսկական գանձից
բաժանվել
և հեռանալ առանց հետ նայելու

ըստ երևույթին հնարավոր է
ցուրտ երկրի մեջտեղում
մնալ

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *