Անդրեյ Բիտով | Բժիշկը

Ե. Ռալբեի հիշատակին

Արեւոտ օրը հիշեցնում է թաղումը: Ոչ բոլոր օրերն, իհարկե, այլ հատկապես այն, որին արեւոտ ենք ասում՝ առաջինը, հանկարծակին: Նաեւ վճիտ է: Գուցե եւ արեւն էլ կապ չունի, այլ՝ թափանցիկությունը: Թաղմանը նախեւառաջ եղանակ է լինում:

… Մահանում էր խորթ մորաքույրս՝ հարազատ քեռուս կինը:

Նա «այնքան կենդանի մարդ» էր (մայրիկիս խոսքն է), որ դրան դժվար էր հավատալ: Նա իսկապես կենդանի մարդ էր, եւ իրոք դժվար էր հավատալ, թեեւ վաղուց էր սպասում դրան, թեկուզ՝ իրենից թաքուն:

Սկզբում ոտքը փորձեց: Ոտքը հանկարծ սկսել էր ցավել, ուռավ ու կոշիկի մեջ չէր մտնում: Բայց մորաքույրս չէր հանձնվում, այդ «փղին» (իր խոսքն է) կապեց նախապատերազմական հողաթափերին եւ այդպես մտնում էր մեզ մոտ՝ խոհանոց, ամանները լվանալու, իսկ հետո գալիս էր Ալեքսանդր Նիկոլաեւիչը՝ վարորդը, ու նա գնում էր իր ինստիտուտը (աշխատունակության փորձաքննություններ), հետո ընկերության (թերապեւտիկ) նիստերի, հետո շրջանավարտների ինչ-որ նախաձեռնող խումբ (նա բեստուժեւական էր), հետո ինչ-որ տիտղոսակիր բանդիտի ինչ-որ կոնսիլիումի, հետո մտնում էր իր հրեա ազգականների մոտ, որոնք լուռ, արդեն քառասնամյա պայմանավորվածությամբ՝ մեր տուն չէին գալիս, հետո մի վայրկյանով տուն էր մտնում, կերակրում ամուսնուն ու սկսում դժվար որոշում կայացնել՝ գնա՞ բանկետի՝ ինստիտուտի Թբիլիսիի մասնաճյուղի ասիստենտ Նեկտոր Բերիթաշվիլու ատենախոսության պաշտպանության կապակցությամբ. շատ է հոգնել (եւ դա ավելի քան այդպես է) ու չի ուզում գնալ (իսկ դա այնքան էլ այդպես չէր): Իրենից թաքուն՝ ուզում էր գնալ (կրկնելով այդ «իրենից թաքուն»-ը՝ ես սկսում եմ հասկանալ, որ մինչեւ ծերություն այդպիսի հուզական կարողունակություն կարող են պահպանել միայն շատ… կենդանի՞, մաքո՞ւր, բարի՞, լա՞վ մարդիկ. ես մրմնջում եմ այդ անհասկանալի, արդեն գոյություն չունեցող արտահայտությունը՝ ինքն իրենից թաքուն…): Ու գնում էր, որովհետեւ անկեղծորեն հավատում ու սիրում էր բոլոր մարդկային հավաքույթները, խանդով էր վերաբերվում ուշադրության բոլոր նշաններին, հարգանքի ու պատվո այդ ողջ ոսկեկար դիպակին եւ նույնիսկ, հեգնանքը կանխելով, մեր սնապարծ գերդաստանին սովորեցրել էր հրեական «կովոդ» բառը, որ հարգանք էր նշանակում, ոչ թե հոգուց ու սրտից բխող, այլ ձեւով, դասակարգմամբ, հարգանք՝ որպես դրսեւորում, որպես այդպիսին: (Ռուսներն այդպիսի հասկացություն ու խոսք չունեն, եւ այստեղ ինքս քեզնից թաքուն, հակասեմիտի փաղաքուշ ժպիտով կարող ես ասել, որ հրեաները ուրիշ ժողովուրդ են: Չկա մեր լեզվում այդ kեղծավոր բառը, բայց կյանքում տարածում ունի, ու, բացի այդ, ինչո՞ւ են բոլորն այդպես վստահ բռիության անկեղծությանը…): «Հասկանո՞ւմ ես, Դի՛մա,- ասում էր նա ամուսնուն,- չէ՞ որ նա Վախթանգի որդին է, հիշո՞ւմ ես Վախթանգին»: Ու տխուր հառաչելով՝ գնում էր: Նրա ցանկությունները դեռ ուժեղ էին հոգնածությունից: Մենք հիմա դա չենք հասկանա. առաջ ուրիշ մարդիկ էին:

Վերջապես նա վերադառնում էր, երկար չէր մնում այնտեղ, բացառապես՝ հանդիսավոր մասին, որը բոլոր առումներով շատ հուզիչ սիրում էր՝ ցանկացած զարդարանքի ու կեղծիքի իմաստ ու հավատ ընծայելով: (Հետաքրքիր է, որ իրենց անկեղծորեն նյութապաշտներ էին համարում, այդ մարդիկ, որոնց պես երբեք չենք լինի. պետք է օժտված լինել բացառիկ… դարձյալ անհասկանալի բառ,- այդ պարադոքսը լուծելու համար): Եվ այսպես, արագ հետ էր գալիս, որովհետեւ ոտքից բացի տառապում էր նաեւ շաքարախտով ու բանկետին ոչինչ չէր կարող ուտել, բացի այդ գինովցած էր վերադառնում. հանդիսավոր մասի ճառերը շամպայնի պես էին ազդում նրա վրա, ջահելացած, վարդագունած, առույգ ու երջանիկ՝ ամուսնուն պատմում էր, թե ամեն ինչ որքան լավ էր, ջերմ… Աստիճանաբար պարզվում էր, որ ամենից լավ ինքն է խոսել… Ու եթե այդ ժամանակ նայեիր նրան, դժվար կլիներ հավատալ, որ ուր որ է ութսուն տարեկան կդառնա, որ ոտքի խնդիր ունի, բայց խնդիրը կար. բավական է նայեիր ցած՝ ոտքը կապած էր հողաթափին: Ու ծլվլալով, ամուսնուն թեյ տալով, երբ նա պառկում էր քնելու, տաք ջուր էր լցնում տաշտակը ու երկար նստում էր՝ ոտքը տաշտակի մեջ, հանկարծ խամրած ու փքված, «կույտի պես» (իր իսկ արտահայտությամբ): Այդպես երկար նստում էր կույտի պես ու նայում իր արդեն մեռած ոտքին:

Նա մեծ բժիշկ էր:

Հիմա այդպիսի բժիշկներ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ: Ես ինձ հեշտությամբ բռնում եմ նրա վրա, որ պատրաստի, մանկուց ծիծաղելի թվացող բանաձեւ եմ օգտագործում. իբր («սթափ» քմծիծաղով), միշտ ամեն ինչ նույնն է եղել, այսպիսի, սրանից ոչ լավ… Ինձ հեշտությամբ բռնում ու հեշտ էլ բաց եմ թողնում. այսօրվա փորձի բարձունքից «հիմա չի լինում» բանաձեւն ինձ եւ՛ արդար է թվում, եւ՛ ճիշտ արտահայտող: Ուրեմն՝ չի լինում… Այն չի, որ մորաքույրս բոլորին բուժում էր… Հենց բժշկության հարցում նա ամենից քիչ մոլորություններ ուներ: Ոչ այնքան կարծում էր, որ բոլորին կարելի է բուժել, որքան, որ բոլորին հարկավոր է: Նա լավ գիտեր՝ ոչ խոսքով, ոչ գիտությամբ, այլ հենց նրանով… որ երբ օգնելն անհնար է, հենց այդ ժամանակ, երբ կա թեկուզ չնչին հնար, կարող էիք վստահ լինել, որ նա ամեն ինչ կանի: Այ հենց թեկուզ ու մի քիչ ՈՉ ԱՄԲՈՂՋՆ անելու անընդունակությունն ու ԱՄԵՆ ԻՆՉ անելու պահանջն էլ իմպերատիվն ու էությունն էր «հին բժիշկների, ինչպիսիք հիմա չեն լինում», ու նա վերջինն էր:

Եվ դա հանդգնորեն պարզունակ էր: Оրինակ, եթե մրսել ես, կհարցնի՝ լա՞վ ես քնում, դու կզարմանաս՝ քո՞ւնն ինչ կապ ունի, նա կպատասխանի՝ վատ ես քնում՝ մրսում ես, մրսում ես՝ կհիվանդանաս: Նա քեզ քնաբեր կտա՝ մրսածության դեմ (ալերգիան դեռ կապիտալիստական աշխարհի հորինվածք էր), ու հանկարծ այնպես անուշ ու երջանիկ կզգաս ռուսաց լեզվի ու ռուսերեն բառերի այդ մոռացված տեմպից՝ մր-սում-ես… Որ ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ առջեւում է… աչքիդ կերեւա մի չտեսնված առավոտ՝ գորշ երկնքով ու ճերմակ ձյունով, ջերմաստիճանի երջանկություն, մեկը ձի հեծած անցավ պատուհանի տակով, ծխնելույզից՝ գանգուր ծուխ… Կասես՝ նյարդերս են խաղում, մորաքո՛ւյր, մի բան տայիր նյարդերի դեմ… Սառը կնայի ու կասի՝ հավաքիր քեզ, նյարդերին ոչինչ չի օգնում: Իսկ մի ուրիշ անգամ, ոչինչ էլ չես խնդրի, ձեռքդ կտա ազատման տեղեկանքը. տեսել է` երեկ ինչպես էիր ծխում խոհանոցում՝ հանգստանալ է պետք:

Ու եթե ոմն սրատես գիտունիկ ձեւակերպի ու իր մասին իրեն պատմի այսպես, չի հասկանա՝ ինչի մասին է խոսում, ուսերը կթոթվի: Նա չպիտի փորձի մեխանիզմները: Ինչպե՜ս է մտնում հիվանդի մոտ… ոչ մի ինքնատիրապետմամբ քեզ այդպիսի փոփոխության չես ենթարկի. նա պարզապես փոխվում է ու վերջ: Ոչինչ՝ թեթեւությունից ու հանգստությունից բացի,- ո՛չ ութսուն տարի, ո՛չ ջահել գեղեցիկ ամուսին, ո՛չ հազարավոր թնկթնկան, կապտած, քրտնած, խղճուկ, երեսին շնչող հիվանդներ, ո՛չ մի փորձ՝ ոչ մասնագիտական, ոչ անձնական, եւ ոչ էլ ինքն անգամ՝ հաճույքով ապրվող իր կյանքով: Ինչպե՜ս է թողնում, որ հիվանդը տրտնջա. հետո հաստատական կհարցնի՝ շա՞տ է ցավում: Հենց ՇԱՏ: Ոչ մի «ոչինչ» կամ «կանցնի» չի ասի: Այդ պահին աշխարհում միայն երկու հոգի գիտեն՝ ո՜նց է ցավում, հիվանդն ու ինքը: Նրանք ցավի ընտրյալներն են: Նրա գնալուց հետո հիվանդը համարյա հպարտ է իր հաղորդակցությամբ: Կյանքում այլեւս երբեք չեմ տեսնի կարեկցանքի այդպիսի ունակություն: Բժշկական ինստիտուտում կարեկցանքի ստուգարք չեն հանձնում: Մորաքույրն ակնթարթորեն էր կարեկցում, նույն իսկ վայրկյանին ընդմիշտ թոթափվելով իր ծերությունից ու ցավից. բավական է շրջվի ու տեսնի դեմքդ, եթե իսկապես հիվանդ ես՝ լույսի արագությամբ վրադ էր հորդում նրա կարեկցանքը, այսինքն՝ կատարյալ բացակայությունը կարեկցողի ու կատարյալ զգացումը կարեկցության: Իրենից բացի ամեն ինչից զերծ, զտարյուն կարեկցանքի այդ ապշեցուցիչ ունակությունը ինձ համար բժշկի Էությունը դարձավ: Բժշկի անունը: Ու ոչ մի կեղծիք, ոչ մի խաղ, ոչ մի թատերական «սիրելիս» ու «աղավնյակս» (չնայած սրբորեն հավատում էր ՄԽԱՏ-ին, ու երբ «տալիս էին» հեռուստացույցով, նստում էր բազկաթոռի մեջ՝ պատրաստ հաճույքի, որը, այդպես չէ՞, Դի՛մոչկա, ժամանակակից ոչինչ այլեւս չի կարող բերել… ա՜խ, Կաչալով-Մաչալով, Տարասովա՝ գեղեցկության կատարելություն… «Աննա» բառի վրա դողացող ձեռքով շտկվում է սանրվածքը…):

Սանրվածքից սկսում եմ տեսնել նրան: Մինչեւ կյանքի վերջը նույն սանրվածքով էր, որ ժամանակին ամենաշատն էր նրան սազել: Այդպես էլ մնացել էր աղջկա մեջ ինչ-որ մեկի հաճոյախոսությունը, թե՝ հիանալի մազեր ունես, ու համոզմունքն այդպես էլ տեւել էր մի ողջ կյանք, այդպես էլ ամեն առավոտ ուռչում էր ճերմակավուն, ստրեպտոցիդային ալիքը,- թաղվում ու շարժվում էր,- ձեռքերն ուժեղ դողում էին,- երեք անգամ՝ աջ-ձախ, վերեւ-ներքեւ ու, վերջապես, ճիշտ կենտրոնով, միշտ նույն տեղը՝ կրիայի պատյանից սարքած սանրը: Շատ ճարպիկ էին նրա վարանոտ ձեռքերը, եւ այդ հրետանային հարվածը՝ չհասավ-անցավ (նեղ հատված), կպա՜վ՝ նույնպես աչքիս առաջ է: Այսինքն աչքիս առաջ են նրա ձեռքերը՝ դողացող, բայց միշտ՝ թիրախին, միշտ բանող… (Հիմա էլ, ոչ թե գրամեքենաս է զնգզնգում, մորաքույրն է լվանում ամանները, ծորակին խփվող գավաթի բնորոշ զնգոցն է, երբ նա գավաթ է ջարդում, իսկ նրա գավաթները թանկարժեք էին, իհարկե, շատ էր ափսոսում, բայց մի անբացատրելի, նույնպես սանրվածքների ժամանակներում կանգ առած կանացիությամբ խոհանոցային վկաներին անմիջապես հայտարարում էր տեղի ունեցածի մասին՝ որպես իր հավերժական վրիպման. իբր՝ նորից… նույնիսկ տեսքն էր փոխվում բեկորներն աղբաման թափելիս, նույնիսկ մեջքի կորը ու գլխի խոնարհումը կրկին աղջկական էին… որովհետեւ վկաների ամենաարգելված վարքն այդ պահին կարող էր կարեկցանքը լինել. տարիքը նկատել չէր կարելի): Ես հիմա էլ ուզում եմ համբուրել մորաքրոջը (ինչը երբեք չեմ արել, չնայած ավելի էի սիրում նրանցից, ում համբուրում էի) ծորակին խփվող գավաթի այս զնգոցը լսելիս:

Նա 50 կամ 100 ռուբլին աղբարկղն էր գցում հարուստ մարդու շարժումով՝ կանխելով մեր կեղծ խորին ափսոսանքը… իսկ հետո նրա համար ամենադժվարն էր, բայց նա վճռական մարդ էր, չէր հապաղում, չէր հետաձգում. մի ակնթարթ քարանում էր իր դռան առաջ՝ տարաձեւ գավաթները ձեռքին, ավելի սլացիկ դառնում, նույնիսկ կոր մեջքն էր շտկվում, դժվար էր չհավատալ այդ տեսողական խաբկանքին… եւ անմիջապես բացում էր դուռն ու իր այդ տասական թվականների պատմության համարյա Սերովի լուսաբացի ճռվողյունով ճախրում ներս. լվացված-մաքուր արեւաշողը լվացված-մաքուր սաղարթի արանքից ցողվում էր մանրահատակի նատյուրմորտին, լուսաբացի եղրեւանու փունջը շաղոտ կարկամում էր, համարյա պենյուար ու Սկրյաբինի էտյուդ… ասես պատի արտանկարն էլ նկար չէր արդեն, այլ հայելի. «Դիմա, ի՜նչ ափսոս, իմ սիրած չինական գավաթը ջարդեցի…»:

Ա՜խ ոչ, մենք ողջ կյանքում հիշում ենք՝ մեզ ինչպես էին սիրում…

Իսկ Դիման, իմ հարազատ, ամենասիրելի քեռին իմ այդ հուշերում մնում է դռան ետեւը, ստվերում, ծաղկեփնջի կողքին, ծաղկեփնջի տեսակ. վիրաբույժի երգեցիկ մատներով թմբկահարում է սփռոցը, սպասում է թեյի, ժպտում է ուշադիր ու մեղմ, որպես լավ մարդ, որ ասելիք չունի:

Ուրեմն, նախ տեսնում եմ նրա սանրվածքը (ավելի ճիշտ՝ սանրը), հետո՝ ձեռքերը (հիմա նա մուրաբա է խառնում), պղնձե, փայլեցրած հնաոճ (մինչ աղետի) տաշտակը, արեւի պես, նրա մեջ՝ ալ, ընտրովի, ամենաթանկ շուկայական ելակը, իսկ վրան կապտին տալով շողում են նախկին (գլուխ) շաքարի խոշոր, կոպիտ ու հղկակող բեկորները, այդ ամենայն թանկը՝ թագ, գայիսոն, տերություն,- եւ այդ ամենի վրա (մեր ընտանիքում սիրում են ասել, որ մորաքույրը վեհաշուք է, ինչպես Եկատերինան),- այդ ողջ կայսրության վրա իշխում է ոսկե գդալով ձեռքը. որսում է սեփական դողն ու ձեւացնում, թե հենց այդպիսի շարժում էլ ուզում էր անել, ինչպիսին ստացվեց (այդ ամենը խիստ արտահայտիչ է. պատահականության կառավարումը որպես գեղարվեստական մեթոդ…):

Ես տեսնում եմ սանրը, սանրվածքը, ձեռքը… ու հանկարծ՝ հստակ, մի անգամից, ամբողջովին՝ մորաքրոջս. ասես ջանադրաբար դաջել-դաջել եմ արտանկարն ու վերջապես, շունչս պահած, ձեռքս սահուն դանդաղությամբ չարչարելով, պոկել, ու հանկարծ՝ ստացվե՜լ է. թաղանթը ոչ մի տեղ չի պատռվել. արտածվել են նրա չինական կոֆտայի (մետաքսյա, մգդակած) վառ, խոշոր ծաղիկները, կլոր մեջքը՝ թիակների արանքի ծաղկեփնջով ու՝ վիրակապված հողաթափով: Թիկունքի ծաղիկները՝ փարթամ, գանգուր քրիզանթեմների չինական տեսակ. նա այդպիսիք սիրում էր ստանալ իր տեւող հոբելյանին (ամեն օր զամբյուղ են բերում երախտապարտներից, ու մորաքրոջս սենյակը միշտ դերասանուհու հարդասենյակի պես է՝ բենեֆիսից հետո. ամեն օր աստիճանահարթակ է հանվում նորով փոխարինված թոշնած ծաղիկներով զամբյուղը…): Թիկունքի ծաղիկները՝ այդպիսիք դագաղում:

Մեր մեծ, միասին ապրող ընտանիքում մորաքույրով հիանալու մի քանի օրինականացված բանաձեւ կար, միայն չգիտեմ` ինչ գործակցի տեսքով էին մուտք արվում անձնական տվյալները՝ տարիքը, սեռը, ընտանեկան դրությունն ու ազգությունը: Իհարկե, մեր ընտանիքը չափազանց ինտելիգենտ էր կադրերի բաժնի մակարդակին իջնելու համար: Նման բաների մասին երբեք չէր խոսվում, բայց հարյուր տոկոսանոց լռությունը միշտ ավելի խոսուն է. լռությունն ասում էր, որ նման բաների մասին չի խոսվում, այլ իմացվում է: Նա տասնհինգ տարով մեծ էր քեռուց, ու նրանք երեխաներ չունեին, ու նա հրեուհի էր: Ինձ համար՝ երեխայի, դեռահասի, պատանու, նա ոչ սեռ ուներ, ոչ տարիք, ոչ ազգություն, այն դեպքում, երբ մյուս ազգականներն այդ ամենն ունեին: Ինչ-որ կերպով այստեղ հակասություն չէր դիտարկվում:

Մենք բոլորս խաղում էինք այդ խաղը՝ անվերապահ ընդունել նրա հռչակած բոլոր պայմանականությունները. մեր ներողամտությունը չափազանց շռայլ էր խրախուսվում, իսկ մեր անճարակ ներկայացումը երախտապարտ հանդիսատես ուներ: Հայտնի չէ՝ երախտագիտությամբ ով ում էր գերազանցում, բայց խաղի մեջ չափն անցնում էին բոլորը: Կարծում եմ՝ նա համենայնդեպս ինչ-որ բան կարող էր տեսնել վերեւից, ո՛չ մենք: Նրա ընդգծված պայմանականությունները մեր անվերապահության ուժգին արձագանքը չէի՞ն… Դրա համար չէր, որ միակ մարդը, ումից նա վախենում ու չափից դուրս սիրաշահում էր, Պավլովնան էր՝ մեր խոհարարուհին. նա կարող էր և չխաղալ մեր խաղը ու հաստատ գիտեր, որ մորաքույրը հրեա է, պառավ է, որ ամուսինը… և այլն, որ երեխաներ… Որ մահը մոտ է: Պավլովնան իր այդ պարզունակ, բայց անողոք-ճշգրիտ իմացությունը կարող էր արտահայտել առանց ընդգծված կեղծավորության, առանց խոսքի, և այդ լռության համար հապճեպ երախտագիտությամբ ստանալ ինչ սիրտն ուզեր, թեկուզ՝ այդ նույն գավաթները:

Մենք իսկապես սիրում էինք մորաքրոջը, բայց այդ սերը նաեւ հայտարարվում էր: Մորաքույրը Մա՜րդ էր: Դա դառն է հնչում. ինչ հաճախ ենք մեծատառով արտաբերում, որպեսզի սքողենք անձնական տվյալները, մարդկային ցեղին պատկանելն ու մեր սեփական ինքնաբերությունը հանգեցնում է խտրականության: Որեւէ մեկի արժանիքներով չափազանց հիանալուց միշտ վատ հոտ է գալիս: Կամ շողոքորթության, կամ ապարտեիդի: Նա մարդ էր. մեծ, մեծահոգի, կրքոտ, աշխույժ, շռայլ ու վաստակաշատ (ԳՎԳ՝ գիտության վաստակավոր գործիչ. նա այդ կոչումն էլ ուներ): Մի խոսքով, ես հիմա մտածում եմ, որ իր ընտանեկան բոլոր քառասուն տարիներին նա մեզ մոտ մորաքույր էր աշխատում իր բոլոր հրաշալի հատկություններով ու հարզատի պես էր դարձել: (Ու նաեւ այդ պատճառով կարող էր հատուկ փոխըմբռնում ծագել նրա ու Պավլովնայի միջեւ. չէ որ նա նույնպես Մարդ էր…):

Մենք բոլոր հիմքերն ունեինք մեծարելու և աստվածացնելու նրան, այնքան, ինչ որ նա էր արել բոլորի համար, մեզնից ոչ ոք նույնիսկ ինքն իր համար չի անի, նա մահից փրկել է ինձ, եղբորս և երեք անգամ՝ քեռուս (իր ամուսնուն): Իսկ թե որքան է օգնել հենց այնպես (առանց կյանքին սպառնացող վտանտի), անհնար է թվել: Այդ ցուցակը տարիների հետ աճում ու սրբադասվում էր ըստ կետերի: Դրա մասին, սակայն, ընդունված էր հիշեցնել, ոչ թե հիշել, այնպես որ, ճիշտ հիշեցի հիմա՝ հարազա՛տ… Ու նաեւ, ինչը շատ ավելի ուշ իմացա, նրա մահից հետո, որ կնոջ պես էր դարձել: Պարզվում է՝ այդ բոլոր քառասուն տարիներին նրանք գրանցված չէին: Այդ հին նորությունը միանգամից իսկապես օրինավոր մարդկանց՝ պաշտոնական ու բովանդակազուրկ ձեւերից անկախության լեգենդար փայլ ստացավ… Մյուսները, սակայն, գրանցված էին: Ժամանակն անցավ՝ տղմոտ հատակ: Ժանգոտ ցցվել են դրամայի շինվածքները: Պարզվում է՝ ոչ թե կյանք էր, այլ՝ սյուժե: Դա անկենդան է դառնում վերապատմելուց. տարիներ անց մեր ընտանիքում տեղեկությունը կհառնի շիրմաքարի տեսքով:

Իսկ ես նրա հիմքն եմ դնում…

Նա մեծ բժիշկ էր, ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում թոթափվել տարակուսանքից. ինքն ի՞նչ գիտեր իր հիվանդության մասին: Մեկ թվում է՝ չէ՞ որ չէր կարող չիմանալ… մեկ՝ ոչինչ չգիտեր:

Ոտքի փորձությունն ունեցավ, իսկ հետո փորձեց սրտի կաթվածը: Ինֆարկտից քիչ էր մնում ոտքը լավանար: Այսպես թե այնպես, բայց ինֆարկտից իրեն դուրս քաշեց: Եվ այն մտքից, որ այս անգամ դուրս պրծավ (սա տվյալ դեպքում վստահաբար կարող էր ասել իրեն), այնպես ոգեւորվեց ու ջահելացավ, ու նույնիսկ ոտքը կրկին տեղավորեց կոշիկի մեջ, ինչից չէինք դադարում ուրախանալ: Նորից սկսվեցին ժողովները, վարչությունները, պաշտպանությունները, կոնսիլիումները (բուժի՛ր մարդասպանին. անկասկած Բժշկի սուրբ սկզբունքն է… բայց չի կարելի, չէ՞ նրանց ավելի ջանադիր ու պատասխանատու բուժել, քան նրանց հավանական զոհերին… բայց պարզվում է՝ կարելի է. օրենքը կենդանի է այնտեղ, ուր կենդանի են նրա պարադոքսները, ինչպես Անգլիայում…)… և ահա նորից նրան տեսնում եմ խոհանոցում՝ շողշողուն արեւ-տաշտակին թագավորելիս:

Բայց այդ տաշտակը կարճ արեւեց:

Մորաքույրը մահանում էր: Դա արդեն` ոչ մեկի համար… բացի իրենից: Բայց նա էլ այնպես էր ուժասպառ եղել, որ հոգնելով, թուլանալով՝ ամեն օր ակամա քայլ էր անում դեպի մահը: Հետո սթափվում ու նորից չէր մահանում: Ոտքը լրիվ սեւացել էր, ու նա անառարկելի պնդում էր, որ պիտի անդամատվի, չնայած բոլորին, բացի նրանից… որ վիրահատությունն արդեն նրա ուժից վեր է: Ոտք, ինֆարկտ, ոտք, ինսուլտ… Եվ այստեղ նա նոր ուժով կառչեց կյանքից, ուժով, որ միայն ինքն ուներ:

Մահճակա՜լը: Նա ուրիշ մահճակալ պահանջեց: Չգիտես ինչու, հատկապես իմ օգնությունն էր ակնկալում: Ինձ կանչում էր հրահանգավորելու, ես վատ էի հասկանում մնչոցը, բայց ամեն ինչին համաձայնում էի՝ մեծ բարդություն չտեսնելով առաջադրանքի մեջ: «Կրկնի՛ր»,- հանկարծ հստակ ասաց նա: Եվ,- ա՜խ,- ի՜նչ դառնացած երես դարձրեց իմ անկաթվածահար մրթմրթոցից:

Ներս բերեցինք մահճակալը: Հատուկ մահճակալ էր, հիվանդանոցից: Այնպես անճարակ բարդացրած, ինչպես կարող են բարդացնել միայն տեխնիկայից հեռու մարդիկ: Բանտային յուղաներկով բազմիցս վերաներկված՝ մահճակալը կորցրել էր ոչ միայն ձեւը, այլեւ ուրվապատկերը՝ տառացիորեն չծալվող էր դարձել: Մենք այդ հրեշին մտցրինք մորաքրոջ հայելա-բյուրեղյա-գորգային-հղկված հարմարավետության մեջ, ու սենյակն անճանաչելիորեն փոխվեց: Ասես բոլոր իրերը, մահճակալից մազապուրծ, խցկվել էին անկյունները, կծկվել սոցիալական փոփոխության կանխազգացումից. իրականում պարզապես մահճակալի համար հապճեպ տեղ էր պատրաստվել: Հիշում եմ մկանների և ուժի այդ անհեթեթ պատանեկան զգացողությունը, չափազանցված, բեռնակրի խնդրին չհամապատասխանող. մկաններն ընդգծված, ցուցադրական ապրում էին ծեր, կաթվածահար, մահացող մարդու համար, ու դրանից ինձ հետապնդում էր անհարմարության սուր զգացումը. խփվում էի անկյուններին, սայթաքում էի, ցավեցնում մատներս, և ասես մահճակալն ինձ նույնացնում էր իրեն:

Մորաքույրս նստել էր սենյակի կենտրոնում ու ղեկավարում էր ներսբերումը: Այսպես եմ հիշում. նա չէր կարող նայել կենտրոնից, նա չէր կարող նստել, ու կենտրոնը հենց ազատվել էր մահճակալի համար… Նրա հայացքը քարածխի պես էր վառվում, աչքերը երբեք այդքան խոր չէին եղել: Նա ողջ կրքով ուզում է տեղափոխվել իր քառասնամյա մահճից, նա արդեն այն մահճակալին էր, որ նոր-նոր ներս էինք բերում. այդպես եմ հիշում նրան սենյակի կենտրոնում: Մենք չպիտի վնասեինք «ապարատը», որովհետեւ դրանից ոչինչ չէինք հասկանում, մենք «նրան» պետք է մի քիչ տեղաշարժ անեինք, մի քիչ մոտեցնեինք ու բարձրացնելով՝ հաստատեինք հարթության վրա, բայց ամեն ինչ սխալ էր ստացվում, չի կարելի այդքան անճարակ լինել, ըստ երեւույթին, ստիպված անձամբ պիտի… Եվ այդ տպավորությունն էլ է մնացել, որ մորաքույրս, վերջապես, վեր կացավ, կարգավորեց ամեն ինչ, ինչպես հարկն է, տեսնում եք, դժվար բան չի, պետք է միայն խելացի անել. ու կարգավորելով՝ նորից պառկեց իր կաթվածի մեջ՝ մեզ թողնելով բարձերն ու ներքնակները տեղափոխելը՝ ինչն առավել հասու էր մեր զարգացման աստիճանին, չնայած այստեղ էլ աղաղակող վրիպումներ էինք թույլ տալիս: Տե՜ր Աստված, երեսուն տարում նա մի կաթիլ անգամ չէր փոխվել: Երբ մենք, բլոկադայի ձմռանը, նույն խոհանոցում երկուսով փայտ էինք սղոցում, նա՝ հիսնամյա, ճիշտ այսպես ջղայնանում էր հինգ տարեկանիս վրա: Լաց լինելու աստիճան նեղանում էր՝ վիճելով, թե ով որ կողմ պիտի քաշի, մեր սղոցը ծալվում ու տնքում էր, մինչ մենք փրկում էինք մեկմեկու մատները: «Օլգա՛,- վերջապես կանչում էր մորս:- Զսպիր քո խուլիգանին: Ինձ դիտմամբ հունից հանում է: Դիտմամբ սխալ կողմ է սղոցում…»: Ես էլ իրենից էի թունդ նեղանում, նույնիսկ ոչ բղավոցից, այլ նրանից, որ կասկածում են «դիտմամբի» մեջ, երբ որեւէ հետին միտք չունեի, երբեք ոչինչ չէի անի ջգրու կամ միտումնավոր ոչինչ չէի անի… Ես այն ժամանակ՝ ոչինչ, ինչպես հիմա է թվում՝ վատ տղա չէի: Հեծկլտալով՝ սղոցը թողնում էին կիսասղոցած գերանի մեջ: Տասը րոպեից նա ուրախ-ուրախ գալիս էր ինձ հետ հաշտվելու՝ բերելով «վերջին ունեցածը», մկնային ինչ-որ բան. կճեպ, թե փշրանք: Այսպես, ուրեմն, ստացվում է, որ միայն ես էի փոխվել, իսկ նա դեռ չէր կարողանում հաշտվել իր կյանքում սպասվող միակ փոփոխության հետ. նա Այն աշխարհին, իհարկե, չէր հավատում (ո՛չ. ես այդպես էլ նրանց սերնդին չեմ հասկանա. համոզված, որ Աստված չկա, նրանք ինձնից բարձր էին պահում քրիստոնեական պատվիրանները…):

Մենք տեղափոխեցինք նրան. երկար ու ակնհայտ հաճույքով տեղավորվում էր ու այլեւս երբեք չնայեց ամուսնական մահճին: Հիմա ասես լսում եմ թեթեւության մեծ հոգոցը, երբ նրան կտրում էինք մահճից. այն ամենից, որ, չնայած իր բժշկական փորձին, շարունակում էր չհասկանալ, այդ մեկն, ըստ երեւույթին, անդառնալիորեն հասկանում էր՝ այլեւս երբեք այդ մահիճ չի վերադառնա… Մենք չէինք հասկանում, մենք ապուշի պես ոչինչ չէինք հասկանում այն ամենից, որ նա հրաշալի, բոլորից լավ գիտեր՝ ինչ է հիվանդը, ինչ է զգում և իրականում ինչի կարիք ունի,- հիմա ինքը կարիք ուներ, բայց ոչ ոք չէր կարող վերադարձնել այդ պարտքը: Եվ այդ ժամանակ, տեղավորվելով, նա խորունկ, նյարդային, թաքուն իմաստով մեզ ասաց «Շնորհակալություն», ասես իրոք ինչ-որ բան էինք արել իր համար, ասես հասկանում էինք… «Շա՞տ ծանր էր»,- կարեկցանքով հարցրեց ինձ: «Չէ՜, ինչ ես ասում, մորաքո՛ւյր… Թեթեւ է»: Այդպես չպիտի պատասխանեի:

Բայց, ամեն դեպքում, այդ մահճակալն էլ հարմար չէր նրան. իրականում անհարմարավետ էր: Եվ այդ ժամանակ ներս բերեցինք վերջինը՝ տատիկինը, որի վրա մենք բոլորս մահանում էինք… Եվ ահա արդեն դրա վրա, վերջին անգամ ուղղելով բարձը, դողացող ձեռքով ծածկոցի վրա սավանի ծալքերը, աչքերը փակ՝ թեթեւացած շունչ քաշեց. «Վերջապես հարմար է»: Մահճակալը դագաղի պես դրված էր սենյակի կենտրոնում, ու նրա դեմքը խաղաղ էր:

Հենց այդ օրը անսպասելի մահացավ այն մյուս կինը. հայտնի սյուժեն է…

Մորաքույրը երկար ապրեց նրանից: «Վերջապես հարմար է…»:

Մահճակալը տարօրինակ կերպով ամայացած սենյակի կենտրոնում էր, որտեղ իրերը տիրոջը մի քիչ ավելի արագ են լքում, տիրոջից լքվելուց մի վայրկյան առաջ: Նրանք դեմքի էժանագին արտահայտություն ունեն. պարզապես հին իրեր են հայտնվել մանկուց թանկ այդ սահմանին ու մակերեւույթին: Նրանք խորշում են սենյակի կենտրոնի այդ երկաթեղենից, նրանք կարմիր են, նրանք կարելյան են… Մորաքույրին հարմար է:

Նրանց իր հետ չի տանելու:

Բայց տարավ:

Դամբանաբլրի կենտրոնում մահճակալն է, վրան, աչքերը փակ ու ծնոտը կապած, հարմար կիսանստել է մորաքույրս՝ իր սիրած չինական կոֆտան հագին, ծնկներին՝ ելակի մուրաբայով լիքը արեւաթասը, մի ձեռքին լսափողակն է, մյուս ձեռքին՝ ամերիկյան ջերմաչափ, որ ռումբի ժամացույցի մեխանիզմ է հիշեցնում, ոտքերին՝ Ռիվա-Ռոչչիի սարքը… չեն մոռացվել նաեւ չջարդված գավաթները, կարծիքի տրված ատենախոսությունը, դեղին Միլոսյան Վեներան, որի հետ (ըստ պատումների) մտել է մեր տուն… քեռին ու թիկունքում՝ վարորդը, համեստ կանգնած են կողքին՝ վերեւից թափվող հողով արդեն կիսածածկ… անաղմուկ մոտենում է մեքենան՝ կափարիչին պսպղան եղջերու (նրան կանոնավոր մի մակնիշից մյուսին է տեղափոխում՝ անտեսելով, որ արդեն նորաձեւ չէ…), ուրեմն եղջերուն էլ է այստեղ… ու մեր ողջ բնակարանն էլ այստեղ է՝ վերեւից հոսող փխրուն ժամանակի տակ՝ իր մեջ առնելով նաեւ իմ ողջ անցյալը՝ բլոկադայի սառցաբեկորներով, այն ամենը, ինչով պարտական եմ, թաղվում է դամբանաբլրի մեջ. ժամանակը սորում է իր կենդանի մարդկայնությամբ, այն ամենով, ինչը չեն կրել կրողները, ամենով, որ ինձնից այն խղճուկ արարածն են սարքել, որին, նմանության ընդհանուր հայտանիշերով, մարդ են կոչում, այսինքն՝ ինձ հետ… բայց ինքս հասցնում եմ, վերջին բահ հողը գցելով, հասցնում եմ ազնիվ անասնության սեւ ու առկայծող ջերմություն հագնել…

Քանզի այն ժամանակից, երբ նրանք հեռացան, նախ՝ տատիկս, որն իմ մորաքույրից ավելի լավը, ավելի մաքուր էր, հետո տատիկիս տեղը էստաֆետով զբաղեցրած մորաքույրս, իսկ հիմա այդ տեղը թափուր է ո՞ւմ համար… ես դա նրանց չեմ ների: Քանզի այն ժամանակից, երբ հեռացան այդ վերջին մարդիկ, աշխարհն ավելի լավը չի դարձել, ես եմ դարձել վատը:

Տե՜ր Աստված, մահվանից հետո Քո մասին հիշողություն չի լինի: Ես արդեն տեսել եմ Քո դեմքը… Եթե մարդը նստած է խոր ջրհորում, ինչո՞ւ նրան չթվա, որ նայում է ԱՇԽԱՐՀԻՑ, ոչ թե ԱՇԽԱՐՀԻՆ: Իսկ եթե այնտեղ, եթե համենայնդեպս դուրս գա ջրհորից, ոչինչ չկա՞: Բացի ջրհորի անցքից, որից դուրս ես սողացել: Հուսամ, որ Քո տարածքն այնքան էլ կտրտված չէ…

Ինչու են թեկուզ ոչ այնքան ընդունակ, բայց ջանասեր աշակերտին գցել այդ անտակ պատժախուցն ու մոռացել նրա մասին: Որ ես ողջ կյանքում նայեմ այդ միակ աստղի՞, թեկուզ եւ ավելի հեռավոր, քան երեւում է ջրհորով չզինված աչքի՞ն: Ես նրան արդեն յուրացրել եմ:

Տե՜ր Աստված, քեռի՛, մորաքո՛ւյր, մա՛մ, լալիս եմ…

Արեւը: Այն նույն արեւը, որից սկսեցի:

Այնպիսի անկյուններ են լինում հայրենի քաղաքում, որտեղ երբեք չես եղել: Հատկապես՝ իրենով շրջակայքը ճնշող տեսարժանության կողքին: Սմոլնին, ձախից՝ Սմոլնու վանքի զանգակատունը. միշտ գիտես, որ այնտեղ են, որ եկվորին հենց այստեղ կբերեն, ու նրանց հանդեպ վերաբերմունքն արդեն ավելին չէ, քան բացիկի հանդեպ: Բայց ահա օրերից մի օր ստիպված ես լինում փնտրել հասցեն (պարզվում է՝ այնտեղ նաեւ շենքեր կան ու փողոցներ, այնտեղ ապրում են…), ու զանգակատնից ձախ, կոմերիտմիության մարզկոմից ձախ, վանախցերի մեղրահացից ձախ…- ծռակող փողոց (հազվագյուտ՝ Լենինգրադում), հարյուրամյա ծառեր, մորաքրոջս ինստիտուտը (նախկին Հաշմանդամների տունը, հենց դրանից էլ՝ այդքան գեղեցիկ. այնքան էլ շատ չեն բժշկական հաստատություններ կառուցել, միշտ հին շինություն կգտնես…), ու՝ այնքան անսպասելի լավը, որ նույնիսկ խուլ ցանկապատը գեղեցկություն կթվա: Այստեղ ամեն ինչ պահպանվել է՝ տեսարժանության ստվերում… Իհարկե, անցակետ՝ պահակատան փոխարեն, ցանկապատ՝ վերացված ճաղավանդակի փոխարեն… փոխարենը՝ դարպասները դեռ կան, ու ծեր հաշմանդամ-պահակը տեղում է Հաշմանդամների տան դարպասի մոտ (երեւի՝ յուրայիններից): Բարոկկո ոճի գանգուր դռները հյուրընկալ բաց են, ու ես վերջապես ցուցանակին կարդում եմ մորաքրոջս հաստատության ճշգրիտ անվանումը (Առողջապահության մինիստրություն, մարզգործկոմ… բազմաթիվ բառերին փոխարինել էին երկուսը՝ Հաշմանդամների տուն), ստիպված եմ մի կողմ քաշվել ու ճանապարհ տալ սեւ «Վոլգային», որի խորքում պսպղաց ուսադիրը. հաշմանդամը կանգնում է կճատ ոտքին, պատվի է առնում, կուշտ շրշյունով աղյուսաշեն ուղյակով հեռանում է «Վոլգայի» պես սեւ մուշտակով գեներալը, ես նրա հետեւից մտնում եմ «տարածք»: «Հուղարկավորությա՞ն»՝ հարցնում է հաշմանդամը. խստությունից չի, իրազեկությունն է դրսեւորում: «Այո՛»:

Ուղյակի կարմիր աղյուսը ներդաշնակ է թխկենու տերեւներին, որ ավլում, մի կողմ է կիտում ջանադիր դաունը. աղքատիկ զինվորական ձեւանմուշի ինքնաշեն փափուկ խաղալիքի է նման, մյուսը, որ մի քիչ ավելի խելացի ու հպարտ է իրեն վստահված հրացանով, խստորեն քնթուկներ ու թղթի պատառներ է որսում, աղյուսամռութ հաշմանդամը, պինդ կանգնած ծայրին ռետինե ծծակով փայտե ոտքին, իր փայտե ոտքը հիշեցնող ծանր գործիքով աղյուս է մանրում նույն ուղյակի համար, այգում այսուայնտեղ գորշ, մաքուր լվացած տատիկներ են շրջում, ինչպես աշնանային սարդոստիկներ՝ մահից մազապուրծ Օֆելիաներ՝ շքեղ տերեւների փնջերով… Աշխատաթերապիա՝ մաքուր օդին, արեւոտ օր: Օդը պարպվել է, արեւի լույսը համաչափ ու անարգել սփռվել՝ ասես հենց ինքն օդը լինի. ստվեր չկա, այն ներսից լուսավորված է վառվող տերեւների ճառագումով, եւ վաղաժամ ծուխը (երեխաներին թույլ մի տվեք լուցկով խաղան) շուրջն է հավաքել կենտրոնացած-ապուշ մի խմբի… Կենդանացած-վառվող նամշած տերեւների հինավուրց հոտ, աշնանային մաքրագործում. ամեն ինչ թափթփված է, բայց քաոսի մեջ արդեն կարգուկանոն է նկատվում. տարածությունը հարդարված է, օդն օդափոխված է, ահա եւ ուղյակը նորովի կարմրեց. վաղորդյան, դեռ չարթնացած ապուշներ, վաղորդյան (առավոտի, վերքեր…) հաշմանդամներ, աշնանային պառավներ. բոլորը համահունչ աշնան հետ: «Ձեզ՝ այնտեղ»,- հարգանոք ասաց վերջին օլիգոֆրենը: Ո՞ւր եմ գնում… Հիվանդանոցի բակին հենված՝ կանգնել էի ծառուղու ծայրին:

Ստիպված նահանջեցի ճամփեզր, ոտքերիս տակ հաճելի ճմլվող տերեւների կույտի մեջ. օլիգոֆրենը քաղաքավարի քաշվեց մյուս կողմը. մեր արանքով «Վոլգա»-ներ անցան, միանգամից երկուսը: Ահա՜ թե ուր: Ահա՜ թե ուր եմ գնում: Մորաքույրն արդեն այստեղ է:

Դիարանում շփոթմունք եղավ. նրան չճանաչեցինք: Սանրվածքը չկար: Մեր ձեռքը չէր գնացել սովորական խոպոպը փոփոլացնելուն: Իրենը՝ նույնպես… Նեկտոր Բարիթաշվիլին. ահա թե ով էր հարազատը: Վարսավիր էր բերել, համարյա շղթայակապ: «Ոչ մեկը փող չի՜ ուզում…»,- բորբոքվում էր նա: «Ինչքա՞ն»,- հետաքրքրվեցինք մենք: «Է՜,- ձեռքը թափ տվեց նա:- Հարյուր»: Այդ կարճ բառը թղթադրամի պես էր հնչում. մորաքույրը ժլատություն չէր արել:

Հիմա մորաքույրը լավ տեսք ուներ: Դեմքը բավականաչափ ազդեցիկ էր, խաղաղ ու գեղեցիկ, բայց կարծես՝ մի քիչ լարված: Նա ակնհայտորեն ականջ էր դնում, թե ինչ է ասվում, եւ այնքան էլ գոհ չէր: Ծույլ- ծույլ թվարկվում էին ծառայությունները, մակդիրների դիակներ էին դիզվում. ոչ մի կենդանի խոսք: «Պայծառ կերպարը… երբեք… հավերժ սրտերում»: Առաջին գեներալն՝ առաջինը ասելով (լավ գեներալ էր, հաստլիկ, երեք աստղ, մտահոգ-մեռյալ…), մեկնեց. դահլիճի՝ աշնան մեջ բացված դռան միջով լսվեցին նրա «Վոլգայի» անհարգալից-արագ հեռացող ճայթյունները: «Ննջիր խաղաղությամբ…» ասելիս, դագաղին խոնարհված՝ արդեն ուժգին շխկացրեց մեքենայի դռնակը. «Սմոլնի՛». հասնում էր խորհրդակցությանը: Հասցրեց հիշատակել հանգուցյալի գերազանցապես զինվորական ծառայությունները. երբեք չենք մոռանա… արդեն մոռացան: Ե՛վ պատերազմը, և՛ բլոկադան, և՛ ողջերին, և՛ մեռածներին: Մորաքույրին հիշելու ժամանակ արդեն չկար. ես հասկացա, որ նրան դուրս էին գրել մահվանից շատ առաջ. փոփոխված պատմական հանգամանքները նրանց թույլ էին տվել ներկայանալ հոգեհանգստին՝ էլի լավ է. ուրիշ ժամանակներ են, ու ծերերը պիտի հասցնեն… ու եթե գեներալը շնչահատ դեռ ձգվում-հասնում էր հաջորդ աստղին, ապա զուտ մի պայմանով՝ ոչ մի վայրկյան չբացակայել վազքի գորգուղյակից… Գեներալից հետո քաշվում էին, ասես քշել-գնացել էր՝ թողնելով իր ճերմակահեր ականջը՝ ուսադիրի ոսկե շողքի հետ… Եվ հաջորդ հռետորն էլ ճիշտ նույն կերպ էր քրթմնջում, ու հետո… ոչ մի կերպ չէին տաքանում: Հանգուցյալի մերձավորները, երկատված դագաղով, ինչպես նավաքթով՝ ալիքները, հռետորների աղքատ ազգականներ էին թվում: Ձախ կողմում մենք էինք խմբվել, աջից՝ հրեական ազգականները. չգիտեի, որ այդքան շատ են: Ոչ մի ծանոթ դեմք. մեկին կարծես հպանցիկ տեսել եմ նախասրահում… Նա բռնեց հայացքս ու գլխով արեց: Գորշ, ուշադիր-շփոթված, կարճատեսի աչքեր: Ինչո՞ւ նրանցից ոչ մեկին… երբեք… Դեռ չէի հասկանում, բայց անհարմար, վատ զգացի, մի խոսքով, ամոթ էր: Բայց կարծում էի, թե ինձ հռետորները դուր չեն եկել, ոչ թե մենք, ոչ թե ես: «Գնահատվել են ըստ արժանվույն…մեդալով»: Մորաքույրը մարդ էր… նրան անհնար էր՝ ըստ արժանվույն… Մահը մահ է, ես ինչ-որ բան համենայնդեպս սկսում էի հասկանալ, պաշտամունքային վարդագույնն անցնում էր այտերից… Ստալինը երկրորդ անգամ էր մեռնում, տասնհինգ տարի անց: Որովհետեւ այդ ամբողջ ժամանակից արդեն ոչինչ չունեմ հիշելու, մորաքրոջիցս բացի, որ, պարզվում է, համենայնդեպս, ստալինյան դարաշրջանի բյուրեղյա մաքուր ներկայացուցիչն էր…

Մորաքույրին ավելի ու ավելի էր տհաճություն պատճառում հռետորների հոգեհանգստյան քրթմնջոցը: Սկզբում դեռ այնքան վատ չէր վերաբերվում, համենայնդեպս և ակադեմիկոսներ էին եկել, և պրոֆեսորներ, և գեներալներ… բայց հետո վերջնականապես մեռավ ձանձրույթից: Մի պահ ինձ հստակ թվաց, որ պատրաստ է վեր կենալ և անձամբ խոսք ասել: Նա որ հաստատ բառեր կգտներ: Նա կարողանում էր սրտանց արտահայտվել… Մարդուն ուրախացնելու գայթակղությունը նրա համար միշտ ուժեղ էր, ու կարողանում էր սրտանց գովել մարդկանց, որոնք նրա ջերմության մի աստիճանն էլ չարժեին: Սա ոչ մի չափազանցություն էլ չի, պատկեր չի. մորաքույրը բոլորից ողջն էր սեփական հոգեհանգստին: Բայց այստեղ էլ՝ ճիշտ այնպես, ինչպես չէր կարող իրեն օգնության հասնել մեռնելիս, իսկ ուրիշ ոչ մեկն այդպես էլ չեկավ, չնայած բոլորն այդ ժամանակ խմբված էին մահճակալի մոտ, ինչպես հիմա դագաղի կողքին… և այստեղ էլ նրան այլ բան չէր մնում, քան դառնացած շրջվել: Մորաքույրը նորից պառկեց դագաղում, ու մենք նրան՝ հոգեհանգստից վերջնականապես հիասթափվածին, մահճակալով հանեցինք հիվանդանոցի բակի աշնանային արեւի տակ: Եվ իհարկե ես նորից դեմ արեցի իմ ջլուտ ուսը… ինձ կրկին գլխով արած այն ուշադիր-գորշաչյայի հետ կողք կողքի: «Ի՜նչ ես ասում, մորաքո՛ւյր: Թեթեւ է…»:

Բակն անճանաչելի էր դառել: Բակը խիտ բնակեցված էր: Դռների մոտ հեկեկում էին բուժքույրերն ու հիվանդապահ կանայք, հեկեկում էին արտակարգ հարգանքով առ հանգուցյալի ծառայությունները, որ իրենց արտահայտությունն էին գտել ներկաների մեջ… Խոժոռ, խումարաթափ չեղած սանիտարները, հաշմանդամների հետ մեջընդմեջ, իրենց շարքի միասնական կապույտ ուսով ասես հետ էին մղում ապուշների բազմությունը, որոնք, իրենց հերթին, համեստորեն շարված պառավներին էին մղում անտեսանելի գծից այն կողմ: Երկչոտ հիացմունքի համաչափ լույսով էր պայծառացած նրանց դեմքերը: Ադ լույսը մեզ վրա էլ էր ընկնում: Մենք ձգվեցինք: Ազգականները թաղմանը նույնպես ղեկավարություն են: Դագաղի ծոպերը, ժապավենաթելերը, կափարիչը, մեդալով բարձիկը, հեկեկացող ղեկավար քույրերը… գեներալը (մեկն էլ կար, որ այնքան էլ չէր շտապում)… ավտոմեքենաները՝ դռները բացած վարորդներով… փողային նվագախմբի աշնանային ոսկին, բասի ու ծնծղաների հեւացող արեւը… իհարկե՜: Նրանք կանգնել էին համեստ-հանդիսավոր, ոչ մի կերպ կարգապահությունը չխախտելով, գլխաշորերով, բայց՝ մաքուր, հենված փոցխերին ու բահերին,- այդ հակոտնյա ամբոխը: Գեներալը նստեց մեքենան ու շողշողաց ներսից, ասես բաս գալարափող էին տեղափոխում… ուղեկցում էին նրան հայացքով, անթարթ: Դագաղը լողում էր նավի պես, քթով հատելով մարդկային ալիքը՝ երկու մարդկության. անլիարժեքները հոսում էին աջից, ավելի քան նորմալները, հաջողակներն ու վաստակաշատները՝ ձախից: Դագաղի ետեւում ջուրը փակվում էր՝ բաժանված սահմանապահ սանիտարների ծովապատնեշով: Մենք նրանցից ենք. ահա թե ինչ հպարտություն կարդացի չձեւավորված ապուշի միասնական դեմքին: Ոգեշունչ նայում էին նրան, թե ինչ կդառնային, եթե համարձակվեին մեր պես մարդամեջ մտնել: Նրանք այն էին, որտեղից ելել էինք մենք բոլորս, որ հիմա, աշխատանքային ուղու վերջին, շողացնենք ազնվազարմ ալեհերքն ու մեդալները զնգացնենք: Նրանք մեզնից էին, մենք՝ նրանցից: Նրանք չէին համարձակվել՝ սանիտարից վախենալով. մենք նրան կաշառել էինք, ապա ենթարկել մեզ: Դժվարին ու փառապանծ էր դոկտորի ու պրոֆեսորի, ակադեմիկոսի ու գեներալի մեր ուղին: Մեզնից շատերն օժտված էին անզուգական տաղանդով ու կենսական ուժերով, եւ այդ բոլոր ուժերն ու տաղանդը տրվել էին առաջխաղացմանը, որ ծլնգա մեդալն ու հաճկատար բացվի անիվավոր դագաղի դուռը…

Բայց եթե նրանք կիսամարդ են, ապա մենք՝ նույնպես… Նրանք չեն վերցրել, մենք՝ կորցրել ենք: Բայց կորցրել ենք հենց նրանց պահպանած կեսը: Զույգ-զույգ կանգնենք, ինչպես մանկապարտեզում, իրար ձեռք բռնենք, ամբողջանանք… միայն այդպես սարսափելի չէ կանգնել Նրա առաջ… Երբեք, երբեք չմոռանանք՝ ինչպիսին կլինեինք, եթե չգնայինք այս ամենին… ահա կանգնած ենք գորշ, հարգալից շարքով, խոշոր ու ծաղիկների պես պստլիկ գլուխներով, մեծ ու մանրագլուխներ, սահմանային սանիտարների ու վերջին կենդանի մարդու դագաղի միջեւ… իսկ մենք դեգերում ենք՝ մինչեւ վերջին կաթիլն ամեն ինչ տված, որպեսզի դառնանք այն, ինչով ըստ արժանվույն հիանում ենք. մեռյալներս թաղում ենք ողջին, մեր փայլով կուրացնում ողջերին… Չէ՞ որ նրանք ողջ են, ապուշնե՛ր… ահա թե աշնանային պաղության պես ինչ անցավ թիակներիս, ջահել պրկված մկաններիս արանքով: Ողջ են ու անմեղք: Քանզի նրանց միակ մեղքը՝ բռան մեջ, գրպանում… այն էլ գրպանները կանխատես կարում են… Եվ եթե այ այսպես նախ նայեք ապուշի հոգու մեջ, տեսնես աչքերի մոտիկ երկնագույն հատակը, հետո նույն գեներալի հոգու մեջ նայեք, կամ մեզնից ցանկացածի, տե՜ր Աստված, ավելի լավ է չնայենք, թե ինչ արժենք: Իսկ մենք թանկ արժենք, այնքան, որքան դրա համար վճարել ենք: Իսկ մենք վճարել ենք ամեն ինչ: Ու ես չեմ ուզում, ինչպե՜ս չեմ ուզում տեսնել մեր կյանքի ճանապարհի նեխահոտ դավաճանական փակուղիները, կարիերայի անխուսափելի աղեկծկումը: Ես մեր ողջ թափորը կանխապես բյուրեղյա մաքուր, աշխատասեր, տաղանդավոր, լիովին գործին տրված (կուզեք՝ մեծատառով…) մարդիկ եմ համարում: Ու մեր այդպիսի կասկածից վեր հոգիների մեջ էլ առաջարկում եմ նայել… ու վախեցած շրջվում եմ: Ահա թե ինչու չեն վազում-միանան մեզ, ոչ միայն հիացմունքից, այլեւ սարսափից քարացած: Ոչ միայն կիսագլուխները, այլեւ մենք, ախր, դժվար կտարբերենք սարսափը հիացմունքից, հիացմունքը՝ սարսափից, ու չենք էլ բաժանի՝ ոչնչից գլուխ չհանելով: Ո՜ւր մնաց ապուշը… նա հենց ամենասկզբից է վախեցել, իմաստո՜ւն, դեռ օրորոցում, կամ ավելի շուտ՝ փորի մեջ, ու չի եկել այստեղ, մեզ մոտ… այնտեղ էլ կա, օրորոցում, խաղալիք փոցխն ու բահը ձեռքին ու լաց չի լինում իր բժշկի համար. բժիշկը ողջ է, դուք եք մեռյալ: Մեզնից ոչ ոք չի կարող նայել Մահվան աչքերին, ոչ թե նրա համար, որ սարսափելի է, այլ որովհետեւ արդեն: Հոգիներ՝ չծնված Դրախտում, հոգիներ՝ մեռած Դժոխքում. մորաքույրը հոսում է նրանց արանքով` որպես Ստիքս:

Մենք անկենդան շարքով անցանք այգու արյունոտ ուղյակով. այն արդեն վերջնականապես հարդարված էր (ե՞րբ հասցրին…). սանիտարների մոտ չթողած ապուշները մնացին ուղյակի ծայրին՝ գորշ պատի պես, ապա խառնվեցին ցանկապատին, չքացան: Իմ վերջին հայացքն ընդունեց միայն ամայացած աշխարհը. կարկամած, նկարած այգուց այն կողմ հառնում էր դամբանաբլուրը, ուր մեկիկ-մեկիկ գնում էին հիվանդներն իրենց բժշկի մոտ:

Մեր երկուսից ո՞րն է կենդանի: Ե՞ս, թե իմ պատկերացումն իմ մասին:

Նա մեծ բժիշկ էր, բայց ես հիմա էլ այս բոլոր էջերով չազատվեցի ճղճիմ տարակուսանքից. որպես բժիշկ ի՞նչ գիտեր իր հիվանդության ու մահվան մասին: Այսինքն, գրված էջերից դատելով՝ գիտեր… բայց ինչպե՞ս էր վերաբերվում այդ գիտելիքին… Ես այդպես էլ չպատասխանեցի հարցին, ինձ առաջվա պես շարունակում է հետաքրքրել՝ ինչպես է վարվում պրոֆեսիոնալն իր գիտելիքի հետ, երբ այն կարող է իր դեմ շրջվել: Գրողն ինչպե՞ս է նամակներ գրում սիրելիին: Մանկաբարձն ինչպե՞ս է անկողին մտնում կնոջ հետ: Դատախազն ինչպե՞ս է կաշառք վերցնում: Ի՞նչ կողպեքով է դուռը փակում գողը: Խոհարարն ինչպե՞ս է ուտելիք ճաշակում: Շինարարն ինչպե՞ս է ապրում իր կառուցած տանը: Հեշտասերն ինչպե՞ս է ապրում մենակ… Աստված ինչպե՞ս է տեսնում իր Արարչության պսակը:

Երբ մտածում եմ այս ամենի մասին, գալիս եմ եզրակացության, որ մեծ մասնագետներն էլ մարդ են: Քանզի նեղ ու թաքուն են գետնուղիները, որոնցով պայծառ շողերի տակ շարժվում է նրանց գիտակցությունը՝ շրջանցելով սեփական վարպետությունը, բանականությունն ու փորձը, կա մարդկայինի այդպիսի հաղթանակ մարդու հանդեպ, միշտ ու բոլոր դեպքերում… որ կարող ես միայն ձգված դեմքդ կրկին դարձնել Նրան՝ կապույտից, աստղերից ու ամպերից հյուսված մեր թողության համար, ու կանչել՝
Տե՜ր: Ինչ մե՛ծ է հավատը Քո, որ նույնիսկ այդ ես նախատեսել:

Թարգմանությունը ռուսերենրից՝ Ներսես Աթաբեկյանի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով