Բայց ինչպես սերը՝
նետաձիգները
կույր են:
Կանաչ գիշերի վրա
նետերը
թողնում են շուշանի տաք
հետքեր:
Լուսինը իր ողնափայտով
ջարդում է մուգ ամպերը,
և կապարճները լցվում են
ցողով:
Ախ, ինչպես սերը,
նետաձիգները
կույր են:
ԶԱՐՄԱՆՔ
Սպանվածը մնաց փողոցում,
դաշույնը մխրճված սրտում,
նրան ոչ ոք չէր ճանաչում:
Ինչպես էր դողում լապտերը, մայր:
Ինչպես էր դողում լապտերիկը
փողոցի:
Լուսաբաց Էր: Չկար մեկը,
որ կարենար նայել նրա
դաժան քամուն ապավինած
բաց աչքերին:
Եվ սպանվածը մնաց փողոցում,
Եվ դաշույն կար մխրճված սրտում,
Եվ ոչ ոք նրան չէր ճանաչում:
ԵՎ ՀԵՏՈ
Լաբիրինթոսները,
որոնց ստեղծում Է ժամանակը,
անէանում են:
(Մնում Է միայն
անապատը):
Սիրտը՝
տենչանքի աղբյուրը,
անէանում է:
(Մնում միայն
անապատը):
Այգաբացի պատրանքը
և համբույրները
անէանում են:
Մնում է միայն
անապատը:
Մի ալեծածան
անապատ:
ՎԵՑ ԼԱՐԵՐԸ
Կիթառը
լացացնում է երազներին:
Հեծկլտոցը հոգիների
խորտակված
փախչում է նրա կլոր
բերանից:
Իսկ և իսկ փաղեժի պես
հյուսում Է մի մեծ որոգայթ
հառաչանքները որսալու,
որ ծփում են նրա փայտյա
սև տաշտակում:
Թարգմանությունը իսպաներենից՝ Մերի Սուքիասյանի
