(հեղերգ)
Գիտե՞մ ինչու կա բանաստեղծությունը։ Որովհետեւ կա մա՞հը։ Ամեն ոքի ու ամեն ինչի վաղանցիկությունը։ Եթե չլինի մահը, կլինի՞ բանաստեղծությունը։ Որ իրերի արեւաստվեր թրթռումն է — որ այստեղ, ահա այստե՛ղ, այս պահի եզրին, այս աչքիս առաջ, այս սրտիս մեջ մի բան եղավ կեսվայրկյանում, որ սպրդեց, ու մնաց սովորականը։ Ճանաչե՞լ աշխարհը՝ որպես աշխարհ, որտեղ սովորաբար ապրում են, ճանաչե՞լ բանաստեղծությունը՝ որպես աշխարհի երկրորդ աշխարհ, որը տեղի է ունենում, ոչ թե գրվում։ Բանաստեղծությունն անդադար պատուհում է, անգամ եթե մի ծաղկի բանաստեղծության վկան մյուս ծաղիկն է։ Իմ փնտրածը վկան էր քո մեջ։ Նենց, որ իմանայի, որ կամ։
Թե՞ կամ։
Ծառն ինչպե՞ս է մխրճվել այս խավարի մեջ։ Միայնակ։ Ծառն ինչպե՞ս է շուլալվել հազար տակ իրար վրա դրված ստվերով ու այսքան զորեղ արտահոսել մութ երկինք։ Ես կարո՞ղ եմ ծառի պես իմանալ, որ առավոտ է գալու։ Ծառն ինչպե՞ս դա գիտի։ Ես ինչպե՞ս դա իմանամ, եթե գուշակների մոտ չգնամ։ Խնդրում եմ, գուշակիր, որ առավոտ է գալու։
Վաղանցիկ հարյուրամյա ծառեր, փոխ-փոխ մութխավար ու բանաստեղծության տեղ։
Առավոտ որ զարթնես, իմացիր՝ գիշերը գրկել եմ հեռվում քնած մարմինդ։ Իմ անհարատեւ երկար գրկով։ Գիշերները տեւում են։ Արցունքները հոսում են, ու ես չգիտեմ, որ լացում եմ։ Ապրելն առաջադրանք է։
Այնպես, որ ցավա։
Գայանեն ասեց՝ մի՛ գնա էնկողմ, արի էսկո՛ղմ, հագի՛ կյանքին, տո՛ւպը հագի կյանքին ու վե՛րջ։ Մյուս կողմը մի նայի, դա թակարդ ա, քեզ կուլ կտա, մի՛ նայի մեջը։ Ես նայում եմ բողբոջած վարդագույն ծաղիկների վիհին։
Լինել ճամփաբաժանի անանուն քարը։ Ինչ-որ մի թագավոր վրան խազեր է գծել, որ չեն կարդացվում։ Գուցե՝ որ սիրում է իր թագուհուն։ Որ՝ եթե աջ գնա, իրականությունն է, եթե ձախ գնա՝ երեւակայությունը, բայց թող խելոք մնա իր տեղում՝ մեջտեղում։ Որովհետեւ խելքը գլխին մարդիկ այդպես են անում՝ գրել է թագավորը։
Լինել ճամփաբաժանի անանուն քարի տակ։
Քարաշամբը հայտնի է իր դամբարանադաշտով։ Քարաշամբը խոր կիրճի եզրին է, որի միջով հոսում է Հրազդանը։ Կարինն ասում է, որ իրենք էնպես են կարծում, որ հավանաբար կիրճի այդ բացվածքը համարվել է անցում՝ աշխարհների միջեւ, ու հանգուցյալը այս կողմի քարի տակով, լանջով, քարափներով, գետով, ժայռերով ելել ու անցել է մյուս կողմ, հատել է կողմը, ու ես նստած եմ այդ աշխարհների միջեւ, ինչ-որ մեկի՝ հազարավոր տարիներ մամռած քարի վրա, ու Կարինի ասածներից հասկանում եմ, որ ապրելն անհրաժեշտություն է։ Ապրելը, փաստորեն, կարիք է, այդպես է ասում։ Ու Հրազդան գետի եզրին, եզրին չէ՝ եզրի բերանին, բերանին չէ՝ գետի միջից աճած խոտերի պռնկին կանգնած է մի տուն, կարմիր ինչ-որ բանով մի տուն, որ միալար լսում է գետի խշշոցը, գետի մի էնպիսի հուժկու խշշոցը, քանի դեռ սարերը ձյունոտ են։
Սելավ չլինի՝ մղկտում եմ ես։
Գայանեն ասեց՝ սաղ ստեղ ա, կպռշկվի՛, աղջի՛, հլը զգա սրա կայֆը, սրա սոլիդ կայֆը, քո՛ւր։ Հետո հեռախոսի մեջ ցույց տվեց իր սարքած կավե եռաոտ ու երկգլխանի թռչունին։ Ասեց՝ երազս ա։ Ժպտաց։
Իմ կեսքնի մեջ ես լսում եմ ձայներ, որ կարող են արձակել իրար հագնող երկաթյա նավերը, ահռելիագույն նավերը՝ իրար ճղելիս։ Դա շատ բարձր ձայն է, ամեն ականջ ու քուն չի դիմանա։ Հետո ես մի տեսակ թռչում եմ, թե ի՛նչ եմ անում։ Պտույտներ սեւ սենյակում։ Սեւ չորս պատերի մեջ։
Ասեց՝ սաղ էս գրյոբըննի ձեւի մեջ ա, ինչ կա-չկա, սաղ ստեղ ա, չես ջոկո՞ւմ, Ա՛ն, խի՞ ես քիթդ խոթել ըդտեղ։ — Ո՞ր ձեւի, Գայ։ Մութն էլ ձեւ ունի, մթան մեջ հառնած ծառն էլ, վարդագույն ծաղիկներն էլ, մեկի բուսաթն էլ։ Հատկապես էն մեկինը, որ իմ հոգին գրանցեց համարյա որպես արտ օբյեկտ։
Որ ասում են՝ կյանք, պետք ա փաբերի՞ մասին մտածել, քո՞, թե՞ կանաչ դաշտերի։
Երեքնուկ, որ ծաղկել է։ Որի չորսական ու հինգական թերթիկներովը բախտավորություն է։ Բախտավորություն է այստեղ լինելը։ Այստեղին նայելը Ռոսլիի թանձր թարթիչների միջով։ Քանի որ ինքս numb եմ՝ ինչպես օվկիանոսի տակի ավազը։ Ռոսլի՜, դու ես այս կանաչության տիրուհին։ Երբեւէ կկարողանա՞մ քեզ պատմել, որ ձեր բակի երեքնուկների մեջ գտա հնգաթեւը։ Բայց չպոկեցի։ Եթե պոկեի, իմ հազարտակ ստվերը քանդվելո՞ւ էր իմ բնից։
Ընկուզենու ճյուղերը աճում են երկնքից։ Երբ արեւն անցնում է տերեւի միջով, տերեւն ավելի կանաչ է։ Երգում են բոլոր թռչունները բոլոր ծառերի վրայից։ Պարսպի ծակի մեջ բույն կա, հրակարմիր փետուրները վրա-վրա մտնում են ու դուրս են գալիս։ Ամպի քուլան խճճվել է ծառի մեջ ու գզգզում է իր սպիտակ մարմինը։ Լուսնի կապույտ կեսը արդեն երկնքում է, երկնքի մյուս կապույտի մեջ։ Լարին նստած թռչունը՝ պոչիկով դես-դեն, դես-դեն է անում։ Նրա պոչիկի տակից, քարաշամբի վրայից ինքնաթիռ է հալչում-հեռանում։ Քարերի միջով անցնում է քարերով բեռնված մեքենա։ Մեղուն բզզում է իր անուրջն ու կենցաղը։ Ամպերը՝ բաց, ամպերը՝ փակ։ Ամպերի քաշվելը, հեռանալը ու արեւի շողալը Զովի բազալտե պատերին, սոճու բողբոջ կոներին, նրանց՝ արեւին փաթաթված մատները։ Ու ես գիտեմ, որ շունն էլ պառկած է մի տեղ, ու եթե կանչեմ, կգա, ու շունը գիտի մեծ կաչաղակների մասին՝ հսկա հսկաներ ծառերի վրա։
Երանի իմանայի՝ ինչպես են կոչվում այս բոլոր խելառ խոտերը։ Բոլորը միասին կոչվում են հայրենի բնություն։ Ամեն մի տերեւը բնություն է։ Բնության մեջ կառուցած այս տունը բնություն է։ Քամու մեջ շխկրտացող այս երկաթեղենը բնություն է։ Իմ ուղեղը բնություն է։ Բնություն, կարո՞ղ ես քո պարազիտ թեւերով, քո մակաբույծ ճանկերով մտնել եւ փոխել դրվածքները։ Բնություն, կարո՞ղ ես լինել բնութենավարի բարի բնություն։ Բնություն, հեռացրու ինձնից քո բռնությունը, որ իմն է։ Բռնանալ ինքդ քեզ վրա՝ քո կյանքի լիակատար հռինդով։ Բռնանալ քո խեղճ, հզհզված մարմնին։ Քո լույս մարմնին։ Լույսի այդ բացատին։ Որմե անդին բնության երկրորդ բնությունն է։ Թակարդ։ Աշխարհ ու երկրորդ աշխարհ։ Արեւի ու մահվան օբսեսիա։ Մաժոր ու մինոր սանդղակներ։ Թաքցնել չգիտեմ ոչ մեկը։
Մի պատուհանի միջով երեւում է մյուս պատուհանի միջով երեւացողը։
Չկարողանալ անգիտանալ։
Խատուտիկը գլուխը մտցրել է նստարանի փայտերի արանքով ու ծաղկել այնտեղ։ Եթե քաղեմ, գլուխը պոկվելու է։
Դաշտի դիք խոտերը թրատում են արեւի սփռվելը։
Երբ նստած էի մեծ արհեստական լույսի տակ, ոտքս ոտքիս գցած՝ ծխում էի, համարձակ իմ լույսի մեջ, եկար, նայեցիր-նայեցիր ու ասեցիր՝ շատ բարի։
Մի մատ խորքից դավա՛յ։
Միայն մի բան նշանակող կյանքն ըլլայի՜։ Ըլլայի՜։ Տիրանայի՜ իմ կյանքին, զգետնեի քեզ իմ կյանքով, բարձրանայի կողերիդ, պառկեի վրադ, ահռելի վրադ ու կո՛ղդ խրեի։ Այնքան հաստատ կյանքով, որ չկասկածեիր։ Որ նկուն չլինեիր։ Որ ուրիշ բան չտեսնեիր, քան իմ՝ կյանքին փարված լինելը։
Մեռնե՛մ ես էս կյանքին, արա՛, ասեց Գայանեն։ Ո՞նց շարունակել ունենալ սրանից։ Արեւը սահեց տան վրայով, փայլեցրեց աքլորի փետուրները, ծառերի ոչկատարյալ բները, անցավ սպիտակ եղրեւանու վրայով ու քաշվեց դեպի քարերի շամբուտները։ Ինչ-որ դողդղան թռչուն նստեց մեկի տեսարանում։ Գայանեն ասեց՝ հո դու դեբի՞լ չես, ա՛յ ծիտ։
Իմ կատարյալ ծառի պեսը՛ս: Քանի՞ խնձորենու ծաղիկ է քո հոգին։ Քանի՞ կյանք գիտես։ Քանի՞սը կձգես, եթե մեկը տառապանքի համար է։
Կո՛ղդ խրեի։ Ապրելու կամք դառնայի ու կո՛ղդ խրեի։ Երբ արեւի մեջ, ինչպես յուղաթերթ, փայլում է տանձի տերեւը։ Երանի՜, երանի՜, կյա՛նք, կողդ խրեի։ Խոտերի լուսաբակի միջով հոսում է խատուտիկի միայնակ սերմիկը։ Կողե՜րդ։ Մեղուների բզզոցի միջով հոսում է խատուտիկի միայնակ սերմիկը։ Ինչպիսի՜ չքնաղ խլրտոց։ Քանի՞սը կձգես, եթե մեկը լույսի համար է։ Եթե գուշակները առավոտը բերեն։
Երբ ես թեւերով մտա ու հոսեցի ազդրերիդ արանքով, սահեցի դեպի ներքեւ, դու ասեցիր՝ սենց բաներ սիրում ե՞ս։ Ասեցի՝ ամեն ինչ էլ սիրում եմ։ Իսկապե՛ս, ամեն ինչ սիրում եմ։ Բորբ ու շեկ։ Ամեեե՜ն ինչ սիրում եմ։ Դու դեռ չե՛ս տեսել ինձ ապրելիս։ Բո՛րբ ու շե՛կ։ Դու դեռ չես տեսել ինձ ապրելիս։ Շա՛մբ ու շվաք։ Տե՛ղ ու մռունչ։ Թո՛ւնդ ու երամ։ Դու դեռ չե՛ս տեսել ինձ ապրելիս։ Նիզա՛կ ու մաշկ։ Հազարտերեւուկ։ Հազրեվա՛րդ։ Հազր վարդ։
Քարաշամբ, Զով
մայիս, 2026

