Սերգեյ Բրիրյուկով | Կոնցեպտուալ

ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ

գիտնականների կարծիքով
կապիկները հասկանում են
կոնցեպցիան մահվան
եթե մյուս կապիկները
նրանց բացատրում են
մատչելի
զորօրինակ խաղում են
այն որ մահանում են

 

ՍԿՅՈՒԹՆԵՐԸ

Զննիր ու կտեսնես ակամա
սկյութական տիպը դեմքի
օհոյ-հոյ-հոյ
ինչ-որ տեղ ղրիմյան հողմերի վրա
խանձված
բզկտված սառնամանիքներով
նիրհող Ալթայի
հետևիր
ի՜նչ անհավանական արագությամբ է
շարժվում առաջ
հեծանվային ակների վրա
թանձրաշերտ տարիների միջով
աշնան հայելու միջով
ամռան ստվերների միջով
ձյունառատ բուքուբորանի միջով
ի՜նչ գլխապտույտ արագությամբ է
սերտաճում մարմինը
պատրաստ ցատկելու
պատրաստ վերապտույտ շարժմանը
պատրաստ սալտո-մորտալեի
հապաղող նպատակամուղ
դարաշրջաններ են շրջվում
իրենց ճամփեքին սրբելով
ոստաններ ու խռովք
կամ էլ սփռելով դամբանաթմբեր
մասշտաբների մեջ աշխարհագրական քարտեզների
և առաջին իսկ շփումից
էլ չես ճանաչի քո նախատատին
քարե կնկանը
որ լաց է լինում բնական արցունքի
ալմաստե կարծրությամբ
ի վերա գերեզմանի Վելիմիրի

 

ԴԻՆՈԶԱՎՐԵՐԻ ԹՌԻՉՔԸ

գիտնականների դիտարկմամբ
սոված մկները երկար են ապրում
այդպես էլ կգրենք
բանից պարզվում է դինոզավրերը
թռչում էին
գիտնականների դիտարկմամբ
գիտնականները այս ամենը
գրանցել են վեբ-տեսախցիկներում
և կարող էին ցույց տալ
սակայն սովահար դինոզավրերը
չուզելով ապրել մկան պես
գիտնականների հսկողության տակ
նրանց խժռեցին
պատճեններն ուղարկելով կից ֆայլով
այսպիսով
կանոնիկ համակարգը
հանկարծ սերտաճեց
քաոսի
որն էլ Պրիգոժինի բնորոշմամբ
թույլ տվեց դուրս գալ դեպի մի նոր գալար
դինոզավրը անհաջող էր
պլանավորել
և խրվեց ավազի մեջ իր քթով
գիտնականները մեղքն ընդունեցին
անուղղակի սակայն ուզեն թե չուզեն
ով խնդակոթ էր խմում
ով գինի
բոլորը մեռան
էլ մարդ չմնաց
դինոզավրերն ուրիշ
մոլորակ են փնտրում

 

ՄԱԳՐԻՏՏԻ ՏԱՆԸ
(Rue Esseghemstraat 135, Brussels (Jette))
Ֆիլիպ Մեերսմանին

ոստրեն մխրճվեց Օլիմպիայի մարմնում
հավերժի մեջ ու անհավանականը
անդրանձնականը
սակայն
Ժորժետի ցավի գալարազարդն է
Ռընե Մագրիտտը նկարում խոհանոցում
սուրճը եռում է
ծխամորճը ֆսֆսում
մարդն առանց դեմքի
պահարանի պատկեր
հավիտենից կյանքի
թեթև վերակերտվածք
ևս մեկ վայրկյան
և փողոցը
կընթանա
հեռացողի հետքով

 

ՆՈՐ ՓԱՍՏԵՐ ՊԵՏՐԱՐԿԱՅԻ ԵՎ ԼԱՈՒՐԱՅԻ ՄԱՍԻՆ

Լաուրան Պետրարկային նամակ է գրում
Times New Roman տառատեսակով
ինտերնետ-տետրում
նամակը չքանում է
Պետրարկան Լաուրային սոնետ է գրում
մատները վազում են ստեղնաշարով
նամակը չքանում է
Լաուրայի զգեստի վրա թափվում են
ծաղկաթերթ տառեր
այդ պահին
նրանք այնքան մերձ են իրար
որ ձեռքդ թե պարզես
կդիպչես ճկույթին
ձախ ձեռքի

 

