ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲՈՒԿԼԵՏ
Ընտրեք ինձ ,
եւ ձեր հոգիները կթեթեւանան
ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ
Ծնվեցի էս քաղաքում,
Շիլաչին մեր փողոցն էր,
ավարտեցի դպրոցը,
ծառայեցի բանակում:
Ես եղել եմ կարգապահ
կոմսոմոլ ու պիոներ.
աճեցի ու մի օր էլ
պոետ դառա (պա՛հ-պա՛հ-պա՛հ):
Ես եկել եմ դարերից
ու գնում եմ ես դարձյալ
դեպի դարերը նորից՝
դեպի խավարն իմացյալ:
ՀԵՏՈ
Ես կոմսոմոլ տղա էի,
ստիխներիս վրա էի,
ու երկնքից չէի իջել
ու դեռեւըս պատմիչ չէի,
հումոր չէի հորինում,
ոչ՝ էլ ծաղր ու ծանակ.
դրա համար ինձ տվին
հազար ու մի մրցանակ:
Գրածներս չեմ ջնջել,
թեպետ ունեմ մի ռետին:
Ով կոմսոմոլ չի եղել՝
թող ինձ վրա քար նետի:
ՀԸՆԹԱՑՍ
Ես մանկուց
ողջ ուժերս
ներդրեցի
մարդկային դեմքով
պիոներիայի
վերջնական
հաղթանակի համար
բայց ավա՜ղ
մարտավարությունը
ճիշտ չէր ընտրված
ԵՍ
1.
Ես Սովետի մեջ էի,
բայց Սովետը քանդեցին:
Ես էս Շարժման մեջ չէի,
բայց տղերքը հաղթեցին:
Ուղղությո՞ւն է սա, թե հուշ,
ես սայի՞ եմ, թե՝ զըռ բոշ,
մա՞րդ եմ արդյոք, թե՝ խամ ղուշ,
բանաստե՞ղծ եմ, թե՝ բայղուշ:
2.
Մա՞րդ եմ՝ բարդ ու խրթին-դժվար,
թե՞ մի մարդ եմ թույլ ու թշվառ:
Մարդ եմ՝ ապրող, ատող, սիրող,
թե՞ պատրանք է ողջը իրոք:
Մա՞րդ, թե՝ հուսո շղարշ, թաղանթ,
մա՞րդ եմ արդյոք, թե՝ մի աղանդ,
թե՞ անհեթեթ ու երերուն
մի ստվեր եմ էս տեղերում
ու կառչած եմ էսպես համառ
ի՞մ, թե իմ խեղճ Աստծո համար:
3.
Ես նո՞ր եմ եկել, թե՞ արդեն անցա…
Ի՞նչ էի երեկ… էսօ՞ր ինչ դարձա…
Գլխիս մեջ էլի հազար-մի հարց ա…
Գլխիս տակ էլի մի փափուկ բարձ ա…
Ու էս բաները խորհրդածելով՝
ես ցնցվեցի ու մեկից արթնացա:
ԼՐՋՈՎ
1.
Այս զարմանազան հոգսերի դեզին
նոր օրը մի նոր հոգս է գումարում:
Ես արթնացա ճիշտ երկուսն անց կեսին
մեր գրողների համագումարում:
2.
Մերթ վերամբարձ ու մերթ երկրային,
մերթ կանոնավոր, մերթ անկանոն,
պատկեր առ պատկեր, տարերային
շարունակվում է կյանքի կինոն:
3.
Ես թմրամոլ եմ. ըմպում եմ տաղն այս,
որ ոգեւորիչ հաբ է ու դեղ է:
Ես խաղամոլ եմ ու գիտեմ խաղն այս.
ինձ մի՛ խանգարեք և ինձ մի՛ շեղեք:
4.
Երեկոյան ինն անց կեսի
խավարն էր խիտ, լույսն էր ցանցառ.
քաղաքն էր մութ, բայց իմ ներսի
թաղերն էին լուսապայծառ:
5.
«Ցավն է դաժան, հոգսն էր անվերջ
եւ երկաշարժն՝ արհեստականե,-
դընդընում էր իր քթի մեջ
մի բաքվեցի փախստական:
6.
Այս մուրացկանի ձեռքերն են դողում,
հայացքն է պաղած, ինքն իր դերում է:
Ե՛ս կարող էի լինել իր տեղում,
բայց առայժմ իմ բախտը բերում է:
7.
Քամին օդային սահման է խախտում:
Լուռ եմ՝ ամփոփված իմ պաղ պիջակով:
Ես չեմ ցանկանում լինել դրախտում
փախստականի կարգավիճակով:
8.
Կարիքն է հասնում ու հարու տալիս,
բայց զսպում են ինձ անապեստ ու յամբ:
Տուժած կողմ եմ, բայց հանդես չեմ գալիս
մերկապարանոց հայտարարությամբ:
9.
Ջերմ, ներդաշնակ սիրո փոխան
մենք ներծծվեցինք չարի պաղով:
Մեր հոգիներն են անապահով,
Եվ սրտիկներն են ոտի կոխան:
10.
Ես հույս ցանեցի ջահելական,
սակայն հնձեցի հոգս ու կարիք:
Անցան պահերը նվիրական՝
ավելացնելով պարտք ու տալիք:
11.
Ես էլի իմ դաշտն եմ հերկում,
իմ դաշտը՝ զիլ ու բյուր հեկտար:
Ես մեղու եմ և այս երկրում,
ժողովում եմ բույր ու նեկտար:
12.
Ես՝ անկուշտ, ագահ, անաստված, չարկամ,
նեկտարն եմ քամում այս միակ ծաղկի:
Էլ Խաթլամաջյան Սեյրանը չկա,
որ ինձ անաողոք քննի ու ձաղկի:
13.
Օրերի բեռն եմ ուսերիս բարձում
ու շարժըվում եմ շիվար ու մոլոր:
Չունեմ դաշնակից ու ընկեր. վարձու
մարդասպաններ են վխտում շուրջբոլոր:
14.
Էլի շփոթ է հայոց պնակում,
Ու սրտիկն էլի հանգիստ կյանք չունի:
Էլի ճգնում են նույն ժամանակում.
վրդ. Կոմիտասն եւ ընկ. Փանջունին:
15.
Մեր սրտիկներն են լցված ահով,
գահավիժում ենք դեռ դեպի ցած՝
ինձնից սկսած եւ վերջացրած
հանրապետության նախագահով: