Ես Ռոմեն Ռոլանի նման քաղաքական գործիչ չեմ, չեմ ծնվել որպես կուսակցական գործիչ, որը կամովին բանտարկում կամ սահմանափակում է իր միտքը։ Երբ ինձ խնդրեցին վերջին խոսքն ասել մարդկության մասին հոգ տանող այս գրքի մասին, ոչ մի շահ չէր ստիպում ինձ հետեւել խնդրանքին, այլ միայն տառապող եւ վրդովված խիղճս։ Հենց եսասիրությունն է առևտրականին բնորոշ անխղճությամբ գործում աշխարհի բոլոր մեծ չարագործությունները, ինչպես հիմա՝ Իսպանիայում։ Եթե ոչ բանաստեղծի, ապա ու՞մ գործը պետք է լինի ամբարտավան եսասիրությանն ու անփույթ ստորությանը մարդկային ազատ զգացմունքով ու խղճով հակադրվելը և ողջ մարդկությանը կեղծ քաղաքականությունից ու չարիքի ծնած լիակատար խառնաշփոթից պաշտպանելը։
Չկա ավելի ցածրակարգ հեգնանք, քան այն, որն ուղղված է «քաղաքական ասպարեզ իջնող» բանաստեղծին։ Այդ մտայնությունը ձգտում է, որ լռության ու խավարի մեջ իշխի այնպիսի մի շահադիտություն, որը չի վերահսկվի մտքի կողմից, բայց գեղեցիկ կդրսևորվի «հոգևոր» ու «մշակութային» ոլորտներում՝ թույլ տալով քաղաքականությունը համարել արժանապատվությունից ցածր։ Այդպիսով բանաստեղծը ստրկանում է եսասիրությանը, դառնում կամակատար, որին կեղծ արժանապատվությամբ են վճարում։ Ավելին՝ փղոսկրե աշտարակ նման կտրուկ նահանջով նա անախրոնիզմի հասնող անհեթեթություն է թույլ տալիս՝ չնկատելով, որ հազիվ թե կարողանա խուսափել այդ դիտարկումից։
Ժողովրդավարությունն այսօր իրականացվում է այնքանով, որքանով որ փաստ է, այնքանով, որ քաղաքականությունը դարձել է բոլորի գործը, և ոչ ոք չի կարող դա ժխտել, քանի որ այն բոլորի համար հրատապ հարց է. դա բոլորի մտքում է։ Այն մարդը, որն այսօր ինքնագոհ հայտարարում է՝ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», մեզ այլևս խորամանկ կամ հեռատես չի թվում. նրա հայտարարությունն ընկալում ենք ոչ միայն եսասիրական և իրականությունից կտրված, այլև որպես անհեթեթ ինքնախաբեություն, ստրկամտություն ու հիմարություն։ Սակայն նման հայտարարությունը բացահայտում է ոչ այնքան մտավոր, որքան բարոյական տգիտությունը։ Քաղաքական-սոցիալական բաղադրիչը ճանաչվում է որպես ողջ մարդկությունից անբաժանելի և անհերքելի մաս, որպես հումանիտար առաջադրանքի մի կողմ, որն անտեսելը հավասարազոր է մարդկայնությունից հրաժարվելուն։ Այո՛, դա՛ է էականը, վճռորոշը. մարդկության հարցն այսօր մեր առջև է դրվում քաղաքականության կերպարով՝ վերջնական ու կյանքին սպառնացող լրջությամբ, որն անհայտ էր վաղ ժամանակներում։ Պե՞տք է, արդյոք, բանաստեղծին, որը բնույթով և ճակատագրով միշտ զբաղեցնում է մարդկության մեջ ամենաանպաշտպան դիրքը, թույլ տալ խուսափելու որոշում կայացնելուց։
Սակայն, երբ խոսում էի մեր օրերում հայացքների ու մտածելակերպի շուրջ կյանքին սպառնացող լրջության մասին, ուզում էի ասել, որ յուրաքանչյուր մարդու, և հատկապես՝ բանաստեղծի համար էական է հոգևոր փրկությունը (եկեք չխուսափենք այս կրոնական եզրույթից. էական է նրա հոգու փրկությունը)։ Ես համոզված եմ, որ այն բանաստեղծը, որն այսօր ձախողվում է մարդկային զգացմունքների հարցում, մարդկության առջև ծառացած քաղաքական հարցերում, և ոգեղենը զոհաբերում է եսասիրությանը, հոգեպես կորսված մարդ է։ Նա ստիպված է հյուծվել՝ ոչ միայն կորցնելով իր պոեզիան, «տաղանդը» և այլևս արժեքավոր ոչինչ չստեղծելով, այլև նույնիսկ նրա նախկին ստեղծագործությունը, որը դեռևս չէր ծնվել հարկադրանքից և ժամանակին արժեքավոր էր, կդադարի այդպիսին լինելուց ու կփոշիանա մարդկության աչքում։ Դա իմ համոզմունքն է, և դրա օրինակն ունեմ իմ աչքի առջև։ Ինձ կհարցնեն, թե ինչ եմ հասկանում «ոգի» ասելով և ինչ նկատի ունեմ «շահ» ասելով։ Հոգևոր ոլորտը դիտարկելով քաղաքական-հասարակական տեսանկյունից՝ հասկանալի է դառնում, որ ժողովուրդների ցանկությունն է ունենալ ավելի լավ, ավելի արդար, ավելի երջանիկ կենսապայմաններ, դրանք համապատասխանեցնել մարդկային գիտակցությանը, և հենց այս ցանկությունն են հավանության արժանացնում բոլոր բարի կամքի տեր մարդիկ։ Մինչդեռ սեփական շահը (կամ շահամոլությունը) պատրաստ է դիմել ցանկացած հանցագործության՝ կանխելու համար իր առավելությունների ու արտոնությունների որևէ կրճատում՝ քաջ գիտակցելով, որ տևական ժամանակ դա հնարավոր չէ, բայց գոնե կփորձի այդ վիճակը պահպանել մի քանի տասնամյակ։
Իսպանիայում մոլեգնում է շահամոլությունը։ Այն մոլեգնում է այնպիսի անամոթությամբ, որն աշխարհը հազվադեպ է տեսել։ Իրականում այն, ինչ տեղի է ունենում այնտեղ ամիսներ շարունակ, պատմության մեջ ամենաամոթալի և սկանդալային էջերից մեկն է։ Ինչպե՞ս է աշխարհը դա ընկալում։ Միայն մասամբ, չէ՞ որ մարդասպան շահը ոչինչ ավելի լավ չի հասկանում, քան աշխարհը համրացնելն ու իր իրական բնույթը մարդկանց աչքերից քողարկելը։ Եվրոպայի այժմյան ամենամութ անկյունում՝ Գերմանիայում ապրող մի կին ինձ փոխանցում է. «Ո՞վ կարող էր մտածել, որ Իսպանիայում կարմիրները հանկարծ, կայծակի նման, նման վայրագություններ կգործեին»։ Կարմիրները… և հանկարծակի… Այս գրքում, որի տեքստը գրել են ոչ թե վայրի բոլշևիկները, այլ բուրժուական և քրիստոնեական աշխարհայացքի տեր մարդիկ, կարելի է կարդալ, թե որքան քիչ հեղափոխական էր Իսպանիայի Ժողովրդական ճակատի (հանրապետականների և սոցիալիստների քաղաքական դաշինքի) բարեփոխումների ծրագիրը, և ինչ պայմաններում էր դրա ձևավորումը ճանապարհ հարթում վճռական ու օրինական ընտրական հաղթանակի համար։ Մի՞թե նրանք սիրտ չունեն։ Ոչ մի ըմբռնում։ Մի՞թե կարելի է թույլ տալ, որ մեր ազատ մարդկային դատողության վերջին մնացորդը խլվի մեզնից հանուն շահախնդրության, որը միշտ դիմում է ամենավատ բնազդներին՝ կեղծ բարեպաշտության՝ «մշակույթի», «Աստծո», «կարգ ու կանոնի», «հայրենիքի» քողի ներքո։ Ստրկացված ժողովուրդը, որը շահագործվում է ամենահին ու հետամնաց ոճով, ձգտում է ավելի պայծառ, ավելի մարդկային գոյության, այնպիսի հասարակական կարգի, որի միջոցով կարող է ավելի պատվով դիմակայել քաղաքակրթության քննությանը, քան նախկինում։ Ազատությունն ու առաջընթացը դեռևս փիլիսոփայական հեգնանքով և սկեպտիցիզմով աղավաղված հասկացություններ չեն այնտեղ. այս ժողովրդի համար դրանք կյանքի բարձրագույն, ամենացանկալի բարիքներն են, ազգային արժանապատվության նախապայմանները։ Ձևավորվում է կառավարություն, որը, հաշվի առնելով հատուկ հանգամանքները, պարտավորվում է վերացնել ամենակոպիտ չարաշահումները և իրականացնել ամենաանհրաժեշտ բարեփոխումները։
Ի՞նչ է տեղի ունեցել։ Հին շահագործող և ճնշող ուժերի ծառայության մեջ գտնվող, օտարերկրյա սպեկուլյատիվ շահեր սպասարկող գեներալների մի ավազակախումբ ըմբոստանում է (հեղաշրջման փորձ է անում), ձախողվում և արդեն իսկ պարտված է լինում։ Սակայն նրանց աջակցում են ազատության նկատմամբ թշնամաբար տրամադրված օտարերկրյա կառավարությունները, որոնք ապստամբների հաղթանակի դեպքում տնտեսական և ռազմավարական առավելություններ են ակնկալում։ Փողն օգտագործվում էր վարձկաններին կերակրելու, ապրուստի և ռազմական միջոցներ հայթայթելու համար. այդպես երկիրը պատառոտվեց արյունահեղությունից, երկու կողմից մռայլ, դառը, անողոք դաժանությունից, որի վերջը չէր երևում։ Գաղութային տարածքների զորքերը մարտի են դուրս գալիս ազատության և մարդու իրավունքների համար հուսահատ պայքարող ժողովրդի դեմ։ Նրա քաղաքներն ավերում են օտարերկրյա ռմբակոծիչները, նրա կանայք և երեխաները կոտորվում են, և այս ամենը կոչվում է «ազգային», այս ողջ սարսափելի չարագործությունը կոչվում է «Աստված», «կարգ ու կանոն», «գեղեցկություն»։
Եթե Եվրոպայի շահագրգիռ մամուլից կախված լիներ, մայրաքաղաքը վաղուց պետք է ընկած լիներ, իսկ «կարգ ու կանոնի և գեղեցկության» հաղթանակը «մարքսիստական ամբոխի» նկատմամբ վաղուց լիակատար կլիներ։ Սակայն կիսաքանդ մայրաքաղաքը գոնե այս պահին դեռևս անառիկ է։ Եվ «կարմիր ամբոխը», ինչպես սիրում է անվանել շահագրգիռ մամուլը, այսինքն՝ իսպանացի ժողովուրդը, պաշտպանում է իր կյանքն առյուծի խիզախությամբ, ինչը պետք է ստիպի նույնիսկ ամենահիմար սպասավորին մտածելու այստեղ գործող բարոյական ուժերի մասին։
«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն» այսօր ողջ աշխարհում պաշտոնապես մեծ հարգանքի է արժանանում։ Մեր բռնապետություններն ու ամբողջատիրական պետությունները նույնպես ձևացնում են, թե վայելում են ժողովրդի իննսունից իննսունութ տոկոսի աջակցությունը։ Ակնհայտ է, որ Իսպանիայի Հանրապետության դեմ ապստամբող զինվորականներն իրենց թիկունքում չունեն իսպանացի ժողովրդին, և նրանք առայժմ չեն կարող նույնիսկ ձևացնել, թե ունեն։ Նրանք նախ պետք է ստեղծեն դրա հնարավորությունը մարոկկացիների և ներխուժող զորքերի օգնությամբ։ Թեև գուցե լիովին պարզ չէ, թե ինչ է ուզում իսպանացի ժողովուրդը, սակայն միանգամայն պարզ է, թե ինչ չի ուզում. այն է՝ գեներալ Ֆրանկոյին։ Այնուամենայնիվ, եվրոպական այն կառավարությունները, որոնք հետաքրքրված էին ազատության ճնշմամբ, այս ապստամբ իշխանությունը ճանաչեցին որպես միակ օրինական՝ իրենց իսկ կողմից հրահրված կամ խրախուսվող քաղաքացիական պատերազմի պայմաններում։ Նրանք, ովքեր հայրենիքում, կարելի է ասել, չափազանց զգայուն են պետական դավաճանության հարցերի նկատմամբ, աջակցում են մի մարդու, որն իր սեփական երկիրը հանձնում է օտարներին։ Նրանք, ովքեր իրենց «ազգայնականներ» են անվանում, անում են ամեն ինչ, որպեսզի օգնեն իշխանության գալու նման մտածողությամբ անհատի, որը բացարձակապես չի հետաքրքրվում իր երկրի անկախությամբ։ Եթե միայն ազատությունն ու մարդու իրավունքները կարողանային ոչնչացնել, ապա, ըստ նրա հայտարարության, իսպանացի ժողովրդի երկու երրորդը պետք է նախընտրի մահանալ, քան երկրում հանդուրժել «մարքսիզմը», այսինքն՝ ավելի լավ, ավելի արդար, ավելի հումանիտար կարգը։ Դա բացարձակապես անպատշաճ է, հանցավոր և զզվելի։
Այս գրքույկը ներկայացնում է այն երկրի լուսանկարները, որի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն։ Այն հրապարակում են կանայք, և այն ուղղված է հիմնականում կանանց։ Այն դիմում է մարդկային ազատ զգացմունքին՝ առանց դրանով իսկ ժխտելու նրա քաղաքական ազդակը, քաղաքական պաթոսը։ Այն ժամանակներում, երբ քաղաքականության հարցը դարձել է հումանիտար, հենց մարդկայնության հարց (ինչպես այսօր), երեսպաշտություն և վախկոտություն կլինի արդարացում գտնելը, թե դու ապաքաղաքական ես։ Սակայն երկրային պայքարում առաջին հերթին կնոջն է վերապահված բարեգործական և մխիթարող առաքելությունը, և այս գիրքը դիմում է մայրական բնազդին՝ օգնելու և մխիթարելու բարի կամքի տեր մարդկանց։ Պատահական չէ, որ նախաբանն ու վերջաբանը գրել են ոչ թե կուսակցականներն ու ակտիվ քաղաքական գործիչները, այլ անկախ գրողները։
Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի

