Ծնվել է 1920 թվին, Մոսկվայում։ Նա հակվածություն ուներ միստիֆիկացնել սեփական կյանքը։ Քննադատ Եվգ․ Լոբկովը գրել է․ «Իգոր Խոլինի կենսագրությունը միֆական է, որտեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը՝ անհայտ է»։
Խոլինի ստեղծագործական ուղին սկսվել է 1950-ականներին, Վ․ Կրոպիվնիցկու ազդեցությամբ։ Այդ տարիներին նա գրել է իր «բարաքային» բանաստեղծությունների առաջին շարքը, ներգործել Լիանոզովյան խմբի ստեղծագործության վրա, որի մասնակիցն էր նա։ Խոլինը նախընտրում էր որպես բանաստեղծական միջոց օգտագործել կենցաղային խոսքը, քան քնարականությունն ու պատկերայնությունը։ Շուտով նա դառնում է ռուսական ավանգարդի և ոչպաշտոնական պոեզիայի առաջատարներից մեկը։ Այդ տարիներին հրապարակվել է Արևմտյան հրատարակություններում։ ԽՍՀՄ-ում լույս են տեսել միայն նրա մանկական ոտանավորները։
Խոլինը ներգրավված էր «Կոնկրետ» բանաստեղծական խմբում, որի անդամներն էին Հ․ Սապգիրը, Էդ․ Լիմոնովը, Վ․ Բախչանյանը։
***
Տղան հյուր կանչեց աղջկան։
Ասաց․ «Պարենք պատեֆոնի տակ»։
Դուռը զգույշ կողպեց։
Աղջիկը փութաց դուրս, սակայն
Կողպած էր դուռն ամուր։
Ուզեց գոռալ-ճչալ,
Մեղադրեց նրան ստորության մեջ։
Լսվեցին հևոց-տնքոցներ։
Հետո միացրին պատեֆոնը։
***
Կախվեց։ Ամեն ինչ պարզունակ էր։
Ծառայությունում կորցրել էր իր տեղը։
Բնակարանում խառնաշփոթ է․
Ընկած է պիջակը,
Ջարդված ճենապակին թափված է հատակին․
Հանկարծ՝
Ազդանշանային ձայներ։
Պատին ցատկոտեցին ցոլալամպերի շողյունները։
Միլիցիոները մտավ մրթմրթալով,
Նրան խալաթով բժիշկը հետևեց։
Իսկ պատուհանից այնկողմ ասֆալտը
Հանգիստ լվացվում է անձրևի տակ,
Եվ ջրհորդանը
Շաչում-շչում է
Պղնձե փողի պես․․․
Հարևանն ասաց․
Ճակատագիր է։
***
Գարեջրատունը՝ հանց հնավանդ կաբակ։
Մայր են հայհոյում,
Ծխում ագահաբար,
Շնչում են բերանից փչող հոտը օղու։
Խմիր,
Փողը հեշտ է ճարվել,
Անվադողեր են թռցրել
Մեքենայից։
Խմիչքահար են նաև աղյուսը,
Տախտակները,
Պարզվում են իրար անվանակիցները,
Սրտամկանը բորբոքվում է արագ
Եվ բազմանում են ավազակախմբերը։
***
Խմեցին։ Կերան։ Ծխեցին։
Երգեցին։ Գոռացին։ Պարեցին։
Սորոկինը սողաց, որ Յուլիային պաչի։
Սախարովը քնեց հենց սեղանին։
Փսխել են Սիդորովի վրա։
***
Աֆրիկայով սուրում է
Սառնաշունչ քամին
Ռուսաստանում տոթ է 90 աստ․
Ամերիկայում
Կինը ծննդաբերել է
Սիրուն մի սուզանավ
Ինձ համար մեկ է
***
Իվանով, ֆռռացրու
Իվանով, պարիր
Իվանով, կանգնիր
Իվանով, շինիր
***
Պարզ տեսարան․
Փողոց,
Կամուրջ,
Տուն։
Հարմարավետությունն է այնտեղ տիրում՝
Ստեղծված մեծ ջանքով,
Սեփական մեջքով։
Ամուսինը պառկած է բազմոցին,
Ննջել է,
Թերթն ընկել է ձեռքից․․․
Կարդում էր Լիբանանի
Եվ Իրաքի մասին։
Կինը կողքին է,
Աճում է փորն օր-օրի։
Մտածում է․
Հանկարծ կռիվ լինի
Կտանեն,
Կսպանեն։
Գրկեց նրան,
Հեծկլտաց կամաց․․․
Իսկ սա քրթմնջում էր երազի մեջ
Մետաղի ինչ-որ խնայումի մասին։
***
Նա մի կնոջ անհամություններ էր դուրս տալիս
Էսպես․
Մի դատեք արտաքին տվյալներով,
Ես
Աշխատում եմ
Սննդի տրեստում,
Ուզո՞ւմ եք
Գնեմ
Օձիքի մորթի,
Դա հաջողություն է բերում։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Սկսվեց սիրախաղից
Տորթ էր ուզում գնել
Մռութը ծամածռեց
Սատանայի պես
Աղջիկը տակ չմնաց
Ասաց՝
Կարող եմ
Միանգամից ուտել 10 փքաբլիթ
