Սիլվիա Փլաթ | Տիկին Ղազարոս

Նորից դա արեցի:
Տասը տարին մեկ
Հասցնում եմ…
Ոնց որ քայլող հրաշք, մաշկս
Նացիստական լուսամփոփի պես պայծառ է,
Աջ ոտքս`
Թղթաճնշիչ,
Դեմքս` հրեայի անկերպարան, բարձրորակ
Սպիտակեղեն:
Կճպիր անձեռոցիկը,
Ով իմ թշնամի:
Զարհուրելի՞ եմ:
Քի՞թս, աչքերիս փոսե՞րը, ատամնաշա՞րս:
Բերանի թթվահամը
Կանցնի մի օրում:
Շուտով, շուտով մարմինը
Որ գերեզմանի անձավը կերավ
Վրաս կլինի տանը:
Ու ես` ժպտացող մի կին:
Ընդամենը երեսուն տարեկան:
Կատվի պես ինն անգամ կարող եմ մեռնել:
Սա Թիվ Երեքն էր:
Ինչպիսի տխմարություն`
Բնաջնջել յուրաքանչյուր տասնամյակը:
Ի՜նչ միլիոնավոր մազմզուկներ:
Գետնանուշ որոճացող ամբոխը
Հրմշտվում է որպեսզի տեսնի

ժԻնչպես են քանդում բացում ոտուձեռս-
Փառավոր սթրիփթիզ,
Պարոններ, տիկնայք
Ահա ձեռքերս,
Ծնկներս:
Գուցե դեռ կաշի ու ոսկոր եմ:
Այդուհանդերձ, նույնն եմ` հենց այն կինը:
Երբ առաջին անգամ պատահեց` տասը տարեկան էի:
Պատահար էր:
Երկրորդ անգամ` լուրջ էր:
Ուզում էի պրծնեի ու հեչ հետ չգայի:
Փակված` տարուբերվում էի
Ծովախեցու պես:
Մի գլուխ գոռում էին ու ինձնից պոկում
Որդերը ոնց որ կպչուն մարգարիտներ:
Մեռնելը
Արվեստ է, ոնց որ մնացած ամեն բան:
Անգերազանց եմ էդ գործում:
Էնպես եմ անում որ` աշխարհի վերջն է:
Էնպես եմ անում` լրիվ լուրջ է:
Կարող եք ասել` իմ պահանջն է:
Ախր շատ հեշտ է` խցում անել:
Ախր շատ հեշտ է` անել ու տեղում մնալ:
Ինձ սպանողը
Թատերական վերադարձն է օրը ցերեկով
Դեպի նույն վայրը, նույն դեմքը,
Նույն անասնական
Զարմացական գոչյունը`
«Ա՜յ հրաշք»:
Իմ սպիները տեսնելը
Իր գինն ունի. իմ սիրտը լսելը
Իր գինն ունի:
Հաստա՛տ:
Ավելի թանկ է, շա՜տ ավելի թանկ է
Բառը, հպումը,
Կամ արյան մի բիծ,
Կամ իմ մի կտոր ծամը, կամ մի մասնիկ իմ զգեստից:
Բա, բա, Հեռ Դոքտոռ:
Բա, Հեռ Թշնամի:
Ես ձեր մեծագույն երկն եմ,
Ձեր արժեքավորը,
Մաքուր, ոսկե մանկիկը
Որ նվաղում է ճվաղոցից:
Դառնում եմ` վառվում եմ:
Չկարծեք թե թերագնահատում եմ ձեր զիլ մտահոգությունը:
Մոխիր, մոխիր…
Խառնում ես կրակխառնիչով:
Միս, ոսկոր, ուրիշ էլ ի՞նչ…
Մի կտոր օճառ,
Ամուսնական մատանի,
Մի հատ ոսկե ատամ:
Հեռ Աստված: Հեռ Լուցիֆեռ,
Եղիր զգոն,
Եղիր զգոն:
Մոխիրներից
Հառնում եմ կարմիր վարսերով
Եվ ուտում տղամարդկանց օդի պես:

Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *