Սիրո արտահայտման ավանդական ձևեր.
Հրմշտուք, քաշքշուք, ծեծ, ջարդ,
նվաստացում, հանրային նվաստացում, արժեզրկում, ստրկացում։
Ճշտվել, կուռսվել, գնալ-տենալ, փախցնել,
կուսաթաղանթը
պահել-պահպանել,
կենակցել` 9-10 ամիսը մեկ։
Հնազանդվել, պոռնկանալ,
Ապրել համերաշխ։
Սիրո արտահայտման հնացած ձևեր.
Անուշաբույր նամակներ, սոնատներ, սոնետներ, Թաջ Մահալ,
Խուց Մոն Մարտրում, մենամարտ,
գոտեմարտ, գոյամարտ,
ձիամարտ` ինչու չէ։
Վեպ, ասկետիզմ, իդեալիզմ, սիմֆոնիա։
Մաքսիմալիզմ, անպատասխան սեր,
նիհիլիզմ,
Իսքեյփիզմ, թմրանյութ,
ալկոհոլ,
բոհեմական ընկերներ,
բոհեմական տարածքներ,
կեղտ,
անկարգություն`
վերին ձգտումներ։
Սիրո արտահայտման նորագույն ձևեր.
Լայքել, սթորի լայքել, շատ լայքել,
նամակներին չպատասխանել,
նամակները կարդալ, ապա անկարդալ,
բարևել-չբարևել, քսմսվել, քնել ուրիշի հետ,
ազատ քնել ուրիշների հետ` բարոյապես նախապես պայմանավորված,
դադար վերցնել,
անդադար կրկնել, որ երջանիկ ես,
երջանկությունը կապել հետևից, որ
պոչի պես հետևի դարուփոս կյանքով։
Արհամարհել, ատել, սարսափել մենակ լինելուց,
լինել միայնակ,
չհաշտվել, վախենալ, տակից դուրս գալ,
կապվել, կապել, ամուսնանալ,
բաժանվել։
Մեծացնել։
Խեղել:
Չմեծացնել։
փոքրացնել։ նսեմացնել։
Ճնշել սիրո արտահայտման հնացած ձևերը
սիրո արտահայտման ավանդական ձևերով։
Ջարդել, ձևազրկել, վզին դնել, շալակը ելնել։
Կոտորել, կատարյալ լինելու հույս տալ,
սրտավեր դարձնել, օդերը փակել։
Հաճոյապաշտ լինել`
հաճույքների համը, էլ ուր՝ հետհամը
օրեցօր մոռանալ։
Մոռանալ ես-ը,
մոռանալ նա-ն,
Մոռանալ եսՈւդու-ն։
09.05.25թ.
Ն.Մ.