Ջուր չխմելով
Անհնար է
Բայց դա արվեստ է
Ուղեկցեց տուն
Արվեստից խոսեցին
Սիրո՞ւմ ես Սոլովյով-Սեդով․․․
Այո
Բալե՞տ
Ոչ
Դատարկաբանություն է
Բանդագուշանք
Օպերան խոզություն է
Սիմֆոնիան գռեհկություն
Հաստատվեց ծանոթություն
«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ» շարքից
Օդաչուն
Պատրաստվում է տիեզերական թռիչքի
Ուսուցումն անցավ
Հատուկ նշանակության
Տաղավարում
Ուշադրություն
Սուզվում եմ էլեկտրոնների մեծ հոսքի մեջ
Զգում եմ
Իոնների անբավարարություն
Դուրս եմ գալիս
Անծանոթ ոլորտներ
Մթնոլորտային ճնշումը
Միլիոնի է հասնում
Ջերմաստիճանը․․․
Կետ
Կետ
Կետ
Վերջ
Հանեցին դիակը
Դեմքը՝ դեղին սպունգ
Ականջի տեղ՝
Հեռախոսափող
Վեներայի ուսումնասիրության
Արձանագրությունից
ա/ Մոլորակը բնակեցված է
խոշոր չափսերի
կենդանիներով
բ/ Աշխատանքն
այստեղ
պարտականությունն է
ստորին դասակարգի
պիտանի միայն
մսի համար
գ/ Բրոնտոզավրերը
կիսում են
ղեկավար աթոռները
**
Մարսեցիները զարմանալի
Հմայիչ են
Նախնական տպավորությամբ
Մարմինը
Պատրաստված է հատուկ նյութից
Հեղյուսները
Պտուտակները
Նիկելապատ են
Ոտքերը՝
Անսովոր գեղեցկության
Կուրծքը
Էմալապատ է
Չափաձևից շեղումները
Երկուսն են
1.
Գլուխը
Շշաձև է
2.
Սեռական օրգանը
Գտնվում է ծոծրակին
ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Էվոլյուցիա
Բազմացում
Ազգաբնակչության
Խտացում
Գիտակցության
Դրսևորույթ
Աշխարհաշինության
Ներդաշնակություն
Ուսումնասիրություններ
Հետախուզումներ
Ճառագայթահարում
Ամայացում
Շղթայական ռեակցիա
Միջուկային փոթորիկ
Դադար
Քաոսի հաղթանակ
***
Դուք չգիտեք Խոլինին
Եվ լավ է չիմանաք
Այնպիսի մի լակոտ է
Այնպիսի մի վիժվածք
Գլուխը
Դատարկ թաղար
Ստիխները
Իսկը փսխուք
Ոտքերի տեղ հենակներ են
Քամակը խրած
Չի ցանում ու չի հնձում
Ուտում է երեքի տեղ
Ոնց է երկիրը մեր
Այդ գարշանքին տանում
***
Մի՞թե արեգակը
Սև գույնի չէ
Մի՞թե ձմեռը
Տարվա ամենատաք
Եղանակը չէ
Մի՞թե չի կարելի
Լողալ օդով
Ոնց ջրի միջով
Մի՞թե ես
Եվ բնակտարածքի
Փոխանակման մասին հայտարարությունը
Միևնույն բանը չենք
***
Ես չեմ սիրում կեղծիք
Ես չեմ սիրում կեղտոտ մարդկանց
Ես չեմ սիրում երկերեսանիներին
Ես չեմ սիրում գյադայությունը
Ես չեմ սիրում դավաճանությունը
Ես չեմ սիրում ստրկությունը
Մերձավորներն ու հարազատները ասում են իբր
Մտագար եմ ես
ՀԱՐԱՎԻ ԱՐԵՎԸ
Հարավի արևը՝
Հանց ռանետ խնձոր
Իր գունավորմամբ,
Հարավի արևը
Համով իր
Ասես ձմերուկ լինի․․․
Թե լեռան ծերին
Ուղիղ կանգնեմ,
Ձեռքով կհասնեմ
Ես նրան։
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՆՐԻ ԿՏՈՐ
Գագրայից
Սոչի ենք մեկնում
Էլեկտրագնացքով
Մեր ետքից
Փոխկանչ են տալիս
Թունելները
Եվ Սև ծովն ահա
Փռված է ներքևում
Քարայրները հանց
Ճղակ-ծերպեր
Եվ լեռները
Նման են տորթի
Թեյի
Բամբուկի
Թզի
Պլանտացիաներ
Իսկ երկնքում
Դրված է
Համեղ կտորը
Կովկասյան
Պանրի
ԿԱՊՈՒՅՏ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երկինքը
Կապույտ է եղել
Արևը
Կապույտ է նույնպես
Եվ ավտոն է
Կապույտ
Եվ կամուրջն է
Կապույտ
Կապույտ
Խոտեր
Կապույտ
Բառեր
Եվ ժպիտներն են
Կապույտ
Եվ կեչիներն են
Կապույտ
Կապույտ խորքում
Կապույտ կապույտ
Աղավնիներ
Եվ այդ փետրոտ
Կապույտներից
Բանաստեղծություններն են
Կապտել
Թարգմանությունը ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի