Իմ կինոն տխուր ա, պա՛,
դրա համար էլ չի նկարվի։
Աշխարհին ոռաբաց, հռհռացող կանանցով,
ու բրուտալ-սեքսոդ տղամարդկանցով լցոնված,
կենցաղային տրագիկոմեդիա է պետք։
Աշխարհի գութը
էդպես էլ չհասավ ինձ, պա՛պ,
Չեմ նվնվում, արդեն նորմալ ա։
Ոչինչ՝ հարմարվել եմ…
Ամեն օր «արթնանում եմ»
նստում ավտոբուս,
շտապում եմ դասի,
նայում եմ հարազատ ու անծանոթ
մարդկանց դեմքերին.
ու զգում եմ ինչպես է
հարաճում իմ որբությունը,
եւ որքան շատ են ինձ հպվում,
եւ որքան շատ են ինձ համբուրում
կամ բարեւում,
որքան շատ են ինձ «սիրում» մարդիկ,
այնքան ավելի ցավոտ է ՝
շոշափելի- փշաքաղեցնող
անտերությունս…
Սա ամենեւին էլ սրտաճմլիկ
բանաստեղծություն չէ, պա՜պ,
եւ ոչ էլ բողոք։
(Վավերագրություն է, տղամարդու սովորական
վավերագրություն։)
Հիմարներին են մշտապես բողոքում,
իսկ մենք, «պոետներս»
որ երեւի էդքան էլ
հիմար չենք,
կյանքը բանաստեղծելու ու երբեմն
ապրելու համար,
հստակ գիտենք, որ
անդունդը վերեւում է,
հստակ գիտենք, որ
անդունդը ներքեւում է,
ուստի սիրում ենք.
քաոսը, սեքսը, ջազը,
փաղաքշում ծաղիկները,
սիրունիկ կանանց ու երեխեքին,
աստղերը,
խելառներին,
հազար ու մի
պիտանի- անպիտան բան.
եւ պարզապես հիշում ենք,
որ ընկնելու ենք
շատ ցավոտ,
շատ կտրուկ կամ դանդաղ՝
քաոսից կրկին
ծնվելու համար ։
***
#Կերպափոխություն
Բացեցի պատուհանս,
շնչարգելության հերթական
նոպան սկսվել էր:
Մի մազ էր մնում, մեռնեի,
բայց ինչպես գիտեք՝
ինձ ոչինչ հեշտ չի տրվում,
անգամ էն աշխարհ գնալը…
Մի քանի րոպե կանգեցի
փրկության պատուհանի առաջ,
հանկարծ հայացքս բռնեց
լուսավորված երկնանդունդը.
աստղեր չկային,
միլիոնավոր ձկներ էին լողում
երկնքում,
ու մեկիկ- մեկիկ
շարվեկով երկնային պռնկին
նետվում էին ցած։
Փակեցի աչքերս,
ձկնաճոճքի տակ
քնեցի խաղաղ ու երջանիկ։
Առավոտյան երբ արթնացա,
սենյակս լողում էր
երկնային ծովեզրին,
զարմանքից քար կտրեցի.
Ես մի հսկա խեղդվող ձուկ էի,
անջուր, օտարված սենյակում…
***
#մոգական երազ
Նարինջը հոսում է
գլխամաշկն ի վար,
ինչպես տաք լույսը։
Փոքրիկ տղան փակել է հոգնած կոպերը,
ու լողում է
մեղմանուշ նիրհի մեջ։
Անդալուզյան խավարը
մանում է օդը՝
արագ ու անփութորեն։
Ցիտրուսե արցունքի մեջ
նա քնեց վերջին անգամ…
Հ.գ.
Օ՜ պոետներ, բացեք պատուհանները—
Լորկան կգա լուսադեմին՝
իբրև նոր Մեսիա,
մոռացված բառերով փրկելու։
***
#բառերով-կրակոց
Զենքերը թանկ են,
լոլիկը թանկ է,
ձվերը նույնպես սիրելիս,
եւ առհասարակ
էս երկրում ամեն ինչ թանկ է,
խղճից բացի,
բայց մենք հնարամիտ ժողովուրդ ենք,
ձեւը գտել ենք՝
կրակում ենք իրար,
բառերով,
բառերով,
դաղելով.
մինչեւ նեխում է
վերջին ատամը բերանում:
Առավոտից կրակահերթ է
ֆեյսբուքում՝
խլեշի կրակահերթ.
ֆեյք հերոսները,
հարբած ազգասերներն
ու նորաթուխ որձ աստվածները
լալահառաչությունն ու խլեշը
իրար փոխանցելով
խլվրտում են
մետա ամենաթողության մեջ,
մինչև ուշ գիշեր,
մինչև բառերը սատկեն բերաններում։
Չգիտեմ էլ ոնց ավարտեմ բանաստեղծությունս,
հասկանում եմ, որ բառ չի մնացել,
իմ բառերը հիմա դիակներ են,
շարում եմ սուսուփուս կողք-կողքի
ու փակում եմ ցավիս բառարանը
վերջին անգամ։

