Հյուրանոցի մոտ փռված՝
կատուները սպասում են մնացորդներին՝
կաթ, կեֆիր և հավի կտորտանք։
մուսուլմանական գմբեթներ ու թրեր,
կամուրջներ ու ռազմական պատմության թանգարաններ,
որոնց համար նրանք այդքան կատաղի կռվեցին, որ գրավեն։
բայց այդ ամենի տակ թաքնված էր սերը կատուների հանդեպ.
տղամարդիկ ու կանայք կռանում են՝ կատվին շոյելու։
Իստանբուլում ամեն մարդ սիրում է կատուներին։
Իստամբուլի գնացքներում
տղամարդիկ սպասում են։
բոլորը նայում են կանգառի լուսացույցին։
մաքուր է, և չկա ոչ մի վախ։
մի քանի կեղտոտ մարզակոշիկ՝ առանց գուլպաների։
ոչ բոլոր կանայք են գլխաշոր կրում
(միայն ամուսնացա՞ծ կանայք)։
երեխաները խաղում են հեռախոսներով։
նրանք այնքան սիրուն են
և լավ խնամված։
կոշիկները սազում են ոտքերին։
ամերիկյան շապիկներ,
որոնց վրա գրված է՝ Original,
Champion,
New York City:
Ամերիկա։
ոչ ոք չի ծխում։
լոֆերներով տղամարդիկ
մաքուր են ու բեղերով։
նրանք ծիծաղում են երեխաների ու կանանց հետ։
իստամբուլյան թութ
հյուրասիրեց մի այգեպան
Իստամբուլի համալսարանում՝ անմիջապես ծառից։
ես իջա Գրախանութ
և տեսա Խորայի մասին 30,000 դոլարանոց մի գիրքը:
ես նաև գնացի Խորա և տեսա Հիսուսին։
ինչպես նաև մտա Այա Սոֆիա
և Իսլամական արվեստի թանգարան՝
տեսնելու Մուհամեդի բեղերը։
ես խոսեցի Արսաղլուի հետ
Մեծ բազարում,
որն ասաց՝ մարդիկ պետք է ենթարկվեն կառավարությանը։
ես ասացի, որ Ջեֆերսոնն հակառակն էր պնդում.
Կառավարությունը պետք է հնազանդվի Ժողովրդին։
կնոջս հետ իջանք համեմունքների շուկա
և բարձրացանք Սուլեյմանիե մզկիթ՝
տեսնելու կարմիր ու կանաչ առաստաղը,
իսկ հետո՝ նավով շրջայց՝ Բոսֆորի վրա։
մենք տեսանք Հիպոդրոմի մնացորդները
ու խոսեցինք Ջոնի, Ամինի և Արսաղլու հետ
հայերի մասին։
3-ից 2-ն ասացին, որ դա երբեք չի եղել։
Ջեֆն ասաց, թե հայերի փոքրամասնությունը
պատճառ դարձավ 1.5 միլիոն մյուսների սպանությանը։
Ամինն ասաց, որ նրանք դաշնակցել էին ռուսների հետ,
ու թուրքերը տեղահանեցին նրանց։
Ջոնն ասաց, թե այդ ամենը սուտ է՝ հորինված
Քիմ Քարդաշյանի կողմից (ով դատարկագլուխ է)։
գաղտնիքը բացահայտվա՞ծ է։
մինչդեռ այդ ընթացքում պորտապար էր պարվում։
գյուրջիևյան դերվիշներ։
լցոնված խաղողի տերևներ (տոլմա)։
կատուներ՝ ամենուր մայթերին ու առևտրի կենտրոններում։
ամեն ինչ հովվերգական է թվում,
բայց կատուների կեսը
մեկ աչք չունի։
«Կատվակռվի մեջ են ընկել»,- ասաց Ջոնը։
ոմանք մեռնում են, ոմանք՝ ապրում։
կյանքն ու մահը կողք կողքի են Բոսֆորի ափերին։
ամբողջ քաղաքը նստած է Կոստանդնուպոլսի վրա։
հիպոդրոմը՝ Իսլամական արվեստի թանգարանի տակ։
1453-ին այն անցավ պատմության գիրկը՝
Հիպոդրոմում տեղի ունեցած խռովություններից հետո
և 1200-1204 թվականների հերձվածով պայմանավորված կոտորածից հետո։
և հետո՝ Օսմանների դանդաղ ապականումը,
մինչև նրանք փլուզվեցին։
բայց ահա նրանք դեռ այստեղ են՝ թեյ են խմում, կատուներ շոյում։
2024 թ. հունիսի 19-20։
Իստանբուլ։
Ժամը 19:00։
Հյուրանոց Վեյրոն։
Թարգմանությունը անգլերենից՝ Հասմիկ Հակոբյանի
