Փիթերի մահից հետո Էլենը չէր կարողանում քնել։
Ոչ թե վշտից, թեև վիշտը կար՝ մշտական ու անշեղ, ինչպես ֆոնային երաժշտությունը, այլ որովհետև սպիտակեղենի պահարանը կորցրել էր իր իմաստը։
Ամեն մի սրբիչ այժմ յուրովի էր ծալված։ Փիթերը միշտ դրանք նույն կերպ էր ծալում. երեք կոկիկ քառակուսիով, եզրերն էլ զինվորական շարքի պես հավասարեցրած։ Ժամանակին Էլենը միշտ ձեռք էր առնում նրան դրա համար.
— Ի՞նչ է, հյուրանոցի սպասուհի՞ ես։
Իսկ նա քմծիծաղով պատասխանում էր.
— Ո՛չ։ Պարզապես կարծում եմ, որ սրբիչներն էլ պետք է զգան, որ իրենց սիրում են։
Այն ժամանակ Էլենն աչքերը ոլորում էր, համբուրում նրա այտը և թաքուն նորից ծալում սրբիչներն իր ձևով: Ավելի թափթփված: Ավելի արագ:
Իսկ հիմա նա կանգնած էր պահարանի դիմաց, որտեղ բոլոր սրբիչները սխալ էին ծալված:
Չափազանց կոկիկ: Չափազանց կատարյալ: Չափազանց… նրա պես:
Նա դիպավ դրանցից մեկին, ապա սեղմեց դեմքին։ Բայց սրբիչն այլևս նրա բույրը չուներ։ Միայն լվացքի փոշու հոտ էր գալիս։ Փորձեց մտաբերել, թե տարիներ առաջ՝ նախքան Փիթերի հայտնվելը, ինչպես էր ինքը ծալում սրբիչները։ Սակայն ձեռքերն անվստահ կանգ էին առնում. նրա մարմինը հիշում էր միայն Փիթերի շարժումները։ Սերը վերաշարադրում է մկանների հիշողությունն անգամ սրտի կոտրվելուց հետո։
Նա նորից ծալեց բոլոր սրբիչները այնպես, ինչպես ամուսին էր անում, իսկ արցունքները լուռ կաթում էին բամբակե գործվածքի վրա:
Ավելի ուշ զանգեց դուստրը.
— Մա՛մ, դու պետք է ուտես:
— Բոված հաց եմ կերել:
— Ինչո՞վ:
— «Մենությամբ»,— ուզում էր ասել նա, բայց ասաց․— Կարագով:
Օրեր անցան։ Հետո՝ շաբաթներ։ Տունն ընկղմվեց բացակայության լուռ ռիթմի մեջ։ Նամակները կուտակվում էին, լվացարանը՝ լցվում սպասքով։ Այն աթոռը, որին նա միշտ նստում էր, մնացել էր անշարժ՝ վերածվելով նախկին կյանքի հուշ-սրբավայրի։
Մի առավոտ Էլենն արթնացավ կողերի տակ մի անսովոր ցավով. դա ոչ այնքան տխրություն էր, որքան ինչ-որ բան անելու մղում։ Ինչ էլ որ լիներ։
Նա բացեց սպիտակեղենի պահարանը։
Մի սրբիչ։
Նա քանդեց այն։ Նորից ծալեց՝ նրա ձևով։ Հետո նորից քանդեց։ Ծալեց իր ձևով։
Տեսքն անսովոր էր։
Նա ծիծաղեց։ Դա վերջին օրերին տանը լսված առաջին ձայնն էր, որ թեյնիկի սուլոցը կամ ժամացույցի տկտկոցը չէր։
Այդ օրը կեսօրին նա գնաց զբոսայգի՝ պայուսակում դրած Փիթերի հին ֆլանելե վերնաշապիկներից մեկը: Նստեց այն նստարանին, որտեղ սովորաբար երկուսով էին լինում:
Վերնաշապիկը դրեց իր կողքին:
Եվ լաց չեղավ։
Փոխարենը նա պատմեց ամուսնուն սրբիչների մասին։
Հարևանի կատվի մասին, որն անվերջ թափառում էր իրենց այգում։
Այն երազի մասին, որտեղ նորից երիտասարդ էին ու պարում էին խոհանոցում։
Նա խոսեց այնքան, մինչև որ մեղմ քամի բարձրացավ։
Հեռանալուց առաջ նա ծալեց ֆլանելե վերնաշապիկը։ Նրա ձևով։
Հետո այն նորից դրեց պայուսակի մեջ՝ արևի ջերմությունից տաքացած։
Նա երբեք չէր դադարելու կարոտել Փիթերին:
Բայց որոշ օրեր կարոտը նման էր լինելու կարագով բոված հացի:
Որոշ օրեր՝ հենց այդպես ծալված սրբիչների:
Իսկ որոշ օրեր՝ ամենալավ օրերին, այն նման էր սիրո, որը դեռ շնչում էր բամբակի ու հիշողության արանքում և լուռ սովորեցնում էր նրան շարունակել ապրել:
Թարգմանությունը անգլերենից՝ Հասմիկ Հակոբյանի