***
ես այդպես էլ
փաղաքշական բառ չդարձա
քո շուրթերին
հայրենիք —
***
իմ հայրենիք
չգիտակցած մանկության պես
տաք ես ինձ համար
անծանոթի պես
հարազատ —
խորովածի բույր ես
անոթի անօթեւանիս համար —
սակայն
ես չտեսա
ծովից ծով ու դարից դար փռված
հյուրընկալ սեղանները քո —
երեկվանից մնացած կրճոններով
սեղան նստեցի
սովից սով
դարդից դարդ
ու փռված
մենակ
մոլոր
հարազատի պես անծանոթ
իմ հայրենիք
դու իմը եղար —
ես չեղա քոնը
***
իմ տկլոր հայրենիք
ցրտից փայտացած
թող քեզ հագցնեմ
ուրիշ մերկությամբ
պարապ բառերի
շրջված գովերքով
թե լռությունը քո
հաղթությամբ լիներ
ես կպարտվեի
ուրախ տոների
խնջույքի ոգուն
ու կմերկանայի
հաճույքիս համար
ցուրտը չզգալով
***
իմ խոնարհ հայրենիք
իմ ու քո միջեւ
սահմաններ չկան
ու սահմանամերձ գյուղեր
դատարկված —
խաղաղապահներ
սահմանագծող
սահմանազատող
օտարականներ —
իմ ու քո միջեւ
պարանից կախված
պահածոյի դատարկ
ոռնացող տուփեր
ու մետաղաձայն
քամիներ չկան
խորթ հորիզոն
խեղդալարի պես
անընդհատ ձգվող
իմ ու քո միջեւ
թող չլինի երբեք —