Օ՜, Արևելքն Արևելք է, Արևմուտքն՝ Արևմուտք, ու չեն հանդիպի նրանք իրար,
Մինչ Երկինքն ու Երկիրը չկանգնեն Տիրոջ մեծ Դատի առաջ հավասար։
Բայց կչքանան Արևելքը, Արևմուտքը, սահմանը, տոհմը, ցեղն ու ծնունդը,
Երբ երկու քաջ դեմ առ դեմ ելնեն՝ թեկուզ նրանց բաժանի երկրագունդը։
Քամալը քսան մարդով ելել, ոտքի է հանել ամբողջ սահմանը,
Գնդապետի սեգ զամբիկն առել, խլել է պարծանքը պատվական,
Ախոռի դռնից դուրս է հանել՝ վաղ արշալույսի ժամին լռուն,
Պայտերը հակառակ է խփել ու գիշերվա միջով սլացել հեռուն։
Այնժամ խոսեց գնդապետի որդին՝ քաջ Գայդերի ջոկատի[1] պետ․
«Չկա՞ մեկը, որ ինձ ասի՝ ուր է կորել Քամալն անհետ»։
Ռիսալդարի[2] որդի Մուհամմեդ Խանն իսկույն տվեց պատասխան․
«Վաղորդյան մշուշն ուր է սահում, այնտեղ է գտել նա ապաստան։
Մթին Աբազային[3] է ասպատակում, լուսաբացին՝ Բոնայր[4] հասնում,
Իսկ հայրենի կողմերը գնալիս Ֆորտ Բուքլոյով[5] է նա անցնում։
Ուստի թռչնի պես արագ սլացիր՝ Ֆորտ Բուքլո շատ շուտ կհասնես,
Մինչ Ջագայի Լեզու[6] մտնելը, Աստծո կամքով ճամփան կկտրես։
Բայց թե Ջագայի Լեզուն անցել է, իսկույն դու ե՛տ դարձիր,
Քամալի մարդիկ դաշտն են բռնել ծայրեծայր, առաջ դու մի՛ անցիր։
Ձախում ժայռ է, աջում՝ ժայռ, մեջտեղում էլ փշուտ է, տե՛ս,
Մարդ էլ իսկի չի երևա, լոկ փակաղակի սուր չխկոցը կլսես։
Գնդապետի որդին հեծավ գորշ ձին՝ կոպիտ, անսանձ ու վայրի,
Սիրտը դժոխքի հրով էր լի և խրխինջ էր արձակում կատաղի։
Գնդապետի որդին Բուքլո բերդ հասավ, կանչեցին նրան ճաշի,
Բայց գողի պոչը բռնած հեծյալը հացի մոտ երկար չի սպասի։
Ֆորտ Բուքլոյից դուրս պոկվեց, արծվի պես անզուսպ սլացավ,
Ջագայի Լեզվի խորքը չմտած հոր կարմիր զամբիկին հասավ,
Հոր կարմիր զամբիկը տեսավ, Քամալն էր նստած նրա թամբին,
Զամբիկի աչքի սպիտակը նշմարեց, կրակ տվեց նա ատրճանակին։
Երկու գնդակ արձակեց, երկուսն էլ կորան գիշերվա մեջ մթին,
«Քաջի պես կրակեցիր,- ասաց Քամալը,- տեսնեմ՝ ոնց կվարես ձին»։
Ջագայի Լեզուն կտրելով անցան, փոշեհողմի նման սլացան,
Գորշը՝ հովազ, զամբիկը՝ գազել, քամու պես կողք կողքի անցան։
Գորշը սանձին համառ դիմադրում էր՝ վեր ձգած իր ծանր գլխով,
Կարմիրը սանձով թեթև խաղում էր, ինչպես կույսն իր ձեռնոցով։
Ձախում ժայռ էր, աջում՝ ժայռ, մեջտեղում էլ ցածր փշուտ տեսավ,
Երեք անգամ փակաղակը չխկաց, բայց ոչ մի շունչ էլ անգամ չտեսավ։
Ամբողջ գիշեր լուռ սլացան, մինչև լուսինը մարեց երկնքում,
Գորշը՝ վիրավոր ցլիկի պես, զամբիկն էլ եղնիկի պես էր սուրում։
Գորշը ջրահունի մոտ սայթաքեց, ցավալի մի կույտ դարձավ,
Քամալը զամբիկին ետ դարձրեց, շտապ հեծյալին օգնության հասավ։
Ատրճանակը ձեռքից իսկույն խլեց, կռվի տեղ չէր այնտեղ,
«Իմ կամքով է, որ ողջ մնացիր ու կարողացար հասնել այստեղ։
Ամեն քարի ու թփի ետևում մի զինվոր ունեմ ես թաքցրած,
Ամեն ժայռի տակ իմ մարտիկն է սպասում՝ հրացանը ծնկին դրած։
Եթե սանձը վեր բարձրացնեի՝ նրանց տալով գեթ մեկ նշան,
Շնագայլերը մսովդ այս գիշեր կանեին խնջույք մի դաժան։
Եթե գլուխս ներքև կախեի, մահդ կգար նույն վայրկյանին,
Երկնքի սուլող ուրուրն իսկույն խնջույքի կիջներ քո դիակին։
Որդին անվրդով պատասխանեց ․ «Թռչունն ու գազանը թո՛ղ ինձ ուտեն,
Բայց նախ հաշվի՛ր՝ քո սեղանից ովքեր կգան, բաժին կուզեն։
Թե հազար սուր գա այստեղ՝ ոսկորներս հետ տանելու,
Շնագայլի այդ ճաշի գինը գողն ի զորու չէ վճարելու։
Զորքի ձիերն արտը կուտեն, մարդիկ ամբարը կթալանեն,
Գոմի ծղոտով կրակ կանեն, ողջ անասունը կփողոտեն։
Հիմա թե գինն արդար ես գտնում, եղբայրներդ սպասում են ճաշին,
Շուն-շանորդի՛, բարձր ոռնա՛, շնագայլ ցեղդ թող հասնի կանչին։
Իսկ թե թանկ է քեզ այդ գինը՝ եզ ու զենք ու դեզ կորցնելու,
Հորս զամբիկն ինձ ետ տո՛ւր, ճամփաս բռնեմ տուն հասնելու»։
Քամալն ամուր բռնեց ձեռքից, օգնեց ոտքի ելնել քաջին,
«Խոսք չի կարող լինել շնից, երբ գայլն է հանդիպում գայլին,
Թող մեռնեմ, թե լեզվով կամ սրով քեզ երբևէ ցավ եմ տվել,
Ո՞ր քաջ մայրն է քեզ ծնել, որ ծեգին Մահվան դեմ ես ելել»։
Այնժամ պատասխանեց որդին․ «Հավատարիմ եմ տոհմիս կարգին,
Հորս զամբիկը քեզ լինի ընծա, քաջ է կրել նա իր մեջքին»։
Զամբիկն իսկույն առաջ վազեց, որդու կրծքին դունչը քսեց,
Քամալն այնժամ ասաց նրան․ «Երկու քաջից նա քեզ ընտրեց։
Թող գողիս օժիտն էլ հետը տանի՝ փիրուզազարդ սանձը վրան,
Ասեղնագործ թամբն ու ծածկոցը, արծաթե ասպանդակն էլ նրան»։
Գնդապետի որդին ատրճանակը հանեց, փողից բռնած նրան մեկնեց․
«Մեկը դու թշնամուց ես խլել, իսկ մյուսն ընկերդ քեզ ընծայեց»։
«Ընծային՝ ընծա, – Քամալն ասաց,- կյանքիդ կյանքով կհատուցեմ,
Հայրդ քեզ ինձ մոտ է ճամփել, ես էլ որդուս հորդ կհանձնեմ»։
Քամալը սուլեց, մինուճարն իսկույն լեռան կատարից ներքև սլացավ,
Թփուտով գարնան եղջերուի պես, ձիգ նիզակի պես առաջ խոյացավ։
«Ահա՛ քո տերը,- ասաց Քամալը,- Գայդերի ջոկատն է առաջնորդում,
Նրա ձախ թևը պիտ պահպանես, ինչպես վահանն է մարտիկին պահում։
Մինչ Մահը կամ ես կապդ չարձակենք, ճամբարում նրա կողքին կլինես,
Կյանքդ նրանն է, գլխովդ պահի՛ր, նրա փոխարեն Մահվան դեմ կելնես։
Սպիտակ Թագուհու հացը պիտ ուտես, քոնն է նաև նրա թշնամին,
Հորդ բերդն էլ պիտ ասպատակես՝ խաղաղություն բերելու սահմանին։
Կոփված հեծյալ պիտի դառնաս, սրովդ վեր ու վեր բարձրանաս,
երբ ինձՓեշավարում[7] կախեն, գուցե արդեն ռիսալդար դառնաս»։
Ուղիղ իրար աչքերի մեջ նայեցին, ոչ մի կեղծիք չգտան,
Աղ ու հացի վրա ուխտ կապեցին, արյունակից եղբայր դարձան։
Կրակի ու թարմ ճիմի վրա նույն ուխտը նորից հաստատեցին,
Խայբերյան դաշույնի կոթից բռնած՝ Աստծո Անուններով երդվեցին։
Գնդապետի որդին զամբիկը հեծավ, իսկ Քամալի որդին՝ գորշ ձին,
Միասին Ֆորտ Բուքլո հասան, արդեն երկուսով էին վերադարձին։
Երբ պահակակետին հասան, քսան սուր պատյաններից դուրս թռան,
Լեռնականի արյան ծարավ զինվորներն իսկույն նրանց առաջը ելան։
«Վե՛րջ տվեք,- գոչեց գնդապետի որդին,- սրերն իսկույն պատյանը դրեք,
Երեկ գիշեր գող էր Սահմանի, այսօր Գայդերից մեկն է, իմացե՛ք»։
Օ՜, Արևելքն Արևելք է, Արևմուտքն՝ Արևմուտք, ու չեն հանդիպի նրանք իրար,
Մինչ Երկինքն ու Երկիրը չկանգնեն Տիրոջ մեծ Դատի առաջ հավասար։
Բայց կչքանան Արևելքը, Արևմուտքը, սահմանը, տոհմը, ցեղն ու ծնունդը,
Երբ երկու քաջ դեմ առ դեմ ելնեն՝ թեկուզ նրանց բաժանի երկրագունդը։
Թարգմանությունը անգլերենից՝ Վոլոդյա Մկրտչյանի
<a href="#_ftnref1" name="_ftn1">[1] Գայդերի ջոկատ (անգլ․ Corps of Guides)՝ Բրիտանական Հնդկաստանի բանակի սահմանապահ զորամաս, որի զինվորները կատարում էին հետախուզական, ուղեկցող և մարտական առաջադրանքներ։
[2] Ռիսալդար (անգլ. risaldar)՝ հնդկական և պակիստանյան հեծելազորային զորամասերում կիրառվող սպայական կոչում։ Պատմականորեն այն նշանակել է «ռիսալայի»՝ հեծյալ ջոկատի կամ ստորաբաժանման հրամանատար և մոտավորապես համապատասխանել է կապիտանի աստիճանին։
[3] Աբազայի (անգլ․ Abazai)՝ բնակավայր է ներկայիս Պակիստանում՝ Սվաթ գետի ձախ ափին։
[4] Բոնայր (անգլ․ Bonair կամ Buner)՝ լեռնային շրջան և հովիտ ներկայիս Պակիստանում։
[5] Ֆորտ Բուքլո (անգլ․ Fort Bukloh)՝ բրիտանա-հնդկական սահմանապահ կայազոր, ռազմական բերդ։ Ենթադրվում է, որ Ֆորտ Բուքլոն ստեղծագործության մեջ ներկայացնում է Ջամրուդի բերդը կամ նրա շրջակայքը՝ փոփոխված անվամբ։
[6] Ջագայի Լեզու (անգլ․ The Tongue of Jagai)՝ Խայբերի լեռնանցքի մուտքը Շագայի բնակավայրի մոտ։
[7] Փեշավար (անգլ․ Peshawar)՝ Հարավային Ասիայի հնագույն քաղաքներից, գտնվում է Պակիստանի հյուսիս-արևմուտքում։ Եղել է կարևոր առևտրային հանգույց Կենտրոնական ու Հարավային Ասիայի միջև։