ԳԻՅՈՄ ԱՊՈԼԻՆԵՐ

մեռնող Ապոլիները
(մեռնում է)
Մարինետտի՛, հիշեք ապա
իտալերեն ինչպես են ասում
մահ
«պատերազմը` հիգիենան է աշխարհի»
պատերազմն աշխարհի
մահն է Ապոլիների
գանգից վիրավոր
արյունահեղ վարդ
ճերմակ-կեղտոտ լաթին
Գիյոմ Գիյոմ Գիյոմ
անձրևի
զանգակներն են ղողանջում

P.S. «22 մարտի 1916:
Ինձ վիրավորեց աջ քունքից մի քիչ վեր:
Ես ողջ մնացի հրաշքով պարզապես…
Իմ սիրելի, գրկում եմ քեզ, և
համբուրում շրթունքները քո: Գի»

 

ԱՆՏԻԿ ՍՅՈՒԺԵ

ձեռքերը ետ
ծոծրակին
կարծես բացված աճուկ
տեսնում եմ գիծը
տանող
դեպ տրեմոլը պտուկի
ծունկը առաջ մղված
հպում
կողմնորոշիչին
ազդրերի
և
ձեռքն
իմացող
ծնկից
դեպի վեր
դեպի վեր ծնկից
քսում
մետաքսե
ներսում

 

ԽԼԵԲՆԻԿՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ
Ա.Ա.Մամաևին

Երբևէ թե ասեիք Վելիմիրին
որ այստեղ թանգարան պիտ լինի
գուցե նա խնդրեր
մի գդալ շչի կամ մի կտոր պանիր
բայց կա թանգարանն ու կա տիպարը Վելիմիրի
ընկեր տղերքով
և կենդանանում ու թոթովում է քնարը
և զինզիվերները երկրորդում-արարում են
նրան երգով
դու զինզիվեր դու ահեղ երաժշտահավ
ծղրիդ ծաղկունքի և արևաեռք
առ նաև այս բառը
քեզ պետք կգա ճամփին
փնտրելու դարափուլը
Օ լուսակերպիր կարապնային փայլով
և թող եղիցի այժմ և հավիտյանս
Լադոմիր
թող ի կյանք կոչվի այդ հաղթաքայլով
քո ուղեղն աստվածային
Վելիմիր

 

ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

1
ինչպես շարժվի ժամացույցը
ինչպես է պետք շարժվել միջում ժամացույցի
ինչպես է պետք ներսում ժամացույցի
ընթանալ
որպես տակտ
թիկ-տակ
թիկ-տակ
թիկ-տակ
որպես տակտ
և հանկա՛րծ
ո՛չ ընդ տակտ
առանց տակտ
ահա այն ներսում ժամացույցի
առանց տակտ
այ դա ուրիշ է ընթանալ ժամացույցում
առանց տակտ
այ դա ուրիշ բան հենց ժամացույցին
ընթանալ
առանց տակտ
ո՛չ թիկ ո՛չ տակ
միանշանակ
ներսում ժամացույցի ընթանալ ներսի
զսպանակների ճամփով
և զսպելով քայլքը
ընթանալ արդեն հենց ժամացույցում
դրսում ինչպես ներսում
բայց ոնց ընթանան ժամացույցներն իրենք
մեկ չորս երեք

2
մեխանիզմում ժամացույցի մարդուկ է նստած
կառավարը ժամանակի
ժամամարդը
վայրկյաններ բռնողը
րոպեներն հաշտեցնողը
այլապես էլ ո՞նց
նրանց դու միայն ազատություն տուր
ինչպես կվազեն
րոպեն րոպեի
բայց առավել ևս
թռչող այդ վայրկյանները
չես բռնի ոչ մի կերպ
ինչու պահես նրանց

3
ժամանակի վազքը ասել է պոետեսսան
բայց վազք դեպի ուր նա չի ասել
և գլխավորը թե որտեղի՞ց
այ քեզ փորձանք
ժամանակի վազք

 

ՆՈՏԱՅՈՎ
Ելիզավետա Մնացականովային

Ես դատում էի մտքումս
ինչը գոյապատվում գոյահատվում է
ինչը հաստատվում ու հատնում է
փայտանում է տերևափայտերով
խաչափայտերով
ու արտամղվում հոսքից
խոսքից
և խոսքի մեջ
հատա-կում-ու-դա-հետոն է
ստվերով նոտայով
և արտամղվում է նախադիրքից
ասես մեր ընդերքը

Թարգմանությունը ռուսերենից՝ Շանթ Մկրտչյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *