Այս երեք աստիճանները երեք փուլեր են, որոնցով անցնում է իսկական արվեստի ամեն մի ստեղծագործություն, գրականության ողջ պատմությունը՝ իր օղակաձև շարժման մեջ, վերջից դարձյալ դեպի սկիզբը, և ամեն մի բանաստեղծ, որը գիտակցում է, թե ինչպիսի գանձի տեր ու տիրակալն է ինքը աստծո կամեցողությամբ…
Ես հիանալի հասկանում եմ այս թեմայի դժվարությունները, ուստի և բնորոշումներ անելու մտադրություն չունեմ, այլ պիտի ընդգծեմ լոկ, ուզում եմ ոչ թե նկարագրել, այլ հարկադրել ձեզ խորհելու: Բանաստեղծի առաքելությունը մեկն է՝ ոգեշնչել, այս բառի ուղղակի իմաստով, այսինքն՝ ոգի հաղորդել, շնչավորել… Միայն չհարցնեք ինձ, թե ինչն է այստեղ ճշմարիտ և ինչը՝ սուտ, որովհետև «բանաստեղծական ճշմարտություն» արտահայտությունը փոխում է իր նշանակությունը՝ նայած ով է արտասանում: Եվ այն, ինչ Դանտեի համար փայլատակում է, կարող է այլանդակություն լինել Մալարմեի մոտ:
Ամենքն էլ, ինչ խոսք, գիտեն, որ պետք է սիրել պոեզիան: Թող ոչ մեկը չասի՝ «Սա անհասկանալի է». պոեզիան հստակություն է: Այլ կերպ ասած՝ մենք պետք է որոնենք պոեզիան, որոնենք արիաբար, չխնայելով մեր ուժերը, որպեսզի նա տրվի մեզ: Մենք պիտի կարողանանք լիովին մոռանալ պոեզիան, այնժամ նա ինքը, մերկացած, կընկնի մեր գիրկը: Բանաստեղծի ու ժողովրդի գիրկը:
Մի բան միայն չի ընդունում պոեզիան ոչ մի կերպ՝ անտարբերությունը: Անտարբերությունը գահն է սատանայի, բայց հենց նա է, որ ինքնագոհությամբ ու կուլտուրայով պճնված, զրույցներ է վարում փողոցներում:
Ինձ համար երևակայությունը հոմանիշ է հայտնագործելու ընդունակության: Երևակայել, հայտնագործել, մեր աղոտ լույսը տանել դեպի շնչող մթնշաղը, որտեղ թաքնված են բոլոր անսահման հնարավորությունները, բոլոր ձևերն ու ռիթմերը: Երևակայությունը խլում ու լուսավորում է պատառիկներ անտեսանելի իրականությունից, որի մեջ շարժվում է մարդը:
Երևակայության հարազատ դուստրն է փոխաբերությունը, որը երբեմն ծնվում է ինտուիցիայի ակնթարթային փայլատակման մեջ, ինտուիցիայի, որը լուսավորվում է կանխազգացման երկարատև թախիծով:
Բայց երևակայությունը սահմանափակված է իրականությամբ. չի կարելի երևակայել այն, ինչ չկա իրականում: Երևակայությանն անհրաժեշտ են առարկաներ, բնապատկերներ, ռիթմեր, մոլորակներ, երևակայությունը դրանց միջև հարաբերություններ է սահմանում՝ ամենախիստ տրամաբանության համաձայն: Չի կարելի ցատկել դեպի դատարկություն, անհնար է խուսափել իրական սահմաններից: Երևակայությունն իր հորիզոններն ունի և ուզում է ճշգրտել ու նկարագրել այն ամենը, ինչ տեղավորվում է այդ սահմաններում:
Բանաստեղծական երևակայությունը փոխում է առարկաների էությունը, դրանք լցվում են իրենց ճշմարիտ իմաստով, երևան են գալիս այնպիսի հարաբերություններ, որոնց գոյությունը մենք նախկինում նույնիսկ չէինք ենթադրում: Բայց մի՛շտ, մի՛շտ, մի՛շտ երևակայությունն օգտագործում է միայն ճշգրիտ, միանգամայն որոշակի իրականության փաստերը: Երևակայությունը գործում է մարդկային տրամաբանության շրջանակներում, վերահսկվում բանականությամբ և չի կարողանում ազատագրվել նրանից: Ստեղծագործության իր առանձնահատուկ տեսակի համար երևակայությունը կարգուկանոնի և շրջանակների կարիք է զգում:
Երևակայությունը հայտնագործել է աշխարհի չորս ծագերն ու երևույթների պատճառական կապը: Բայց նա երբեք չի կարողացել երկար գործել անհեթեթության քաոսածին շիկացման մեջ, որտեղ ազատ ու անզուսպ շարժվում է ոգեշնչումը: Երևակայությունը ամեն մի պոեզիայի առաջին աստիճանն է ու հիմքը: Նրա օգնությամբ բանաստեղծը աշտարակ է կառուցում՝ տարերքներից ու գաղտնիքից պաշտպանվելու համար: Նա անխոցելի է, նա հրամայում է, և նրան միշտ հնազանդվում են: Բայց ամենագեղեցիկ թռչուններն ու ամենապայծառ կրակները սպրդում են նրա ձեռքերից: Այսպես ասած մաքուր երևակայության բանաստեղծի համար շատ դժվար է իր բանաստեղծություններով խորը հուզում առաջացնել: Տիպիկ ռոմանտիկական երաժշտականությունն էլ՝ տաղաչափական տեխնիկայի համադրմամբ, անշուշտ, չի կարող բանաստեղծական հույզ հարուցել, և գրեթե միշտ խորթ է իսկական պոեզիայի հոգևոր խոր իմաստին: Բայց և բանաստեղծական զգացումն ինքնին, կուսական, հսկողությունից դուրս, ոչ մի շրջանակով չսահմանափակված, սեփական օրենքներով ստեղծված բանաստեղծությունը նույնպես չի հարուցում անդրադարձ, իսկական բանաստեղծական հույզ:
Երևակայությունն աղքատ է, բանաստեղծական երևակայությունը՝ առավել ևս:
Տեսանելի երևակայությունը, կյանքի իրադարձություններն ու մարդկային մարմինը շատ ավելի հարուստ են նրբերանգներով, ավելի բանաստեղծական են, քան երևակայության բոլոր հայտնագործությունները:
Դա կարելի է հաճախ նկատել այն պայքարում, որ վարում են գիտական իրականությունն ու երևակայության պտուղը՝ դիցաբանությունը. փա՛ռք աստծո, հաղթում է գիտությունը, որ հազար անգամ ավելի բանաստեղծական է, քան բոլոր թեոգոնիաները*:
Մարդկային երևակայությունը հորինել է հսկաների, որպեսզի նրանց վերագրի հսկայական քարայրների, կախարդական քաղաքների շինությունը: Հետագայում պարզվեց, որ հսկայական այդ քարայրներն ստեղծել է ջրի կաթիլը, զուլալ ջրի կաթիլը՝ համբերատար ու հավերժական: Այս դեպքում, ինչպես և շատ այլ դեպքերում, հաղթանակեց իրականությունը: Ջրի կաթիլի բնազդը հսկայի թաթից գեղեցիկ է: Իրականության ճշմարտությունը հաղթում է երևակայությանը պոեզիայում, ավելի ճշգրիտ՝ երևակայությունը բացահայտում է սեփական խեղճությունը: Երևակայությունը տրամաբանորեն իրավունք ուներ հսկաներին վերագրելու այն, ինչը հսկաների արածն էր թվում, բայց գիտական իրականությունը, որ չափազանց բանաստեղծական է և չի տեղավորվում տրամաբանության կանոնների շրջանակներում, իր ճշմարտությամբ է հագեցրել ջրի մաքուր ու հավերժական կաթիլը: Որքան ավելի բանաստեղծական է այն բացատրությունը, թե քարայրն առաջացել է ջրի խորհրդավոր քմահաճությամբ, որը ենթարկվում է հավիտենական օրենքների, քան այն պատկերացումը, թե իբրև քարայրն ստեղծվել է ինչ-որ հսկաների կամքով, որի ամբողջ իմաստն այն է, թե դրանք կարող են ծառայել իբրև բացատրություն:
(Նշում. թեոգոնիա – առասպել, աստվածների ծննդաբանություն)
Բանաստեղծը միշտ պտտվում է իր երևակայության ներսում, այդ երևակայությունը սահմանափակում է նրան: Բանաստեղծը գիտե, որ երևակայությունը ենթարկվում է վարժանքի. երևակայության մարզանքը կարող է հարստացնել նրան, կարող է մեծացնել լույսի ընկալման անտենան ու ուժեղացնել հաղորդման ալիքը: Սակայն բանաստեղծը իր զգացմունքների հետ դեմ-հանդիման, միշտ գտնվում է «ուզում եմ և չեմ կարող» վիճակում: Նա լսում է մեծ գետերի աղմուկը, նրա ճակատին սոսափում է շունչը եղեգնուտի, որ ծփում է «ոչ մի տեղ»: Բանաստեղծն ուզում է լսել միջատների զրույցները չտեսնված բույսերի տակ: Ուզում է որսալ երաժշտությունը հյութերի, որ խավար լռության մեջ ծորում են հսկա ծառերի բունն ի վար: Ուզում է հասկանալ այն խորհրդավոր մորզեն, որ թկթկացնում է քնած աղջկա սիրտը:
Նա ուզո՛ւմ է: Ամե՛նքս էլ ուզում ենք: Բայց չենք կարող:
Որովհետև, երբ բանաստեղծը փորձում է արտահայտել այս մոտիվներից յուրաքանչյուրի բանաստեղծական ճշմարտությունը, նա հարկադրված պիտի լինի դիմելու մարդկային զգացմունքների, իր տեսողական ու լսողական զգացողությունների օգնությանը, օգտագործելու պլաստիկ զուգորդություններ, որոնք երբեք համարժեք չեն լինի: Քանզի երևակայությունը միայնակ երբեք այդպիսի խորքերի չի հասնի:
Քանի դեռ բանաստեղծը չի ցանկանա ազատագրվել այդ աշխարհից՝ նա ապրում է խաղաղ, իր ոսկեզօծ աղքատության մեջ: Տիեզերքի բոլոր ճարտասանական ու բանաստեղծական դպրոցները՝ սկսած ճապոնականից, նրան են տրամադրում հոյակապ մի հանդերձարան, որտեղ արևներ են պահվում ու լուսիններ, հիրիկներ, հայելիներ, ու վհատ ամպեր, որոնք պիտանի են ամեն տեսակ մտավոր մակարդակի համար և բոլոր լայնություններում:
Բայց եթե բանաստեղծը վճռել է ազատագրվել երևակայության իշխանությունից և ապրել ոչ միայն իրականությունից ծնվող պատկերների հաշվին, նա դադարում է անրջել և դադարում է ցանկանալ: Նա արդեն չի ուզում, նա սիրո՛ւմ է: «Երևակայությունից», որը լոկ հոգու շարժում է, նա անցնում է «ոգեշնչման», այսինքն՝ ոգու կեցությանը: Նա վերլուծությունից անցնում է հավատին: Եվ այնժամ իրերն ու առարկաները պարզապես գոյություն են ունենում, հենց այնպես, առանց բացատրելի պատճառների ու հետևանքների: Այլևս ո՛չ սահման կա, ո՛չ վերջ, կա սքանչելի մի ազատություն:
Եթե բանաստեղծական երևակայությունը ղեկավարվում է մարդկային տրամաբանությամբ, ապա բանաստեղծական ոգեշնչումը՝ պոեզիայի տրամաբանությամբ: Այդ պահից ոչ մի բանի պետք չէ հաջողությամբ յուրացված տեխնիկան, և ստեղծագործելու համար չկա գեղագիտական ոչ մի կանխադրույթ: Երևակայությունը հայտնագործություն է, ոգեշնչումը՝ վերուստ տրված պարգև, անբարբա՜ռ երանություն:
Բանաստեղծական երևակայությունը հայտնագործում է «բանաստեղծական փաստը», որ գոյություն ունի իր, չգրված օրենքների համաձայն և չի ենթարկվում տրամաբանության հսկողությանը: Պոեզիան ինքն է իր մեջ կրում կարգուկանոնն ու բանաստեղծական ներդաշնակությունը:
Բանաստեղծների վերջին սերունդները ձգտում են պոեզիան հանգեցնել լոկ բանաստեղծական փաստի ստեղծմանը և ըստ այդմ հետևել նրա սեփական օրենքներին՝ ուշադրություն չդարձնելով տրամաբանությանն ու պատկերների հավասարակշռությանը: Նրանք ուզում են պոեզիան մաքրել ոչ միայն սյուժեից, այլև հետաքրքրաշարժ կերպարներից և իրականության հարաբերակցությունից, մտադիր են իրենց պոեզիան հասցնել ծայրաստիճան մաքրության ու պարզության: Նրանց խնդիրն է՝ մի այլ իրականության ստեղծումը, նրանք ուզում են տեղափոխվել կուսական զգացմունքների աշխարհները, իրենց բանաստեղծությունները գունավորել տիեզերական գույներով: «Փախուստ» իրականությունից երազի ճանապարհով, ենթագիտակցության ճանապարհով, անսովոր փաստի նշած ճանապարհով, որ պարգևել է ոգեշնչումը:
Պոեզիան, որ ազատագրվել է երևակայության իրականությունից, չի ենթարկվում տգեղի ու գեղեցիկի օրենքներին՝ դրանց արդի ըմբռնմամբ, այլ մտնում է բանաստեղծական զարմանալի իրականությունը, որ լի է սիրով, իսկ երբեմն էլ մահացու դաժանությամբ:
Այսպիսին է իմ այժմյան տեսակետը պոեզիայի մասին: Այժմյան՝ քանզի պատկանում է այսօրվան: Հայտնի չէ, թե ես ինչ կմտածեմ վաղը: Իբրև իսկական պոետ, — իսկ ես իսկական պոետ եմ և կլինեմ մինչև օրս մահվան, — ես չեմ դադարի ըմբոստանալ ամեն տեսակ կանոնների դեմ, որովհետև սպասում եմ արյան հոսքին՝ կանաչ թե սաթե, որն անխուսափելիորեն դուրս կժայթքի մի օր իմ երակներից:
Ի՜նչ ուզում է լինի՝ միայն թե անշարժ չնստեմ պատուհանի առջև՝ միշտ նույն բնապատկերին նայելով: Պոեզիային հարկավոր չէ ապացուցել որևէ բան և համոզել որևէ մեկին: Դա վայել չէ պոեզիային: Պոեզիան սիրում է ոչ թե հետևորդներին, այլ սիրահարվածներին: Նա փուշ ու տատասկ է պատրաստում և ապակու բեկորներ, որպեսզի պատառոտի պոեզիա փնտրող սիրահարվածների ձեռքերը:
(Այս ելույթը, որ տեղի է ունեցել 1928 թ. ամռան վերջին, հրապարակվել է տեղական լրագրում նույն թվականի հոկտեմբերի 12-ին)
Թարգմանությունը իսպաներենից՝ Մերի Սուքիասյանի
